Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վերականգնենք «երկաթի վարագո՞ւյրը»

Վերականգնենք «երկաթի վարագո՞ւյրը»
13.04.2014 | 14:24

Եվրոպական մի շարք երկրներում արգելքների և պատժամիջոցների մի ամբողջ շղթա է ծայր առել՝ ընդդեմ Ռուսաստանի: Որոշել են այդպես հակազդել Ղրիմի հանրաքվեին և դրան հաջորդած դեպքերին: Արգելքները ոչ միայն քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներին են առնչվում, ինչը սպասելի էր և հասկանալի: Բայց երկուստեք արգելվում են ԶԼՄ-ները, մշակույթը և անգամ ռուսերեն գրքերը, չասած ուրիշ՝ դրսևորումների մասին:

Պատմությունն արդեն ապացուցել է, որ մշակույթի և մամուլի հանդեպ կիրառվող արգելքները միշտ հակառակ արդյունք են տվել: Ֆրանսիացի քննադատներից մեկը ժամանակին գրեց, որ Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի»-ն եթե չդատվեր և չարգելվեր, ապա այսօր հազիվ թե համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը համարվեր: Ֆլոբերի վեպն, անշուշտ, հանճարեղ գործ է, բայց քննադատի ասածի մեջ էլ ճշմարտության հատիկ կա: Իսկ այսօր, հաղորդակցական տեխնիկայի արդի պայմաններում, արգելելուց հետո հավանական «սպառողների» քանակը տասնապատկվում ու հարյուրապատկվում է և կարող է նույնիսկ միլիոնների հասնել: Արգելողներն անպայման գիտեն այդ մասին, բայց գիտեն ու անում են, քանի որ պիտի մի բան անեն:
Արգելքների այս շղթային են ուզում միանալ նաև հայաստանյան մի շարք լրագրողներ: Ուկրաինայում այսօր արգելվում է ռուսական ամեն ինչը: Արգելք դնելու պահանջներ են հնչում նաև Բալթյան հանրապետություններում: Զարմանալի չէ, հակառուսական տրամադրություններն այդ հանրապետություններում միշտ եղել են և հիմա, վերջընթաց դեպքերի կապակցությամբ ակտիվացան: Մի խոսքով, Եվրոպան իր պատճառներն ունի արգելքներ ու պատժամիջոցներ կիրառելու:
Բայց Հայաստանում ինչո՞ւ են ուզում արգելել ռուսական հեռուստահաղորդումները. որպես համերաշխության նշան այն ՈՒկրաինայի հե՞տ, որն Արցախյան պատերազմի ժամանակ ամեն ինչով օգնեց Ադրբեջանին՝ դիպուկահար պոռնիկներ ուղարկելով, որոնց կրակոցներից քանի՜-քանի հայ տղաներ զոհվեցին, օդաչուներ ուղարկելով, ովքեր ռմբակոծում էին թե՛ մեր զինվորներին, թե՛ խաղաղ բնակչությանը, զենք ու զինամթերք մատակարարելով (և շարունակում է մատակարարել), ռազմական հրահանգիչներ ուղարկելով… Իսկ պատերազմին հաջորդած քսան տարիների ընթացքում Ուկրաինան ստորագրեց ադրբեջանանպաստ և հակահայ միջազգային բոլոր փաստաթղթերի տակ, իր ԶԼՄ-ների դռները լայնորեն բացեց ադրբեջանցի լրագրողների առջև, որպեսզի իրենց հայատյաց ձաբռտուքները տարածեն… Ո՞Ւմ ջրաղացին են ջուր լցնում այդ պարոնայք:
Արգելքը պերճախոս ապացույցն է արգելողի անզորության, մանավանդ մշակույթի, լրատվական միջոցների պարագայում: Մի շարք կարևոր փաստարկներ կարելի է բերել, թե ինչու, ոչ մի դեպքում չի կարելի գնալ նման քայլի՝ արգելել ռուսական որևէ հեռուստահաղորդում Հայաստանի տարածքում: Բայց ես կուզեմ բերել ընդամենը մեկը. այսօր, երբ մեր մշակույթը և հատկապես հեռուստամշակույթը գնալով ավելի ու ավելի են խրվում աղքատամտության, գավառականության և գռեհկության տիղմի մեջ, ռուսական հեռուստահաղորդումները, իրենց բարձր մակարդակով, իրենց գեղարվեստականությամբ, իրենց հարցադրումներով և այլ արժանիքներով պարզապես թթվածնի բարձիկ են հայաստանյան բոլոր այն հեռուստադիտողների համար, ովքեր հերոսաբար ջանում են պահպանել այնպիսի անհետացող հասկացություններ, որպիսիք են՝ միտքը, ճաշակը, գեղեցիկի ու բարոյականի պահանջը և մարդկային արժանապատվությունը:

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ