Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԱԿ-ը հայտարարում է

ՀԱԿ-ը հայտարարում է
12.04.2014 | 20:17

Սերժ Սարգսյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ, որ կազմել է նրա իսկ հրամանագրով ստեղծված հանձնաժողովը։

Համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է, երբ երկրի առաջին դեմքը կառավարման մոդելի փոփոխման խնդիր պարունակող (կիսանախագահականից խորհրդարանական կառավարման) սահմանադրական փոփոխությունների ծրագիր է ներկայացնում, ապա հայտարարում, որ ինքն իրականում դեմ է դրան։ Սա վկայում է նրա մասին, որ իշխանությունների իրական մոտիվները առնչություն չունեն կառավարման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու հետ, այլ պայմանավորված են ռեժիմի պահպանման և վերարտադրության նեղ շահերով:
Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, նրա ստեղծումն ու նրա մեջ փոփոխությունները՝ քաղաքական գործընթաց։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն էլ ստեղծվել է երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյայի հրամանագրով։ Ոչ քաղաքական մարմին հանդիսացող և միայն գործող Սահմանադրության պահապանի գործառույթ ունեցող Սահմանադրական դատարանը որևէ առնչություն չպետք է ունենա սահմանադրափոխության գործընթացին։Դա այլ բան չէ, քան ոտնձգություն իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի նկատմամբ։ Սահմանադրական դատարանի նախագահը ներգրավված է մի գործում, որտեղ քննարկվում և որոշվում են նաև նրա ղեկավարած մարմնի՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները։ Գագիկ Հարությունյանի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ լինելու փաստը շահերի բախման արտառոց մի դեպք է, անհեթեթություն, ինչը կարող էր տեղի ունենալ իրավագիտակցությունից բացարձակ զուրկ վարչախմբի պարագայում։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1. Չմերժելով հանդերձ աշխարհում ընդունված ու տարածված ժողովրդավարական կառավարման որևէ մոդել, Կոնգրեսը մշտապես եղել է և այսօր էլ կողմնակիցն է երկրում գործող կառավարման կիսանախագահական ճկուն մոդելի։
2. Սահմանադրության կարևոր հատկանիշներից մեկը նրա կայունությունն է, մինչդեռ ահա երրորդ անգամ է այն փոփոխելու արհեստական խնդիր հարուցվում, ընդ որում՝ երեք անգամն էլ ոչ թե Սահմանադրությունն իսկապես բարեփոխելու կամ պետականությունն ամրապնդելու, այլ վարչախմբին հզորացնելու և նրա կյանքը երկարաձգելու համար:
3. Ոչ օրինակարգ իշխանությունը սահմանադրական հանրաքվե անցկացնելու իրավունք չունի։ Օրինակարգ իշխանությունն է, որ կարող է սահմանադրական փոփոխության, այդ թվում նաև կառավարման մոդելի փոփոխության հարց քննարկել։ Հետևաբար Սահամանդրական փոփոխություններին կարելի է անդրադառնալ միայն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո:
4. Երկրում առաջացած խնդիրները՝ անխնա թալանի հետևանքով հասարակության սոցիալական բևեռացումը, բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում հարստության գերկենտրոնացումը, ապօրինի մենաշնորհների և իշխանական կամայականությունների հետևանքով գործարար միջավայրի աղճատումը, իրավունքի և օրինականության բացակայությունը, ազգակործան արտագաղթը և այլն, կառավարման մոդելի հետևանք չեն։ Դրանք, ինչպես նաև քաղաքական համակարգի արատները, հետևանք են իշխանական վերնախավի կողմից ստեղծված կոռուպցիոն համակարգի, ընտրակեղծարարության կատարելագործված մեխանիզմների, ինչի հիմքում այլ բան չէ, քան իշխանության ոչ օրինակարգությունը և հանցագործ բնույթը։
5. Այս պահին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հրապարակման պատճառը մեկն է. այսօր Սերժ Սարգսյանը հայտնվել է իշխանության կորստի իրական վտանգի առջև և փորձում է այս խայծի միջոցով շեղել հասարակության և քաղաքական ուժերի ուշադրությունը ստեղծված քաղաքական ճգնաժամից, Սահմանադրության փոփոխության կարևորագույն թեման դարձնել իշխանության պահպանման անձնական նկրտումների գործիք:
Հայ Ազգային Կոնգրեսը կտրուկ դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին, կոչ է անում քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը՝ չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա։

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ