Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տարեց մարդուն բուժման համար պետք են իր ավանդները

Տարեց մարդուն բուժման համար պետք են իր ավանդները
09.04.2014 | 15:31

81-ամյա թոշակառու, երկրորդ կարգի հաշմանդամ Մանուկ Դերոյանը հինգ տարի շարունակ ԱԺ և ՀՀ նախագահի աշխատակազմեր դիմելուց հետո ապավինում է չորրորդ իշխանությանը և մեր թերթի միջոցով խնդրում փոխհատուցել իր ավանդները, որոնք մտադիր է տնօրինել իր բուժման ծախսերը հոգալու համար:

Տարեց մարդը խմբագրություն էր եկել տարբեր տարիներին ՀՀ պետական մարմիններին ուղղված իր դիմումների և դրանց պատասխանների տրցակը ձեռքին:
Իր վերջին դիմումը գրեթե մեկ ամիս առաջ նա հասցեագրել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին:
«Ես 81 տարեկան եմ, թոշակառու, երկրորդ կարգի հաշմանդամ, ունեմ հիսուն տարվա աշխատանքային ստաժ: Ստանում եմ 54.300 դրամ կենսաթոշակ: Ունեմ տեսողության խնդիր, ոտքերի ցավ, դժվարանում եմ քայլել: Կինս` Տիգրանուհի Դերոյանը, մահացել է 14.05.2011 թ., ում անվամբ խնայդրամարկղում գտնվում է մեր համատեղ կյանքի ընթացքում կուտակած 39000 ռուբլի ավանդը:
Խնդրում եմ, հաշվի առնելով իմ սոցիալական վիճակն ու տարիքը, միջամտել խնայդրամարկղում գտնվող 39000 ռուբլի ավանդի փոխհատուցման գործընթացին»,- նշված է դիմումում:
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն էլ Մանուկ Դերոյանի դիմումը քննարկման է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Իսկ ահա 31.03.2014 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության պետ Ա. Մինասյանը պատասխանել է Մանուկ Դերոյանի դիմումին:
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված է, որ 2014 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Նույն հոդվածի 15-րդ մասի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամներին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Առաջիկայում ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը, որից հետո վերը նշված սոցիալական կարգավիճակներից որևէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառվելու նպատակով»,- նշված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության պետի պատասխանում:
Իսկ Մանուկ Դերոյանի առողջական վիճակը թույլ չի տալիս իրեն դեռ մի որոշ ժամանակ էլ սպասել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ