Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հովիկ Աբրահամյանը «դեմ» է

Հովիկ Աբրահամյանը «դեմ» է
23.04.2014 | 20:06

Այսօր կառավարությունը որոշել է վերանայել նախորդ վարչապետի որոշումը և խմբագրւմներ անել կենսաթոշակային բարեփոխումների մեջ: Նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ օրենքում «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է: «Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ հանրապետության նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ եւ այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որեւէ ենթատեքստի, եւ ես հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման եւ միասնական աշխատանքի ուղեցույց»,-ասել է վարչապետը և շարադրել է այդ կետերը:

1. Կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, եւ մենք պարտավոր ենք ապահով եւ արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ սոցիալական կարգավիճակից: Հետեւաբար, դրան պետք է հասնենք բոլորս միասին, համատեղ ջանքերով: Կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասարակական բոլոր ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Դեմ եմ» շարժման, ինչպես նաեւ այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ անհատների հաղթանակը:

2. 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:

3. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ ընդունելի` հասարակության լայն շերտերի համար:

4. Այսօրվանից մենք անցնում ենք «Կենսաթոշակային բարեփոխումներ՝ առավելագույն ճկունության պայմաններում» բանաձեւին: Դա նշանակում է, որ նպատակին հասնելու ենք հնարավորինս ընդունելի ու անցավ ճանապարհով եւ, որ ամենակարեւորն է, միասնական աշխատանքի շնորհիվ:

5. Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար եւ կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

6. Եվ այն պահին, երբ ձեզ հետ միասին ինքս էլ համոզվեմ, որ արդեն գտել ենք ՀՀ սահմանադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի եւ ընկալելի է նաեւ մեր քաղաքացիների տարբեր շերտերի համար, այն ժամանակ բոլորիդ խոստանում եմ, որ հետեւողականորեն իրագործելու եմ այն: Եթե նույնիսկ մնան փոքր խմբեր, որոնք կշարունակեն ընդդիմանալ, ես կրկնակի հետեւողական կլինեմ՝ յուրաքանչյուրին անձամբ բացատրելով, որ իրենք սխալվում են, բայց դրա համար նախ ինքս պետք է վստահ լինեմ, որ ճիշտ ենք գործում:

Վերջում Հովիկ Աբրահամյանն էլ է միացել «դեմ»-ին:
«Դե՛մ եմ, որ որեւէ մեկը որեւէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը, դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձեւով կյանքի կոչվեն, դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որեւէ հարց բաց կամ չպարզաբանված մնա, դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարեւոր ծրագրում որեւէ շահառու խմբի ձայն չլսված մնա: Դեմ եմ: Բայց, որ ավելի կարեւոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն»,- հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ