Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեկ էգ շունը 6-7 տարվա ընթացքում իր սերունդներով դառնում է 67 հազար

Մեկ էգ շունը 6-7 տարվա ընթացքում իր սերունդներով դառնում է 67 հազար
09.04.2014 | 13:55

Թափառող կենդանիների հիմնախնդիրն առկա է ամբողջ աշխարհում։ Չնայած այդ ոլորտում ներդրված հսկայական ֆինանսական միջոցներին՝ դեռևս ոչ մի երկիր այդ խնդիրն ամբողջությամբ չի կարողացել լուծել։ Ավելորդ չէ նշել, որ Անգլիան, Գերմանիան, Շվեյցարիան 200 տարի արդեն զբաղվում են այդ հարցով, ունեն կացարաններ, օրենսդրական դաշտ, հսկայական միջոցներ են ներդրվել, սակայն այդ երկրներում հարցը լիարժեք չի լուծվել։ Կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 500 միլիոն շների 75 տոկոսը թափառող է։

Եվրոպայի շատ երկրներում և ԱՄՆ-ում թափառող կենդանիների գոյությունը համարվում է անընդունելի։ Մասնավորապես, ԱՄՆ-ում կենդանիների նկատմամբ վերահսկողության ազգային ասոցիացիան ընդունում է անօթևան կենդանիների անվերադարձ որսը՝ վարակների տարածման ռիսկի պատճառով։ Բացի այդ, շները կարող են հարձակվել այլ կենդանիների, մարդկանց վրա, դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ։ Նշված ասոցիացիան արձանագրում է թափառող կենդանիների որսն ու քնեցումը։
Ավստրալիայում անտուն կենդանիների դեմ պայքարում պաշտոնապես թույլ է տրվում կիրառել հատուկ թունավոր նյութեր, որոնք ազատ վաճառվում են խանութներում։ Նման նյութերի կիրառումը բնակչության սանիտարաէպիդեմիական բարեկեցության պետական ծրագրի մասն է։ Ֆինլանդիայում թափառող կենդանիների ոհմակները գնդակահարում է ոստիկանությունը։
Հայաստանում թափառող կենդանիների դեմ ծրագրված պայքար իրականացվում է միայն Երևան քաղաքում։ Այստեղ կիրառվում են ստերիլիզացման և քնեցման եղանակները։ Այս աշխատանքների շնորհիվ Երևանում թափառող կենդանիների հետ կապված իրավիճակը բավականին կայուն է ու վերահսկելի։
Հայաստանում կենդանասերները հաճախ վիճարկում են Երևանում թափառող շների թվի հարցը։ Բերում են Մոսկվայի օրինակը՝ նշելով իբր թե ՌԴ մայրաքաղաքում կա ընդամենը 20-30 հազար շուն, մինչդեռ Երևանում՝ 46 հազար։ Կենդանասերների այս տվյալները ոչ տրամաբանական են և հանրությանը մոլորեցնելու խնդիր ունեն։ Մասնավորապես, համացանցում նշվում է, որ Մոսկվայում թափառող կենդանիների խնդիրը շատ սուր է։ Մոսկվայի իշխանություններն այս խնդրի լուծման համար տարեկան առանձնացնում են մոտ 1 միլիարդ ռուբլի (11,5 միլիարդ դրամ)։ Համեմատության համար նշենք, որ Երևանում այս խնդրի լուծման համար նախատեսված է 200 միլիոն դրամ։ Ստացվում է, որ Մոսկվան թափառող կենդանիների խնդրի լուծման համար 55 անգամ ավելի գումար է հատկացնում ավելի քիչ շան համար, քան Երևանում։ Եվս մեկ օրինակ, շները Մոսկվայում տարեկան կծում են մոտ 30 հազար բնակչի։ Ստացվում է, որ Մոսկվայում գոյություն ունեցող 20 հազար շունը կծում է 30 հազար քաղաքացու։ Երևանում 2012-13թթ. բժշկական հաստատություններից ստացված տվյալներով՝ թափառող կենդանիներից տուժած քաղաքացիների թիվը կազմել է 150-200։ Ընդ որում, միայն 2012-ին, 2011թ. նկատմամբ, կծելու դեպքերը Երևանում նվազել են 3 անգամ։ Մոսկվայում շները ոչ միայն 30 հազար մարդու են կծում, այլև տարեկան 100 կատաղության դեպք է գրանցվում, մեծ մասը՝ մահվան ելքով. հայտնի է, որ այս հիվանդությունը գրեթե չի բուժվում։ Այս փաստերը խոսում են այն մասին, որ Մոսկվայում թափառող շների թիվը հարյուրապատիկ ավելի է, քան Երևանում։
Մոսկվայում պաշտոնական տվյալներով 5 տարվա ընթացքում կացարաններ կառուցելու համար բյուջեից հատկացվել է 3 միլիարդ ռուբլի։ 1 շանը որսալու, ստերիլիզացնելու, կացարանում պահելու համար Մոսկվայում ծախսվում է մոտ 100000 դրամ։ Երևանում տարեկան միջին ծախսը տասնյակ անգամ ավելի քիչ է։
Երևանում թափառող կենդանիների վերաբերյալ տարեկան շուրջ 3000 ահազանգ է ստացվում, որոնք անմիջապես արձագանք են ստանում համապատասխան մարմինների կողմից։ Նշենք, որ թափառող շները բազմանում են շատ արագ. ամերիկյան մի կազմակերպություն 30-ամյա հետազոտություններից հետո եկել է եզրակացության, որ մեկ էգ շունը 6-7 տարվա ընթացքում իր սերունդներով դառնում է 67 հազար։ Եվ եթե մի քանի օր նույնիսկ չիրականացվեն վնասազերծման ու ստերիլիզացման աշխատանքներ, ապա հետևանքները կարող են շատ ծանր լինել։
Հայաստանում կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են թափառող կենդանիների հարցը լիարժեք լուծելուն։ Հանրապետությունում բացակայում է կենդանիների պաշտպանության մասին օրենքը, հանրությունն անհանդուրժող է թափառող կենդանիների նկատմամբ, կարգավորված չեն կենդանիների հետ հարաբերությունները, մարզերում չեն իրականացվում ծրագրված վնասազերծման աշխատանքները, և մարզերից թափառող շները ներթափանցում են Երևան։ Սրանք հարցեր են, որոնց համալիր լուծման դեպքում միայն կարելի է առավելագույն արդյունքի հասնել թափառող կենդանիների խնդրի լուծման հարցում։

Անահիտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ