Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քառյակից կմնան երկուսը. կկարողանա՞ն նրանք միասնական պայքարել

Քառյակից կմնան երկուսը. կկարողանա՞ն նրանք միասնական պայքարել
11.04.2014 | 16:28

Եվ այսպես` երեկ տեղի ունեցավ հրաշալի քառյակի եռակողմ հանդիպումը: ՀՅԴ-ն բացակայում էր հանդիպումից: ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել էր, թե դաշնակցությունը նախորդ հանդիպումներում իր դիրքորոշումը հստակ արտահայտել է և այս փուլում քառյակի ղեկավարների մակարդակով հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում: Ավելի վաղ դաշնակցական Արմեն Ռուստամյանն էլ նշել էր, թե ՀՅԴ-ն կընդունի Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը և կառաջարկի երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու իր 7 կետերը: Չնայած սրան՝ իշխանության կողմից այդ կետերն ընդունվելուց հետո անգամ ՀՅԴ-ն կոալիցիայի մաս չի կազմի և չի սատարի Սերժ Սարգսյանի ներկայացրած վարչապետի թեկնածուին: Առանց մեկնաբանությունների էլ պարզ է դաշնակցության վարքագիծը:

Ինչ վերաբերում է եռյակի վերածված քառյակի հանդիպմանը, ապա այստեղ էլ ինչ-որ բան այն չէ: ԲՀԿ-ն, որն արդեն երեկ հանդիպում ունեցավ Սերժ Սարգսյանի հետ և հայտարարեց, թե կոալիցիայի մաս կազմելու հարց չունի օրակարգում, հանրությանը ներկայանում է իբրև տնտեսական բարեփոխումների ջատագով, և ընդամենը: Այսօր ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ասել է, թե երեկվա հանդիպման ընթացքում կողմերն ընդունել են, որ կարող են տարբեր տեսակետներ ունենալ առանձին հարցերի վերաբերյալ, սակայն համատեղ պայքարել այն հարցերի համար, որոնց հետ կապված համակարծիք են բոլորը: Մարգարյանի նշած ընդհանուր հարցը Տիգրան Սարգսյանի հրաժարականն էր, որը կայացավ անկախ ոչիշխանականների պայքարից: Կարծես թե ճանապարհներն սկսել են բաժանվել: ՀՅԴ-ն արդեն նրբորեն հեռանում է, ԲՀԿ-ն նշում է, որ իր համար առաջնայինը տնտեսական բարեփոխումներն են, և իրենք կարող են համատեղ պայքարել միայն ընդհանուր հարցերի լուծման համար, մնում են ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: Առաջինը հայտարարել է, թե կառավարության հրաժարականից հետո հաջորդ քայլը լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, երկրորդը նշել է, որ պետք է գնալ ամբողջական իշխանափոխության: Կկարողանա՞ն նրանք միասնական պայքարել Սերժ Սարգսյանի հրաժարականի համար: Աստղերն այդ մասին ոչինչ չեն հուշում, իսկ նախադեպերը, ցավոք, լավ բան չեն ասում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ