Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայոց ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա հասարակության ավելի լայն շերտերի

Հայոց ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա հասարակության ավելի լայն շերտերի
11.04.2014 | 16:36

Ապրիլի 11-ին մեկնարկեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։

Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցներով հանդես եկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։
«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ նախագահ, պատմաբան Գևորգ Մելքոնյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին միջազգային տարբեր ատյաններում ականատես ենք լինելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Ցեղասպանության ժխտողականությանը։ Եվ այսօրվա գիտաժողովի նպատակն է վեր հանել թուրքական ժխտողականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում բացահայտել և օգտագործել երիտասարդ գիտնականների ներուժը, համախմբել Ցեղասպանության խնդրով զբաղվող երիտասարդ մասնագետներին և համատեղ մշակել միասնական ռազմավարություն նշված հարցի լուծման նպատակով։
Գիտաժողովի ընթացքում բանախոսները նկատում են, որ հայկական կողմը պետք է կարողանա Ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցույց տալ համայն մարդկությանը։ Եթե Հայոց ողբերգությունն արդարացի կերպով միջազգային հանցագործություն չճանաչվի, հատագայում նման ոճիրները կարող են սպառնալ նաև մյուս ժողովուրդներին։ Երիտասարդ մասնագետները շեշտեցին, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա հասարակության ավելի լայն շերտերի։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Անահիտ Մուկուչյանը գիտաժողովում հանդես եկավ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներկայիս գործընթացը. խնդիրներ, առանձնահատկություններ» զեկուցմամբ։ Ըստ բանախոսի՝ հայերի հետ կատարվածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն մինչ օրս՝ չճանաչված՝ ի տարբերություն ավելի ուշ իրականացված Հոլոքոստի։ Նա վեր հանեց հայության և միջազգային հանրության մեջ առկա այն խնդիրները, որոնց պատճառով տարբեր երկրներում չի ճանաչվում Հայոց ցեղասպանությունը։ Մասնավորապես, ըստ ուսանողուհու, հայությունն անպատրաստ է իր խնդիրները միջազգային ասպարեզում ներկայացնել, միաժամանակ նա շեշտեց գերտերությունների անտարբերությունը, ինչը Թուրքիայի հետ ունեցած շահերի հետևանք է։ Անահիտ Մուկուչյանը նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունը Ցեղասպանությունից հետո խնդիր ուներ հանգրվանած երկրներում ինտեգրվելու, լեզու սովորելու, ոտքի կանգնելու, ինչից հետո կկարողանար իր խնդիրները բարձրաձայնել։ Այդ է պատճառը, որ 1965 թվականից հետո միայն սփյուռքում Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հստակ քայլեր կատարվեցին։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ