Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կամ Քաջ Նազար, կամ ռանչպար ու զինվոր (բաց նամակներ 3-րդ հանրապետությանը)

Կամ Քաջ Նազար,  կամ ռանչպար ու զինվոր (բաց նամակներ 3-րդ հանրապետությանը)
18.04.2014 | 12:44

Տեղներս, այո, դժվար է։ Ոչ մի անգամ, ուրիշ ոչ մի անգամ ծանր կացությունն այսպես սֆինքսորեն մեր դռանը չի չոքել. եթե ինքնիշխանության դրոշ պարզել ենք` ապա և անձնատրության սպիտակ դրոշը մեր ծոցում պատրաստ բռնած. եթե ընդվզել ենք` այլազգի մեր տիրոջ գահն ի վեր, եթե գաղթեցրել են, խոնարհ հպատակության են քշել և ոչ հողմացրիվության։ Հիմա` մեր անձնատուր հպատակությունը չեն ուզում-պահանջում են մեր չլինելը։ Կամ եղիր, կամ մի։ Կամ-կամ։


«Գնալու և հասնելու ճանապարհը», Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՆԱԶԱՐԱՊԱՏՈՒՄ ԿԱՄ ՌԱՆՉՊԱՐԱՑ ԿԱՆՉԸ

(ֆելիետոն-նամե)

Ասում են այրերն իմաստուն և տիկնայք խորագիտակ, թե Նազարը մեղավոր չէր, մեղավորը նրան նժույգի վրա բազմեցնողն էր։ Այստեղից խնդիրը. ո՞վ համբակին հերոս կարգեց և նրա էշը քոսոտ փոխեց սիգաճեմ նժույգի։ ՈՒստիա՞նը, բնավ։ Ժողովո՞ւրդը, ամենևին։ Բնաշխա՞րհը, անշուշտ, ոչ։ Այո՜, կռահում ենք, դրոշակը համբակին արքա սարքեց։ 1988-ին հնչեց զարթոնքի շեփորականչը, երկու տարի անց զարթոնքի մունետիկները ազգային գաղափարները մեծ բավականությամբ փոխեցին ապազգային գողոնի հետ և դրոշը` եռագույն, նազարներին փոշեծծիչի պես դուրս քաշեց հանրային, մշակութային և տնտեսական մեր կյանքի մթին խոռոչներից։ Ի՜նչ կարող ես անել, այսպիսին է յուրաքանչյուր հեղափոխության դատավճիռը, և քանզի այսօր վճռորոշ է պահը, փնտրեք կենսատու-ապաքինող լույսը կորստաբեր-ապականող խավարում, թեկուզ լուցկու հատիկների օգնությամբ։ (Չէ՞ որ լուցկու մանրակերտ հատիկն ունակ է, զորօրինակ, մի ողջ հակապետություն հրկիզելու, իր բազմաբնույթ զեռուններով հանդերձ)։

Մի խոսքով, Նազարի էշի դղրդուն զռռոցը արդեն քառորդ դար անդադար զահլա է տանում։ Մի խոսքով, ժամն է շարականի և քոչարու։

«ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»

(պամֆլետ-ուղեցույց)

Այն երկնեց նշանավոր Պատկանյանը` Ռաֆայել, յուր ժամանակի ամենեն արթուն մտքերից մեկը։ Սա հայոց գաղափարաբանության առանցքն է, որն էլ ուշագրավ նախաբան ունի. «Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին։ Կիսագազան սևամորթ ստրուկը հիմնեց իր անկախ Լիբերիա պետությունը, ու դարերով հալածված ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց Պաղեստինի 2/5 մասը, իսկ անհոգ հայերն իրենց հարազատ դրախտ Հայաստանի մեջ մեկ թիզ անկախ խորշ չունեն...»։

Սա ամրագրվել է 125 տարի առաջ։ Եվ դառնորեն արդիական են «Վարդապետարանի» «փշերն ու տատասկները»։ Այն կառուցված է հարց-պատասխան ձևաչափով։ Դրվագենք նրանցից երկուսը և քայլարշավենք դեպի Հանրապետության հրապարակ, ուր օլիգարխիան է կառափնարան բարձրացվում, առայժմ, հասկանալի է, պայմանական, ժամանակ անց, բնականաբար, իրապես։ Եվ այսպես վերուվարվենք. «Այո՛, Հայաստանն արժե ամենամեծ զոհերի, քանզի նրա մեջ ապրողի կյանքի տևողությունը միջին թվով 75 տարի է, Հայաստանի հողը մշակողին տալիս է 1 ցանած սերմահատի փոխարեն 45-60 սերմահատ։ Հայաստանի մեջ վազած աղբյուրների կեսը հանքային բժշկարար ջրեր ուներ, Հայաստանի դիրքը միջաշխարհային է, այսինքն` Ասիայի և Եվրոպայի սահմանագլուխներում։ Հայաստանի ժողովուրդը եթե չլինի ազգերի մեջ ամենահզորը, գեթ կլինի ամենահարուստն ու ամենաբախտավորը։ Հայաստանը հարուստ է և՛ կենդանիներով, և՛ բույսերով, և՛ հանքերով»։ Ինչո՞վ է հարուստ Հայաստանն այսօր, շարակարգենք... և՛ քաղաքական կենդանակերպերով, և՛ բանջարաբոստանային այլակերպերով (իմա` չնաշխարհիկ չինովնիկությամբ) և, իհարկե, հանածո քծնասպետ-մշակութագործիքներով։ Եվ սա անկախ պետականության գերերանելի միջօրեում։ Սակայն չտարվենք, զի նյութը խիստ շահեկան է և մեզ շատ հեռուները կտանի, զորօրինակ` կհասցնի մինչև Օվալաձևի բուֆետ։ Այնինչ պահը հանդիսավոր է, միապետականության հոգեվարքը կանխազգալով (և խորապես ձանձրացած ժողովրդի բաղաձայն բողոքներից) ոտնիգլուխ պիտի վերափոխվի անկախ պետականության մոդելը` այլևս չիք միապետություն։ Ամեն բան հանուն հանրության բարօրության, դեպի խորհրդարանական 4-րդ հանրապետություն։

Այսինքն` կատարվում է գլխավորը` պատմության դատին ենք հանձնում 3-րդ հանրապետությունը և բախում ենք 4-րդի դուռն ու պատուհանը։ Այժմ ևս մեկ անդրադարձ «Վարդապետարանին».

«-Ի՞նչ պատճառով Հայոց անկախությունը 4 անգամ կորսվեց։

-Հայերի անկախության 4 անգամ կորչելու պատճառները միևնույնն էին։ Նախ` Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծների (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ` հայերի խելքը չկտրեց ազգային դրական օրենքներ հորինելու։ Հայոց ազգը չուներ ո՛չ սեփական հող և ո՛չ օրենք։ Նրա հարևան տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ, որ զրկված էր և՛ իրավունքից, և՛ սեփականությունից, իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան համազգի նախարարների լուծը»։

Այստեղ թույլ տամ ինձ չհամաձայնել ազգացավ Ռաֆայելի հետ, թեկուզ նա մի հուրհրան հրդեհ է, ես` պարզապես մի բուռ խարույկ։

Մերոնց լուծը ավելի դառնալի է, զի մի բան է, երբ դրկիցդ է երախտամոռ, բոլորովին այլ է, երբ սեփական զավակդ է կերածդ կաթը քթիցդ բերում։ Մի խոսքով, հուսանք, որ նախագահական կառավարումից անցումը խորհրդարանական ղեկավարման դարձի գալու առաջին նախապայմանն է։ Չէ՞ որ խորհրդարանական համակարգին անմիջապես հակադրվեց գերակա օլիգարխներից մեկը` տուկաթելի իշխանն ու այլընտրանքի քուրմը։ Սակայն ինչո՞ւ և ինչպե՞ս 3-րդ հանրապետությունը օլիգարխվեց ու մենաշնորհվեց. թնջուկը լուծելու նպատակով թերևս շրջվենք դեպի երկրի կայացման ակունքները։ Այսպես, ՀՀ ներքին գործոց նախարար և «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային անդամ Աշոտը` Մանուչարյան, փորձեց հենց խանձարուրում գլխատել իշխանական կառույցներում բազմացող կոռուպցիայի և ամենաթողության հիդրայի գլուխը։ ՀՀՇ վարչությունը լալահառաչ դիմեց կոմիտեի մեկ այլ հանգուցային գործչի, արդեն գործող նախագահ Տեր-Պետրոսյանին, թե հասիր և փրկիր, Մանուչարյանը հարվածում է մեզ, այն էլ բավականին ցավոտ։ Հիմնադիր նախագահը կտրականապես արգելեց Աշոտին պայքարել նորանկախական պետական գանգստերիզմի դեմ։ Մանուչարյանը և էլի մի քանիսը հեռացան։ Իսկ Տեր-Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, որպես պատմաբան և պետականակերտիչ, կամենում էր պարզել` արդյոք 20-րդ դարավերջի՞ն էլ այժմեական են Խորենացու «Ողբի» տագնապները։ Այսինքն, արդյո՞ք նորօծյալ մեր իշխանները «գողերին կլինեն գողակից, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող»։ Եղան։ Ժողովրդավարության ալեծուփ հողմերի վրա իշխանության եկածները հիմնեցին հակաժողովրդավարություն և պետականամերժության ներկա մոդելը, այսինքն` նախ կերտեցին, այնուհետև քերթեցին երկիրը։ Եվ մի՞թե քաղաքականության մեջ ևս ախորժակը ուտելիս չի բացվում։

Այսպիսով` գլխիվայր է մինչ օրս երկրի գլխավոր օրենքի 2-րդ դրույթը, այն է` իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Չէ, ինչ-որ բան էն չէ, ժողովուրդն է պատկանում իշխանությանը։ Իշխանությունն էլ, որպես սնարան և փարոս, գլխիկոր խոնարհված է օլիգարխիային։ Եվ այստեղ հարց է ծագում. ինչո՞ւ Սահմանադրության դրույթներում Օ.-ն ամրագրված չէ։ Մի խոսքով, ժամանակին մենաշնորհվեցին երկիրն ու նրա գոյության խորհուրդը։ Եվ, բնականաբար, խիստ բազմացան խեցգետինները լճում Սևանա, բանականության և բարոյականության լուրջ խցանումներ ունեցողներն էլ` Օվալաձևում։ Է, ետքը՞։ Սակայն, բավ է տրտմենք, Կառավարական տանը փոխվել են ուղեգորգերը, մենք էլ թարմանանք մի ուշագրավ պատմությամբ։ 2013-ի աշնանը Մալավի պատվելի երկրում (սա մի անգլիական հպատակություն է Աֆրիկայի արևելքում) սովն էր մոլեգնում։ Երկրի նախագահ տիկին Ջոյս Բանդան վաճառեց յուր նախագահական օդանավը 15 մլն դոլարով։ Նրա օրինակով խանդավառված (թերևս նաև ահաբեկված) մալավիական բարձր աստիճանավորները վաճառեցին յուրյանց ծառայողական լիմուզինները, ի դեպ, «Մերսեդես» մակնիշի։ Այդ օրերին Մալավիում 1,5 մլն սովյալ կար։ Եվ Մալավին փրկվեց սովի ճիրաններից։ Ակնկալե՞նք նման սխրանք մեր արգո պետայրերից, զորօրինակ սկսած պետականաշինության հուշարձան արգո Գալուստից և վերջացրած «օլիգարխիայի ժողովրդավարության» Ժաննա դը Արկ Նաիրայով։

Մի խոսքով, կեցցես Բանդա Ջոյս, պետականակերտ աֆրիկուհի։

Այս վճռաբեկ օրերում մեղք չգործենք և խոստովանենք, որ, այսուհանդերձ ինչ-ինչ շինիչ ծրագրեր կենսագործվում են հանրապետությունում։ Զորօրինակ, մեր պետայրաց շքեղաշուք լիմուզինները թարմացվում են ինչպես Փարիզի Պիգալ հրապարակի կուրտիզանուհիների հարդարանքը։ Լավ, ինչ անել և ինչպես, որ և՛ ոչխարները չհոշոտվեն, և՛ գայլերը չընդդիմանան։ Արգո Աբրահամյան և կառավարության նորափայլ անդամներ, հորդորս ձեզ` ի խորոց սրտի. նախ` անձնական օրինակով բարեպաշտության հունդերը ցանեք, այսինքն` մեկընդմիշտ հրաժարվեք ծառայողական շարժակազմերից, այնուհետև հասեք ինքնակատարելության բարձրագույն աստիճանին, այսինքն` օճառի և սուրճի, գրչի և զուգարանաթղթի դիմաց վճարեք սեփական գրպանից, ոչ թե թողեք, որ այդ ծախսերն էլ հոգա օր օրի բոմժացող պետբյուջեն։

Այնուհետև դիմեք Օվալաձևին և պահանջեք, որ պետականացվեն մենաշնորհներն ու ազգայնացվեն հանքերն ու բանկերը։ Ձևավորեք կառավարական վերին ատյանները երիտասարդ և օրենսգետ այրերով, ովքեր նախորդների նման չեն հայտարարագրում հնակարկատի մի կրպակ ու չեն «գոյատևում» սուլթանական ապարանքներում։ Նաև հիշեք. եթե դարձի չգաք, վաղը ձեր զավակները ձեր փոխարեն պիտի ապաշխարեն, իսկ դա, հավատացեք, այնքան էլ ցանկալի չէ։ (Ի՜նչ անշուք կյանքով են ապրում իշխանապետաց հետնորդները, ողջ օրը ասպատակում են երկիրը, կեսգիշերից մինչև լուսաբաց էլ հրավառությամբ արժևորում են նախորդ օրվա մեծագործությունները)։ Այսպիսով, կամ մեր խառնիխուռն իրականության Քաջ Նազարն եք, կամ էլ այս սրբազան հողի զինվորն ու ռանչպարը։ Մաղթում եմ սրտով անկեղծ, որ լինեք զինվոր և ռանչպար։

ԳՆԱՆՔ ԵՎ ՀԱՍՆԵՆՔ ԱՌԱՆՑ ՃԵՐՄԱԿ ԴՐՈՇՆԵՐԻ

(սարկաստիկ վերջերգ)

Գնանք և հասնենք 4-րդ խորհրդարանական հանրապետություն։ Հանրապետություն, ուր մականունակիրները կքավեն մեղքերը համապատասխան պետական հաստատություններում, ուր գիտությունն ու մշակույթը կծաղկեն և, վերջապես, ջուր կհոսի մեծն Հրանտի` հիմնարկեքի օրվանից ցամաք հուշաղբյուրից։ Ամեն։

Վրեժ

ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ