Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջանգյուլումներով դեպի քավարան (բաց նամակ` կառավարական տան ժամացույցին)

Ջանգյուլումներով դեպի քավարան (բաց նամակ` կառավարական տան ժամացույցին)
13.04.2014 | 14:11

Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին-չկա... Գուցե հուշ է միայն,- ֆիկցիա, միֆ։- ՈՒղեղի մորմոք, սրտի հիվանդություն։
«Երկիր Նաիրի», Եղիշե ՉԱՐԵՆՑ

13-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՀՈՐԴՈՐ ԵՎ ՀՄԱՅԻԼ

(ֆելիետոն-նամե)

Երբ սույնը կհրապարակվի, գուցե թե հրապարակավ կհայտարարվի 3-րդ հանրապետության 13-րդ վարչապետի անունը։ Լիասիրտ ցնծությամբ ողջունելով նրա մուտքը կառավարական տուն (և մաղթելով նրան քաջ առողջություն և տնտեսական 13 տոկոս աճ), հորդորում եմ չկարկամել թվի մոգայնությունից, զի մեր քրիստոնեավայել վարքն ու արիական բարքերը չեն հանդուրժում սնոտիապաշտություն։ Այնպես որ, հարգարժան 13-րդ, գրոհիր և գրավիր մինչ այժմ անառիկ «Ապահով Հայաստան» բերդաքաղաքը։ (Ի դեպ, սույն տողերը նախշազարդում եմ հոտնկայս, զի հպատակվում եմ արգո Գրիգորիչի հրահանգին. «Երբ ես խոսում եմ, բոլորը պետք է ոտքի կանգնեն»)։ Մի խոսքով, քանի որ 2014-ը հագեցած է ֆուտբոլով, համոզված եմ, որ 13-րդը ֆուտբոլասեր է (կներեք, ոնց կարող է հայոց վարչապետը չլինել ֆուտբոլասեր և լինել, զորօրինակ, հանդբոլամոլ)։ 1966-ին «13» համարի մարզաշապիկով մառախլապատ Ալբիոնի մարզադաշտում հրաշագործեց «Սև մարգարիտ» Էյսեբիոն։ Հիշեք, հուշում եմ` Հյուսիսային Կորեայի Հանրապետության հավաքականը առաջնության մոխրագույն կարդինալն էր և Պորտուգալիայի զորեղ ընտրանուն կքեցրել էր անդարձ։ Հասկանալի է, պորտուգալացիները ծնրադիր աղոթում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նիկեն լսեց նրանց ձայնը, 13 համարի մարզաշապիկով խաղադաշտ ներխուժեց Էյսեբիոն և այնպես բեկեց խաղի ընթացքը, որ հյուսիսկորեացիների նրբագեղ շեղ աչքերը գնդիկ-բոքոնիկի նմանվեցին։ Անգլիո քմահաճ մամուլը ջերմեռանդ գեղգեղում էր. «Սև մարգարիտը փրկեց իր թիմը կործանումից», «Էյսեբիոն թիմ է մեկ դեմքով», «Նա մի դև է կրակը սրտում և կործանիչ ուժը խաղակոշիկների մեջ»։ Մի խոսքով, Լոսից մինչև Մոսկով և Զանգակատնից մինչև Նուբարաշեն տանջահարված հայկազունները սրտատրոփ սպասում են այն վարչապետին, ում օրոք կառավարական տան ժամացույցը կպտտվի ազգային-պետական բարոյականության ռիթմով։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏՔԸ

(պամֆլետ-օրատորիա)

Այժմ դառնանք 13-րդ վարչապետին։ Ի՞նչ սպասենք նրանից։ Այստեղ տարաբաժանենք երկու ուղղություն, մեկը` պարտադիր, մյուսը` ցանկալի։ Նա պիտի ազգային-պետական բարոյականությունը դարձնի կառավարական տան թուջե ողն ու ամրակուռ կողը։ Այսպես, անհրաժեշտ է անհապաղ կառուցել Եղվարդի ջրամբարը և Ազերբայջանին (Արաքսով էլ` Թյուրքիային) մեր կենաց լեռնաշխարհի կենսաբեր ջրերը նվիրաբերելու փոխարեն դրանք ամբարել երկրում, և դառնալ տարածաշրջանային ջրբաշխ-տիրակալություն։ Թույլ տվեք վերստին հուշել. ազգային-պետական բարոյականության տիրույթում է լուծելի Եղվարդի ջրամբարի խնդիրը, որը պահանջում է 500 մլն դոլար, ահազանգում եմ` ընդամենը 500 մլն։ Միայն թե հարգարժան թիվ 13, պաղատում եմ` չհարցնել, թե որտեղից հայթայթենք սույն փրկչական 500 մլն-ը։ Հայտարարում եմ լիաթոք. եթե փոքր-ինչ թափ տանք օլիգարխներին (եթե թափահարումը չօգնի, առաջարկում եմ նրանց գլխիվայր կախել Հաղթանակի կամրջից, 5-7 րոպե անց յուրաքանչյուրը մեր գանձարանին կնվիրաբերի 10 մլն եվրո, յուր անկախ տարիների արդար և քրտնատանջ թալանի 1 տոկոսը)։ Սակայն եթե այս միջոցն էլ չօգնի, ահավասիկ ինչը մեզ կփրկի։ Կամերային երաժշտության տանը բարեգործական համերգ է կազմակերպվում։ Առաջին արարում օլիգոպոլիկներն ունկնդրում են Բախ, երկրորդում` Օֆենբախ, երրորդում էլ Դանիել Երաժիշտը բանախոսում է հետևյալ թեմայով. «Արդի հայ հոգևոր երաժշտությունը և շարականների բացասական ներազդեցությունը օլիգարխիատի ախորժակի վրա»։ Ի դեպ, ընդմիջման պահին օլիգոպոլիկները պարտադիր սնվում են իրենց արտադրած և ներկրած սննդամթերքով։ Հավատացնում եմ, որ կամ նրանք հոգեխանգարմունքի կհասնեն, կամ 500 մլն-ը ի մի կբերեն։ Դեռ մի բան էլ ավելի։ Նույն ճանապարհով պետք է գործարկել Հերունու «Արև» ծրագիրը, կառուցել Եղվարդի ջրամբարը, մարել երկրի արտաքին պարտքը, վերջապես հելիոֆիկացնել ողջ հանրապետությունը։

Լավ, քիչ լրջանանք և արմատական առաջարկությամբ հրապարակ իջնենք։ Խորագետ գիտնական Վահանը` Համազասպյան, լրջագույն գիտական ուսումնասիրությունների արդյունքում համոզել է ողջ աշխարհին, սար ու ձորին, գետերին ու լճերին, որ հելիոտեխնիկական արդյունաբերության ստեղծումն ու դրա բնականոն զարգացումը հսկայական քայլերով առաջ կմղեն վարկերի տակ կքած մեր հանրապետությունը, մենք, իրոք, կդառնանք հելիոտեխնիկական արդյունաբերության կենտրոն։ Ի դեպ, հելիոֆիկացման մասին ամենաբարձր ամբիոններից հայտարարում են աշխարհի տիրակալները, ի մասնավորի Անգելա Մերկելը Մեծ ությակի գագաթնաժողովում 2008-ին, որը, ի դեպ, կայացավ գիտատեխնիկական առաջընթացի համաշխարհային կենտրոն Տոկիոյում։ Սակայն ահավասիկ որտեղ է գարշահոտում շան գլուխը. տիար Համազասպյանը, նրանից առաջ էլ` գերհարգարժան Հերունին, գերօգտավետ գյուտերի և հայտնագործությունների միջոցով կամենում են երկիրը դուրս բերել խորքային ճգնաժամից, նրանց ամենայն լրջությամբ են ընդունում Երկիր մոլորակում, սակայն արհամարհում են մայր հայրենիքում։ Ինչո՞ւ։ Իսկ Եղվարդի ջրամբա՞րը, չէ՞ որ ընդամենը մի քանի տարի անց իրոք կարող ենք տարածաշրջանի ջրբաշխը հանդիսանալ և անհրաժեշտ պատժամիջոցներ կիրառել ամբարիշտ դրկիցների նկատմամբ։ Այս պարագայում էլ ողջ աշխարհը համոզված է, որ Եղվարդի ջրամբարը հրաշալի տնտեսաքաղաքական նախագիծ է, աշխարհի համոզմունքը, ի դեպ, վավերացրել է մեծանուն Քըրք Քրքորյանը, սակայն ՀՀ-ում ինչ-որ անհասկանալի վախ ունեն հիմնարար առաջընթացային գաղափարների հանդիպելիս։ Այսպիսով, գուցե նախ կառավարական տան վա՞խը չափենք, կամ միգուցե հայտարարենք ազգային-պետական նշանակության գաղափարների տոնավաճառ։ Գուցե նաև ժամանա՞կն է, առհասարակ, բոլոր ստեղծագործական և գիտաարդյունաբերական նորությունները կիրառելու մեր տնտեսության մեջ։ Զորօրինակ, ՀՀ ԳԱԱ-ն, որքան հայտնի է, բազմաթիվ գյուտեր և հայտնագործություններ է ամբարել յուր գզրոցներում, որոնք տարիներով փոշեպատվում են և վերածվում ժամկետանց ապրանքատեսակի։ Լավագույն դեպքում դրանք վաճառվում են արտասահմանյան ինչ-որ ընկերությունների։ Հասկանալի է, որ գիտաարտադրական մտքի զարգացման վրա է հիմնվելու ինքնիշխան և անկախ Հայաստանի ապագան, թե չէ զարմանալի մի իրողության առջև ենք այժմ հայտնվել։ Գնալով զարգանում ենք, բարեփոխվում, զուգահեռաբար եռանիշ թվով աճում է մեր արտաքին պարտքը։ Այսպիսով, ճիշտ ժամանակն է, որ նոր վարչապետը և կառավարությունը հենց կառավարման հաջորդ իսկ օրվանից իրենց պատվի և արժանապատվության գերխնդիրը համարեն նախ ձերբազատումը վարկային և դրամաշնորհային կախումներից, և փոքր ու միջին բիզնեսի գերակայությունը խոշորի հանդեպ դառնա նրանց հպարտության առարկան։ Եվ մի՞թե կասկած կա, որ նման կառավարությանը թիկունք կկանգնի ողջ հայությունը, անկախ այն բանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն են վարչապետն ու նախարարները։

Երազային են, սակայն կատարելի, Երևանի մետրոպոլիտենի վերջնակառուցումը, երկրի վերջնագրային օլիգարխազերծումը, դե մնացյալն էլ թող գերհարգարժան թիվ 13-ը մտաբերի։

Բնականաբար, օրինական հարց է ծառանում, ինչպե՞ս։ Շատ պարզ, նախ ԱԺ-ն կազմաքանդվում է, և նորն է ի մի գալիս ի դեմս ոչ իշխանահաճո մտավորականության, աննկուն ազատամարտիկների և «Դեմ եմ» նախաձեռնության։ Եվ, վերջապես, կադրային խնդիրն է լուծվում։ Ստուգաբանում եմ, ինչպիսին պիտի լինի գալիք նախարարը. ա) պիտի ծնված լինի ԽՍՀՄ-ի օրոք, բայց ծառայած հայոց բանակում, բ) պիտի օրենսգետ լինի և կրթաբարո, նաև չհանդիսանա որևէ բարձրավոլտ պետայրի կամ գերհագեցած հաստաքսակի որդին, զարմիկը, հորթի բժիշկը կամ էլ քեռակնոջ հարևանը, գ) պիտի ապրի սեփական բնակարանում և չունենա որևէ այլ սեփականություն մարկետների և այլ բարոյալքիչ աղբի տեսքով։ Եղա՞վ, հարկավ։

ԵՂԻՇԻՆ ՈՒՆԿՆԴԻՐ

(սարկաստիկ վերջերգ)

Եթե այս օրերին գլուխը բարձրացներ հրեղեն Չարենցը, ինչպիսի՜ Երկիր Նաիրի կտեսներ։ Այսօր մի՞թե Երկիրն Հայկազուն ուղեղի բորբոք չէ և որովայնի ասպատակություն։ Բայց գուցե սա քավության ուղին է, գուցե, իրոք, պիտի դարձի գանք անկախ և ինքնիշխան տառապենք սեփական իշխանների հարազատ լծի տակ։ Գուցե։ Առայժմ մնում է փաստել, որ 3-րդ հանրապետությունը սուտ է, հուշ է միայն, ֆիկցիա ու միֆ։

Ներիր մեզ, մեծ տառապյալ, և եղիր մեր կողքին հականաիրյան այս քավարանում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ