Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ձեր ինչի՞ն է պետք Ալյասկան

Ձեր ինչի՞ն է պետք Ալյասկան
17.04.2014 | 18:27

Հակիրճ, հմայիչ, համոզիչ, իսկ ճի՞շտ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 17-ին գերազանցեց ինքն իրեն՝ նա 12-րդ անգամ կենտրոնական հեռուստաալիքների ու ռադիոկայանների ուղիղ եթերում պատասխանում էր իրեն ուղղված հարցերին՝ ժամը 12-ից մինչև 16-ը: Նա հակիրճ էր, հմայիչ, համոզիչ: Որոշակի շրջանակներում: Պուտինի հերթական մենախոսության գլխավոր թեման, իհարկե, Ուկրաինան էր, հարցերի գերակշիռ մասը ուկրաինական թեմաներով էր, որ սահուն վերածվել է Ռուսաստան- Արևմուտք փոխհարաբերությունների: ՆԱՏՕ-ի ընդարձակման հեռանկարների մասին նա ասաց. «Մենք չենք վախենում, ոչ ոք չպետք է վախենա: Բայց մենք պետք է չկորցնենք իրականության զգացումը և սթափ գնահատենք իրավիճակը ալյանսի հետագա ընդարձակման տեսակետից: Մենք պետք է պատասխան քայլեր ձեռնարկենք»: Ռուսներին ատոմային զենքով գնդակահարելու Յուլիա Տիմոշենկոյի կոչերը ՌԴ նախագահն անվանեց «հուզական պոռթկում»:
Նա հիշեցրեց, որ Դաշնության խորհուրդը իրեն իրավունք է տվել զինված ուժերն օգտագործել Ուկրաինայում և հույս հայտնեց, որ այդ իրավուքը չի օգտագործի, սուր հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի լուծել: Նա համոզված է, որ Ռուսաստանը պետք է օգնի Ուկրաինայի արևելյան շրջանների բնակչությանը՝ պաշտպանել իրենց իրավունքները և ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը: Ուկրաինայի նոր իշխանություններին Ռուսաստանը լեգիտիմ չի համարում, բայց պատրաստ է նրանց հետ շփումներ ունենալ: «Բոլորս էլ որոշակի հույզերի ճնշման տակ ենք, բայց եթե մենք սիրում ու հարգում ենք իրար, պետք է իրար հասկանալու միջոց գտնենք: Ընտանիքում դա հեշտ է անել ավելի, քան պետության մեջ: Բայց միջպետական հարաբերություններում էլ, համոզված եմ, որ փոխըմբռնում կգտնենք Ուկրաինայի հետ»,-ասաց Պուտինը: ՌԴ նախագահը գտնում է, որ Վիկտոր Յանուկովիչը կատարել է իր պարտքը՝ ինչքանով համարել է անհրաժեշտ ու հնարավոր: «Ես նրա հետ ճգնաժամի ժամանակ բազմիցս խոսել եմ, խոսել եմ նաև, երբ հայտնվեց ՌԴ տարածքում, խոսել ենք նաև ուժի կիրառման մասին: Նրա պատասխանը մեկն էր. «Շատ եմ մտածել զենքի դիմելու անհրաժեշտության մասին: Ձեռքս չբարձրացավ հայրենակիցներիս դեմ զենք կիրառելու հրամանագիր ստորագրել»: Բերկուտի զինվորների մասին Պուտինն ասաց, որ նրանք ազնիվ ու պատվով կատարում էին իրենց պարտքը, որ հարգանքի է արժանի, նրանց նկատմամբ Կիևի վերաբերմունքը վերադարձվելու է, որովհետև չի կարելի ծնկի բերել զինվորներին, որ պաշտպանում են պետությունը:
«Ռուսաստանը երբեք ոչ մի անեքսիա չի ծրագրել, ոչ մի ռազմական գործողություն Ղրիմում: Մեր ելակետն էր՝ Ուկրաինայի հետ միջպետական հարաբերությունները կառուցել՝ ելնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրականությունից: Բայց մենք նաև միշտ մտածում էինք ու հույս ունեինք, որ մեր հայրենակիցները, ռուսները, Ուկրաինայի ռուսալեզու քաղաքացիները կապրեն իրենց համար հարմարավետ պայմաններում և չեն ճնշվի»,- ասաց ՌԴ նախագահը Ղրիմի միացման մասին: Նա համարում է, որ ռուս ուժայինների գործողությունները Ղրիմում նախապես ծրագրված չլինելով՝ բարձրակարգ պրոֆեսիոնալիզմի օրինակ էին: Նա անհեթեթություն որակեց Կիևի և Արևմուտքի հավաստիացումները, թե Ուկրաինայի արելքում ռուսական զինված ուժեր կան և դատապարտեց Ուկրաինայի իշխանություններին. «Գիտակցելու փոխարեն՝ ինչ է կատարվում ու երկխոսություն սկսելու, նրանք սկսեցին սպառնալիքներ տեղալ և ի վերջո քաղաքացիական բնակչության դեմ տանկեր ու ավիացիա հանեցին: Կիևի այսօրվա իշխանությունների ևս մեկ լուրջ հանցանքն է դա»: «Այսօր Ուկրաինայի հարավ-արևելքում զենքը վայր դնելու կոչեր են հնչում: Ես իմ գործընկերների ասում եմ՝ դա ճիշտ, հրաշալի կոչ է, դե բանակը հետ քաշեք քաղաքացիական բնակչությունից: Լրի՞վ եք խելքներդ թռցրել: Տանկեր, զրահամեքենաներ, հրանոթներ՝ ու՞մ դեմ»:
«Պատրա՞ստ եք ցմահ նախագահ լինել» հարցին ի պատասխան Վլադիմիր Պուտինը կտրուկ «Ոչ» ասաց: «Ե՞րբ Ռուսաստանն առաջին տիկին կունենա» հարցը ստացավ ավելի անսպասելի պատասխան՝ «Ես դեռ իմ նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային, պետք է ամուսնացնեմ»: Պուտինը պատասխանեց նաև Էդուարդ Սնոուդենի հարցին՝ Ռուսաստանում գաղտնալսումների մասին. «Դուք նախկին գործակալ եք, ես էլ կապ եմ ունեցել հետախուզության հետ, այնպես որ խոսենք պրոֆեսիոնալ լեզվով: Նախևառաջ մենք հատուկ ծառայությունների գործողությունները կարգավորող խիստ օրենսդրություն ունենք, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը և ինտերնետի հսկողությունը: Գաղտնալսումը դատարանի թույլտվություն ստանալ է նախատեսում, այդ պատճառով մեզ մոտ զանգվածային, ոչ ընտրովի գաղտնալսում չկա ու չի կարող լինել»: Քաղաքացիական ազատությունների մասին հարցին ի պատասխան նա նշեց, որ հասարակության մեջ հեղափոխականների փոքր խումբը կարևոր մաս է. «Մենք պետք է կողմնորոշվենք, ներքին ու արտաքին քաղաքականության որոշումներն ընդունենք մեծամասնության կարծիքով, բայց երբեք չմոռանանք այն մարդկանց տեսակետները, ովքեր փոքրամասնություն են և սեփական տեսակետ ունեն երկրի ներսում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցողի մասին: Չմոռանանք և լսենք»: Այս ուղիղ եթերը նաև պարզեց, որ Պուտինի սիրած ֆիլմը «Չապաևն է»: Իսկ «Ե՞րբ ենք Ալյասկան վերադարձնելու» հարցին նա պատասխանեց. «Թանկագինս, ձեր ինչի՞ն է պետք Ալյասկան»: Կվերականգնվե՞ն ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները հարցը լավատեսական պատասխան ուներ՝ մեր ամերիկացի գործընկերները շփումները դադարեցնելու որոշում ընդունեցին, բայց, կարծում եմ, ժամանակի հետ ամեն ինչ իր տեղը կընկնի: Պուտինը համարում է, որ Եվրոպան սկսել է վերագնահատել պահպանողական արժեքները՝ հասկանալով, որ ազգային մակարդակում կենսական կարևորություն ունեցող հարցերը ավելի արդյունավետ են լուծվում, քան՝ ԵՄ-ի: Իտարբերություն նախորդ ուղիղ եթերների՝ այս անգամ ՌԴ նախագահին ուղղված հարցերը ունեին ընդգծված ներպետական (սոցիալական ապահովում, վատ ճանապարհներ, թանկ բենզին, թանկ հիպոթեք, կոռուպցիա, ցածր աշխատավարձեր, վատ առողջապահություն, անբավարար կրթություն, Սոչիի հետագա ճակատագիր) և միջպետական (Ուկրաինա, ԱՄՆ, ԵՄ, պատժամիջոցներ-հետևանքներ, ՌԴ-ն միջազգային կառույցներում, գազ, զինված մարդիկ, Չինաստան) շրջանակներ: Գուցե միտումնավոր Պուտինը համարյա չխոսեց հետխորհրդային տարածքի որևէ երկրի մասին (բացառությամբ Մերձդնեստրի), ոչ էլ առավելևս Մաքսային կամ Եվրասիական միության: Հեռուստատեսային ուղիղ շփումը Պուտինը սկսել է իր առաջին նախագահության ժամանակից՝ առաջին անգամ այդ ձևաչափով նա էկրանին հայտնվեց 2001-ի դեկտեմբերի 24-ին, իսկ անցյալ տարի 4 ժամ 47 րոպեում պատասխանեց 85 հարցի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ի՞նչ եք կարծում, եթե Դուք խեղդվելիս լինեիք, Օբաման Ձեզ կփրկեր» հարցին Վլադիմիր Վլադիմիրովիչը անսեթևեթ պատասխանեց. «Նախ ես չեմ ուզում խեղդվել, հետո՝ նա կարգին մարդ է ու խիզախ, կարծում եմ՝ կփրկեր»:

Դիտվել է՝ 1396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ