Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայերի և նրանց էության մասին

Հայերի և նրանց էության մասին
11.04.2014 | 12:47

Ղզլարի խնձորենին

Ղզլարի համայնքը հիմնվել է 1729-1732 թթ., երբ Ղարաբաղի երկու մելիքների` Մելիք-Ավանի և Ղազար Խաչատրյանի հետ այստեղ է գաղթում 450 ընտանիք:

Քաղաքից 3 վերստ հեռավորության վրա, շրջապատված մի կողմից` թավ անտառով, մյուս կողմից` եղեգնուտով, անանցանելի ճահճուտով, հոսում էր կատաղի Թերեքը, կար Սբ. Գևորգ ուխտատեղին: 1827 թ. համայնքի հանգանակությամբ կառուցվում է մի ժամանակավոր փայտյա աղոթատուն, որը գոյատևում է մինչև 1849 թվականը: Ապա որոշվում է կառուցել եկեղեցի, և 1851 թ. հուլիսի 20-ին տեղի է ունենում Սբ. Գևորգ եկեղեցու հիմնարկեքը: Սակայն հետաքրքիր է հետևյալը. աղոթատան մոտ կար մի խնձորենի, որից, ըստ հնամենի ավանդության, կախված էր եղել սրբի մասունքը: Տարածքն ազատելու համար այդ խնձորենին կտրում է քաղաքի ազնվականների ղեկավար Աբրահամ Խոջայանը, որը… մահանում է հիմնարկեքից օրեր անց` օգոստոսի 7-ին:

Բաքվի հայոց թաղամասերը

1883 թ. ապրիլին Բաքվում կատարվեց ծխաբաժանում 5 թաղերի միջև:

Առաջին թաղամասն սկսվում էր ծովափում գտնվող Կարապետ Լալայանի տնից և Նիկոլաևսկի պողոտայով բարձրանալով` միանում Պարսկական փողոցին (Տեր Խորենի տան փողոց) և վերջանալով նահանգային դատարանի մոտ` Գուբերնսկայա փողոցով իջնում ցած, մինչև Ցիցիանովի փողոց, որի ձախ կողմից, այսինքն` Հակոբ Ադամյանի տնից, սկսելով գնում էր Ղուբայի հրապարակ, մինչև Շամախվո թաղում գտնվող Թավաքալյանի տուն, և այդ փողոցի ծայրով վերջանում (հովիվ` Ղևոնդ քահ. Տեր-Աստվածատրյանց):
Երկրորդ թաղամասը կազմում էր հին քաղաքը` իր շրջապատով, որի սահմաններն էին. հարավից` ծովափը, արևելքից` Միքայելյան փողոցը, հյուսիսից` պարիսպը, և արևմուտքից` Հակոբ Սարգսյանի տունը, Կարապետ Լալայանի տան դիմաց: Այս թաղի մեջ էր մտնում նաև ամբողջ Շամախվո թաղը, հետևյալ սահմաններով. հարավից` Թավաքալյանի և Տեր-Սիմոնյանի տների միջև ընկած լայն փողոցը իր ամբողջ երկարությամբ, արևելքից` մոլոկանների աղոթատան հետնամասը, այսինքն` Աղասի բեկ Ասլանյանի տան շարքը, հյուսիսից` Շամախվո թաղի վերջին սահմանը, և արևելքից` մինչև այդ թաղի ծայրը (հովիվ` Մեսրովբ քահ. Տեր-Ոսկանյանց):
Երրորդ թաղամասը կազմում էր. ա) Կազեմատի շրջակայքը` հետևյալ սահմաններով. արևելքից` Բազարի փողոցը, արևմուտքից` Պարսկական փողոցը (Տեր Խորենի փողոց), հարավից` Նիկոլաևյան պողոտան, իսկ հյուսիսից` ռուսական նորակառույց եկեղեցու փողոցը: բ) Ցիցիանովի և Հայոց զուգահեռական երկու փողոցները, որոնք սկսվում էին Հակոբ Լալայանի տնից և վերջանում Ղուբայի հրապարակով: գ) Սպիտակ և Սև քաղաքները, որոնց արևելյան սահմանը վերջանում էր այն կամրջի մոտ, որի վրայով անցնում էր Սև քաղաքի երկաթուղին (հովիվ` Խորեն ավ. քահ. Միրզաբեկյանց):
Չորրորդ թաղամասն սկսվում էր ծովափից` թուրքի քարվանսարայից (ուր Հաբեթ Տեր-Հակոբյանի տունն էր) ու, մի կողմից` Միքայելյան փողոցի աջ մասը, մյուս կողմից` Պոլիցեյսկայա փողոցի ձախ մասը ընդունելով, ապա ծռվելով դեպի աջ` Մարդանյանի տան վերևից մտնում էր Վորոնցովի փողոց և բարձրանալով Շամախվո թաղ, ներառելով Աղասի բեկ Ասլանյանի տան շարքը` իջնում Մելքոն Շահգիդանյան փողոց և ամբողջ Պրիյուտն իր մեջ ընդունելով` Հովհաննես բեկ Տեր-Գասպարյանի տան փողոցով իջնում մինչև Սաղյանի տուն, ապա մտնում Կոլի բաղնիսի փողոց և Խաչի Կիրիևի տնով վերջանում (հովիվ` Գրիգոր քահ. Գրիգորյանց):
Հինգերորդ թաղամասը սկսվում էր ծովափից` Պոլիցեյսկայա փողոցից, գալիս-հասնում էր Կոլի բաղնիս, ապա Շահլամյանի տան կողքով մտնում Հովհաննես բեկ Տեր-Գասպարյանի փողոց և ուղիղ գծով բարձրանում մինչև այդ փողոցի ծայրը` ներառելով մոլոկանի այգին, Բաղիրովի պուրակը, Ղաննի Թափան, Աղքատանոցը և ավարտվում Սև քաղաքի սահմանում, այսինքն` երկաթուղու կամրջով (հովիվ` Եղիշե քահ. Գեղամյանց):
Առաջին թաղամասում կար 376 տուն, երկրորդում` 390, երրորդում` 417, չորրորդում` 346, հինգերորդում` 440, բացի այդ, 350 տուն էլ կար քաղաքի տարբեր վայրերում: Այսպիսով, հայոց տների ընդհանուր թիվն էր 2519, մնացած բոլոր ազգերինը` 5000:

Հունգարահայեր


1913 թ. Հունգարիայում հաշվվում էր շուրջ 10 հազար հայ, ճնշող մեծամասնությունը` վաճառականներ և կաշեգործ արհեստավորներ: Սակայն քիչ չէին նաև բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես, երկրի խորհրդարանում կար 11 պատգամավոր, կառավարությունում` 3 նախարար: Եթե նկատի ունենանք հայության թվաքանակը, ապա հարկ է արձանագրել կառավարման համակարգում հայոց աներկբա արժանիքներն ու կարողությունները:

Ֆինանսների նախարարն էր Լասլո Լուկասը, ով 10 տարի շարունակ զբաղեցրել էր այդ պաշտոնը, և որի ջանքերով Հունգարիայի բյուջեն կրկնապատկվել էր: Ահա թե ինչու մեր թերթում մեկ անգամ արդեն գրել եմ. այդ երկրի ներկայիս վարչապետը բյուջեն լցնելու համար պիտի ոչ թե ցմահ դատապարտված մարդասպանին արտահանձներ Ադրբեջանին, այլ… ֆինանսների հայազգի նախարար նշանակեր:

Հանուն գրքի

1909 թ. նոյեմբերի 12-ին Թիֆլիսում բնակվող նախիջևանցի Ավետիս Պողոսյանը ԿՀԲԸ խորհրդի նախագահ Սամսոն Հարությունյանին գրում է. «Մի ժողովրդի վերածնության և հառաջադիմության գործում նշանավոր գործոններից մեկը իմ` նվաստիս, կարծիքով, գրականությունն է և ընթերցանության տարածումը: Մեծ համակրանքով վերաբերվելով այդ վսեմ նպատակին, ես էլ, իբրև հասարակության մի անդամ, ինձ պարտավոր եմ համարել ծառայությունս մատուցանել այդ գործին և տարիներ առաջ, երբ ես բնակվում էի Մոսկվա` առևտրական գործերով, իմ վաստակից նշանակեցի 10000 ռ., որ այդ փողի տոկոսներով հրատարակվեն հայերեն գրքեր»։
Այդ շահութատոկոսներով 1910 թ. Թիֆլիսում հրատարակվեց Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթը»` Ղազարոս Աղայանի թարգմանությամբ:

Երինջի փողը

1916 թ. Եդեսիայից Գրիգոր Սարգսյանը Հայոց Ազգային բյուրոյին դրամի հետ ուղարկել էր հետևյալ նամակը. «Տեսնելով բյուր տառապանքներ իմ ցավատանջ ազգի, ես բարվոք համարեցի մատաղացու երինջս ծախել և փողը` 100 ռուբլի, փոխադրել հարգո Բյուրոյիդ հօգուտ այդ ցավատանջ ազգի վերածնության համար նահատակվող մեր կամավորների ընտանիքների»:

Մուշկ

Մուշկը՝ հոտավետ այդ յուղը, գործածվում էր ջղացավերը բուժելու համար: Հին Հայաստանում կային բազմաթիվ մշկայծյամներ: Խորենացին Հռիփսիմյան պատմության մեջ գրել է. «…Ելանեն ի Հայաստան գաւառ՝ ի խորին Խորշ լերինն Մշկունեաց. ի սմա ասի այծեմունս մշկապորտս լինել»:
XVII դարում հայ վաճառականները հասնում էին Հիմալայներ և այնտեղից բերում թանկագին քարեր ու մուշկ, որը թանկագին քարերի գինն ուներ Եվրոպայում:

Հանճարների հեռակա «շփումը»

1982 թ. Սերգեյ Փարաջանովը Թբիլիսիում դատապարտվեց 5-ամյա ազատազրկման (պատիժը կրեց 9 ամիս): Դատավարությունը տեղի ունեցավ ժամանակին Ալեքսանդր Մանթաշյանցին պատկանող սեփական տանը: Այդ խայտառակ գործողության ժամանակ Փարաջանովը հանկարծ ընդվզեց և ասաց.
-Բավական չէ` նստել եմ Մանթաշևի կառուցած գավառական բանտում, հիմա էլ ինձ դատում են հենց իր սեփական տանը:

«Ի»

Ճապոնացիների կողմից Չինաստանի օկուպացիայի շրջանում (1941-1945 թթ.) իրանահպատակ հայերը հռչակվում են թշնամի և ստիպված են լինում թևքերին «Ի» տառով թևկապներ կրել, որպես իրանահպատակներ: Ոչ միայն իրանահպատակները, այլև առհասարակ բոլոր հայերը ենթարկվում են բռնաճնշումների, հալածանքների, ինչն էլ պատճառ է դառնում, որ հայերն արտագաղթեն տարբեր երկրներ:

Բարեգործություն և առևտուր
(հատված)

Արդ, կարելի՞ է ինքնօրինակ շահադիտական զգացմունքը բարեգործության սրբազան անունով մկրտել, կարելի՞ է բարեգործ անվանել այն մարդուն, որ տալիս է ո՛չ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակի ստանալու մտքով: Այլևս չենք խոսում, թե ինչ քստմնելի միջոցներով է նա ձեռք բերել այն, որի մի չնչին կտորը շպրտում է կարոտյալին:
Սակայն երևում է, որ մեր մեջ ո՛չ միայն կարելի է, այլև է, որ առևտուրը ո՛չ թե առևտուր է անվանվում, այլ ազգասիրություն, մարդասիրություն և բարեգործություն: Եվ այդ միտքը հայտնում են ո՛չ միայն մեր բարեգործ վաճառականները, այլև վաղեմի նախապաշարմունքներով կաշկանդված մեր լուսավորվածները: Այդ է ամենազազրելին, այդ է, որ անբարոյականացնում է մի ամբողջ հասարակություն, և այդ է, որ այսօր «Աստծո սուրբ տաճարում դպիրները և կեղծ փարիսեցիներն են նստած»: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջև սողունի պես ստորանում են, ոտերն են լիզում իրանց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ: Բայց… սարսափելի է մամոնան, նրա հրապույրների առջև երբեմն անզոր են հանդիսանում պահպանել իրանց արժանավորությունը անգամ նոքա, որոնք ամենից ավելի պիտի հալածեին նորա ապականված արբանյակներին…
Ալ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵ
1887 թ.

Էջի հեղինակ` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ