Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ավետարանի համաձայն այս տոնը կոչվում է «Հիսուսի մուտքը Երուսաղեմ»

Ավետարանի համաձայն այս տոնը  կոչվում է «Հիսուսի մուտքը Երուսաղեմ»
11.04.2014 | 11:50

Չնայած Ավետարանով այս տոնը ծաղկին ոչ մի կերպ չի առնչվում, բայց քրիստոնեական իրականության մեջ այն առնչվում է ու այդպես էլ կոչվում է` Ծաղկազարդ, քանզի ժողովուրդը սուրբ Զատկին նախորդող կիրակին հարմարեցրել է նաև դեռ մինչքրիստոնեական ժամանակների գարնան զարթոնքի տոնին, ինչը կապված է ծառ ու ծաղկի, երգ ու պարի հետ: Ինչևէ, որքան էլ մարդ արարածը հոգևոր էություն ունի, միևնույն է, դեռևս մարմնավորին տուրք տալու հակումներ էլ ունի:

Իսկ Ավետարանի համաձայն այս տոնը կոչվում է «Հիսուսի մուտքը Երուսաղեմ»:
«Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին և Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին և ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն և բերէ՛ք: Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»: Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար: Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»: Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»: Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ և Յիսուսին նստեցրին: Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ: Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ և բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն` կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան: Եւ ասում էին. «Օրհնեալ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութիւն երկնքում և փառք բարձունքներում»:
Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»: Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն» (Ավետարան ըստ Ղուկասի 19.29-39):
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վանքի Հրեշտակապետաց եկեղեցուն մոտ դեռևս մինչև հիմա մի քար կա, որը նման է աղաղակող բերանի. ավանդությունն ասում է, որ դա Հիսուսի ժամանակներում աղաղակող հենց այդ քարերից մեկն է եղել: Սա, իհարկե, ընդամենն ավանդություն է, իսկ իրականությունն այն է, որ, հավատալով Աստծո Ավետարանի խոսքին, շատ քարացած սրտեր փշրվեցին ու Հիսուսին Տեր Փրկիչ ընդունեցին, ու դրանցից մեկն էլ հենց այս տողերի հեղինակն է:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչով է տարբերվում Հիսուսի այս վերջին մուտքը Երուսաղեմ մնացածներից, քանզի Նա մինչ այդ բազմիցս է այցելել Երուսաղեմ: Եվ Հիսուսին շրջապատող աշակերտներն ու առաքյալները չգիտեին, որ այս վերջին այցելությունն է արդեն դատապարտված Երուսաղեմին, քանզի Տերը մինչ այդ մարգարեացավ Երուսաղեմի համար. «Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը, լաց եղաւ նրա վրայ և ասաց. «Գոնէ այս օրերին գիտենայիր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից ու հիմնայատակ պիտի անեն քեզ և սպանեն քո մէջ քո որդիներին. և քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր» (Ավետարան ըստ Ղուկասի 19. 41-44): Այս մարգարեությունը կատարվեց բառիս բուն իմաստով. 70 թվականին Երուսաղեմի պարիսպը ճեղքեց ու քաղաք մտավ Տիտոս կայսրը ու քարը քարի վրա չթողեց, իսկ Սողոմոնի վեհաշուք տաճարը նույնպես քարակույտի վերածվելով, դադարեց Իսրայելի երբեմնի փառքը` հրեաներին գերի տարան ու ստրկության վաճառեցին, արգելելով հրեաների մուտքը Ավետյաց երկիր: ՈՒ այդ տևեց մոտ 2000 տարի, մինչ մեր օրերը` 1948 թիվը։
Իսկապես լացելու արժանի վիճակ, ու այդ պատճառով Սողոմոնի տաճարի պարսպի միակ մնացած պատը, որը կոչվում է «Լացի պատ», հրեաների աղոթքի ու լացի տեղն է մնում մինչև այսօր: Իսկ թե ինչու, մեզ հենց այս տոնի խորհուրդն է բացատրում, քանզի Հիսուսին օվսաննաների ուրախության բացականչություններով ու ծառի դալար ճյուղերով դիմավորող ամբոխը կարծեց, թե Նա հիմա կհաղթի բոլոր թշնամիներին և հռոմեացիներին երկրից դուրս կվռնդի, կվերականգնի Դավթի աթոռը ու հենց Ինքն էլ կնստի այդ գահին, քանի որ Նրան նաև Դավթի որդի էին անվանում: Սա մարմնավորների շնչավոր մտածելակերպն էր, իսկ հոգևորն այլ էր, մարդու մտքից վեր: Եվ ընդհանրապես այդպես է: ՈՒ նույն ամբոխը, երբ տեսավ, որ իր երազանքն ու նպատակը չեն կատարվում, սկսած Հուդայից, ուրացավ ու դավաճանեց Հիսուսին. նրան երկրավոր նպատակներն էին հետաքրքրում: Այդպես չէ՞ արդյոք շատերիս համար. երբ հոգևորը խանգարում ու խոչընդոտում է մեր երկրավոր ծրագրերին ու նպատակներին, մենք հաճախ մերժում և ուրանում ենք ճշմարտությունը, ու խորամանկելով կամ ծամածռելով այն, փորձում ենք հարմարեցնել մեր երկրային ընթացքին: Շատ պարզ օրինակներ բերեմ, թեկուզ և մեր առօրյա կենցաղից. քանի անգամ է եղել, երբ քեզ զանգահարել են հեռախոսով, ու դու, իմանալով, թե ով է զանգողը, հանգիստ խղճով ասել ես տնեցիներին. «Ասեք` տանը չեմ»: Եթե տանը չես, ապա ո՞ւր ես: Ասե՞մ ուր. խավարի մեջ, քանզի լույսի մեջ (որ է ճշմարտությունը) չեղողը խավարի մեջ է լինում։ Այլ տեղ չկա: Տեսա՞ք, որ Հիսուսին օվսաննաներով, ասել կուզի` միայն շրթունքներով, Տեր ու Փրկիչ դավանելը հեշտ է, իսկ գործնականում բազմիցս ենք ուրանում Նրան: Այդ պատճառով էր, որ Տերն ասաց. «Ոչ թե նրանք, որ Ինձ Տե՛ր, Տե՛ր կասեն ու կփրկվեն, այլ նրանք, ովքեր Իմ Խոսքը կլսեն ու կպահեն»: Ինչ է, կարծում էիք հիմա հերթական տոնական ուրախ բացականչություններ ու խոսքե՞ր եք լսելու այս Ծաղկազարդի տոնի առթիվ: Իհարկե դա էլ, մանավանդ եկեղեցում. սուրբ Պատարագ, ուռենու դալար ճյուղեր, որոնք ժողովուրդը ուրախությամբ տանում է իրենց տները, հաճախ որպես հաջողության ու բարօրության թալիսման, բայց երբ գալիս է Ավետարանի խոսքը ապրելուն, նմանվում ենք «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր» գոռացող ամբոխից մեկին: Ինչպես և արեցին Հիսուսին, երբ Պիղատոսը հարցրեց հավաքված հրեա ամբոխին. «Զատկի տոնի առթիվ ո՞ւմ ազատ արձակեմ, Բարաբբային, թե՞ Հիսուսին»: ՈՒ ամբոխն ընտրեց մարդասպան Բարաբբային… Նույն վիճակում էր և Աստծո տունը, երբ Հիսուսը վերջին անգամ Երուսաղեմ մտնելով, Իր Հոր Տունը մաքրեց առևտրականներից. «Եւ տաճար մտնելով` սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին և լումայափոխների սեղանները ցրեց ու ասաց նրանց. «Գրուած է` «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»: Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները և ժողովրդի գլխաւորները հնար էին փնտրում նրան կորստեան մատնելու, բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան»: ՈՒ հնարը գտան. Պիղատոսի ձեռքով և ժողովրդի աղաղակներով հասան նպատակին, ու մեղավորները խաչ հանեցին Միակ Արդարին: ՈՒ ընդամենն այդքանը, քանզի ավելին չէին կարող: Իսկ Աստված արեց ավելին ու անհնարը. Նա հարություն տվեց երեքօրյա մահացած Իր Որդուն, և սա արդեն կոչվում է Զատիկ, կամ Հարություն Տեառն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ