Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հարյուր տարվա ներկայություն»

«Հարյուր տարվա ներկայություն»
18.04.2014 | 13:27

«Այսպես պատահեց և այսպես եղավ`
Իմ մանկությունը մեռավ լեռներում,
Պատանությունս քաղաքում մեռավ,
Ջահելությունս թեժ կռիվներում:
Երեք հողաթումբ մաշելուց հետո,
Եվ քանի՜-քանի ծանր եզնալուծ
Քաշելուց հետո դեռ ապրում եմ ես,
Ննջում, արթնանում, նստում եմ մոլոր
ՈՒ միտք եմ անում, որ կորածն, ավա՜ղ,
Անդարձ է կորել: Բայց առաջվա պես
Հավատում եմ դեռ, որ իմ ու ձեր տան
Ձախորդ օրերը կգան ու կերթան,
Եվ մի օր կգան երջանիկ օրեր»:
1990 թվականի ապրիլին այս բանաստեղծությունը դեռևս անտիպ էր, և Համո Սահյանը, որ մեծ չեմուչումից հետո էր միայն համաձայնել հարցազրույց տալու ինձ` ռադիոռեպորտաժ պատրաստելու համար, այն առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր շուրթերով` իբրև նույն այդ ռադիոռեպորտաժի ամփոփում-վերջաբան:
Ես ԵՊՀ-ի ասպիրանտ էի` հպարտ ու բախտավոր, որ հասցրել եմ շփվել, անգամ լուսանկարվել Համո Սահյանի հետ` համալսարանում Վահրամ Հաճյանի հետ կազմակերպված հանդիպման օրը: Հենց այդ օրը Հրանտ Թամրազյանի` իմ հանդեպ բարեհաճ վերաբերմունքը տեսնելով էր, որ Համո Սահյանը համաձայնեց հանդիպել-զրուցել ինձ հետ: ՈՒ հիմա ես, չգիտեմ` որերորդ անգամ, լսում եմ այդ հարցազրույցի ձայնագրությունն ու, չգիտեմ` որերորդ անգամ, գոհանում ճակատագրից, որ իմ համառ ջանքն ու Սահյանի համառ հակադարձումները հանգուցալուծվեցին հօգուտ նրա ապրած ժամանակի ձայնավավերագրության, ու ես, չգիտեմ` որերորդ անգամ, կարող եմ մեջբերել մոտ քսան րոպե տևողությամբ այդ ձայնագրության իմաստնություն-պատառիկները` ի պահ տալով դրանք այսօրվա սահյանասեր ընթերցողին:
Ի՞նչ էր ասում հեռավոր այդ 1990-ին Համո Սահյանը: Ասում էր. «Վերջիվերջո, սիրտն էլ, շնորհքն էլ, տաղանդն էլ ծերանում են, ինչպես մազերն են սպիտակում, ատամներն են թափվում, կնճիռներն են շատանում»:
Նման մի բան էլ ասում էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայացած իր 100-ամյակի հանդիսության ժամանակ` մեծադիր էկրանից:
Իսկ ունկնդիրը ոչ միայն դահլիճում նստած հանդիսատեսն էր, այլև բեմում վազվզող տղան` իր մանկության աչքերով իրեն հետևող օրվա հերոսը:
Արամ Սուքիասյանի բեմադրած հոբելյանը չէր կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Օրը միայն Համո Սահյանինը չէր: Հոբելյարն ու բեմադրիչը շռայլորեն ասպարեզ էին բացել մեր ու Սահյանի ժամանակակից շատ երևելիների համար: Հրանտն էր այնտեղ, Սոսը, Վահագն Դավթյանն ու Վարդգես Պետրոսյանը, Սերո Խանզադյանն ու Սիլվա Կապուտիկյանը, Խորեն Աբրահամյանն ու Ռազմիկ Դավոյանը, Ռուբեն Հովսեփյանն ու Շչորս Դավթյանը, Կարեն Դեմիրճյանն ու Ալեքսան Կիրակոսյանը: Որի՞ն հիշեմ, ո՞ւմ չմոռանամ, որ լիագույն լինի երեկոյի գունապնակը: Հիշեմ, իհարկե, նաև բեմից ու կուլիսներից սահյանապատում ու սահյանական բառի մեղեդապատում հնչեցնողներին` Սիլվա Յուզբաշյան, Դավիթ Հակոբյան, Արամ Սուքիասյան, Գրետա Մեժլումյան, Տաթև Ղազարյան, Արման Նավասարդյան (ի՜նչ մեծ փիլիսոփայություն նրա խաղացած մոնոներկայացման սեղմ ծավալում), Շուշան Պետրոսյան, Աննա Խաչատրյան, Լեյլա Սարիբեկյան: Բոլորի անունները չէ, որ թվարկում եմ հիմա, որովհետև ինչպե՞ս հիշես-հաշվառես բոլոր սահյանականներին: Դա, թերևս, լավագույն ձևով կանի Սահյանի անունը հավերժի ճամփաներում ամրագրելու գործի նվիրյալ «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ-ն` իր նախագահ Շչորս Դավթյանի ջանադրությամբ: Իսկ հոբելյանական երեկոյի ընթացքում ողջ դահլիճն էր սահյանական, և անգամ նրանք, ովքեր, ի տարբերություն Տիգրան Մանսուրյանի, Սասուն Պասկևիչյանի, Մերուժան Տեր-Գուլանյանի և Էդվարդ Միլիտոնյանի, երեկոյի ավարտին չկարդացին Սահյանին:
«Համոյի մոտ ինչ որ կա, ընդերքային է, ոչ մի բան երեսին չէ: Երբ որ Համոն կարդում է, գրում է հայի մասին, հայն ինձ համար մարդն է, երբ որ խոսում է վանքի մասին` հայոց պատմություն է, երբ որ ասում է մասուր, երբ որ ասում է ուրց, երբ որ ասում է սար, էդ բոլորը շնչավոր են նրա պոեզիայում: Շնչավոր են: Իսկապես էդպես է»,- մեծ էկրանից ասում է Սոս Սարգսյանը:
Նույն մեծ էկրանից Սահյանն է հպարտանում ու նաև` ահազանգում. «Մեզնից ուզում են խլել մեր միասնությունը, մեզնից ուզում են խլել մեր հիշողությունը, պատմական հիշողությունը, մեր կորուստները, և մեզնից ուզում են խլել մեր ստեղծագործ միտքը: Այս երեք բանը ուզում են խլել: Այս երեք բանը միավորում է մեր մշակույթը: Շատ բարձր մշակույթ ունենք աշխարհի մեջ: Սա ոչ մի դեպքում ես չեմ ամաչում ասել: Մեր մշակույթը, որ դարձյալ մեզնից ուզում են խլել: Դրսից ուզում են խլել` քիչ է, ներսից էլ են խլում»:
Այն հեռավոր 1990-ին նաև ասում էր. «Շատ քիչ բանաստեղծներ են երկարակյաց եղել: Երկար ապրողներն էլ չեն ստեղծագործել: Դա, իհարկե, տեսություն չէ, որ չպիտի ստեղծագործեն: Բոլոր դեպքերում, ինձ մի բան է հետաքրքրում և, կարծում եմ, ընթերցողին էլ պիտի հետաքրքրի, թե ինչպե՞ս կգրեր 75 տարեկան բանաստեղծը: Նա պիտի այսօր տեսնի, որ 75 տարեկանն էլ երբեմն երեխա կդառնա և երեխայի պես կմտածի»:
Իսկ հոբելյանական տոնի երկու ժամը մեզ համոզեց, որ 100 տարեկանն էլ երեխա կդառնա և երեխայի պես կհիշի իր մանկության տունն ու ծնողներին, պապին ու նրա եզանը, Բաքու ուղևորությունն ու մոր սրտակեղեք, մեկուսի ողբը: Հետո 100 տարեկան անմահը կվերապրի իր առաջին սիրո հուշը, քաղաքի եռուն կյանքը` ներծծված հայրենի Լորի, Գյազբելի, մասրենու ու բարդու կարոտով: Ապա կհասնի իմաստնության վերասլաց թռիչքներին ու իր ապրումի, խոհի թևաբախումներում կընդգրկի ողջ Հայաստանը, որի անունը տալիս իր առջև անգամ մահն է ընկրկում: Այս բառերն ու բանաձևերը նաև կամրագրվեն իր անմահության փաստն արձանագրողներիս հոգիներում Տիգրան Մանսուրյանի, Սասուն Պասկևիչյանի, գուսան Շահենի, Ալեքսեյ Հեքիմյանի, Ռուզան Սիմոնյանի, Դավիթ Ամալյանի, այլոց մեղեդիներով: ՈՒ մենք կլցվենք մի անափ սփոփանքով, որ բազում հարյուր տարիներ կգլորվեն Երկիր մոլորակի ու Հայաստան երկրի գոյապատումում, բայց նախորդ հարյուրների նման անզոր կլինեն խամրեցնելու հայ մշակույթի փայլը, որի ցոլքերում, իհարկե, կշողա Համո Սահյանի անմահ ոգին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ