Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Տեր և Աստված իմ, խորտակիչը թող չմոտենա ինձ՝ պատվական Արյամբ կնքվածիս»

«Տեր և Աստված իմ, խորտակիչը թող չմոտենա ինձ՝ պատվական Արյամբ կնքվածիս»
15.04.2014 | 00:57

Ահա և մոտեցանք զատկական պահքի ավարտին, ու սկսվելու է Ավագ շաբաթը, որ նաև Չարչարանաց շաբաթ է կոչվում, որովհետև մեր Տիրոջ երկրային կյանքի ամենակարևոր շաբաթն էր լինելու, որտեղ պետք է վճռվեր մարդկության փրկության հարցը, ասել է թե՝ կյանքի ու մահվան, խավարի և լույսի, Քրիստոսի և սատանայի վճռական ճակատամարտն էր տեղի ունենալու։ ՈՒ ինչպես արդեն գիտենք, այդ ամենն ավարտվեց Հիսուսի խաչի դատապարտությամբ ու մահվամբ, ինչն առաջին հայացքից Տիրոջ պարտությունն էր նշանակում, բայց ընդամենը առաջին հայացքից, քանզի այդ մահվան մեջ կյանքի հարություն կար, որ ծածկված էր աշխարհի համար, ինչպես ցորենի հատիկն է հողի մեջ մեռնում, բայց գարնան արևի ջերմությամբ կյանքի կոչվում, խորհուրդ, որ միայն Արարիչ Հորն էր հայտնի, ի սկզբանե գրված Երկնքի Գրքում։
Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը հագեցած էր փրկարար խորհրդով, բայց դրանցից մեկը խիստ տարբեր էր մյուսներից։ Այդ օրը կարծես թե դարերից եկող հրեական սովորությամբ կատարվող մինչզատկական ընթրիքն էր, որ պետք է կատարեին միասին։ Բայց ընթրիքից հետո Տեր Հիսուսը մի խորհուրդ կատարեց, որ հետագայում՝ մինչև Իր Երկրորդ գալուստը, պետք է կատարեին Իրեն հավատացող զավակները, այն էլ՝ ամենասուրբ արարողության՝ Պատարագի ժամանակ։

ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հիմա պիտի կարդաք մի բանի մասին, որը մկրտված յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենակարևոր ու կենսական խորհուրդն է, որ նա պետք է կատարի, բայց շատերի անգիտության պատճառով այն կամ արհամարհվում, կամ էլ անտեսվում է։
Նախ իմանանք, թե ինչ է սուրբ Հաղորդությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Իր երկրային կարճ կյանքի վերջին գիշերը տասներկու առաքյալների հետ վերնատանը զատկական ընթրիքի նստեց։ Դա հրեական օրենքի համաձայն էր, որովհետև դարեր առաջ Աստված Մովսեսի միջոցով հրամայեց, որ Եգիպտոսի բոլոր անդրանիկներին զարկող մահաբեր հրեշտակի հարվածից ազատվելու համար ամեն հրեա ընտանիք պարտավոր էր մեկ տարեկան արու անարատ գառ մորթել ու նրա արյունը իրենց տան դռան սեմին քսել, իսկ գառան միսը կրակի վրա խորովել և ուտել բաղարջ հացով ու դառը խոտերով, այն էլ միայն օրենքի համաձայն թլպատվածները։ Եվ այդ նույն գիշեր Տիրոջ մահաբեր հրեշտակը անցավ ամբողջ Եգիպտոսով մեկ ու փարավոնի տնից սկսած զարկեց բոլոր այն տների ընտանիքների արու առաջնածիններին` անդրանիկներին, որտեղ գառան արյունը չկար քսված դռան սեմերին։ Դրանից հետո զարհուրած փարավոնը ստիպված թույլ տվեց, որ հրեաները դուրս գնան Եգիպտոսից։
Սա առաջին Զատիկն էր, որն Աստծո հրամանով դարձավ օրենք Իսրայելի ժողովրդի համար մինչև Հիսուսի ժամանակները։ Եվ ահա մեր Տերը, որպես հրեա մոր՝ Մարիամի զավակ, ամեն տարի մասնակցում էր զատկական այս խորհրդին, մինչև այն օրը, երբ իր առաքյալների հետ վերնատանը վերջին ընթրիքի նստեց։ Ավետարանն այդ մասին գրում է. «Երբ երեկո եղավ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։
Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հացը վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»։ Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոսի Ավետարան 26.26-28)։ Եվ վերջում ավելացրեց. «Այս արեք Իմ հիշատակի համար»։
Իսկ մինչ այդ Հիսուս Իր քարոզներից մեկում ասաց հրեաներին. «Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած Հացը, որպեսզի ով որ սրանից ուտի, չմեռնի։ Ես եմ կենդանի Հացը, որ երկնքից է իջած, թե մեկն այս Հացից ուտի, հավիտյան կապրի, և այն Հացը, որ Ես կտամ, Իմ Մարմինն է, որը Ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհաննեսի Ավետարան 6.49-52)։ Ահա այդ Զատկական վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսն իրագործեց հենց այդ խոսքերը՝ Իր Մարմնի փոխարեն անթթխմոր բաղարջ Հացը տալով, իսկ Իր Արյան փոխարեն՝ անապական գինին։ Այս կոչվում է սուրբ Հաղորդություն, որը բոլոր առաքելահիմք եկեղեցիների յոթ խորհուրդներից մեկն է (որոնք են՝ 1. մկրտություն, 2. դրոշմ, 3. ապաշխարություն, 4. հաղորդություն, 5. ձեռնադրություն, 6. պսակ ամուսնության, 7. կարգ հիվանդաց)։ Մկրտությունից ու սուրբ մեռոնով դրոշմվելուց հետո յուրաքանչյուր քրիստոնյա ընդունում է քահանայի ձեռքից իր առաջին սուրբ հաղորդությունը, իսկ եթե մկրտվողը դեռ կաթնակեր է, ապա սուրբ հաղորդությունը միայն դիպցնում են երեխայի շուրթերին, ապա տալիս նրան կերակրող մորը։
Սուրբ հաղորդության նշխարը՝ ցորենի պարզ հացը, մինչ սրբագործությունն ընդամենը անթթխմոր հաց է, որը թխվում է սուրբ Պատարագի օրը և խաչի կնիքով դրոշմվում։ Արարողության ժամանակ աղոթքներով ու Սուրբ Հոգու միջոցով հրաշապես փոխակերպվում է Հիսուս Քրիստոսի Մարմնի, իսկ գինին, որ պատրաստում են անպայման որթատունկի, այսինքն՝ խաղողի բերքից, նույնպես փոխակերպվում է՝ Հիսուսի արյան. եկեղեցին այն անվանում է գոյացափոխություն։ Սա այն հրաշքի նորոգումն է, որ Հիսուս Քրիստոսը կատարեց վերջին ընթրիքի ժամանակ հացն ու գինին Իր երկրպագելի Մարմնին ու Արյանը փոխարկելով։ Ամբողջ այդ արարողությունը կոչվում է սուրբ Պատարագ, կամ անարյուն զոհաբերություն։ Այդ սրբագործությունը կատարվում է միայն օծյալ քահանայի միջնորդությամբ և աղոթքներով։ Եթե ընթերցողը ծանոթ է Աստվածաշնչին, ապա կհիշի, որ Ադամն ու Եվան Եդեմում մեղանչելուց հետո դուրս արվեցին դրախտից, որովհետև Կենաց, այսինքն՝ Կյանքի ծառը կար այնտեղ, որի պտուղը եթե հանկարծ նրանք ուտեին, ապա հավիտյան մեղավոր կմնային։ Ահա Աստված Հիսուսի զոհաբերությամբ վերականգնեց Կենաց ծառի պտղի ճաշակումը ադամորդիներիս համար, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ անձամբ Հիսուսը խաչի վրա կախված։ Այսինքն՝ Տիրոջ խաչը դարձավ հենց այն Կենաց ծառը, իսկ պտուղը՝ Հիսուս Քրիստոսը, ՈՒմ Մարմնի և Արյան ճաշակումով մենք Կյանքի անմահությունն ենք ընդունում։ Այդ պատճառով մեր խաչքարերի վրա Տիրոջ խաչը տակի մասում տերևակալած՝ ծաղկած են քանդակում։
Եվ այսպես, սուրբ Հաղորդությունը մեր հոգու ճշմարիտ կերակուրն է, որ «Հայր մեր» աղոթքի ժամանակ ասում ենք՝ տուր հանապազօրյա հացը մեզ այսօր, որ պահում և աճեցնում է հոգու կյանքը, ինչպես որ նյութական հացն է պահում մարմնի կյանքը։
Քանի որ ասացինք առաքելահիմն եկեղեցիները մկրտում և հաղորդություն են տալիս դեռ մանուկ հասակից, ուրեմն երեխաների սուրբ հաղորդության հացը թող չանտեսեն ծնողները և ստեպ¬ստեպ իրենց մկրտված զավակներին տանեն պատարագների և մասնակից դարձնեն Կյանքի Հացին։
Սուրբ Հաղորդությունը քրիստոնյային Հոգու մխիթարություն և զորություն է տալիս, տկարացնում է կրքերն ու մեղավոր ցանկությունները, աճեցնում է սերն ու եռանդը Աստծո հանդեպ և օգնում դեպի մեր մերձավորը ներողամիտ ու համբերատար լինել։ Ինչպես նաև երկնային արքայության փառքին ու մեր մարմնի հարության առհավատչյան՝ գրավականն է տալիս այն։
Այդ պատճառով քահանան բարձրացնում է հաղորդության սկիհը, ասում է. «Սրբությամբ ճաշակենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական Մարմնից ու Արյունից, որ երկնքից իջնելով բաշխվում է մեր մեջ։ Սա՛ է Կյանք, հույս, հարություն, քավություն և մեղքերի թողություն»։
Ասենք նաև, որ այս սուրբ Պատարագից անմասն չեն մնում նաև մեր ննջեցյալները, որովհետև նրանց համար աղոթում են՝ ասելով. «Հոգի Աստծո, որ երկնքից իջնելով, մեր միջոցով կատարում ես ծառայակցի Քո խորհուրդը. Նրա արյան հեղումով, աղաչում ենք Քեզ՝ հանգստացրու մեր ննջեցյալների հոգիները»։
Իսկ չափահաս քրիստոնյաները պարտավոր են առնվազն եկեղեցու տարեկան հինգ տաղավարահարաց տոների ժամանակ սուրբ Հաղորդություն ընդունել։ Այդ հինգ տոները հետևյալն են՝ 1. Սուրբ Ծնունդ և Հայտնություն (հունվարի 6-ին), 2. Սուրբ Զատիկ՝ Հիսուսի Հարության օրը, 3. Վարդավառ, կամ Տոն Այլակերպության, 4. Վերափոխումն սուրբ Աստվածածնի (խաղողօրհնեքի տոնը, օգոստոսի 15-ից հետո մոտակա կիրակին), 5. Սուրբ խաչի տոն (Խաչվերաց)՝ սեպտեմբերին։

ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Պատարագիչ քահանայի պարտավորությունն է մաքրել իր խիղճը, միտքը և սիրտը կատարյալ զղջմամբ, ճշմարիտ խոստովանությամբ և բավական ապաշխարությամբ։ Եթե անգամ քահանան անարժան լինի, և ամեն տեսակի մեղքերով շաղախված, նույնիսկ այս դեպքում նրա մատուցած պատարագը իրական պատարագ է, և հացն ու գինին ստուգապես փոխակերպվում են մեր Տիրոջ Մարմնի և Արյան, որովհետև քահանայական շնորհքը անբաժանելի է քահանայից։ Չնայած այս դեպքում նա առավել պատժի և դատապարտության է արժանանում, եթե անարժանապես է ճաշակում նաև Տիրոջ մարմինը և արյունը։
Հրաշալի ու փրկարար է, երբ մենք՝ աշխարհականներս, նույնպես պահանջված պատրաստությամբ ենք մոտենում սուրբ Հաղորդությանը։
Պողոս առաքյալը ժամանակին քրիստոնյաներին, որոնք սուրբ Հաղորդության խորհրդին ի միջի այլոց են մոտեցել, զգուշացրել է. «Ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ Մարմնին և Արյանը: Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի և ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, որովհետև, ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը: Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են. որովհետև, եթե մե՛նք մեզ քննեինք, ապա չէինք դատապարտվի» (Ա. Կորնթացիներին 11. 27-31):
Հնարավորինս երեքօրյա պահեցողությամբ մոտենանք սուրբ խորհրդին, իսկ եթե ոչ, գոնե սուրբ Պատարագի օրը ծոմ բերանով գնանք (մանավանդ ծխողները զերծ մնան ծխախոտից, այսինքն՝ մեր մարմինները ծխախեղդ անելուց) Աստծո տաճարը։ Ամուսնացածները զերծ մնան սեռական հարաբերությունից երեք օր սուրբ Հաղորդությունից առաջ և երեք օր հետո, իսկ կանայք իրենց ամենամսյա անմաքրության օրերին նույնպես պետք է զերծ մնան սուրբ Հաղորդությունից։ Հիվանդներին ու տկար մեծահասակներին, ովքեր չեն կարող դիմանալ չուտելուն, այդ մի քանի ժամը թույլատրվում է մի քիչ սնունդ ընդունել։ Առավել կարևոր է հոգևոր պատրաստությունը, որի մասին նաև Տերը զգուշացրեց. «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա նախ հաշտվիր քո եղբոր հետ և ապա եկ քո ընծան մատուցիր» (Մատթեոսի Ավետարան 5.23): Այսինքն՝ ոխ ու անհաշտություն, կամ թշնամություն չունենանք միմյանց հանդեպ, որպեսզի անդատապարտությամբ մոտենանք սուրբ խորհրդին։
Նախապատրաստության ամենակարևոր պայմանն է մեղքերի խոստովանությունը օծյալ քահանային, քանզի միայն նա Աստծուց իշխանություն ունի մեզ մեղքերի արձակում տալու։ Այս մասին ասենք, որ խոստովանությունը լինում է կամ անհատական՝ գաղտնի, կամ ընդհանրական՝ բուն Պատարագի ընթացքում։
Առաջին քրիստոնյաներն ամեն օր էին հաղորդվում, որովհետև գիտեին` հաղորդությունն այն հացն է, որ Հիսուսը սովորեցրեց մեզ խնդրել՝ «Զհաց մեր հանապազօր տուր մեզ այսօր»։ Գիտեին, որ սովորական հացը մարմնի կենդանությունն է պահպանում, իսկ հաղորդության հացը՝ հոգու կենդանությունը, և այդ գերազանց հացն ուտելով հավիտյան կարելի է ապրել։
Առաջին քրիստոնյաներն ամեն օր էին հաղորդվում, իսկ հիմա՞։ «Ի՜նչ խելագարություն է,¬ ասում է Հովհաննես Ոսկեբերանը,¬ Քրիստոս Տերը այս սուրբ Հացը հանապազօրյա Հաց սահմանեց մեզ համար, բայց շատերն այն դարձրել են տարեկան հաց»։ Այդ նրա ժամանակ մարդիկ, իսկ մեր ժամանակներում կան մարդիկ, ովքեր ոչ թե տարին մեկ անգամ են հաղորդվում, այլ հինգ տարին մեկ անգամ, շատերն էլ չեն հաղորդվում իսպառ։ Եթե սուրբ Հովհաննեսը տարին մեկ անգամ հաղորդվելը խելագարություն է համարում, սրա՞ն ինչ ասենք։
Հնարավոր է, որ քեզ անմեղադիր անելու համար պատճառ բերես քո անարժանությունը, բայց այդպես մտածելով դու հրաժարվում ես բժշկից, ասելով, որ հիվանդ ես։ Մինչդեռ «բժիշկը ոչ թե առողջներին, այլ հիվանդներին է հարկավոր»։
Եվ եթե շուտ¬շուտ հաղորդվելուն արժանի չես, ուշ¬ուշ հաղորդվելուն ինչպե՞ս արժանի կլինես, եթե մի տարվա մեղքերիդ թիվը շատ ես համարում, ապա երկու, կամ ավելի տարվա մեղքերդ մի՞թե ավելի շատ չեն լինի։
Զարմանալի է. ինչ Աստված մեզ վնասակար համարելով՝ արգելում է, այն ենք անում, իսկ ինչ օգտակար է համարում, նրանից փախչում ենք։ Ադամին ու Եվային ասաց՝ այս պտղից չուտե՛ք, կերան, հիմա մեզ ասում է՝ առե՛ք, կերե՛ք Իմ Մարմինը, չենք ուտում։ Այդ պատճառով երկու տեսակի մարդիկ պետք է անպակաս հաղորդվեն. կատարյալները և անկատարները։ Կատարյալները, որ միշտ կատարելության մեջ մնան, անկատարները, որ կատարելության հասնեն։ Պետք է հաղորդվեն ուժեղները՝ չտկարանալու համար, տկարները՝ ուժեղանալու համար, հիվանդները՝ հոգևոր հիվանդությունից բժշկվելու համար, առողջները՝ չհիվանդանալու համար։
Հաղորդվողները պետք է զգոնություն ցուցաբերեն, որ զգուշանան չարի զանազան հնարքներից, որով նա կամենում է նսեմացնել՝ ի չիք դարձնել ստացածիդ զորությունը, քեզ ներքաշելով անիմաստ, դատարկ, անհոգեշահ խոսք ու զրույցի, երբեմն էլ չարախոսության ու բամբասանքի մեջ։ Պետք է հիշել ու հաղորդություն ստացածները մինչև հաջորդ առավոտ երկրպագություն չանեն, որովհետև փառաց Աստված քո մեջ է, քանի որ Տերն է ասել. «Ով ուտում է Իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, նա կբնակվի Իմ մեջ, և Ես նրա մեջ»։
Եվ այս ամենից հետո Հովհաննես Ոսկեբերանի հետ մենք էլ աղոթենք այսպես. «Տեր Աստված իմ, գոհանում, մեծարում և փառավորում եմ Քեզ, որովհետև ինձ՝ անարժանիս, այսօր ինձ արժանի արեցիր հաղորդակից լինելու Քո Աստվածային ահավոր խորհրդին՝ անարատ Մարմնիդ և պատվական Արյանդ։
ՈՒրեմն, Քո սուրբ Մարմինն ու Արյունը բարեխոս ունենալով՝ աղաչում եմ իմ կյանքի բոլոր օրերին և ամբողջ ժամանակ պահի՛ր ինձ Քո սրբության մեջ, որպեսզի հիշելով Քո բարեգթությունը՝ կենդանի լինեմ քեզ հետ, որ մեզ համար չարչարվեցիր, մեռար և հարություն առար։
Տեր և Աստված իմ, խորտակիչը թող չմոտենա ինձ՝ պատվական Արյամբ կնքվածիս»։


Հրապարակման պատրաստեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի
կրոնի պատմության նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 1740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ