«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Բնական է, որ մարդկանց պետք է անհանգստացներ, թե ով է լինելու օպերային թատրոնի տնօրենը»

«Բնական է, որ մարդկանց պետք է անհանգստացներ, թե ով է լինելու օպերային թատրոնի տնօրենը»
11.04.2014 | 13:25

Վերջին օրերի մշակութային ամենակարևոր իրադարձությունը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մշակույթի նախարարությունում անցկացվող մրցույթն էր: Օպերային թատրոնում մթնոլորտը «ոչ երաժշտական» էր մինչ մրցույթը: Դժգոհություններն ու անվստահության մթնոլորտը շարունակվում են նաև ընտրությունից հետո: Մրցութային հանձնաժողովի նախագահը մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Դավիթ Ղազարյանն էր:
ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ մեր զրույցը մրցույթի անցկացման կարգի, առաջադրված թեկնածուների, օպերային թատրոնում ծառացած խնդիրների, նաև թատրոնի շուրջը հյուսվող ասեկոսեների մասին է:

-Առաջին անգա՞մ էր անցկացվում օպերային թատրոնի տնօրենի ընտրության մրցույթ:
-Չշեշտադրենք օպերային թատրոնը, նման կառույցները կոչվում են ՊՈԱԿ` պետական ոչ առևտրային կազմակերպություն: Գոյություն ունի օրենք, ըստ որի, ՊՈԱԿ-ի տնօրենն ընտրվում է հատուկ կարգով: Յուրաքանչյուր թեկնածուի, երբ նա դիմում է մրցույթի թափուր տեղի մասնակցության համար, տրվում է 50 հարցից (իրավական, կառավարման, օրենսդրական և այլ բնույթի) կազմված հարցաթերթիկ: Նրանք, ովքեր հաղթահարում են հարցերի 95 տոկոսը, անցնում են 2-րդ փուլ, որի ժամանակ ներկայացնում են իրենց հայեցակարգը, հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ լայն ասպեկտով՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց գործունեությունը, եթե լինեն օպերային թատրոնի տնօրեն, ի՞նչ խաղացանկային քաղաքականություն կվարեն և այլն: Ինչպես գիտեք, ինը թեկնածուներից մրցույթին ներկայացան յոթը, որոնց թվում էին ճանաչված անձինք` աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, աշխատանքային մեծ փորձ ունեցող Գագիկ Մանասյանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանը: Երկրորդ փուլում պայքարում էին երեք թեկնածուներ` Անդրանիկ Արզումանյանը, Գագիկ Մանասյանը, Արթուր Շահնազարյանը: Եվ շատ ափսոսանքով պետք է նշեմ, որ հարցաթերթիկներին չպատասխանեցին այն մարդիկ, որոնց անունները ես նշեցի: Հետաքրքիր էր այն փաստը, որ Անդրանիկ Արզումանյանը, կարծես, ոչ ոքի ծանոթ չէր: Նա ավելի քան 10 տարի աշխատել է Եգիպտոսում որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար, և, հաշվի առնելով կենսագրականը, անցած ճանապարհը, կրթությունը, կարելի է ասել, որ նաև մշակույթի գործիչ է:
-Նախընտրական շրջանն արդեն իսկ թեժ էր, տարաձայնություններ կային, անվստահություն, ստորագրահավաք կազմակերպվեց: Ինչո՞վ եք բացատրում ոլորտի մասնագետների անհանգստությունը:
-Ես կարող եմ մեկնաբանել որպես մշակույթի գործիչ: Երբ սկսվեց օպերային թատրոնի տնօրենի թափուր տեղի համար պայքարը, որքան ինձ հայտնի է, արտիստները, երգիչները, բալետի մարդիկ սկսեցին մտահոգվել, ստորագրահավաք անցկացնել և այլն: Քանի որ մեզ մոտ չակերտավոր դեմոկրատիա է, ով ինչ ուզում` հայտարարում էր: Բնական է, որ մարդկանց պետք է անհանգստացներ, թե ով է լինելու տնօրենը: Ես ընդամենը 12 ժամ առաջ եմ իմացել, որ մրցութային հանձնաժողովի անդամ եմ, ավելին` ղեկավարելու եմ հանձնաժողովը, ինձ համար նույնպես անհանգստացուցիչ էր` ինչո՞ւ մենք չենք կարող օպերային թատրոնում ունենալ գեղարվեստական ղեկավար: Ինձ բացատրեցին, որ երբ ստեղծվել է ՊՈԱԿ հասկացությունը, տարանջատվել են տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Ես պետք է նշեմ, որ երկար տարիներ գեղարվեստական ղեկավար և տնօրեն էր տաղանդավոր կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, կոմպոզիտոր Գևորգ Արմենյանը, ժողովրդական արտիստ, ռեժիսոր, երգիչ Տիգրան Լևոնյանը: Մենք անցել ենք այդ էտապները: Երբ լիազորությունները բաժանվեցին` տնօրենի և գեղարվեստական ղեկավարի, այդ ժամանակվանից էլ սկսվեցին խմորումները: Մի բան հասկանալի է՝ թատրոնը պետք է ունենա գեղարվեստական ղեկավար, որպեսզի լուծվեն գեղարվեստական խնդիրները: Վերջին տարիներին թատրոնն ունեցել է գլխավոր ռեժիսոր, գլխավոր խմբավար, գլխավոր նկարիչ, գեղարվեստական խորհուրդ: Այս խորհրդի աշխատանքը որքա՞ն է արդյունավետ եղել օպերային թատրոնի գեղարվեստական խնդիրները լուծելու համար, այ սա ուրիշ խնդիր է:
-Պարոն Ղազարյան, Դուք համաձա՞յն եք այն պնդմանը, որ Գեղամ Գրիգորյանը պետք է վերականգնվի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում:
-Ինչո՞ւ Գեղամ Գրիգորյանը: Կուզենայի հարցն այսպես հնչեր` Դուք համամի՞տ եք, որ թատրոնն ունենա գեղարվեստական խորհրդի ղեկավար` հաստիքով: Այո, համամիտ եմ: Որովհետև չեմ պատկերացնում թատրոնն առանց գլխի, այն էլ` ստեղծագործական գլխի:
-Կա կարծիք, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը պետք է լինի ոչ թե երգիչ, անկախ վաստակից, կոչումներից, այլ դիրիժոր, իսկ տնօրենի պաշտոնն էլ պետք է զբաղեցնի ադմինիստրատիվ աշխատողը:
-Ո՞վ է ասում այդպիսի բան: Եթե մարդը հսկայական փորձառություն ունի և ժողովրդական արտիստ է, օրինակ, նույն Բարսեղ Թումանյանը, ինչո՞ւ չի կարող տնօրինել թատրոնը: Ես չեմ հիշում, երբ է դիրիժորը գեղարվեստական ղեկավար եղել, երևի 30-40 տարի առաջ: Եվ ինչո՞ւ դիրիժորը, ինչո՞ւ չեն կարող լինել կոմպոզիտորը, երաժշտագետը:
-Մրցույթի արդյունքներն ու անցկացման կարգը ոչ բոլոր թեկնածուներին են գոհացրել: Իբրև հանձնաժողովի նախագահ` կարո՞ղ եք ներսի հայացքով գնահատել իրավիճակը:
-Ես չեմ կարող դա մեկնաբանել, դա արդեն մեր խնդիրը չէ: Պետք է սկսել նրանից, թե ի՞նչ սկզբունքով և ո՞ր օրենքով է հարցաշարը գոյանում: Ես ընտրվել եմ որպես հասարակական կազմակերպության ղեկավար, եթե մրցույթին մասնակցեի, հնարավոր է` այդ 50 հարցերից 30-ին պատասխանեի: Բայց երբ այդ հարցը բարձրացրի, որպես հանձնաժողովի նախագահ, ինձ ասացին՝ երբ այդ մարդը տվել է իր դիմումը` թափուր տեղի համար մրցելու, նրան տրվել է հարցաշար: ՈՒրեմն, նա կա՛մ պետք է ընդունակ լինի, կա՛մ, կներեք, անգիր անի: Եթե ավելի քան 500-հոգանոց կոլեկտիվ պետք է ղեկավարես ու չես կարողանում որոշել` քեզ տված հարցի երեք պատասխաններից որն է ճիշտը, դա իմ խնդիրը չէ:
-Կա կարծիք, որ օպերային թատրոնը պետք է ղեկավարի ներսի մարդը:
-Ներսի մարդ կար, Տիգրան Դավթյանը բարիտոն է, շատ լավ ձայնային տվյալներ ունի, նա որոշել էր դառնալ տնօրեն: Օպերային թատրոնն ունի չորս տնօրենի տեղակալ, թող հայտ ներկայացնեին: Այլ հարց է, եթե ասվի, այն մարդը, ով ուզում է ստեղծագործական կյանքով ապրել, ինչո՞ւ է ուզում դառնալ տնօրեն: Ձեր հարցերի խորության մեջ ես դա տեսնում եմ:
-Խորհրդային տարիներին մեր օպերային թատրոնում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու դասական ժառանգության լավագույն գործերը: Այսօր արտիստները անգործության են մատնված, դժգոհում են, որ բալետային և օպերային ներկայացումներ չկան, համերգային և այլ նախագծեր են կյանքի կոչվում, որ օպերային թատրոնի համար չեն:
-Այս հարցը, իհարկե, բոլորովին մեր հանձնախմբի հետ կապ չունի: Մենք բոլորս ենք ասում, որ շատ խղճուկ է խաղացանկը, բայց երբ ներսի մարդկանց ես հարցնում, նրանք ասում են, որ խորհրդային տարիներին հսկայական միջոցներ էին տրամադրվում, իսկ հիմա միջոցներն այնքան են, որ կարող են բավականացնել տարին մեկ կամ երկու ներկայացում բեմադրելու համար:
-Ներսի մարդիկ նաև ասում են, որ գումար կա, ընդ որում, մեծ գումար, այլ հարց է` ինչպես են ուղղորդվում այդ գումարները:
-Անկեղծ ասած, խոհանոցին այդքան ծանոթ չեմ: Բայց չմոռանանք, որ հրավիրեցին բալետմայստեր Գրիգորովիչին, բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, ինչը մեծ ծախսերի հետ էր կապված: Դրանից հետո տեղի ունեցավ Վերդիի «Աիդայի» բեմադրությունը, որը մեր օպերային թատրոնի զարդերից է: Եվ վերջապես, մեր օպերային թատրոնը հարուստ է հիանալի ձայներով, նաև բալետի արտիստներով, ուրեմն, իրոք, մենք չունենք, մի դեպքում, խաղացանկային քաղաքականություն, մյուս դեպքում` գլուխ, որ պետք է շարժի ամբողջ մարմինը:
-Օպերային թատրոնը գուցե համակարգայի՞ն փոփոխության կարիք ունի: Ի՞նչ կարող է անել այս համատեքստում նոր ղեկավարը:
-Ես շատ մտահոգ եմ, չեմ կարող ասել: Եթե անկեղծ՝ կառուցվածքային փոփոխության ծրագիր թեկնածուների ներկայացրած հայեցակարգերում ես չէի տեսնում: Այն, ինչ գրում են իրենց բլոգում, ինքնապաշտպանության խնդիր է, որովհետև յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում թատրոնի գործունեությունը: Եթե ծանոթանայիք թեկնածուների հայեցակարգերին, կզարմանայիք ամեն ինչի վրա, սկսած լեզվի իմացությունից մինչև` ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքն իբրև տնօրեն:
-Կզարմանայի` լա՞վ, թե՞ վատ իմաստով:
-Դա արդեն կարդալուց հետո կիմանայիք: Դժվար է, շատ դժվար: Օպերային թատրոնն ամենաբարդ կառույցն է, տեսեք, մոտ 100-հոգանոց նվագախումբ, 70-80-հոգանոց երգչախումբ, բալետային խումբ, նկարիչներ, բեմադրիչներ, մի ամբողջ մշակութային նախարարություն է: Եվ անհատներ կան, որոնց հետ այնքան էլ հեշտ չէ աշխատելը: Պետք է կարողանաս համատեղել իրավականը, ստեղծագործականը, կառավարումը, օրենսդրականը: Եթե տարիքային ցենզը մի կողմ թողնենք, ինքս երբեք չէի համարձակվի այդ բեռան տակ մտնել: Այստեղ արդեն ինքնագնահատման խնդիր կա: Մի բան է ամբողջ տնտեսությունը ղեկավարելը, մեկ այլ բան՝ խաղացանկային քաղաքականությունը: Օպերային թատրոնի կանոնակարգով, ամիսը մեկ պետք է հավաքվեն, քննարկեն եղածն ու որոշեն ապագան` երեք ամսվա, երեք տարվա, հինգ տարվա հեռանկարով: Թեկնածուներին իմ տված ամենատարրական հարցերից մեկը դա էր` Դուք նշանակվում եք օպերային թատրոնի տնօրեն, հաջորդ օրն ի՞նչ պետք է անեք: Եվ մարդն այդ ընթացքում 10 րոպե մտածում է, թե ինչ պետք է անի: Կամ` Դուք ուզում եք թատրոն ղեկավարել, ե՞րբ եք եղել վերջին անգամ օպերային թատրոնում և ի՞նչ եք լսել:

Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հ. Գ. - Դավիթ Ղազարյանի հետ զրույցի ընթացքում դեռևս հայտնի չէր, թե ով է լինելու օպերային թատրոնի նոր ղեկավարը: Մեր զրույցից ժամեր անց միայն հայտնի դարձավ, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը:

Դիտվել է՝ 918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ