Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չորս տարում բավականին քայլեր արեցինք ու հիմա նորից հետ ենք գնում»

«Չորս տարում բավականին քայլեր արեցինք ու հիմա նորից հետ ենք գնում»
23.04.2014 | 13:56

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ բորբոքված կրքերը, կարծես, հանգուցալուծվեցին` նոր տնօրենի ընտրությամբ: Թեև, հարցերն առ այն` ինչո՞ւ օպերային թատրոնում չեն բեմադրվում օպերային ու բալետային ներկայացումներ, ո՞ւր են ուղղորդվում ներդրված գումարները, ինչ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, այդպես էլ որոշակի պատասխան չգտան: Նեղ, տեղայնական խնդիրներն ու դրանց լավագույնս բնորոշող ստորագրահավաքները գալիս են ստվերելու ազզային ակադեմիական թատրոնի շուրջ ծառացած կարևորագույն խնդիրները: Արհեստական թվացող եռուզեռը բալետային խմբի դուռն էլ թակեց: Լուրեր պտտվեցին, որ հակասություն է ծագել բալետային խմբի և նրանց ղեկավարի, ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ միջև:

Ռուդոլֆ Խառատյանն ավարտել է Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի (ԳԻՏԻՍ) մագիստրատուրան` ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն: Սանկտ Պետերբուրգի Վահանովայի անվան բալետի ակադեմիայում ուսանել է լեգենդար պարուսույց Պուշկինի մոտ:
Որպես դասական պարի գլխավոր պարուսույց 14 տարի դասավանդել է «Washington Ballet School»-ում: Աշխատել է Վաշինգտոնի Կիրովի բալետի ակադեմիայում: Վարպետության դասեր է անցկացրել առաջատար բալետային խմբերի հետ («Բոստոն բալետ», «Վաշինգտոն բալետ», «ABT» բալետային թատրոն, Մարիինյան թատրոն): 1999-ից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:
2009-ից մշակույթի նախարարության հրավերով Ռուդոլֆ Խառատյանը ստանձնել է օպերային թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը:
Անվանի բալետային արտիստի անցած ուղին լավագույնս բնորոշում է նրան որպես խորեոգրաֆ, ուսուցիչ, ղեկավար: Մշակույթի նախարարության հրավերն ինքնանպատակ չէր. նա պետք է զարգացներ հայաստանյան բալետը: Փորձը, անցած ուղին բավական էին, եթե լինեին անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, ֆինանսավորում: «Ամեն տարի պետք է բեմադրվեն դասական ու ժամանակակից ներկայացումներ: Ինձ պետք է որոշակի իրավունքներ տային` խմբում աշխատանքային նորմալ պայմաններ ու կարգուկանոն հաստատելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց խորեոգրաֆը, նկատելով, որ եթե հնարավորություն չէին ընձեռելու` իր ներկայացրած ծրագրերն իրականացնելու, իրենք էլ ծրագիր չէին առաջարկելու, ինչո՞ւ հրավիրեցին ղեկավարելու բալետային խումբը:


-Պարոն Խառատյան, կարո՞ղ եք որոշակիացնել, Ձեր ղեկավարման ընթացքում ի՞նչ ծրագրեր եք իրականացրել, և ի՞նչ բացթողումներ են եղել:
-Ես մշակույթի նախարարությանը ներկայացրել եմ մինչև 2017 թվականի խաղացանկը: Դասական ներկայացումներից պետք է բեմադրվեին «Շչելկունչիկը», «Ժիզելը», որի բեմադրությունը սկսել էի, «Կարապի լիճը», «Լասիլֆիդը»: Խորեոգրաֆներ պետք է հրավիրեի նշված ներկայացումները վերաբեմադրելու համար: Հայկական ներկայացումներից աշխատանք է տարվել «Արա Գեղեցիկը» վերաբեմադրելու համար, «Անտունին» պետք է վերաբեմադրվեր: Ժամանակակիցներից նախատեսվում էին «Կարմենի» երկու` մոդեռն (ըստ Մացեկի) ու ժամանակակից (ըստ` Ռոլան Պետի) բեմադրությունները, Վիլյամ Ֆորսայթի, Յուրի Քիլյանի բեմադրությունները և այլն: Նշված ծրագրերի իրականացման համար միջոցներ չեն տրամադրվել: Այս տարիներին ֆինանսավորվել է միայն իմ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը, այն էլ բեմադրությունից մեկ տարի անց:
Մնացած ծրագրերն իրականացրել եմ աննշան միջոցներով. մեկ գործողությամբ բալետների բեմադրություն («La Revancha del Tango», «Կրքեր` ըստ Բախի», «Ձոն հավերժության», «Վարդանանք»,«Բոլերո», «Ստաբատ մատեր», «Գարուն») , բալետային երեկոներ` մի դեպքում ներկայացնելով 19-21-րդ դարերի համաշխարհային գոհարները, մյուս դեպքում` ժամանակակից ծրագիր: Կազմակերպել եմ նաև երիտասարդ խորեոգրաֆների երեկո` հնարավորություն տալով ներկայանալու նոր սերնդի խորեոգրաֆներին:

-Չիրականացած ծրագրերի համար կարող են պատճառաբանել, որ ֆինանս չկա:
-Օպերային թատրոնում պետք է ամեն տարի նոր ներկայացումներ բեմադրվեն: Որ հասկանալի լինի ընդհանուր պատկերը, մեկ օրինակ բերեմ` առանց մեկնաբանության: 2009-ին «Սպարտակ» բեմադրելու համար հատկացվել է 400 միլիոն դրամ, հետո բեմադրվել է «Աիդա» օպերան, ծախսվել է 600 միլիոն դրամ: «Ռոմեո և Ջուլիետը» բեմադրելու համար ծախսվել է 40 միլիոն դրամ: Այսինքն` 400 միլիոն դրամով կարելի էր 10 ներկայացում բեմադրել: Վերոնշյալ բեմադրություններից հետո նոր ներկայացումներ օպերային թատրոնում չեն բեմադրվել:
-Պարոն Խառատյան, կարո՞ղ ենք ասել, որ այն, ինչ կատարվում է օպերային թատրոնում, լավագույնս բնորոշում է մեր երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն ու մշակութային վայրիվերումները:
-Շատերն ուզում են անձնավորել, իմ անձի շուրջն են պտտվում խոսակցությունները` ես վատն եմ, լավը, մինչդեռ հարցը շատ ավելի խորքային է: Օպերային թատրոնը մոդելն է մի ամբողջ երկրի, եթե կարողանայինք այս օղակը շտկել, աշխատանքային կարգապահություն մտցնել, օգտագործեինք մեր հնարավորությունները, ուրեմն, կկարողանայինք երկիր կառուցել:
Հազար տարի պետականություն չենք ունեցել, այսօր ունենք, բայց չգիտենք` ուր ենք գնում: Այ, սա է հարցը: Ես երբեմն մտածում եմ` Աստված ինչ առաքելություն է տվել մեր ազգին, ու մենք կատարո՞ւմ ենք այդ առաքելությունը, թե՞ ոչ: Օպերային թատրոնը 25 տարի է` առաջ չի գնում, նորություններ չկան, աշխարհի զարգացման ռիթմի, տեմպի մեջ չէ: Ես ասել եմ, որ մեզ մոտ հրամանատարի ու զինվորների տեղերը փոխվել են, չես հասկանում` ով որտեղ է կանգնած ու դեպի ուր է առաջնորդում ազգը:
-Խոսքը միայն ներքին, խոհանոցային խնդիրների մասին չէ, կարո՞ղ ենք ասել, որ վտանգված է հայկական բալետի ապագան մեր երկրում:
-Բալետը չի զարգանում, ինձ ամենից շատ դա է անհանգստացնում: Իմ ներկայացրած ծրագրերը չեն իրականացվում: Անհասկանալի, ոչ պրոֆեսիոնալ խոսակցություններ են շրջանառվում պրոֆեսիոնալիզմի մասին: Խոսում են ներքևից վերև` և՛ կատարողները, և՛ ղեկավարությունը, որ պետք է աջակցեր, ոչ թե խանգարեր: Ես իմ խմբին համեմատում եմ համաշխարհային բալետային խմբերի հետ, նրանք իրենց` տեղական պարային խմբերի:
Երբ դրսից նայում էի Հայաստանին, շատ պարզ երևում էր, թե ինչ հնարավորություններ ունենք և ինչ է պետք անենք, որ կայանանք հենց այս աշխարհագրական տարածքում, մեր ունեցած ներուժով: Ինձ ցավ է պատճառում, որ չենք կարողանում տեսնել աշխարհը, չգիտենք, որտեղ ինչ արժեքներ են ստեղծվում, ինչ զարգացումներ են լինում, մենք ինչ կարող էինք անել, որ չենք անում:
-Իսկ երբ ներսից եք գնահատում իրավիճակը, ինչ-որ բան փոխվո՞ւմ է:
-Ոչինչ չի փոխվում, ուզում եմ իրականացնել այն, ինչ տեսել եմ, բայց այստեղ մարդիկ ոչ թե վատն են, այլ ասես քնած լինեն, չեն ուզում տեսնել, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, կառչում են հնից, չեն ուզում ավելի աշխատել, կարգուկանոն չկա:
-Օպերային երգիչները դժգոհում են, որ օպերային ներկայացումներ չկան, իրենք անգործության են մատնված, բալետի պարագայում կարծես հակառակն է, եղածն էլ բոյկոտում են:
-Այո, հակառակն է, լավ կատարված դասականը հիմք ընդունելով` ես բեմադրել եմ նաև ժամանակակից մտածելակերպով, նոր տեխնիկայով ներկայացումներ: Բայց կատարողները դժգոհում են, որովհետև պետք է աշխատեն ոչ թե մեկ-երկու ժամ, այլ վեց-յոթ, որ կարողանան հաղթահարել դժվարությունները, նորությունները: Ի դեպ, դրանք Հայաստանի համար են նորություն: Ես հասկանում եմ, որ աստիճանաբար պետք է առաջ գնանք, չորս տարում բավականին քայլեր արեցինք, ու հիմա նորից հետ ենք գնում: Մենք ունենք մտքի և մարմնի ճկունություն, աբստրակտ մտածելակերպ, այս ամենը կա, բայց չի օգտագործվում:
-Երբեմն լավ աշխատանքին ուղղակիորեն խոչընդոտում է ֆինանսը:
-Եղել է նման էտապ: Հիմա իմ գլխավոր պարողները 250 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Խումբը պիտի միասնական լինի, պետք է լիարժեք նվիրումով աշխատեն, որ արդյունք լինի: ՈՒզում են հին սովորությամբ` երբ ուզեն` գան աշխատանքի, երբ ուզեն` չգան: Եղել է շրջան, որ աշխատում էին ու արդյունքի էին հասնում: Իրենք էլ էին զարմանում, ուրախանում, ես էլ իրենց հետ: Հիմա, ինչպես բանակում, կան ավագներ, որ իրենց «լավ են զգում», ճնշում են երիտասարդներին, ովքեր վաղվա մեր լավագույններն են դառնալու: Իսկ ղեկավարությունից պահանջս միշտ եղել է այն, որ բարձրացնեն պարողների աշխատավարձը (որ նրանք չգնան պարելու ռեստորաններում, իրենց ներուժը դնեն բալետի մեջ) ու ներդրումներ անեն` նոր ներկայացումների համար: Նոր ներկայացման համար ֆինանսավորում չկա, հինը վերականգնելու համար չկա, բեմադրիչներ չենք կարողանում հրավիրել դրսից, բա ի՞նչ պետք է անես, ինչպե՞ս պետք է առաջ գնաս:
-Իսկ ասում են` օպերային թատրոնում մեծ գումարներ են պտտվում, պարզապես ճիշտ չեն ուղղորդվում, կարծեմ, Ձեզ էլ մեղադրում են ֆինանսական չարաշահումների մեջ:
-Սա էլ նոր բան է, ես ֆինանսի հետ ոչ մի առնչություն չունեմ: Շատ լավ կլիներ, որ ունենայի այդ իրավունքը` լավ աշխատողին հավելավճար տալու, վատ աշխատողի աշխատավարձը կտրելու, շատ վատ աշխատանքի դեպքում` հեռացնելու: Իսկ օպերային թատրոնում գումարներ, պարզվեց, կան. երբ պետք է, գումարներ հայթայթում են:
-Քիչ առաջ խոսեցիք բանակային «մշակույթի» մասին: Ինչպե՞ս պետք է այդ հոգեբանությամբ պարողները բեմում արվեստ ներկայացնեն:
-Ես հենց դա եմ ասում, որ փողոցի արժեքներն են բերում թատրոն: Բալետը սպորտ է, գումարած զգացական աշխարհն ու մտայինը, որը ղեկավարում է այդ ամենը: Դե, պատկերացրեք փողոցային արժեքներն ու այս գաղափարները:
Գիտե՞ք` ինչ եղավ անցած 25 տարիներին: Խորհրդային Միությունը քանդվեց, խորհրդային մոդելը, որ կար ամենուր, նաև բալետի մեջ, քանդվեց, չի գործում: Իսկ նորը, հայկական մոդելը ստեղծելու համար մերոնք ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ մտադրություն:
-Այսինքն, այն, ինչ կատարվում է Ձեր խմբում, անցումային փուլի արդյո՞ւնք է:
-Այո, բայց դա մի քիչ երկար տևեց: Մենք ժամանակ չունենք, աշխարհը մեծ արագությամբ առաջ է գնում: Երբեմն մտածում եմ, որ խնդիրն իմ մեջ է. գուցե ես ճանաչել եմ ամբողջ աշխարհի համակարգը, արվեստը, փորձը, ու դա ինձ հանգիստ չի տալիս: Գուցե պետք է թողնեմ, որ իր տեմպով, ոնց ուզում է, զարգանա բալետը մեզ մոտ: Բայց ափսոսում եմ, երբ տեսնում եմ, որ շատ հետ ենք:
-Դուք արդեն մեկ ամիս է` աշխատանքի չեք գնում: Սա ի՞նչ խնդիր է:
-Խնդիրն այն է, որ հենց սկզբից մշակույթի նախարարությունը չկանխեց այս վիճակը: Չգիտեմ, գուցե ինքնահոսի թողեցին, որ ես հոգնեմ, գնամ: Դա իմ կարծիքն է: Նման ավանդույթ կա: Երբ որևէ մեկը ցանկացել է ավելին անել, «խանգարել» է իրենց, ստորագրահավաք են արել, որ ազատվեն նրանից:
-Ցանկացած ոլորտում էլ այսօր նվազագույնը 6-7 ժամ աշխատում են, եթե խնդիրը շատ աշխատելն է:
-Այո, զարմանալի է: Խորհրդային ժամանակներում փոքր աշխատավարձը ստանում էին, սուրճը խմում էին և փիլիսոփայական կողմը կարողանում էին սրճարաններում դրսևորել: Բայց այսօր այդ միտքը պետք է գործի մեջ երևա: Չի երևում դա: Բալետը ծանր աշխատանք է: Ես նրանց մարմինը պետք է այնպես մարզեմ, որ մարմինը, հոգին ու միտքը մեկ ամբողջություն դառնան:
-Կարծում եք` ուղղորդո՞ւմ են ձեր պարողներին:
-Այո, ստորագրահավաք կազմակերպողը պաշտոնյայի անուն է տվել, ասել է, որ նա մեր կողմն է, բոլորդ ստորագրեք ու չմոռանաք, որ մենք ախպերներ ենք: Գուցե մեկ այլ տեղ աշխատում է այս մեխանիզմը, բայց ո՛չ օպերային բեմի վրա, արվեստում: Երևի ասում են` ինչքան շատ մարդ ստորագրի, այնքան շուտ կազատվեն ինձնից: Է, թող ազատվեն, ի՞նչ է եղել, ես ինչի՞ց եմ վախենում:
-Իսկ փոխարենն ի՞նչ են առաջակում: ՈՒնե՞ն նոր թեկնածու:
-Երբ ես ստանձնեցի ղեկավարությունը, բալետային ներկայացումները տխուր վիճակում էին, խաղացանկը` փոքր, հնացած: Ով էլ լինի, առանց ֆինանսավորման, աշխատանքային նորմալ պայմանների, ոչինչ փոխել չի կարող:
-Բալետի նոր սերունդ ունե՞նք:
-Այո, Հայաստանն աղբյուրի նման անընդհատ տալիս է: Երիտասարդներ կան, նրանց պետք է ուղղորդել: Նորից պետք է ասեմ, որ ես գիտեմ հայերի բնական տաղանդի մասին ու դրսի մարդկանց մասին, որ տաղանդ չունեն, բայց շատ ավելի աշխատասեր են ու շատ ավելիին են հասնում, քան մերոնք: Տաղանդը պետք է դրսևորվի աշխատանքի մեջ:
-Դրսում ներկայանալու մասին խոսք կարո՞ղ է լինել:
-Կոնկրետ եվրոպական երկրներում ներկայանալու մասին խոսելը վաղ է, քանի դեռ նման պայմաններում ենք աշխատում:
-Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի: Բարեփոխումների միտում չե՞ք տեսնում:
-Նոր տնօրենն ի՞նչ կարող է անել, երբ ինքն արդեն շրջապատված է այն մարդկանցով, ովքեր այս ամեն ինչը կազմակերպում են: Պիտի հրաշագործ լինի, որ մի բան փոխի:
-Համակարգային փոփոխություննե՞ր են պետք:
-Անպայման: Թատրոնը պետք է փակվի, նորից բացվի, նոր պայմանագրեր ստորագրվեն:
-Օպերային թատրոնում համերգային ծրագրեր են իրականացվում: Սա նույնպես քննադատությունների տեղիք է տալիս:
-Այս ամբողջ եռուզեռը սկսվել է նրանից, որ խախտվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նշանակությունը: Մենք ունենք սիմֆոնիկ նվագախումբ, որը նվագակցող է, երաժշտությունը պետք է ենթարկվի բեմի դրամատուրգիային: Ես կոնֆլիկտ ունեի դիրիժորի հետ, երբ բեմադրում էի «Ռոմեո և Ջուլիետ»: Ասում էի` հեղինակը ես եմ և երաժշտությունը ենթարկվում է բեմական ռեժիսուրային: Կոնֆլիկտն այն էր, որ ինքն էր ուզում մեկնաբանել ներկայացումը` առանց հասկանալու բեմական արվեստի առանձնահատկությունները: Մենք բալետներ ունենք, որոնց համար սիմֆոնիկ նվագախումբը հրաժարվում է նվագակցելուց: Դարձել է կարապի-խեցգետնի-գայլաձկան պատմությունը: Ղեկավարներն էլ մեկ սրա կողմն են անցնում, մեկ` նրա: Պետք է ծառայել հայկական արվեստին, ոչ թե սրա-նրա կողմն անցնել: Ինձ սպանե՛ք, բայց թող բալետը լավը լինի: Սա՛ է իմ ուզածը:
-Ձեզ երեսով են տալիս, որ մութ ու ցուրտ տարիներին դրսում եք եղել: Ի դեպ, հիմա ընդունված է դրսում ապրող հայրենակիցներին քննադատելը:
-Շատ են ասում, որ փափուկ կյանքով եմ ապրել: Ես մեկ վայրկյան չէի կարող ուշանալ աշխատանքից, անընդհատ մրցումների մեջ էի: Դա է, որ զարգացում է բերում: Փափուկ կյանքով ապրել են նրանք, ովքեր ուշացել են աշխատանքից կամ աշխատանքի գնացել են` ըստ իրենց ցանկության:
-Կգնա՞ք Հայաստանից, եթե վատ ավարտվի այս պատմությունը:
-Ես տարին երկու անգամ դուրս եմ գնում, վարպետության դասեր եմ տալիս: Չեմ մտածում` կղեկավարե՞մ բալետը, թե՞ ոչ, միայն կցավեմ, որ նորից չհաջողվեց, չկարողացա նրանց արթնացնել:
-Բալետային արվեստն ինչպե՞ս կբնութագրեիք:
-Բալետը բարձրագույն արտահայտությունն է ձևի: Ամեն մարդ բեմ չի բարձրանում, պետք է գեղեցիկ, դեպի վեր ձգված մարմին ունենա: Երբ շատ ես պարապում, մարմինը դեպի վեր է ձգվում, կապվում է տիեզերքի հետ: Շատ գաղտնիքներ ունի բեմը:
Այսօր կա հին և նոր բալետ: Ես ուզում էի, որ հինը լավ կատարվի, ու ձգտենք նորին: Նորը այսօրվա գաղափարներն են, արագությունը, կյանքը, որ արտացոլվում է բեմի վրա: Չենք կարող անընդհատ հին ձևի մեջ մնալ: Մենք ուզում ենք մնալ հին ձևի մեջ, բայց աղջիկները հաստլիկ լինեն, պարուհու տեսք չունենան, երբ ուզեն գան աշխատանքի, որովհետև ընտանիք ունեն: Ես հասկանում եմ, բայց հանդիսատեսը, որ գալիս է ներկայացում դիտելու, ինչո՞ւ պիտի վճարի վատ բան տեսնելու համար: Դա նույնն է, որ գնաս խանութ, քեզ վատ ապրանք առաջարկեն: Սա էլ մեր հոգևոր սնունդն է ու շատ ավելի կարևոր, ավելի տևական, քան մարդու կյանքը:
Բեմն իր էսթետիկան ունի, բեմը կապն է մեր և երկնքի:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հ. Գ.- Մեր զրույցից հետո տեղեկացանք, որ Ռուդոլֆ Խառատյանն աշխատելու է որպես հրավիրված բալետմայստեր, իսկ թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:
«Հուլիսին որակավորման մրցույթ է անցկացվելու, հնարավոր է, օպերային թատրոնից շատ մարդիկ դուրս մնան: Մենք մեր փոքր շրջանակով որոշեցինք, որ ադմինիստրատիվ աշխատանքը ժամանակավորապես թողնեմ, որպեսզի ներկայացումները տեղի ունենան: Որովհետև բալետային խումբը բոյկոտում է ներկայացումները: Որոշման հիմքում սա էր ընկած»,- ասաց Ռուդոլֆ Խառատյանը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ