Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Արվեստագետի համար աղքատության մեջ վախճանվելու ամենանպաստավոր պայմանները, երևի թե, Հայաստանում են ստեղծված»

«Արվեստագետի համար աղքատության մեջ վախճանվելու ամենանպաստավոր պայմանները, երևի թե, Հայաստանում են ստեղծված»
11.04.2014 | 12:40

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Համերգ ճեմասրահում» նախագծի հերթական համերգը նվիրված էր կանանց տոնին: Այն կրում էր «Գյոթեի «Վարդը» Արարատյան դաշտում» խորագիրը:

Նախագծի երաժշտական ղեկավարն է Կարեն Դուրգարյանը, հեղինակը` Շմավոն Գրիգորյանը:

Համերգային ծրագրի ընթացքում հանդես եկան Անահիտ Պապայանը (սոպրանո), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո սոպրանո), Արման Նիկոլյանը (տենոր), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս), Իրեն Պիչիկյանը (ֆլեյտա), Ռոբերտ Աբրամյանը (հոբոյ), Սերգեյ Աբրահամյանը (կլառնետ), Ալբերտ Թորոսյանը (ֆագոտ), Լյուդմիլա Խորոզյանը (դաշնամուր)։

Ծրագրում ներկայացվեցին Յ. Ռայխարդի, Պ. Գրյոնլանդի, Ֆ. Շուբերտի, Կ. Ռայսիգերի, Յ. Բրամսի, Յ. Կինլենի, Ռ. Շումանի, Հ. Վեռների, Ռ. Մելիքյանի ռոմանսները` գրված Գյոթեի «Վայրի վարդը» բանաստեղծության հիման վրա: Կատարվեցին նաև օրվա թեմային համահունչ այլ ստեղծագործություններ` Պետրոս Ղափանցու «Վարդը», Ալեքսանդր Սպենդիարյանի «Ա՛յ, վարդը», Դանիել Երաժիշտի «Երկու ռուբային» (Հաֆեզի խոսքերով):

Համերգը վարեց և մեկնաբանեց «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏԸ, ով այսօր մեր հյուրն է և ներկայացնում է իր դիտարկումները համերգի ու նրան առնչվող այլ թեմաների շուրջ:

«ՄԵԿ ՎԱՐԴԸ ՄԵՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՔԻՉ ԿԼԻՆԵՐ, ՄԵՆՔ ՈՐՈՇԵՑԻՆՔ ՎԱՐԴԵՐԻ ՓՈՒՆՋ ՆՎԻՐԵԼ»


-Մաեստրո, կանանց տոնին նվիրված համերգի հիմքում վարդի թեման էր: Ինչպե՞ս ընտրվեց երգացանկը:
-Վարդի թեմայով մեզանում ամենատարածված երգերից մեկը հայ դասական ռոմանսի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի «Վարդն» է` գրված Գյոթեի բանաստեղծության հիման վրա, որը 1907 թվականին թարգմանել է Հովհաննես Թումանյանը: Քանի որ մեկ վարդը մեր կանանց համար քիչ կլիներ, մենք որոշեցինք վարդերի փունջ նվիրել և ծաղկեփունջը ձևավորելու համար ընդգրկեցինք նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Բացի այդ, վարդերը թառամում են, իսկ հնչյունակերտ վարդերն անթառամ են:
-Օտարազգի կոմպոզիտորներից շատերի գործերում նկատելի էր ռոմանտիկ, քնարական, անգամ թեթև-կենսուրախ տրամադրություն: Եթե անգամ մեղեդուն հաղորդված էր որոշակի դրամատիզմ, ապա «ոչմինորային» տոնայնությամբ: Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հատկապես Ռոմանոս Մելիքյանի ռոմանսը, խոր թախիծ, ողբերգական շեշտադրումներ էին պարունակում: Այս հանգամանքը հայկական մենթալիտետո՞վ է պայմանավորված:
-Այո: Կան երանգներ բոլոր ստեղծագործողների մոտ: Միապաղաղությունը բնորոշ չէ արվեստին` բարձր արվեստին: Ծրագրում ընդգրկված գերմանացի, ավստրիացի, դանիացի կոմպոզիտորները կարծես միևնույն տիրույթում լինեին, միևնույն դինամիկ ընթացքի մեջ, միևնույն հոգեվիճակում: Նրանց երգերը կարելի է համարել քնարական մանրապատումներ: Իսկ Ռոմանոս Մելիքյանն այդ անպաճույճ երգի մեջ զարմանալիորեն տեսել է ողբերգականություն: Սա հասկանալու համար երևի թե պետք է հաշվի առնել նաև այն ժամանակաշրջանը, երբ գրվել է ռոմանսը: Դա 1911 թվականն էր` երկու ցեղասպանությունների, երկու հարվածների միջև ընկած ժամանակաշրջանը, ցեղասպանության ինկուբացիոն շրջանը: Եղել էին համիդյան ջարդերը, և առջևում էր 1915-ը: Այդ մթնոլորտում է գրվել «Վարդը»: Հայնրիխ Հայնեն փառք է տալիս Աստծուն այն բանի համար, որ դահճի ձեռքը գոնե հոգնել գիտի: Բայց թուրքինը հոգնել չունի: Մենք ապրիլը` գարնան ամենալավ պահը, բնութագրում ենք իբրև եղերական, հիշատակում ցեղասպանության զոհերին: Պատահական չէ, որ հայերն ունեն այսպիսի տրամադրություններով գրված երգեր: Կոմիտասի երգում ասվում է. «Թող բլբուլ չերգե»: Հովհաննես Հովհաննիսյանը գրում է. «Զուր ես գալիս, ա՛յ գարուն, քեզ սպասող չմնաց»: Գորանիների մեջ կան այսպիսի տողեր. «Աստված անիծե այս գարուն, մի շամամ չեղավ` տամ իմ յարուն»: Օրինակները շատ են: Գարունն ամբողջ աշխարհում կապվում է բնության զարթոնքի, ուրախության հետ, իսկ մեզ մոտ հակառակն է: Այս իմաստով էլ ես զարմանքս հայտնեցի, որ Շուբերտն այդքան զվարթ ու խաղացկուն երաժշտություն է գրել նույն բանաստեղծության հիման վրա, որն այդպիսի ողբերգականություն ունի Ռոմանոս Մելիքյանի մոտ: Վարդի և տղայի երկխոսությունը խորհրդանշում է սիրահարված Գյոթեի և Ֆրիդերիկայի փոխհարաբերությունները: Սա ինքնակենսագրական բանաստեղծություն է: Իսկ հայերի համար շատ պատասխանատու պահ է տղայի և աղջկա երկխոսությունը: Հայի կյանքում դա մեծ իրադարձություն է: Գուցե ես մի քիչ կենցաղային բնույթ եմ հաղորդում այս քնարական թեմային, բայց հայն ուրիշ մոտեցում ունի դրան, ռուսը, եվրոպացին` ուրիշ:


«ՓՈՔՐԻԿ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ` ՕՊԵՐԱՅԻ ԾՈՑՈՒՄ»


-Համերգի ընթացքում լսեցինք երիտասարդ կատարողների: Մենք հարուստ ընտրության հնարավորություն ունե՞նք այս դաշտում, թե՞ դժվար է այսօր լավ ձայներ գտնել Հայաստանում:
-Լավ ձայներ կան, և դրանց ասպարեզ է տրամադրվում` նաև շնորհիվ օպերային թատրոնի, մասնավորապես` մաեստրո Կարեն Դուրգարյանի, Հրաչյա Գրիգորյանի, Շմավոն Գրիգորյանի: Կարեն Դուրգարյանը, որ «Համերգ ճեմասրահում» նախագծի երաժշտական ղեկավարն է, ակտիվ մասնակցում է թե՛ կատարողական կազմի, թե՛ կատարվելիք ստեղծագործությունների ընտրությանը: Եվ արդյունքը տեսանելի է: Նախագծի հերթական համերգը ևս դրա վկայությունն էր: Ներկայացված ծրագրի բարձր մակարդակին համապատասխան` ընտրված էին շնորհալի երգիչներ, երաժիշտ կատարողներ, հրաշալի դաշնակահար, որի նվագակցությունը նպաստավոր պայմաններ էր ստեղծում, որպեսզի երգիչները լավագույնս ներկայանան: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնց շնորհիվ կայացավ համերգը:
-«Համերգ ճեմասրահում» երևույթը նոր է մեզանում: Ինչպե՞ս եք այն ընկալում ամբողջության մեջ:
-Նոր է, բայց արդեն իրեն զգալ է տալիս: Ես այն կբնորոշեի որպես մի փոքրիկ ֆիլհարմոնիա` օպերայի ծոցում, զուգահեռ կառույց, որը, լինելով կամերային գողտրիկ, նրբակերտ հորինվածք, հաղորդակից անոթի նման սնուցում է օպերային մեծակերտ արվեստը: Այսինքն, այս նախագծի շնորհիվ երգիչը համակողմանի է ներկայանում: Հանդես է գալիս և՛ խոշոր կտավի գործերում, և՛ երգարվեստի մտերմիկ նմուշներում: Սա հարստացնում է կատարողին և նպաստում գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Կարծես օպերայից ելած մի բողբոջ է «Համերգ ճեմասրահում» նախագիծը, որը բացվում է համերգների ժամանակ:
-Ակնարկեցիք, թե կենցաղային ոլորտ եք բերում զրույցը: Ես ավելի մոտենամ այդ ոլորտին և ուղղեմ հաջորդ հարցս. արդյոք այս նախագիծը չի՞ ստեղծվել այն պայմանների թելադրանքով, որ ունենք այսօր, արդյոք սուղ ֆինանսական միջոցները չե՞ն ստիպում, մոնումենտալ օպերային ներկայացում անելու փոխարեն, կյանքի կոչել կամերային, ոչ ծախսատար այս նախագիծը:
-Եթե անգամ այդպես է, ուրեմն հրաշալի լուծում են գտել նախագծի հեղինակները: Նրանք կարողացել են կրակը վառ պահել, «Մինչև հայոց գա գարուն», ինչպես ասվում է «Գողթնի քնարք» երգում: Հայոց գարունը դեռ չի եկել, և մենք այն հույսով ենք ապրում ու արարում, որ կմոտեցնենք հայոց գարնան գալը: Բայց, անկախ ամեն ինչից, «Համերգ ճեմասրահում» նախագծի համերգաշարը մեծ լիցք պարունակող երևույթ է մեր մշակույթում, ընդգրկում է արվեստի պատմության մեծ ժամանակահատված, ունի խիստ ընտրություն անցած, գեղագիտական բարձր չափանիշներին համապատասխան համերգային բազմազան ծրագիր:
-Համերգի ընթացքում հանդիսատեսին տեղեկություններ հաղորդեցիք ներկայացվող ստեղծագործությունների և դրանց հեղինակների մասին` երբեմն համեմելով ասելիքը Ձեզ բնորոշ հումորով: Կառլ Գոտլիբ Ռայսիգերի մասին պատմեցիք, որը եղել է Դրեզդենի կոնսերվատորիայի գեղարվեստական ղեկավարը, և դառն հեգնանքով ակնարկեցիք, թե պարզվում է, որ կոնսերվատորիայում, բացի ռեկտորից, պրոռեկտորից, պահակից, լինում են նաև գեղարվեստական ղեկավարներ: Այսօր Հայաստանում անգամ շատ թատրոններ չունեն գեղարվեստական ղեկավարներ: Կոնսերվատորիայում պատկերացնո՞ւմ եք նման իրողություն:
-Գուցե դա դառը հեգնանք էր, բայց ես գիտեմ այդօրինակ այլ փաստեր: Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը` հանճարեղ երաժիշտների դարբնոցը, ժամանակին ունեցել է գեղարվեստական ղեկավար` ի դեմս հայտնի դաշնակահար Ալեքսանդր Գոլդենվայզերի: Եթե նման պաշտոն լինի, և Գոլդենվայզերի նման անհատներ լինեն այդ պաշտոնում, անշուշտ, կխթանեն մշակույթի զարգացմանը:
-Անդրադառնանք ևս մեկ փաստի, որ վկայակոչեցիք համերգի ընթացքում: Խոսքը Բավարիայի արքունիքի երաժշտապետ Կինլենի մասին է, ով մահացել է աղքատության մեջ: Զարմացաք, թե ինչո՞ւ պիտի նման բան լիներ, չէ՞ որ մարդը հայ չէր: Ասել է թե` հայ արվեստագետի, հայ երաժշտի համար աղքատության մեջ մահանալը մենք ընկալում ենք որպես օրինաչափությո՞ւն, անխուսափելիությո՞ւն:
-Այդպես ենք ընկալում, որովհետև արվեստագետի համար աղքատության մեջ վախճանվելու ամենանպաստավոր պայմանները երևի թե Հայաստանում են ստեղծված: Պատահական չէ, որ մի արվեստագետի հարցազրույցի ժամանակ հարց են տվել. «Ինչպե՞ս եք ապրում»: Նա պատասխանել է. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք ապրում ենք»:
-Հա՞յ արվեստագետ է եղել:
-Ինձ թվում է` հային է ավելի «վայել» նման պատասխանը` հայկական սրամիտ պատասխանը:
-Պատահաբար Դուք չե՞ք այդ արվեստագետը:
-Չէ՜, ես այդքան «համարձակ» չեմ:
-«Գյոթեի «Վարդը» Արարատյան դաշտում» համերգը տոնական մթնոլորտում անցավ, Դուք անգամ համերգի վերջին կատարումը ղեկավարեցիք վարդով, մի բան, որ նախկինում ևս արել եք: Սա աշխատաոճ դառնալու միտո՞ւմ ունի:
-Իսկապես, մեկ անգամ էլ Մակար Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» սաղմոսի համաշխարհային պրեմիերայի ժամանակ եմ ղեկավարել երաժշտախումբը վարդով` Կամերային երաժշտության տանը: Ես դա անում եմ` ի հիշատակ մեծանուն դիրիժոր Արթուր Նիկիշի, ով Վիեննայում վարդով ղեկավարել է մի սրճարանի նվագախումբ:
-Այս նախագծի համերգների ժամանակ շփումը հանդիսատեսի հետ տրադիցիոն չէ: Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ ձևաչափում:
-Համերգը ոչ միայն ղեկավարում էի իբրև դիրիժոր, ոչ միայն ծրագրում հնչեցին իմ գործիքավորած և հեղինակած գործերը, այլև հանդես եկա իբրև համերգավար: Որոշակի տեղեկություններ էր պետք տալ կոմպոզիտորների, նրանց ստեղծագործությունների մասին, որոնց մեծ մասը Հայաստանում կատարվում էր առաջին անգամ:
-Նաև հասցրիք կատակախառն դիտողությամբ արձագանքել զնգացող բջջայիններին:
-Այս համերգները հնարավորություն են տալիս անմիջականորեն շփվելու հանդիսատեսի հետ, ինչը շատ հաճելի է ինձ համար: Բայց և շատ դժվար է կենտրոնանալ այն ինֆորմացիայի վրա, որը պիտի տեղ հասցնես, տեղավորվել այն ժամանակի մեջ, որը տրված է քեզ: Բեմը կյանքից մի քիչ բարձր է: Սա, մի կողմից, լավ երևույթ է, բայց, մյուս կողմից էլ, այսպիսի համերգներն ունեն իրենց առավելությունը, որովհետև բեմ չկա, և երաժիշտներն ու հանդիսատեսը գտնվում են նույն հարթության վրա: Գյոթեն իր առաքելությունն է համարել արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների ներդաշնակումը: «Արևմտա-արևելյան դիվանը» ստեղծագործության առնչությամբ, որը հիմնված է Հաֆեզի, Սաադիի, Ֆիրդուսու պոեզիայի վրա, նա խոստովանում է, որ իր առաքելությունն էր ճանաչել մի ժողովրդին մյուսի միջոցով, ուրախությամբ կապել անցյալը ներկային, պարսկականը` գերմանականին, ըմբռնել նրանց բարքերը, մտածելակերպը և տեսնել աշխարհը` փոխկապվածության մեջ: Սա, փաստորեն, խաղաղության կոչ է: Մի բան, որ այսօր մեզ օդի պես, կյանքի պես անհրաժեշտ է: Այսօր աշխարհից ավելի շատ վառոդի հոտ է գալիս, նավթի, ծխի: Ավելի շատ, քան վարդի: Այս համերգի նպատակն էր մի քիչ վարդաբույր ավելացնել Երկիր մոլորակին. թե չէ ի՞նչ կմտածեն այլմոլորակայինները:

«ԹՈՒՐՔԸ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՄԱՆԻՇՆ Է»


-Ոգեղեն զրույցի նախատրամադրվածությունը, տոնական համերգի հանգամանքը չխանգարեցին անդրադառնալու հայ ազգի անամոք ցավին` ցեղասպանությանը: Դուք օգտագործեցիք «ցեղասպանության ինկուբացիոն շրջան» արտահայտությունը: Այսօր մեզ հերթական անգամ ցնցած իրողությանը` Քեսաբի հայության օրհասական վիճակին, նո՞ւյնպես նախորդել է այդ ինկուբացիոն շրջանը, ըստ Ձեզ:
-Միշտ էլ հայ ժողովրդի գլխին կախված է դամոկլյան սուրը, քանի որ մենք շրջապատված ենք նման հարևաններով:
-Այսինքն, սնամե՞ջ են այն հայտարարությունները, թե այսօրվա թուրքը 15 թվականի թուրքը չէ:
-Դեռ կոմպոզիտոր Հարո Ստեփանյանն էր ասում. «Թորքը մնում ա թորք»: Իհարկե, այսօրվա թուրքը 15 թվականի թուրքը չէ, բայց յաթաղանը նույնն է: ՈՒղղակի կատարողներն են փոխվել: Ինչպես Նիցշեն կասեր` ներկայացումը նույնն է, բայց որպեսզի չձանձրանան, դերակատարներին են փոխում: Հիմա փոխվել են դերակատարները, բայց սրած-պատրաստ է յաթաղանը:
-Իսկ հանդիսատեսն ո՞վ է: Ինչպես միշտ` Արևմո՞ւտքը:
-Իհարկե: Վիկտոր Հյուգոն, Անատոլ Ֆրանսը, Ֆեոդոր Դոստոևսկին, Ֆրանց Վերֆելը, այլ մեծեր այդքան զգուշացրել են աշխարհին թուրքի մասին: Ընդհանրապես թուրքը դիտվել է որպես ավերիչ: Արվեստում թուրքն ընկալվել է որպես բացասական հասկացություն: Հաֆեզն իր սիրեցյալին ասում է, թե նա իր խելքը զավթել է այնպես, ինչպես թուրքերն են ավերում խնջույքի սեղանը: Այսպիսի համեմատություններ արել են նաև համաշխարհային արվեստի այլ ներկայացուցիչներ, ինչպես օրինակ` Ֆիլիպ Սիդնին, Ալեքսեյ Պիսեմսկին: Թուրքը դաժանության հոմանիշն է: Իհարկե, ես չէի ցանկանա, որ այս բնորոշումները վերաբերեին ժողովրդին: Մեր քաղաքական ասպարեզում սկսել են տարբերել ամբոխը և ժողովուրդը: Բայց, տեսնես, հօգուտ ո՞ւմ կտարբերեն: Վերջում կերևա:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ