Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Լացկանին, մուրացկանին, պետություն չսիրող ժողովրդին ձիու սմբակի տակ ոչնչացնում են»

«Լացկանին, մուրացկանին,  պետություն չսիրող ժողովրդին  ձիու սմբակի տակ ոչնչացնում են»
20.04.2014 | 16:14

Հետևելով Հայաստանի քաղաքական զարգացումներին, տպավորություն ես ստանում, թե մեզանում զարգացած, քաղաքականապես հասուն մարդիկ չկան, այլապես գործադիր և օրենսդիր հատվածում հավերժ փոխատեղումների ճանապարհով չէինք գնա: Հասարակությունը հոգնել է նույն դեմքերից, ավելին, բոլորի համար խիստ կանխատեսելի են նշանակված պաշտոնյաները, քանի որ արդեն տեսել են նրանց գործելաոճը, որը, մեղմ ասած, դրական զգացում չի առաջացնում: ՈՒրեմն, ինչո՞ւ փոփոխությունների չի ենթարկվում Հայաստանի իշխանության դեմքը, Հայաստանի արգանդը «չորացե՞լ» է, որ գիտակից մարդիկ չեն կարողանում համալրել իշխանական համակարգը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ, էթնոհոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ և կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ հետ:
Ըստ Լևոն Շիրինյանի, հայ ժողովուրդը հոգնել է և մտածում է, որ ուրիշը պետք է իր համար պետություն ստեղծի և տա ինչ-որ մեկին, որ նա վայելի: «Դժբախտաբար, մենք հոգնած ժողովուրդ ենք: Պետությունը ստեղծվում է արյան ու քրտինքի գնով, անզիջում կռիվներով»,-ասաց քաղաքագետը, մյուս կողմից էլ նկատեց, որ ռեժիմն իր կառուցվածքով չի փոխվում, փոխվում են դերակատարները, այսինքն, «մեքենան» նույնն է: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այսօր քաղաքական դաշտում իրական քննարկումներ, ծրագրեր չկան, կան «ստից-մտից» խոսակցություններ, իսկ փոփոխությունների առնչությամբ էլ քաղաքագետը կարևորեց հասարակական, քաղաքացիական ակտիվությունը, թեև դրանից ևս մեծ փոփոխություններ չպետք է ակնկալել: «Ժողովուրդը, որպես պահանջատեր, մշտապես պետք է զգոնացնի իշխանություններին, որ իր կյանքի որակը լավացնեն, կոռուպցիան վերացնեն: Բայց այդ արատավոր երևույթների մեջ ինքը նաև չպետք է թաթախվի, որպեսզի արդյունք լինի: Այսինքն, չասի` դու պաշտոնից հեռացիր, ես գամ նստեմ-ուտեմ: Այս տարբերակը ժողովուրդն իր կյանքից պիտի բացառի: Հիշի հին աստվածներին, հիշի, որ Տիգրան Մեծի կայսրություն, դժնդակ պայմաններում առաջին հանրապետություն է ստեղծել: Լացուկոծը պետք է վերացնել»,- շեշտեց Շիրինյանը` վերջին դիտարկումը հղելով մտավորականներին` հավելելով, որ նրանք, եթե ասելիք չունեն, «լացուկոծ» չանեն:
Այս տեղապտույտից հնարավոր է դուրս գալ, եթե, քաղաքագետի դիտարկմամբ, մեր հայացքը «մոլորվածի նման» չուղղենք այլ տեղ: «Մեկ Պուտինը, մեկ Օբաման, մեկ պարսիկը, մեկ թուրքը: Պիտի դադարենք օտարասեր լինելուց: Մեզանում գործին սրտանց չեն կպնում: Հայը քաղաքական կշիռ պետք է ներկայացնի, որ իր հետ հաշվի նստեն: Պիտի հասկանա, որ լացկանին, մուրացկանին, պետություն չսիրող ժողովրդին ձիու սմբակի տակ ոչնչացնում են, չեն խնայում: Խղճահարություն չկա, բացառված է»,- համոզված է Լևոն Շիրինյանը` թվարկելով Հայաստանի «զենքերը», որոնք հարմար պահի պետք է գործի դրվեն: «Ժողովուրդը ոչ թե ռամիկ պիտի մնա, այլ ազնվականանա»,- եզրահանգեց քաղաքագետը` մի հորդոր էլ քառյակին հղելով, որ պետք է այսօրվանից նախապատրաստվի գալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի հաղթի և ոչ թե այսօրվա կոալիցիա-ազգային համաձայնության կառավարության մեջ մտնի, որպեսզի ազգին «փրկի»: «Ազգին ի՞նչ է եղել, որ փրկի»,- հեգնեց Լևոն Շիրինյանը:
Էթնոհոգեբան Կարինե Նալչաջյանն էլ վստահ է, որ հայ ժողովրդի ներուժը լիովին բավարար է կրթված, բանիմաց, արժանավոր մարդիկ ունենալու համար: Էթնոհոգեբանն ընդգծեց, որ հենց այս պահին էլ ունենք բավականին մեծ ներուժ, որն ասպարեզ գալու խնդիր ունի: Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև վերջին շրջանում շատ գործածվող մերիտոկրատիայի մասին, ինչը նշանակում է արժանավոր մարդկանց իշխանության բերել: Սակայն տիկին Նալչաջյանը չհամաձայնեց, որ իշխանությունում արժանավոր մարդիկ չկան: «Ինչ վերաբերում է փոխատեղումներին, դա ավելի շատ թիմային մտածողության արդյունք է: Իշխանություն ձևավորվելիս առաջնորդվում են վստահելի կադրերով, որոնք «աչքի» առաջ են: Բայց թարմացման միտումները, իսկապես, շատ թույլ են արտահայտված»,- փաստեց Կարինե Նալչաջյանը՝ հույս հայտնելով, որ հնարավոր է կառավարությունը ձևավորելիս «մերիտոկրատիան» գործի դրվի: «Ի դեպ, պարտադիր չէ, որ նորը լինի արժանավոր, հների մեջ կարող են ավելի արժանավորներ լինել: Բայց պետք է նոր, գիտակից մարդկանց նկատել, առաջ քաշել, սա ուղղակի զարգացում է նշանակում»,- շարունակեց մեր զրուցակիցը` հավաստիացնելով, որ եթե այս իշխանությունն ուզում է ապագա ունենալ, պետք է իրեն շրջապատի խելացի մարդկանցով: «Այլապես լճացումը մահ է»,- շեշտեց էթնոհոգեբանը:
Եթե դիտարկում ենք վաղուց «սնանկացած և ամլացած» այսօրվա քաղաքական դաշտը, ապա, ըստ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի, բացի ծիծաղելի փոխատեղումներից, այլ բան հնարավոր չէ տեսնել: Իրական փոփոխությունները կինոռեժիսորը տեսնում է նոր աճող սերնդի մեջ: «Բավական է նայել այդ երիտասարդների, ճանապարհ փակող գյուղացիների, իրենց իրավունքների համար պայքարող ազատամարտիկների դեմքերին, և կստանաք Ձեր հարցի պատասխանը, որ ազգի արգանդը չի չորացել: Փոփոխությունների աղբյուրն անմիջապես երևում է, և առաջիկայում խոշոր տեղաշարժերի ականատես կլինեք»,- հավաստիացրեց Տիգրան Խզմալյանը, հընթացս նշելով, որ արդի քաղաքական դաշտը վաղուց իրեն սպառել է, և նոր մարդիկ պետք է գան, որոնք կան ու պայքարում են: «Պարզապես նրանց հեռուստաընկերություններով չեն ցուցադրում, քանի որ դրանք պատկանում են նույն չարաբաստիկ օլիգարխներին: Ժողովուրդը, որ գերի է հեռուստատեսային զոմբիացմանը, կարող է փողոցներում կամ համացանցում որոնել, որտեղ կտեսնի նոր մարդկանց, նոր գաղափարներ»,- արձանագրեց Տիգրան Խզմալյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ