Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անհատական հեղափոխության հրամայականը

Անհատական հեղափոխության հրամայականը
11.04.2014 | 12:21

«Շանթ և Ազատություն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը տարածել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:

Եթե արդարամիտ լինենք, ապա պարտավոր ենք խոստովանել, որ մեր ժողովուրդն իր բազմահազարամյա պատմության ընթացքի ամենաբեկումնային պահերին այնքան էլ շատ չի տվել Շանթ Հարությունյանի պես պայծառ միտք և լուսավոր հայացք ունեցող անհատականություններ: Իսկ եթե փորձենք ճշմարտությանն առավել բաց աչքերով նայել, ապա սոսկումով կհայտնաբերենք, որ այդպիսիք, չնչին բացառություններով, մերժվել, հալածվել ու ոչնչացվել են իրենց ժամիշխանների՝ ստոր միջակության կողմից, որի համար «Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ը «գլուխը կախ» հարմարվող-ապրողի միակ հավատամքն է եղել:
Շանթ Հարությունյանը հանրությանն առավելապես հայտնի և սիրելի է ազատատենչ մարտիկի իր գործունեությամբ՝ խորհրդային ամբողջատիրության դեմ խիզախ պայքարով, վերջին պատերազմում Զանգեզուրի ազատության պաշտպանության համար զինյալ դիմակայությամբ, 2008-ի մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակից վերջինը հեռացածի իր վճռականությամբ, 2013թ.
նոյեմբերյան ընդվզման պարզած իր դրոշով: Սակայն, մեր խորին համոզմամբ, ոչ պակաս, եթե ոչ առավել արժեքավոր է հայ քաղաքական մտքի տիրույթ նրա բերած գրավոր ժառանգությունը:
Նրա երեք գրքույկները՝ «Իմ քաղաքական զարթոնքը կամ խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության տրամաբանության դեմ» (2004), «Իմ ազգային իդեալը կամ հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն» (2005), «Աստվածների վերադարձը» (2007), ինչպես նաև տարբեր տարիների հրապարակած հոդվածներն ու հարցազրույցները չափազանց արդիական են հենց այսօր, երբ Հայաստանի պետությունն ու քաղաքացիները կանգնած են ճակատագրորեն բախտորոշ քաղաքակրթական ընտրանքի կամ, որ նույնն է՝ արժանապատիվ լինելության խնդրի լուծման հրամայականի առջև, որին մեր ազգային կղերական միտքը չի զորել, չի հանդգնել պռատությունից դուրս պատասխան տալու: Եվ այդ խիզախը, այդ վճռական մենակը, այդ մանուկն ու այդ խենթը մեր օրերում Շանթ Հարությունյանն էր, որ չերկնչելով ճշմարտության կուրացնող լույսին նայելուց՝ ի լուր բոլորիս բարձրաձայն և հիմնավոր բղավեց մեր ազգային մտքի մերկության ու մեղկության մասին: Ավելին՝ նա 2013թ. նոյեմբերին ազդարարելով՝ «Ես սկսում եմ հեղափոխություն», մեր քաղաքական տկար միտքը գլխիվայր շրջեց՝ ժամանակի քաղաքական գործիչներին, որոնց նախնիները հալածեցին ու անգերեզման թողեցին Մովսես Խորենացուց մինչև Ակսել Բակունց՝ մեր հիրավի եզակի առողջ մտածողներին, զրկեց շաղակրատությունը շարունակելու և այն խորամանկորեն որպես քաղաքականություն հրամցնելու դարերով ավանդված հնարավորությունից: Նա անհատական հեղափոխության իր քաղաքագիտական գյուտն իր ու իր նվիրյալ ընկերների վրա փորձարկելով՝ ժամանակակիցներիս ապացուցեց, որ, իր խոսքերով ասած, «Մարդկային քաղաքակրթության մեջ գոյություն չունի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական և ո՛չ սոցիալական հեղափոխություն, այլ կա միայն աշխարհայացքի և աշխարհընկալման հեղափոխություն»: Եվ այդպիսի՝ արժեքային հեղափոխությունից խուսափումն այսօր կնշանակի փոշիանալ 21-րդ դարի աներևակայելի մեծ արագությունների դիմաց՝ արժանանալով մեր երբեմնի հարևան ժողովուրդների ճակատագրին:
Այդ արդիական ազգ, արդիական պետություն դառնալու, արժեքային հեղափոխության փողը հնչեցրած խիզախն այսօր իր համախոհների հետ բանտերում է, ճիշտ այնպես, ինչպես վերոնշյալ Խորենացուց մինչև Բակունց: Ե՛վ խորենացիներն են նույնը, և՛ նրանց արգելափակողներն են նույնը. ոչինչ դրական չի փոխվել մեր պատմության տրամաբանության մեջ, իսկ, ինչպես Մարկեսը կասեր, իրենք իրենց հարյուր տարվա մենության դատապարտած ազգերը զրկված են կրկին ծնվելու հնարավորությունից:
Մեր ազգի նորովի ծնվելու, այսինքն՝ արժանապատիվ հարատևելու հավատքով «Շանթ և Ազատություն» բարեգործական հիմնադրամը նախաձեռնեց Շանթ Հարությունյանի ընդամենը մի քանի գործերի սույն հրատարակումը՝ հուսալով, որ այստեղ ամփոփված չափազանց արդիական գաղափարների և ոգեղենության սերմանմամբ փոքր-ինչ կնպաստի որպես Ազատ հանրություն, որպես Առողջ ազգ ապրելու մեր ժողովրդի հազարամյա ծարավի հագեցմանը:

«Շանթ և Ազատություն» բարեգործական
հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Միքայէլ Հայրապետեան

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ