Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի գերդաստանի պատմությունը

ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի գերդաստանի պատմությունը
19.04.2014 | 15:41

Բոլոր հայկական ընտանիքներն իրենց գերդաստանի պատմության վերաբերյալ ունեն բազում հետաքրքիր էջեր, հիշողություններ եւ դարերի խորը կնիքն իրենց վրա կրող մասունքներ: Պատմական Հայաստանի զանազան գավառներից ու գյուղերից տարբեր ժամանակաշրջաններում պատմական իրադարձությունների թելադրանքով ներկայիս Հայաստանի տարածքում ձեւավորվել է ընտանեկան ինստիտուտի մի գունազարդ խճանկար՝ Վանից, Էրզրումից, Սեբաստիայից, Ջավախքից, Նախիջեւանից, Գարդմանից, Խոյից ու Սալմաստից, Կիլիկայից, օտար երկրներից եւ հայ գաղթօջախներից... Եվ ահա այս հոդվածի հերոսը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, որոշեց պատմել նաեւ իր գերդաստանի անցած ճանապարհը՝ ի պահ գալիք սերունդների:
Գարնանային մի լուսապայծառ առավոտ զանգահարում եմ Վարպետին եւ պատմում իմ մտադրության մասին: Գնում եմ արվեստանոց: Կտավների թարմ ու զգլխիչ բուրմունքն ընկել էր ողջ արվեստանոցը: Վարպետն ինչպես միշտ ուրախ տրամադրությամբ ընդունում է ինձ, բայց այդ օրն առավել ժպտադեմ ու զվարթ աչքերով: Եվ ով ուրախ եւ հպարտ չի լինի՝ պատմելով իր գերդաստանի փառավոր ուղու մասին: Սկսում է ցույց տալիս իր նախնիների լուսանկարները, որոնք այնքան խնամքով ու հոգատարությամբ անցկացրել էր շրջանակների մեջ եւ ամեն եկող հյուրին հպարտությամբ ցույց էր տալիս:
Վարպետը պատմեց, որ իր պապերը եկել են Խոյից ու Սալմաստից 1828թ. Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո: Եկել են եւ հաստատվել Արատատյան դաշտավայրում՝ նախկինում Ղամարլու, այսօր՝ Արտաշատի Վերին Արտաշատ գյուղում: Գյուղը նախապես կոչվել է Արտաշար, իսկ 1946թ. երբ Ղամարլուի անունը փոխվում է Արտաշատի, մեր գյուղն էլ անվանվում է Վերին Արտաշատ: Քանի որ նորաստեղծ գյուղը քահանա չի ունեցել, արդեն կարգված Տեր Շմավոնը դառնում է գյուղի քանահա եւ ահա այստեղից էլ սկզբնավորվում են Տեր-Շմավոնյանների գերդաստանի ճյուղերը: Տոհմի մեջ եղել են բժիշկներ, մանկավարժներ, բայց ոչ նկարիչներ: Բնության նախախնամության օրհնյալ ձեռքով էլ Շմավոն Շմավոնյանը ծնվում է որպես նկարիչ:
Այս փառավոր գերդաստանի մի քանի սերունդ եղել են քահանաներ՝ իրենց մեծ պապը՝ Տեր Շմավոնը, նրա որդին՝ Տեր Ղուկասը: Տեր Շմավոնի որդին էլ Ռուբեն Տեր-Շմավոնյանն է, ով ժամանակին եղել է Աղասի Խանջյանի լավագույն ընկերներից մեկը, եւ երբ Խանջյանը տեղափոխվում է Երեւան, իր հետ բերում է նաեւ Վարպետի պապին:
Տեր-Շմավոնյանների գերդաստանի ակնառու դեմքերից է ցարական բանակի 20-րդ հետեւակային դիվիզիայի գլխավոր բժիշկ, պետական խորհրդական Արամ Ղուկասի Տեր-Շմավոնյանը, ով ծնվել է 1873թ. հունիսի 1-ին, քահանայի ընտանիքում: Սովորել է Մոսկվայի կայսերական համալսարանի բնական գիտությունների եւ բժշկական ֆակուլտետներում եւ 1902թ.-ից սկսած որպես բժիշկ ծառայության անցել մի շարք զինվորական կորպուսներում եւ բրիգադներում: Պարգեւատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի, Ս. Աննայի 3-րդ եւ 2-րդ աստիճանի մեդալներով եւ թրերով, 1812թ. Հայրենական պատերազմի հիշատակի բրոնզե մեդալով, Ռոմանովների թագավորության 300-ամյակի առթիվ բրոնզե մեդալով: Ս.Աննայի 3-րդ աստիճանի մեդալին թրի եւ աղեղի հետ միասին արժանացել է 1914-15թթ. թուրքերի դեմ մղած պատերազմում ցուցաբերած ծառայությունների համար: Մասնակցել է նաեւ 1914-17թթ. թուրքերի եւ ավստրո-գերմանացիների դեմ մղված մարտերին: Եվ ահա 1915-17թթ. Արեւմտյան ճակատի զորահրամանատարի հրամանով դառնում է 20-րդ հետեւակային դիվիզիայի գլխավոր բժիշկ: Ե՛վ ցարական, եւ՛ հայկական զինվորական վերնախավի շրջանում ունեցել է ազդեցիկ դիրք:
Հիրավի, փառավոր եւ պատմական է Շմավոն Շմավոնյանի գերդաստանի պատմությունը, որ մինչ այսօր բաբախում է Վարպետի սրտում՝ ամուր կառչած իր տոհմի եւ ազգի արմատներին եւ հիշեցնելու մարդկությանը, թե ովքեր են եղել հայերն ու ինչ հերոսական անցյալ են ունեցել: Ուրեմն նկարչի գերդաստանի պատմությունը թող օրինակ լինի բոլորիս համար, եւ ամենքս էլ հպարտությամբ եւ այսքան խնամքով պահենք եւ պահպանենք մե՛ր իսկ գերդաստանի պատմությունը՝ գծենք մեր տոհմածառը, պահպանենք եւ սերունդներին փոխանցենք աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի դարավոր պատմությունը:

Արամ Տեր Շմավոնյան (1915թ.)

Արամ Տեր-Շմավոնյանը հորեղբոր որդու՝ Հովհաննեսի հետ

Արամ Տեր-Շմավոնյանը ուսանողական տարիներին

Տեր Ղուկաս քահանան

Տեր Ղուկաս քահանայի կինը՝ Գայանեն

Արամ Շմավոնյանը ընտանիքի հետ (1909թ.): Գրկին իր դուտսրն է, ով զորահրամանատար Դանիել Բեկ Փիրումյանի որդու կինն է

Նկարչի պապը՝ Ռուբեն Տեր-Շմավոնյան

Վերին Արտաշատ գյուղի իրենց տան վրայի ցուցանակն առ այն, որ այստեղ ապրում է գլխավոր բժիշկ Արամ Տեր-Շմավոնյանը

Արամ Տեր-Շմաոնովի (Տեր-Շմավոնյան) անձնական գործի վերջին էջում դրված է 20-րդ հետեւակային դիվիզիայի կնիքը՝ դիվիզիայի հրամանատար Գոնչարովի ստորագրությամբ

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5831

Մեկնաբանություններ