«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թուրքերը և մենք

Թուրքերը և մենք
18.04.2014 | 13:12

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը կսգա ու կխոնարհվի մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակի առջև: Սակայն ի՞նչ է Ապրիլի 24-ը մեզնից յուրաքանչյուրի համար:

Արդի գիտական տեսություններից մեկն ավետում է, թե… ջուրը հիշողություն ունի: Իսկ մի՞թե արյունը հիշողություն չունի. անկասկած ունի: Ցեղասպանդի հուշը յուրաքանչյուր հայի արյան գնդիկների, դրանց ատոմների մեջ է, ոմանց` ենթագիտակցական, ոմանց` գիտակցական հարթույթում: Եվ քանի դեռ աշխարհիս երեսին ողջ կլինի գեթ մեկ հայ, նա համացեղային մահափորձը կմտաբերի և արդարություն կպահանջի:
Ցեղասպանությունը խոչընդոտեց, արգելափակեց մեր զարգացումը, մեզ դուրս նետեց բնականոն պատմական առաջընթացի ծիրից, մեր ազգը դարձրեց ժողովուրդ` հազարամյակների իր ճամփան որոնող պատմության թափառական, աշխարհաշրջիկ նժդեհ, կուրացած դեգերող:
Ես չեմ հասկանում Ապրիլի 24-ը մեկօրյա միջոցառում դարձրածներին, չեմ հասկանում Եղեռնը «սեփականաշնորհած» «ինտելեկտուալներին», չեմ հասկանում` ի՛նչ ասել է Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողով: Ես ունեմ իմ Ապրիլի 24-ը, յուրաքանչյուր հայ ունի այն, քանզի բոլորս Ցեղասպանդի հարուցած հավաքական բարդույթի գիտակից կամ անգիտակից կրողներ ենք:
Բարդույթը հաղթահարելու միջոցներից մեկը կատարվածը գիտակցելն է: Եվ սա է պատճառը, որ այսօրվանից սկսում ենք մեկ տարվա տևողությամբ ամենշաբաթյա հրապարակումների շարք: Սկսում ենք հայոց Վրեժխնդրության աստծով` ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻՈՎ (ու դեռ բավականին երկար կշարունակենք), և դա պատահական չէ: Նա ապրել է 99 տարի, ասես Աստված ուզում էր, որ նրա վրիժառու ոգին հնարավորինս երկար ուղեկցի ջարդուկոտոր եղած ժողովրդին: Մենք սկսում ենք 99-րդ տարում և կհասցնենք մինչ 100-ամյակ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Հայոց Նեմեսիսը

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻՆ (Հակոբ Տեր-Հակոբյան) ծնվել է 1884 թ. Խարբերդ գավառի Հուսեյնիկ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1895 թ. ջարդին բազմաթիվ ազգականների հետ սպանվել է հայրը: 11-ամյա Հակոբը երեք օր ապաստանել է հույն հարևանների մոտ և փրկվել: Մոր հետ թաղել է հորը, իր իսկ խոսքով. «Ողջերը կը սկսին թաղել մեռելները»: Ջարդերից հետո մեկ տարի հաճախելով Խարբերդի «Եփրատ» քոլեջը` 1896 թ. այլ որբերի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս` Ս. Հովհաննես որբանոց: 1897-1900 թթ. սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որտեղ աշակերտել է հայտնի մանկավարժ Շահան Պերպերյանին, ում անունն էլ, որպես հարգանքի նշան, վերցրել է որպես սեփական անուն: Նյու Յորքի ունևոր ազգականները որդեգրել են նրան, և Շահանը մինչև 1900 թ. ապրել է այդ քաղաքում ու սովորել Բերբերյան ակադեմիայում: 1901 թ. վերադարձել է Խարբերդ և դասավանդել եկեղեցուն կից դպրոցում: 1901-1904 թթ. ուսուցչություն է արել ծննդավայրում: 1904 թ. Խարբերդում ընդունվել է ՀՅԴ շարքերը, ապա կրկին մեկնել ԱՄՆ և մինչև 1908 թ. որպես բանվոր աշխատել կոշիկի ֆաբրիկայում: 1908 թ. Սահմանադրության ընդունումից հետո վերադարձել է Թուրքիա, սակայն 1909 թ. երիտթուրքական առաջին` Ադանայի զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվել է ԱՄՆ: 1909-1912 թթ. սովորել է Բոստոնի համալսարանում, եղել ՀՅԴ ԱՄՆ-ի ղեկավար գործիչներից:

Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ եղել է 1915 թ. հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպիչն ու ոգեշնչողը:

1919 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին մասնակցել է Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովին, ուր ընտրվել է 1915 թ. հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնի ղեկավար: Նրա առաջնորդությամբ Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը և Միսաք Թորլաքյանը իրականացրել են հայ ոգու պարտքը` ապացուցելով հայի լինելության հերոսականությունը:

Սակայն «Նեմեսիս» ծրագիրը 1920-ականների կեսից Ռուբեն-Վրացյան երկյակի որոշմամբ դադարեցվեց, ինչի պատճառով Նաթալին դուրս եկավ ՀՅԴ բյուրոյից և կուսակցությունից: Ի դեպ, Վրացյանի հրահանգով հետագայում Թեհլերյանի հուշագրությունից հանվեց երկու գլուխ, որոնք վերաբերում էին Շահան Նաթալու ունեցած վճռորոշ դերակատարությանը:

1928-1929 թթ. Փարիզում Հայ Գնդունիի հետ խմբագրել է «Ազատամարտ»-ը: Եղել է «Մարտկոցական շարժման» եւ «Արեւմտահայ ազատագրական ուխտ»-ի գաղափարական առաջնորդներից:

1943-1953 թթ. ՀԲԸՄ Նյու Ինգլենդի շրջանային հանձնաժողովի քարտուղարն էր, 1961 թ. այցելել է Խորհրդային Հայաստան: 1960-ականներից գրեթե մեկուսացած կյանք է վարել: 1970-ական թթ. ողջունել է ԱՍԱԼԱ-ի` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը:

Շահան Նաթալին ազգային-հրապարակախոսական և գեղարվեստական բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ է: Նշենք մի մասը միայն.

«Օրէնքի եւ Ընկերութեան Զոհերէն», Բոստոն, 1909 թ., «Ամպեր», Բոստոն, 1909 թ., «Սերի եւ ատելութեան երգեր», Բոստոն, 1915 թ., «Քաւութեան երգեր», Բոստոն, 1915 թ., «Վրէժի աւետարան», Նյու Յորք, 1918 թ., «Ասլան Բեկ», Բոստոն, 1918 թ., «Քեզի», Բոստոն, 1920 թ., «Թուրքիզմը Անգորայէն Բագու եւ թրքական օրիէնթասիոն», Աթենք, 1928 թ., «Թուրքերը եւ մենք», Աթենք, 1928 թ., «Ալեքսանդրապօլի Դաշնագրէն 1930-ի Կովկասեան Ապստամբութիւնները», 2 հատոր, Մարսել, 1934-1935 թթ., «Երեւանի համաձայնագիրը», Բոստոն, 1941 թ., «Գիրք մատուցման եւ հատուցման», Բեյրութ, 1949 թ., «Այսպէս սպաննեցինք» (Յաւելուած, Պատկերազարդումներ, Վերստին Յաւելուած-Ալեքսանդրապօլի Դաշնագրի «Ինչպէ՞սն ու ինչո՞ւն»), Բոստոն, 1955 թ.:

Նաթալին նաև իսկական հայագետ, պատմաբան-հետազոտող էր: Երկարատև պրպտումների արդյունքում նա կարողացավ XVII դ. Հնդկաստանի խոշորագույն պոետ, ազգությամբ հայ Զու-լ-Ղուլղռնելի մի քառատողը հայտնաբերել «Ռահամալա» երգերի ժողովածուում: Եվ ի՞նչն է զարմանալի. նա այդ մասին հոդված հրապարակեց Նյու Յորքի «Փիւնիկ» հանդեսում 1919 թվականին, այն ժամանակ, երբ ամբողջ էությամբ նվիրված էր «Նեմեսիս» գործողությանը:

Շահան Նաթալին` մեր ժողովրդի հարատևության, վրեժխնդրության, պահանջատիրության պայծառագույն խորհրդանիշը, Հայոց Նեմեսիսը, վախճանվել է 1983 թ. ապրիլի 18-ին և հուղարկավորվել Բոստոնում:

«Թուրքերը և մենք»
(մեջբերումներ գրքից, 1928 թ.)

Շահան ՆԱԹԱԼԻ


*
Մէկ է վրէժը եւ Հայն անոր առաքեալն է:
Վրէժէն զատ աստուած չպաշտես:
*
Մեր պարտութիւններուն գլխաւոր պատճառը թշնամիին ուժերու առաւելութիւնը չճանչնալուն մէջ կը գտնուի:
*
Հայ կեանքը ծով հատոր մըն է արիւնոտ փաստերու, եւ մենք պիտի թիավարենք մեր արիւնի ալիքներուն վրայ եւ Հայի աչքերով, տեսնելու համար Թուրքը այնպէս, ինչպէս որ է Հային հետ կանգնած:
*
Պայքարի մը մէջ յաղթելու համար արդարութիւնը դեռ բաւարար պայման չէ:
Կրնայի՞նք գործածել նոյն զէնքը. այսինքն` Թուրքը երբ կը կոտորէր Հայը անխտիր, մեր կարելիութեան մէջ ընէի՞նք նոյնը մենք` կոտորելով Թուրքը անխտիր:
ԱՅՈ՛։
Եւ պէտք էր ընէինք:
*
Մէկ անգամ միայն, քառասուն տարիներու կոտորածներու ենթարկուելէ յետոյ, մէկ անգամ միայն հայ-թուրք գոյամարտին մէջ Հայը ցոյց տուաւ ազգ կազմելու իրական զէնքը:
Եւ այդ եղաւ այն մաքրագործումը Հայաստանի սահմաններուն մէջ, որ, ով ինչ կ’ուզէ թող յորջորջէ, Հայաստանի Հանրապետութեան օրով կատարուեցաւ եւ միայն անոր արդիւնքն է այսօրի հայկական մեծամասնութիւնը հողամասի մը վրայ, որ թեկուզ բօլշեւիկ, Հայաստան է այսօր եւ Հայութիւնը` ազգութիւն:
*
Հազար տարիներ ապրիլը դեռ չապացուցաներ անմահութիւն:
*
Ամէն մէկ հայ անհատ թող քննէ ինքզինքը:
Ազգօրէն մեռա՞ւ բռնախեղդ եւ այսօր կը մեռնի՞ թէ ոչ:
Այսօր ո՛չ Թրքահայաստան կայ եւ ոչ Թրքահայութիւն:
Աշխարհի ամէն կողմերը ցրուած հայութեան մասին, անոր գոյութեան պահպանումին շուրջ ինչ ալ գրենք, ինչ ալ փորձենք` անօգուտ է: Ան դատապարտուած է մեռնելու:
*
Հետզհետէ արդէն կը զգանք, թէ անբնական են մեր ճիգերը, որ Ամերիկայի, Ֆրանսայի ու մինչեւ անգամ Սիւրիայի մէջ ծնած հայ տղային, որ հայրենիքին քար ու հողէն յիշատակ եւ ուժ չէ քաղեր, հայերէն լեզուն սորվեցնելը դեռ չի նշանակեր անոր քաղաքական հայութիւնը:
*
Այլեւս շատ բաներու մէջ չպիտի հարցնէինք. ինչո՞ւ Անգլիան, Ֆրանսան Թուրքը կը պաշտպանեն կամ ուրիշներ Թուրքին կ’օգնեն:
Վերջապէս, հասկնանք, որ ամէն բանի մէջ օրէնք մը կայ, եթէ նոյն իսկ արդարութիւն մը չըլլայ, կարողութիւն մը, արժանիք մը կա՛յ, որ օտարները կը գնահատեն: Գիտնանք, վերջապէս, թէ քաղաքական կեանքի մէջ օրէնքն է ղեկավարողը եւ մոռնանք արդարութիւնը: Որովհետեւ վերջապէս արդարութիւն ըսուածն ալ յարաբերական մէկ բառ է` ինչ որ արդար չէ մեզ համար, արդար է ուրիշին համար:
Դառն է մեզ համար այս գիտութեան գոյութիւնը: Բայց ի՞նչ ընենք, որ Սուլթան Համիտ հարիւր հազարով կոտորելով, շրջանները այլասերելով ու լեզուները փոխելով, իսկ նոր Թուրքերը միլիոնով կոտորելով եւ յաջորդական քայլերով ստեղծեցին Թուրք ազգը եւ ապացուցին, որ շատ աւելի լաւ գիտեն ազգ կերտելու գիտութիւնը: Դառն է, շատ դառն, որ քսաներորդ դարը, գերազանցապէս ազգակերտումի այս դարը, աւելի քան շեշտուած կերպով հռչակեց «իմ կեանքը ուրիշի մահին մէջ»-ը: ՈՒ մենք առաջին շարքին վրայ ենք մահապարտներուն` կեանք տալու համար ուրիշին:
*
Թուրք-հայ բարեկամութիւն մը կարելի՞ է:
Այսօր Ո՛Չ:
Եւ ով որ հակառակը կը պնդէ` կամ Թուրքը չի ճանչնար կամ ինքզինքը: Աւելի ճիշտ` ո՛չ Թուրքը կը ճանչնայ, ո՛չ ինքզինքը:
*
Մեր կարծիքով, թուրք-հայ բարեկամութեան մը մէջ յոյս տեսնողները գիտակցօրէն ու անգիտակցօրէն թշնամի են հայութեան: Եւ վաղը այսպիսի քայլէ մը առաջ գալիք նոր արիւններու պատասխանատուութիւնը, անկախ արտաքին դաւերէն, ամէնէն առաջ կ’իյնայ Հային վրայ:
*
Մեռելները որքան ալ սուրբ ըլլան, անոնք երկրային ապրանքներու տէր ու վաճառորդ չեն, չեն կրնար ըլլալ:
Եւ մենք կուլանք, որ օտար գնորդը անապատներու աւազներու մէջ փոշիացած մեր ոսկորներուն աւելի գին չի տար, քան աւազի մը արժէքը: Կը վրդովուինք, որ այնտեղ սողացող օձին աւելի արժէք կուտայ եւ գազանին մորթի մը գին` գոնէ: Ծախողը ով որ է` գինը անոր կուտան եւ ոչ թէ արցունքոտ աչքերով առեւտուրին ականատես մուրացիկին:
Ինչո՞վ տարբեր է մեր այսօրի դիրքը այդ մուրացիկէն:
*
Թո՛ղ անգամ մըն ալ Հայն ըլլար ոճրագործ, թո՛ղ անգամ մըն ալ Հայն ըլլար բարբարոս ու գազան: Ինչո՞ւ դեռ չկրցանք հասկնալ, որ ոճրագործն ու գազանը բօշայէն աւելի կ’արժեն: Անոնց արիւնը ո՛չ միայն ծախու չեն հանուիր, այլ անոնց հետ յարգանքով կը վարուին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ