Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԲՀԿ-ն թակարդի մեջ է` ավելի, քան երբևէ

ԲՀԿ-ն թակարդի մեջ է` ավելի, քան երբևէ
14.04.2014 | 16:07

Իշխանությունը հասկանալով, որ չի կարողանում հրաշալի քառյակին մասնատել, վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին` դրանով փորձելով կապել ԲՀԿ-ի ոտքերն ու ձեռքերը: Նման մեկնաբանություն է տվել «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը`Հովիկ Աբրահամյանի նշանակմանը: Մարտիրոսյանն, անշուշտ, նկատի է ունեցել Աբրահամյան-Ծառուկյան խնամիական կապը: Հայտնի է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինքն էլ դեմ չէր յուր խնամուն վարչապետի աթոռին տեսնելուն, ավելին` կողմ էր: Այնպես որ իշխանության կողմից ԲՀԿ-ի «ոտուձեռը» կապելու վարկածը, Արմեն Մարտիրոսյանի կողմից պարզապես wishful thinking-ի շարքից է: ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր չի եղել և երբեք գործող նախագահին չի քննադատել: ԲՀԿ-ն իր` այլընտրանքային թիրախն ուղղել է ընդամենը նախկին վարչապետին և դրանով իրականում անձնավորել կառավարության հրաժարականի պահանջը:

Վերադառնալով ԲՀԿ-ի «ոտուձեռին», հետաքրքիր կլինի հետևել ԲՀԿ վարքագծին` այսուհետ: Նախ` նոր վարչապետի և նրա ձևավորելիք կառավարության քայլերի նկատմամբ ԲՀԿ վերաբերմունքին: Սա նշում ենք` լավ հասկանալով, որ ժողովրդի համար մտահոգ ցանկացած մեկի անձնական կապերը միշտ ստորադաս են լինում (տրամաբանորեն այդպես է) երկրի շահերին, և ուրեմն Հովիկ Աբրահամյանի որևէ սայթաքման դեպքում ԲՀԿ-ն անզիջում է լինելու: Ենթադրվում է: Մյուս կողմից` ոչ պակաս հետաքրքիր կլինի ուշադրություն դարձնել, թե այսուհետ որքան ներդրում է կատարելու Գագիկ Ծառուկյանը երկրի տնտեսությունում և հատկապես որ ոլորտներում: Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը Ծաղկաձորում կայացած ոչիշխանականների տնտեսական հավաքին ԲՀԿ ղեկավարը խոշոր ներդրումների խոստումներ էր տալիս: Եվ երրորդը` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ասել է, թե ԲՀԿ օրակարգում կոալիցիոն կառավարություն մտնելու հարց չկա և եթե ԲՀԿ որևէ անդամ ներգրավվի կառավարությունում անգամ այլ ձևաչափով, ապա այդ մարդիկ նույն պահին կհեռացվեն կուսակցությունից: Մի այլ հարց է, թե փողի, և ոչ գաղափարախոսության, վրա հիմնված կուսակցությունը որքան երկար կդիմանա իր շարքերից հեռացնելով պաշտոնատենչ անդամներին:
Ի վերջո` Հովիկ Աբրահամյանի, այսպես ասած, վարչապետացվելուն ձգտել է նաև Գագիկ Ծառուկյանը, և այսօր խոսել իշխանության կողմից` նրան կաշկանդելու փորձերից, մեղմ ասած, այնքան էլ շնորհակալ գործ չէ: Իրականում ԲՀԿ-ն թակարդի մեջ է առավել, քան երբևէ և այդ թակարդն ինքն է պատրաստել` իր սեփական ձեռքերով: Իշխանության դերը ԲՀԿ-ի` «ոտուձեռի» կապվածության հարցում իրականում ամենափոքրն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ