Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հոգին է կենդանություն տվողը, մարմինը բոլորովին չի օգնում»

«Հոգին է կենդանություն տվողը,  մարմինը բոլորովին չի օգնում»
01.04.2014 | 00:20

Բոլորս ծանոթ ենք «Հայր մեր» աղոթքին. դա անձամբ Հիսուսի սովորեցրած Տերունական աղոթքն է, որտեղ կա շատ կարևոր մի հանգամանք, որին քչերս ենք ուշադրություն դարձնում. «...ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ»։ Ըստ Տիրոջ այս խոսքի, մենք մեր մեղքերին թողություն կստանանք միայն այն դեպքում, երբ ներենք մեր դեմ մեղանչածներին։ Եվ այս հանգամանքն այնքան կարևոր է, որ Հիսուսն այս աղոթքը սովորեցնելուց հետո ևս մեկ անգամ շեշտեց. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Մատթ. 6.14):
Իսկ հիմա երկու կարճ վկայություն կարդանք աններողամտության մասին: Երկու դեպքն էլ հավատացյալ քույրերի հետ է պատահել, որոնք իրենց ամուսինների մահից հետո, տարիներ անց (քանի որ բամբասանքով վատ ու չար լուրերը տարածողները դեռ չեն վերացել) փաստերով իմացել են, որ իրենց ամուսինները անհավատարիմ են եղել իրենց հանդեպ: Նրանցից մեկը, երբ ինձ տեսավ եկեղեցական ժամերգությունից հետո, այլայլված դեմքով պատմեց իր հոգեվիճակի մասին, քանի որ իմացել էր, որ ամուսինն իրենց հարևանուհու հետ սիրային (կասեի՝ շնային) կապեր է ունեցել: ՈՒ, երբ իմացել է այդ մասին, սատանան այնպիսի ծայրահեղ հոգեվիճակի էր հասցրել այդ խեղճ կնոջը, որ նա սրտնեղած ասում էր, որ պետք է գնա գերեզման ու հանել տա իր ամուսնու ոսկորները, և տանի մի անհայտ վայրում թաղի: Հասկացա, որ այս քրիստոնյա քույրը, չնայած ծանոթ է Ավետարանի խոսքին ու եկեղեցի է հաճախում, բայց իր տկարության պատճառով հանձնվել է սատանայի սրսկած մտքերին: Ես մի պահ աղոթեցի, որ նա Տիրոջ խաղաղությունից բաժին ունենա, որ կարողանա Աստծո խոսքին ունկնդիր լինի, որն ասում է. «Երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ բան ունեք, ներեցե՛ք, որ ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեր հանցանքները» (Մարկոս 11.25): ՈՒ այդ քրոջը հիշեցնելով Տիրոջ այս խոսքերը, խորհուրդ տվեցի, որ նորից մտնի եկեղեցի, ծնկի գա Աստծո առաջ ու մեղա գա իր ամուսնու մեղքերի համար, քանի որ գրված է, որ մարդ ու կին մեկ մարմին են: Իսկ իր համար էլ թող խնդրի, որ Աստված օգնի, կարողանա ներել իր ամուսնու դավաճանությունը: Փա՜ռք Աստծո, նա լսեց ու ներս մտավ եկեղեցի, և կատարեց խորհուրդս: Ես դրսում կանգնած սպասում էի, քանի որ չէի ուզում խանգարել իր և Աստծո հարաբերությանը, որովհետև սխալ ընթացքի դեպքում մեծ տհաճություններ ու հոգեկորուստ գայթակղություններ կարող էին տեղի ունենալ այդ մեծ գերդաստանում, որտեղ բազմաթիվ երեխաներ ու թոռներ կային ծնված:
ՈՒ երբ նա աղոթքից հետո դուրս եկավ եկեղեցուց, կարծես նրա վրա խաղաղության քող էր իջել, հասկացա, որ այդ հոգին, հնազանդվելով Աստծո խոսքին, հաղթել է չարին ու ներել է իր դեմ մեղանչած ամուսնուն:
Երկրորդ դեպքն առաջինի կրկնությունն էր, բայց այն տարբերությամբ, որ այս քույրը իմանալով այդ մասին, հետագայում իր ընտանիքում պատահած դժբախտությունները վերագրում էր ամուսնու դավաճանություններին: Լսելով նրան, ես դարձյալ հիշեցրի Աստծո խոսքը, որ մենք պարտավոր ենք ներել միմյանց, ով էլ որ լինի, որպեսզի ինքներս ներում ստանանք մեր մեղքերի համար: Չնայած երկար զրուցելուն, նա չէր համաձայնում ինձ հետ, ու շարունակում էր սրտնեղել կատարվածի համար: Այդ պահին հիշեցի, որ նոր հրատարակված «Շուշաններ հոգու երկնակամարից» գիրքն է մոտս, որտեղ տարբեր մտքեր կան գրառված տարիների ընթացքում իմ մեջ ծնված մտորումներից: Գիրքը հանեցի պայուսակիցս ու, փակ վիճակում մեկնելով նրան, ասացի. «Արի՛ այսպես անենք. դու մտքումդ աղոթիր, ապա պատահական էջ բաց և կարդա, կարծում եմ՝ Տերը կօգնի, որ քեզ տանջող հարցի պատասխանը ստանաս»:
Խորհուրդս գուշակության հետ կապ չունի, այլ մարդասեր Աստված, երբ մարդիկ փնտրում են Իր կամքը, երբեմն այդ ձևով էլ է օգնում, որ ստանանք մեր հարցի պատասխանը. փորձված է, եթե ի սրտե են խնդրում: Նա էլ մի քանի վայրկյան մտքում աղոթելուց հետո, բացեց առաջին պատահած էջը, ինչ տողի վրա, որ ընկավ հայացքը, այդ տեղն էլ կարդաց: Նրա դեմքը միանգամից փոխվեց, պայծառացավ։ Գիրքը փակելով ասաց. «Հասկացա՛, որ այս իրավիճակից միակ ելքը ամուսնուս ներելն է»: Ես ուրախացա՝ Տերն Իր ողորմությամբ օգնեց այդ քրոջը, որ աններողամտությամբ չարի կապանքներում չմնա։ Հարցրի նրան. «Իսկ ի՞նչ խոսք կարդացիր, որ իսկույն հասկացար, թե ինչպես վարվես»: Նա պատասխանեց. «Առաջին իսկ պատահած նախադասությունն այս էր. «Ների՛ր, որ ներվես»: Դրանից ավելի ուղիղ խոսք չկար իմ դեպքում, ու ես սրտումս իսկույն ներեցի ամուսնուս»:
Ահա այսպես է Տերն Իր հատու խոսքով կտրատում սատանայի կապանքները մեր վրայից, ուր երբեմն ընկնում ենք մեր մեղքերի ու Աստծո խոսքին անհնազանդ լինելու պատճառով:
Իսկ եթե մարդն աններողամտությամբ չի ազատվել իր մեղքերից, ապա մարմնական ժամանակավոր ապաքինությունները շուտով այլ, ավելի վատթար հիվանդությունների դուռ կբացեն, քանի որ հիվանդության վիրուսը, այսինքն՝ մեղքն ու աններողամտությունը, դեռ մեր մեջ է։ Այս հորդորների մեջ հոգևոր պատերազմում հաղթելու զենք կա. երբ փորձեք ներել ձեր թշնամուն, բայց ատեք նրա կատարածները, դուք զինաթափ կանեք նրան որպես ձեր դեմ գործիք և միջոց օգտագործող սատանային։ Ինչպես որ խավարի դեմ չեք կարող սուր ճոճելով ցրել այն, այլ միայն լույսով, այդպես էլ թշնամուն ատելով չեք կարող հաղթել, այլ միայն բարությամբ և նրա համար աղոթելով։ Դրանով դու զորանում ես, իսկ թշնամիդ տկարանում է։ Իսկ եթե նա այդքանից հետո էլ շարունակում է թշնամանալ քո դեմ, միևնույն է, դու մի նմանվիր նրան, այլ վրեժխնդրությունը թող Աստծուն, քանի որ Նա է բոլորիս Տերն ու Արարիչը։ Այդպես վարվելով քո հոգին անխռով ու հանգիստ կմնա։
Եվ դարձյալ. երբ ներում ես քո դեմ թշնամացածին, և ըստ Տիրոջ խոսքի աղոթում նրա համար, իսկ քեզ անիծողներին օրհնում ես, այդ ժամանակ քո շուրջն անտեսանելի հոգևոր լույսի շերտ է գոյանում չարի խավարի դեմ, ինչը վահանի նման պահպանում է քեզ քո թշնամիների ու անիծողների կողմից դեպի քեզ ուղղված վնասարար ու չար նետերից:
Այդ պատճառով մարդկային հոգու, մարմնի ու բանականության եռամիասնության աստվածաշեն, բայց մեղքով խաթարված ներդաշնակությունը ի զորու չեն վերականգնելու և ոչ մի բժիշկ ու հոգեբույժ, եթե նրանք բացառեն Աստծո ամենակարող միջամտությունն ու Նրա Խոսքի զորությունը: Իսկ երբ մեր Տեր Հիսուսն ասաց. «Հոգին է կենդանություն տվողը, մարմինը բոլորովին չի օգնում», հաստատեց այն միտքը, որ հոգու առողջությունն առաջնային է մարդու համար, որը և մարմնին է փոխանցվում: Օրինակ՝ աղոթասեր, Աստծո կիրակիները սրբությամբ պահող, հեզաբարո, խոնարհ, քչով գոհացող, ապագայի հոգսերի բեռն այսօր իր վրա չվերցնող մարդը սովորաբար լինում է կենսուրախ, փորձությունները հեշտությամբ հաղթահարող, և ամենակարևորը՝ խաղաղ է բոլոր իրավիճակներում և իր վրա չի կրում այս ջղաձիգ ու սրընթաց դարի կնիքը, քանի որ հույսը դրել է Աստծո վրա՝ ըստ Տիրոջ այս խոսքի. «Երանի՜ այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է» (Սաղմոս 40. 5.4 ):
Տեր Հիսուսը մեզ էլ հավատի շնորհով արժանացնի այս բարի պատերազմում հաղթող լինելու։ Ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ