Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արդյունավետ շաբաթի արդյունավետ վարչապետը

Արդյունավետ շաբաթի  արդյունավետ վարչապետը
15.04.2014 | 11:27

Ծառզարդարի կիրակին լուծեց քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրը՝ ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ապրիլի 13-ին նրա թեկնածությունն առաջադրեց նախագահ Սերժ Սարգսյանը: Դեպի Հանրապետության հրապարակ Հովիկ Աբրահամյանը երկար ու բարդ ճանապարհ անցավ, որի ընթացքում թե Արտաշատի քաղաքապետությունը կա, թե Արարատի մարզպետությունը, թե տարածքային կառավարման նախարար ու փոխվարչապետ, թե նախագահի աշխատակազմի ղեկավար լինելը, ԱԺ նախագահությունն ու հրաժարականը, նոր գումարման խորհրդարանում վերընտրվելը: 2000-ից նրա բախտը միանշանակ բերում է, բայց դժվար թե Հովիկ Աբրահամյանը այս պայմաններում մեծ երջանկություն համարի վարչապետ լինել՝ ժառանգելով այսպիսի տնտեսություն՝ քաղաքական այս իրավիճակում: Քաղաքական օրակարգի հաջորդ հարցը կառավարության կազմն է: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կվերադառնա՞ն ելման դրություն: Ի՞նչ պայմաններով: Թեև հռչակվեց ու հաստատվեց փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց կարող է մտադրությունների մակարդակում մնալ: Փաստորեն, երբ ՀՀ նախագահն ասում էր, որ նոր վարչապետը պետք է ընդունելի լինի, նկատի ուներ նեղքաղաքական շրջանակը, որտեղ գումարելիների տեղափոխությունից գումարը մնում է նույն տեղում:
Անցած շաբաթը Հայաստանի քաղաքական դաշտի համար տարօրինակ ու հակասական էր: Վարչապետի թեկնածության քննարկումների երկու փուլ՝ քաղաքական նույն ուժերի ներկայությամբ ու նույն ուժերի բացակայությամբ՝ մեկ: Սերժ Սարգսյանը վարչապետ էր որոնում, հրաշալի քառյակը՝ օրակարգ: Եթե նախագահը վարչապետ գտավ, քառյակը նախ եռյակ դարձավ, հետո անհուսորեն խճճվեց իր օրակարգում՝ երկու: Ինչո՞ւ այն, ինչ հնարավոր չէր ապրիլի 10-ին, հնարավոր դարձավ 13-ին՝ երեք: Ապրիլի 10-ից հետո Հովիկ Աբրահամյանին արդեն վարչապետի թեկնածուների ցանկից հանել էին, ի՞նչը հնարավոր դարձրեց նրա վերականգնումը՝ չորս: Ինչո՞ւ ապրիլի 10-ին կոնկրետացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման ժամկետը՝ 2015, ամենաուշը 2016-ի սկիզբ՝ հինգ: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը դեմ է խորհրդարանական կառավարման անցնելուն՝ վեց: Ինչո՞ւ հավելեց. «Ի՞նչ է, պարտադիր մեկն անպայման պետք է մի քսան անգամ նախագա՞հ լինի: Կարող է ուրիշի մոտ ավելի հաջող է ստացվում, թող մեկ ուրիշը գա փորձի, ի՞նչ խնդիր կա: Իսկ ո՞վ է ասել, որ ես ամենալավն եմ, և ինչո՞ւ անպայման ես պետք է լինեմ»: Դա խոստովանությո՞ւն էր, անցում քաղաքական նոր մշակույթի՞, թե՞ առաջարկ առաջին ու երկրորդ նախագահներին՝ փակել հայկական բերմուդյան եռանկյունին: Եթե առաջին նախագահն արդեն հայտարարել է իր 68-ի քաղաքական հետևանքները, երկրորդը հաստատակա՞մ է երիտասարդ թոշակառուի կարգավիճակում մնալու մեջ, թե՞ սահմանադրորեն պատեհ պահը վերադարձի ժամանակ դարձնելու ճանապարհների փնտրտուքի մեջ է՝ յոթ: Ինչո՞ւ ապրիլի 10-ին հանդիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը (առանց ՀՅԴ-ի) մի «գեղեցիկ լուսանկա՞ր» թողնելու պատմությանը, թե՞ հրաժեշտի երեկո էր՝ ութ: Ինչո՞ւ ԲՀԿ-ն ապրիլի 12-ին Ծաղկաձորում հռչակեց իր նէպը՝ Գագիկ Ծառուկյանի տողադարձով ընթերցանությամբ, իսկ ՀԱԿ-ը Լևոն Զուրաբյանի երիտհեղափոխականի եռանդը կուտակեց իշխանափոխության կոչի մեջ, որ հնչեց ու մարեց՝ ինը: Ինչո՞ւ մինչև ապրիլի 10-ը ոչ ոք չէր ցանկանում իշխանության մեջ լինել՝ ի սկզբանե, հընթացս ու հավարտ հայտարարելով, որ փոփոխություններ են պետք: Ավելին՝ ունեն ծրագիր, բայց ոչ մի հոդաբաշխ բացատրություն, թե այդ ծրագիրն ինչո՞ւ չեն ուզում իրականացնել՝ տասը: Րաֆֆի Հովհաննիսյանի 21 կետերի հետ չզուգորդվելու համար՝ չեմ շարունակի, թեև հարցեր կան ու ավելի շատ են 21-ից: Պատասխանե՞ց Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը այս հարցերից որևէ մեկին: Մեկին հաստատ՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ ասաց՝ ոչինչ չի փոխվելու, ձեզ նայեք: ՈՒ որպեսզի հիասթափությունը ¥հայերս արագ հուսավառվում, արագ հուսալքվում ենք¤, համատարած չլինի, նույնքան հրապարակավ հայտարարեց. «Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով: Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ ՀՀ-ն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում և անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը»:

Հայաստանի վարչապետերը բազում անուններ են ստացել իրենց պաշտոնավարման բերումով, «արդյունավետ վարչապետ» դեռ չի եղել: Ի՞նչ է դա նշանակում: Միայն այն, որ «Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, ՀՀԿ-ում ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությո՞ւնը»: Թե՞ բավարար է, որ «Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր թերահավատությունները, որ կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները»: Թերևս ճշտումները աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի՞ մասին. «Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռք բերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով»: Սա, իսկապես, կարևոր հաստատագրում է, եթե հիշենք, որ մեզ համար միշտ գործել է «նախորդ հանցավոր ռեժիմի» արդարացումը՝ սեփական ձախողումները հիմնավորելու համար: Գործնականում իր կարճ ելույթում ՀՀ նախագահը ներկայացրեց ապագա կառավարության ծրագրի հիմնադրույթները՝ Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին են հասցվելու, բարեփոխումներն արդյունավետ շարունակվելու են (պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրում, կրթական բարեփոխումների շարունակում, հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքներ, շրջանառությունների փաստաթղթավորում, պարտադիր պիտակավորում, կանխիկ շրջանառության սահմանափակում, հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտ բոլոր ոլորտներում, տեսչական բարեփոխումների ավարտ): Ապագա կաբինետի հարցը ևս լուծման պարզ բանաձև ստացավ՝ «վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից»: Ավելին՝ կոռուպցիայի հարցն էլ լուծվեց՝ «Պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»: Տրվեց նաև աշխատաոճի փայլուն ձևակերպում՝ աշխատելու ենք «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում»: Փաստորեն ՀՀ նախագահը հրապարակավ հավաստիացրեց, որ ՀՀ 13-րդ վարչապետը ոչ միայն երկիրն է փոխելու, այլև ինքն է փոխվելու: Որքա՞ն է իրատեսական Հովիկ Աբրահամյանի վերափոխումը, կերևա Հանրապետության հրապարակում նրա գործունեությունից: Առայժմ նա դեռ ԱԺ նախագահն է և մինչև առաջիկա քառօրյայում հրաժարական տալը ու հրաժարականի դիմումից կանոնակարգային հինգ օրն անցնելը Հովիկ Աբրահամյանը եզակի հնարավորություն ունի համատեղել ԱԺ ընտրված նախագահի և ՀՀ հայտարարված վարչապետի պաշտոնները: Հաստատվեց ևս մեկ օրինաչափություն՝ խորհրդարանի ոչ մի նախագահ չի պաշտոնավարում գումարման սկզբից մինչև ավարտ: Տարբեր պատճառներով, բայց փաստ է: 20 օր սահմանադրական ժամանակ կա նոր կառավարության կազմավորման համար: Քաղաքական նոր քննարկումների 20 օր, երբ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն առանց ՀԱԿ-ի ու «Ժառանգության» որոշելու են քաղաքական ուժերի նոր դասավորությունը: Սա պաշտոնապես, իրականում ՀՀԿ-ն շարունակելու է դասավորել զինվորիկներին հաղթական ճակատամարտի՝ վերարտադրության նպատակահարմարությամբ:
Անցած շաբաթը նաև սքանչելի հայելի էր քաղաքական դաշտի համար, բայց ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուրը տեսնում էր ոչ թե իր արտացոլումը, այլ պատկերացումը: Ի սկզբանե ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը միայն 10-րդ օրն է վարչապետի անունը տալու՝ ինքնարտահայտման ու ինքնաբացահայտման հնարավորություն ընձեռելով բոլոր շահագրգիռ կողմերին: Դա նաև ուժի ցուցադրություն էր՝ ասեք՝ ինչ եք ուզում, կանեմ՝ ինչ ես եմ ուզում: Իշխանական հիերարխիայում մեկ քայլ իջեցումը, բայց իրականում լիազորությունների մեծացումը Հովիկ Աբրահամյանի պարագայում կարող է դիտարկվել Սերժ Սարգսյանի նահանջ: Բայց ապրիլի 10-13-ն այն 3 օրերն էին, երբ Հովիկ Աբրահամյանը ի վերջո իր համար պետք է որոշեր՝ ո՞ւմ խաղն է խաղում՝ ԲՀԿ-ի՞ ¥և Ռոբերտ Քոչարյանի¤, ՀՀԿ-ի՞ ¥հաճախ թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի միաժամանակ¤, թե՞ անձամբ իր: Ակներևաբար՝ նա տվեց այն պատասխանը, որ փոխհատուցվեց վարչապետի պաշտոնով: Հաստատ Հովիկ Աբրահամյանն այնքան սնահավատ չէ, որ կրկնակի 13-ը վատ մեկնարկ համարի, նա 13-ից քամելու է առավելագույնը, երբ 14-րդը չեն լինի ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ինքը կձգտի լինել 4-րդ նախագահը: 2016-ին սահմանադրության փոփոխության հանրաքվեն ամենայն հավանականությամբ կպահպանի կառավարման կիսանախագահական մոդելը: Ոչ այն պատճառով, որ այդպես են ուզում Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, մեկ ուզում է, մեկ չի ուզում Գագիկ Ծառուկյանը, կամ այդպես չեն ուզում ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: Մաքսային միության, իսկ այդ ժամանակ արդեն եվրասիական տարածքում չեն կարող կառավարման Ռուսաստանից տարբեր մոդելներ լինել: 2017-ի և 2018-ի ընտրությունների մասին կանխատեսումներ անելն անհեթեթ է, բայց արդեն ակնհայտ է, որ «Իրավահաջորդ» գործողությունը սկսված է, և այդ ծրագրի համար Հովիկ Աբրահամյանը հիանալի տեխնիկական վարչապետ է, ամենաարդյունավետը լինելու դեպքում էլ:
Նույնքան տեխնիկական խնդիր է ընդդիմության նշանակումը: Գործնականում անցած շաբաթ Հայաստանում վերստին առաջացավ ընդդիմության վակուում: Ճիշտ է, ոչիշխանական հրաշալիները համարում էին, որ վարչապետի հրաժարականը իրենց շնորհիվ է, ՀԱԿ-ը թուլացած իշխանության պարագայում իշխանափոխության կոչեր էր անում, բայց ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ցույց տվեցին, որ պատրաստ են իշխանություն դառնալու՝ իրենց պայմաններն ընդունելու դեպքում: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մնացին հպարտ միայնության մեջ, միայնություն, որ այլևս չի խանգարվելու համաժողովրդական աջակցությամբ: Այս դեպքում հավասարապես հնարավոր է, որ ԲՀԿ-ն գնա դեպի կոալիցիա կամ մնա այլընտրանք: Կոալիցիա նշանակում է իշխանություն, ուրեմն նոր հնարավորություններ, վարկանիշի անկում: Այլընտրանք նշանակում է իմիջի պահպանում, ֆինանսական անձեռնմխելիության երաշխիք, կառավարելի ընդդիմություն: Փոխշահավետ դիրք՝ բոլոր առումներով: ՀՅԴ-ն կարող է մնալ իր յոթի սինդրոմին հավատարիմ՝ պնդելով, որ տնտեսական փոփոխությունները հնարավոր են կառավարման համակարգի փոփոխության դեպքում, իսկ հանրաքվեից հետո ընդհանրապես խոր ընդդիմություն հայտարարել ինքն իրեն, բայց դա ևս խոր պայմանականություն կլինի: Լևոն Տեր-Պետրոսյանին կմնան իր քաղաքագիտական վերլուծությունները կուսակցության շրջանակներում: Րաֆֆի Հովհաննիսյանը նորից կգնա ԱՄՆ՝ կազդուրվելու կամ Մոսկվա՝ հենց այնպես: Արդյունավետ կառավարումը հրաշալի մեխանիզմ է, երբ բոլոր պտուտակներն իրենց տեղում իրենց գործին են և չեն երազում ինքնուրույնության մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իբրև աղանդեր՝ Ռուսաստանը կկասեցնի «մեր մտքերին և սրտերին խորթ գաղափարները արմատավորելու անվան տակ» ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին, հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում ռուս հայրենակիցների 7-րդ համաժողովում ապրիլի 12-ին: Այնպես որ՝ սովորեք ճիշտ մտածել և կասեցնել նրանց մտքերին ու սրտերին խորթ ձեր գաղափարները, որ «ագրեսիվ միջամտություն» են, նույնիսկ եթե վերաբերում են ներքին գործերին, բայց՝ ՌԴ բարեկամ երկրների: Բարեկամության համար պետք է վճարել:

Դիտվել է՝ 1365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ