Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
23.04.2014 | 13:43

Եվրոպական տարածաշրջանում 2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով:

Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը:
Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով մեծ արդյունքներ են ապահովվում։
Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազեց ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 միլիոն կյանք է փրկվում, պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ 1998 թվականից ի վեր մոտ 5 միլիոն մարդ կարողանում է քայլել, իսկ առաջիկա 40 տարում նրանց թիվը կգերազանցի 10.6 միլիոնը, Արևմտյան Եվրոպայում կարմրուկով մեկ հիվանդի բուժումը կազմում է 209-480 եվրո, մինչդեռ կարմրուկի պատվաստանյութի 1 դեղաչափն արժե 0.17-0.97 եվրո:
Այս նվաճումները, կարծես թե, մարդկանց հանգստացրեցին։ Ձևավորեց թյուր կարծիք, որ արդեն հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ այլևս պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Նման կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ այդ պարագայում դեռևս կարող են առաջանալ մահացու համարվող վարակիչ այդ հիվանդությունների բռնկումներ։ Այս առումով հատկանշական են հետևյալ թվերը և փաստերը. վերջին 2 տարվա ընթացքում գրանցվել են կապույտ հազի բռնկումներ Ճապոնիայում (13000 դեպք) և ԱՄՆ-ում (միայն 2010թ.` 7000 դեպք, մահվան 10 ելք), պոլիոմիելիտի բռնկում Տաջիկստանում (2010թ.` 458 դեպք, մահվան 29 ելք), Սիրիայում (2014թ.` 17 դեպք)։ 2010 թվականից առ այսօր ողջ աշխարհում շարունակվում է կարմրուկի համաճարակը։ Տարեկան 2 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ Բ-ի բարդություններից: 2013-2014թթ. կապույտ հազի և հարկապույտ հազի համաճարակային իրավիճակի ակտիվացում դիտվել է նաև Հայաստանում, որն ուղեկցվել է մահվան 2 դեպքով` չպատվաստված երեխաների մոտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարհում մինչև մեկ տարեկանը 22.4 միլիոն երեխա դեռևս չի ստացել տարիքի համար անհրաժեշտ բոլոր պատվաստումները: 2011 թվականի դրությամբ աշխարհում ԱԿԴՓ (դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում) պլանային պատվաստումներում երեխաների ընդգրկումը կազմում է ընդամենը 83%՝ թիրախային նվազագույն 95 %-ի փոխարեն:
Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման հավանականությունը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների ռիսկը: Այսպես, ըստ վիճակագրության, եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել:
Պատվաստումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր և առայսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը: 1994-1995 թվականներին հանրապետությունում դիֆթերիայի բռնկումից հետո զանգվածային պատվաստումների շնորհիվ համաճարակային իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարվա ընթացքում դեպքեր չեն արձանագրվել:
Այսօր էլ աշխարհի շատ երկրներում` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա և այլուր, լուրջ խնդիր են կարմրուկը և կարմրախտը: Դեռևս 2010 թվականից եվրոպայում սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է մինչ օրս՝ պատճառ դառնալով հազարավոր մարդկանց հիվանդացման, վտանգավոր բարդությունների արդյուքում` հաշմանդամության և նույնիսկ մահվան:
Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը շատ հանգիստ է ու բարենպաստ: 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումների ենթակա երեխաների մոտ 98 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում, այդ ժամանակից ի վեր հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չեն արձանագրվել: 1999 թվականին հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո մինչև 14 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը նվազել է մոտ 100 անգամ: 2009 թվականին հնգավալենտ պատվաստումների ներդրման արդյունքում հանրապետությունում 2012 թվականին մենինգիտները նվազել են մոտ 2 անգամ:
2012 թվականի նոյեմբերից հանրապետությունում իրականացվում են ռոտավիրուսային դիարեաների դեմ պատվաստումներ: Արդյունքում հանրապետությունում նվազել է ռոտավիրուսների շրջանառությունը և 2013-2014 թվականների սեզոնային բարձրացումների բարձրակետին (հունվար-մարտ) նախորդ տարիների համեմատությամբ զգալի նվազել են ռոտավիրուսային դիարեաներով հոսպիտալացումները (2012թ. հունվար-մարտ՝ 52-57%, 2013-14թ. հունվար -մարտ՝ 23-20%):
Հիշեցնենք, որ ՀՀ-ում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում՝ տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում յուրաքանչյուր երեխայի հաշվառումից հետո ծնողին տրվում է պատվաստման քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, պատվաստման ժամկետները:
Թե´ պետության և թե´ միջազգային կազմակերպությունների կողմից գնված բոլոր պատվաստանյութերը եվրոպական արտադրության են և ունեն ԱՀԿ-ի կողմից սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան արտոնագրեր:
Այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները ներկրվող որակյալ պատվաստանյութերը պատշաճ պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-պայուսակներով` 24-ից մինչև 48 ժամ պահպանելով անհրաժեշտ 2-8 աստիճան ջերմությունը, իսկ պատվաստում կատարող բոլոր ծննդատներն ու ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են պատվաստանյութերի պահպանման հատուկ սառնարաններով:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ