Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գուցե ավելի ճիշտ կլիներ գնդակահարել բոլորին և վերջ տալ այս տրագիկոմեդիային»

«Գուցե ավելի ճիշտ կլիներ գնդակահարել բոլորին և վերջ տալ այս տրագիկոմեդիային»
21.04.2014 | 21:04

Irates.am-ի էլեկտրոնային հասցեին «Յուրաքանչյուրը կարող է փոխվել» վերտառությամբ ցմահ դատապարտվածներից նամակ է ստացել, որտեղ դատապարտվածներն իրենց խնդիրներն են ներկայացնում վաղաժամկետ ազատման իրավունքի առնչությամբ: «ՀՀ-ում ցմահ դատապարտվածները բոլորն էլ ունեն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք: Սակայն զավեշտալի այն է, որ հենց այդ պատիժը նշանակողները և իրականացնողները մոռացել են դրա մասին: Այդ պատճառով, որպես հիշեցում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին, բոլոր իրավապահ ու իրավական մարմիններին ու կազմակերպություններին, լրատվական միջոցներին և խնդրով մտահոգ անձանց`ցմահ ազատազրկումը դա ազատազրկում է անժամկետ`առանց պատժի վերջնաժամկետի նշանակման, սակայն դա չի նշանակում, որ դատապարտման որոշում կայացնելուց հետո պետք է մոռանալ ցմահ դատապարտվածների գոյության մասին և դիտարկել նրանց միայն իբրև հասարակության ավելորդ բեռ`ուղղակի սպասելով նրանց բնական մահվանը բանտի ճաղերի ետևում»,- ասված է նամակում և վկայակոչվում աշխարհի այլ երկրների օրինակներ, ինչպես նաև Քր. Օր-ի հոդ. 76 , մաս 5-ը`«ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող անձը կարող է ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա հետագա պատիժը կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս քան 20 տարին»: «Այսօր Հայաստանում արդեն մեկ տասնյակից ավելի ցմահ դատապարտյալներ մի կերպ հատել են չարաբաստիկ 20 տարվա շեմը. համաձայնեք, որ այն պայմաններում, որում կրել ու կրում են պատիժը այդ մարդիկ, շատ դժվար է գոնե ֆիզիկապես առողջ մնալ: Այո, նրանք այնուամենայնիվ մարդիկ են, որոնք ապրել են «մահվան դատապարտվածի» հոգեվիճակը, դիմացել բոլոր ֆիզիկական ու հոգեկան փորձություններին, հույսեր փայփայելով, որ մի օր կվերադառնան տուն, սակայն նրանցից դեռևս ոչ մեկը չի ազատվել կալանքից: Ի՞նչ է սա նշանակում, որ նրանցից և ոչ մեկը չի՞ ուղղվել: Հասկանալի է, որ պետությունը յուրաքանչյուր դատապարտյալի պահման համար գումար է ծախսում: Մեր պետությունն օրվա կտրվածքով 4000 դրամ է հատկացնում մեկ դատապարտյալի պահման ծախսերի համար: Բացի այդ, ՔԿՀ-ներում աշխատում են հատուկ մասնագիտացված կադրեր` սոցիալ-հոգեբաններ, ովքեր ամենօրյա ուղղակի շփման մեջ են դատապարտյալների հետ, ուսումնասիրում և ճանաչում են նրանցից յուրաքանչյուրին, որոշակի ծրագրեր ու մեխանիզմներ են կիրառում, հատուկ մոտեցումներով աշխատանքներ տանում դատապարտյալի ուղղման և հասարակություն վերադարձի նպատակով: Ստացվում է, որ 20 տարի շարունակ իրականացվող այդ ամբողջ աշխատանքն ապարդյուն է. ցմահ ազատազրկման դատապարտվածներից դեռ ոչ մեկին վերոհիշյալ պետական մոտեցումները չեն փոխել, չեն ուղղել, և նրանք դեռևս արժանի չեն հասարակություն վերադառնալու: Արդյոք սա չի նշանակում, որ պատժի իրականացման սխալ մեխանիզմներ են ընտրված կամ աշխատանքները բավարար չեն կատարվում, և պետությունն աննպատակ գումարներ է ծախսում` չկարողանալով իրականացնել ցմահ ազատազրկման հիմնական նպատակը` ուղղել դատապարտյալին և վերադարձնել հասարակություն: Գուցե ավելի ճիշտ կլիներ գնդակահարել բոլորին և վերջ տալ այս տրագիկոմեդիային»,-փաստում են ցմահ դատապարտվածները և ներկայացնում, թե ինչի արդյունքում են նրանք նման պատժի ենթարկվել, որպես առաջնային պատճառ դիտարկելով սոցիալական վիճակը:

Իրավիճակը շտկելու համար ցմահ ազատազրկվածները առաջարկում են պետական այրերը վերանայեն իրենց մոտեցումները: «Կարիք կա օրենքները հստակեցնել, պետական այրերի մոտեցումները փոխել, վատագույն դեպքում գոնե կիրառել թեկուզ թերի օրենքները: Չէ որ ցմահ ազատազրկվածների ետևում նրանց ընտանիքներն են, նրանց ծնողները, որոնցից շատերը հեռանում են կյանքից` զավակներին տանը տեսնելու հույսը սրտում, նրանց զավակները, որոնք մեծացան հայրական սիրուց զրկված, նրանց զավակների զավակները, որոնք դեռ չեն ճանաչում պապիկներին: Մինչդեռ պետական այրերը դանդաղում են փոխել իրենց մոտեցումները, փոխել թերի և անիրագործելի օրենքները, այդ պահանջով ներկայանում է արդեն 3 սերունդ:
Հարգելի պետական այրեր, Ձեզ դիմում են ցմահ դատապարտվածները. «Մենք կարող ենք փոխվել, Դուք կարող եք փոխվել… յուրաքանչյուրը կարող է փոխվել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ