«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Օրասիո Կիրոգայի «Պատմություններ սիրո խենթության և մահվան մասին» ժողովածուից

Օրասիո Կիրոգայի «Պատմություններ սիրո խենթության և մահվան մասին» ժողովածուից
25.04.2014 | 19:17

Օրասիո Կիրոգա

ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆԸ

Այս տարվա մարտի քսանին Սանտա Ֆեի շրջանի Չակոյի գյուղերից մեկի բնակիչները մի կատաղած մարդու ետևից էին ընկել, որը հրացանն իր կնոջ վրա պարպելուց հետո մի կրակոցով սպանել էր իր առջևով անցնող մի բատրակի: Հարևանները զինված հետապնդել էին նրան անտառում, ինչպես վայրի գազանի, ի վերջո գտել ծառը բարձրացած, հրացանն էլ հետը, սարսափելի ձևով ոռնալիս: Ստիպված էին եղել մի կրակոցով սպանել նրան:


*****


Մարտի 9

Այսօր արդեն երեսունիններորդ օրն է, ժամ առ ժամ հաշված, ինչ կատաղած շունը գիշերը մեր սենյակ մտավ: Եթե հիշողությանս մեջ պետք է որ մի բան մնացած լինի, դա այն երկու ժամն է, որոնք հաջորդեցին այդ պահին:
Մեր տունը դռներ չուներ, բացի այն սենյակից, որտեղ մայրս էր ապրում, և քանի որ հենց սկզբից նա պնդել էր, որ վախենում է, մեր հապճեպ տեղափոխվելու առաջին օրերին ուրիշ բան չեմ արել նրա սենյակի դուռ-լուսամուտների համար տախտակներ սղոցելուց բացի: Մեր սենյակում, սպասելով, որ գործերից ավելի թեթևացած լինեմ, կինս վուշե պարկացու կտավից հրաշալի ձևված դռներով էր բավարարվել (ճիշտ է, իմ կողմից մի փոքր ճնշման տակ): Քանի որ ամառ էր, այդ խստաշունչ հարդարանքից ո՛չ մեր առողջությունն էր տուժում, ո՛չ էլ մեր վախը: Այդ պարկացու կտավե դռներից կենտրոնական միջանցքի վրա բացվող դռան միջով էր կատաղած շունը ներս մտել ու կծել ինձ:
Ես չգիտեմ արդյոք ընկնավորի ճիչն ուրիշների մեջ է՞լ է վայրի և մարդկային բոլոր սահմաններից դուրս աղաղակի զգացողություն առաջացնում, ինչպես իմ մեջ: Բայց համոզված եմ, որ գիշերը համառորեն մեր տան շուրջը պտտվող կատաղած շան ոռնոցը բոլորի մեջ էլ նույն դժնդակ տագնապը կհարուցի: Դա կարճ, մետաղական, հոգեվարքային կաղկանձ է, ասես կենդանին շունչը փչելիս լինի արդեն, և այնքան չարագուշակ բան ունի իր մեջ, որքան կատաղած կենդանին կարող է ներշնչել:
Սև շուն էր, ականջները կտրած: Եվ հակառակի պես, ինչ եկել էինք, շարունակ անձրև էր տեղում: Ջրով շրջափակված անտառ, կարճատև և թախծոտ օրեր, գրեթե դուրս չէինք գալիս տնից, և չդադարող փոթորկի մեջ ամայացած գյուղը չափազանց մռայլել էր մորս հոգին:
Դրան էլ գումարած` կատաղած շները: Մի առավոտ բատրակը մեզ ասաց, որ անցյալ գիշեր մեկը ման էր գալիս իր տանը և կծել էր իր շանը: Երկու գիշեր առաջ էլ չալտիկ մի շուն էր շատ այլանդակ ձևով ոռնացել անտառում: Ըստ նրա` շատ էին: Ես ու կինս մեծ կարևորություն չտվեցինք հարցին, սակայն ոչ մայրս. նա սկսեց ասել, որ մեր կիսասարք տունը սարսափելի անապահով է: Ամեն վայրկյան միջանցք էր դուրս գալիս և ճանապարհին նայում:
Այնուամենայնիվ, երբ մեր տղան այդ առավոտ գյուղից ետ եկավ, հաստատեց այդ ամենը: Կատաղության արագ տարածվող համաճարակ էր պայթել: Մի ժամ առաջ էին մի շան ետևից ընկել գյուղում: Մի բատրակ հասցրել էր մաչետեով նրա ականջին հարվածել, և կենդանին փսլինքը թափելով, մռութը գետնին քսելով և պոչը առջևի թաթերի արանքը քաշած, անցել էր մեր տան ճանապարհով, կծելով իր ճամփին հայտնված մի մտրուկի և մի գոջու:
Դեռ էլի նորություններ կային: Մեր հարևան դաստակերտում այդ նույն առավոտյան մի ուրիշ շուն անօգուտ փորձել էր կովերի գոմը ցատկել: Մի հսկա նիհար շուն ձի հեծած մի տղայի ետևից էր ընկել հին նավամատույցի արահետում: Երեկոյան կողմ անտառից դեռ գալիս էր շան հոգեվարքային կաղկանձը: Եվ որպես վերջնական փաստ, ժամը իննին քառատրոփ երկու գործակալ եկան, որ արդեն հայտնի կատաղած շների առանձնահատուկ նշանները հաղորդեն մեզ և խորհուրդ տան վերին աստիճանի զգույշ լինել:
Լիուլի առիթ կար, որ մայրս եղած կենսախնդության մնացորդ էլ կորցներ: Չնայած իր` ամեն ինչի հանդեպ կայուն հանդարտությանը, նա սարսափում է կատաղած շներից` երեխա ժամանակ պատահած մի ահավոր դեպքի պատճառով: Նրա նյարդերը, որ արդեն գրգռված էին շարունակ մթամած ու անձրևոտ երկնքից, իսկական տեսախաբություններ էին ծնում, իբր դարպասից վազելով շներ էին ներս մտնում:
Իրական առիթ կար այդ սարսափի համար: Այստեղ, ինչպես ամենուրեք, որտեղ աղքատ մարդիկ ավելի շատ շուն ունեն, քան կարող են պահել, տներն ամեն գիշեր կողոպուտի են ենթարկվում քաղցած շների կողմից, դրա համար էլ գործի վտանգները` կրակոց կամ քարի վատ հարված, իսկական գազանների են ծնունդ տվել: Առաջ են գնում քայլ-քայլ, կորացած, մկանները թուլացած: Նրանց քայլքը երբեք չի զգացվում: Գողանում են (եթե այս բառը իմաստ ունի այստեղ), երբ անտանելի քաղցն է պահանջում: Չնչին շշուկի դեպքում չեն փախչում, որովհետև դա աղմուկ կհանի, այլ հեռանում են քայլ-քայլ, թաթերը ծալելով: Հանդամաս հասնելով, կծկվում են և այդպես հանգիստ սպասում կես կամ մեկ ժամ, որպեսզի նորից գան:
Ահա այստեղից էր գալիս մայրիկի տագնապը, որովհետև մեր տունը բազմիցս կողոպտվածներից մեկն էր, և անշուշտ, մեր գլխին կախված էր այն կատաղած շների այցելության վտանգը, որոնք հիշելու էին իրենց գիշերային ուղին:
Եվ իրոք, այդ նույն օրը, երբ մայրիկը, մի փոքր իր տագնապը մոռացության տված, դանդաղաքայլ դեպի դարպասն էր գնում, նրա ճիչը լսեցի.
- Ֆեդերի՛կո, կատաղած շու՜ն:
Մի չալ շուն, մեջքը կորացրած, ուղիղ գծով կույր-կույր վազքով առաջ էր գալիս: Երբ տեսավ գալիս եմ, կանգ առավ` մեջքը տնկելով: Ետ-ետ գնացի` առանց մեջքով շրջվելու, որ հրացանս վերցնեմ, բայց կենդանին հեռացավ: Ապարդյուն ոտնատակ տվեցի ճանապարհը, չգտա նրան:
Երկու օր անցավ: Գյուղը շարունակում էր ամայացած մնալ անձրևից ու թախծից, մինչդեռ կատաղած շների թիվն ավելանում էր: Քանի որ երեխաներին չէր կարելի ամայացած ճանապարհներին շներին հանդիպելու սարսափելի վտանգին ենթարկել, դպրոցը փակվեց, և արդեն առանց երթևեկի մնացած գլխավոր ճանապարհը, այսպես դպրոցական եռուզեռից զրկվելով, որը ժամը յոթին և տասներկուսին աշխուժություն էր հաղորդում նրա ամայությանը, գերեզմանային լռության մեջ թաղվեց:
Մայրս չէր համարձակվում բակից դուրս մի քայլ անել: Աննշան հաչոց լսելիս ցնցվելով նայում էր դարպասին, և մութը հազիվ ընկած` հանդամասի միջով առաջացող ֆոսֆորափայլ աչքեր էր տեսնում: Ընթրիքն ավարտելով` փակվում էր իր սենյակում, ականջը սրած ենթադրյալ կաղկանձներին:
Երրորդ գիշերն արթնացա, շատ ուշ էր արդեն. այնպիսի տպավորություն ունեի, թե ճիչ եմ լսել, բայց չէի կարողանում հստակեցնել զգացողությունս: Սպասեցի մի քիչ: Եվ հանկարծ կարճ, մետաղական, սարսափելի տանջալից մի կաղկանձ վետվետաց միջանցքի ներքևում:
- Ֆեդերի՜կո, - լսեցի մորս ծայրաստիճան հուզված ձայնը, - զգացի՞ր:
- Հա, - պատասխանեցի` անկողնուց դուրս սահելով: Բայց նա լսել էր աղմուկը:
- Ի սեր Աստծո, կատաղած շու՜ն է: Ֆեդերիկո, դուրս չգա՛ս, Աստծու սիրուն: Խուա՛նա: Ամուսնուդ ասա՛ թող դուրս չգա, - բացականչեց հուսահատ` կնոջս դիմելով:
Մեկ ուրիշ կաղկանձ փայթեց, այս անգամ մեջտեղի միջանցքում, դռան առաջ: Սարսուռի բարակ անձրև ողողեց ինձ ողնուղեղիցս մինչև գոտկատեղ: Չեմ կարծում, թե ավելի չարագույժ բան կարող է լինել, քան կատաղած շան կաղկանձն այդ ժամին: Նրա ետևից մորս հուսահատ ձայնն էր բարձրանում:
- Ֆեդերի՜կո: Քո սենյա՜կն է մտնելու: Դուրս չգաս, Աստված իմ, դուրս չգա՛ս: Խուա՛նա, ամուսնուդ ասա՛…
- Ֆեդերի՜կո, - թևիցս կախվեց կինս:
Սակայն իրադրությունը կարող էր ճակատագրական դառնալ, եթե ես սպասեի, որ կենդանին ներս մտներ, և լամպը վառելով, հրացանս ցած բերեցի: Կողքից բարձրացրի դռան կտավը և ուրիշ բան չտեսա, բացի դրսի թանձր մշուշի սև եռանկյունուց: Հազիվ հասցրի մարմինս դուրս հանել, երբ զգացի, որ պինդ ու գաղջ մի բան է հպվում ազդրիս. կատաղած շունը մեր սենյակ էր մտնում: Գլուխը թափով ետ շպրտեցի ծնկի հարվածով, բայց նա անսպասելի կծեց և վրիպեց` ատամները պարզորոշ իրար զարկելով: Բայց մի ակնթարթ հետո սուր ցավ զգացի:
Ո՛չ կինս, ո՛չ մայրս գլխի չընկան, որ կծել էր ինձ:
- Ֆեդերի՛կո: Այդ ի՞նչ էր, - գոռաց մայրս, որ լսել էր իմ կանգ առնելն ու ատամների շրխկոցն օդում:
- Ոչ մի բան. ուզում էր ներս մտնել:
- Օ՜հ…
Եվ կրկին, այս անգամ մորս սենյակի ետևում պայթեց չարագույժ կաղկանձը:
- Ֆեդերի՜կո: Կատաղա՜ծ է: Կատաղա՜ծ է: Դուրս չգա՜ս, - խելագարված բացականչում էր մայրս` իրենից մեկ մետրի վրա զգալով կենդանու ներկայությունը:
Աբսուրդ բաներ կան, որոնք արտաքուստ արդարացիորեն տրամաբանական են թվում: Ես դուրս եկա լամպը մի ձեռքիս, հրացանս` մյուս, ճիշտ այնպես, ասես վախեցած մի առնետի էի փնտրում, որն ինձ լիակատար ազատություն էր տալու, որ լույսը գետնին դնեմ և եղանի ծայրով սպանեմ իրեն:
Միջանցքներում շրջեցի: Ոչ մի շշուկ չէր լսվում, բայց սենյակներից հրացանի ճայթյունին սպասող մորս և կնոջս խելքահան անող անհագստությունն էր ինձ հետևում:
Շունը հեռացել էր:
- Ֆեդերի՛կո, - ձայն տվեց մայրս` զգալով, որ ետ եմ գալիս վերջապես, - Գնա՞ց շունը:
- Կարծում եմ` այո, չեմ տեսնում: Ինձ թվում է քայլերը լսեցի, երբ դուրս եկա:
- Հա, ես էլ զգացի… Ֆեդերիկո, կարո՞ղ է քո սենյակում լինի… Ախր դուռ չունի, Աստվա՜ծ իմ: Ներսու՛մ մնա: Կարող է ետ գալ:
Իրոք կարող էր ետ գալ: Գիշերվա երկուսն անց քսան էր: Երդվում եմ, որ շատ ծանր էին այն երկու ժամերը, որոնք ես ու կինս լույսը վառած անցկացրինք, մինչև լուսացավ, նա` պառկած, ես` անկողնում նստած` ծածանվող կտավն անդադար հսկելով:
Դրանից առաջ մշակել էի վերքս: Հստակ երևացող կծոց էր` երկու կապտած անցք, որոնք որքան ուժ ունեի սեղմեցի և պերմանգանատով լվացի:
Ես խիստ վերապահումով էի հավատում կենդանու կատաղությանը: Նախորդ օրվանից սկսել էին թունավորել շներին, և մեր շան մի տեսակ շշմած վարքը ինձ հօգուտ ստրիխնինի էր տրամադրում: Մնում էր չարագուշակ կաղկանձը և կծոցը, բայց ամեն դեպքում ես առաջինին էի հակված: Այստեղից էլ հավանաբար գալիս էր իմ համեմատաբար անփույթ վերաբերմունքը վերքիս նկատմամբ:
Վերջապես օրը եկավ: Ժամը ութին մեր տանից չորս տուն այն կողմ մի անցորդ ատրճանակի մի կրակոցով սպանեց աներկբայորեն կատաղած վիճակում վազող սև շանը: Մենք անմիջապես իմացանք այդ մասին, և ես իմ հերթին մի իսկական ճակատամարտ ունեցա մորս ու կնոջս հետ, որ Բուենոս Այրես չեմ իջնում` ներարկում ստանալու: Բաց վերքը պինդ սեղմել էի, առատորեն լվացել քայքայիչ պերմանգանատով: Եվ այդ ամենը կծելուց հինգ րոպե հետո: Էլ ի՞նչ դիվային բանից կարող էի վախենալ այս հիգիենիկ միջոցառումներից հետո: Տնեցիներն ի վերջո հանգստացան, և քանի որ համաճարակը (որ ամենայն հավանականությամբ այս կողմերում երբեք չտեսնված անդադար անձրևների ճգնաժամով էր պայմանավորված), գրեթե միանգամից դադարեց, կյանքը վերստին իր բնականոն հունի մեջ մտավ:
Սակայն դրանից մայրս ու կինս չդադարեցին և չեն դադարում ժամանակի ճշգրիտ հաշվարկը պահել: Դասական քառասուն օրը շատ ծանրակշիռ է, հատկապես մայրիկի համար, և անգամ այսօր` առանց թեթևակի խանգարման իսկ անցած երեսունինը օրերով հանդերձ, նա վաղվա օրվան է սպասում, որպեսզի խոր հոգոցով հոգուց թոթափի այն գիշերվանից մնացած մշտարթուն սարսափը:
Միակ անախորժությունն ինձ համար թերևս այն էր, որ կետ առ կետ հիշում էի կատարվածը: Հավատում եմ, որ վաղը գիշերը քառասուներորդ օրվա հետ միասին կավարտվի այս պատմությունը, որը կնոջս ու մորս աչքերը վրաս գամված է պահում, ասես հիվանդության առաջին ախտանշանները փնտրելիս լինեն իմ մեջ:


*****

Մարտի 10

Վերջապե՜ս: Հույս ունեմ, որ այսուհետ կկարողնամ նորմալ մարդու նման ապրել, ում գլխին մահվան պսակ չկա կախված: Արդեն անցավ հայտնի քառասուն օրը, և տագնապը, հետապնդումների մոլուցքը և ինձնից սպասվող սարսափելի բղավոցները նույնպես անցան առհավետ:
Կինս և մայրս երջանիկ իրադարձությունը յուրահատուկ ձևով նշեցին. կետ առ կետ պատմեցին ինձ, թե ինչ սարսափներն են տարել` ինձ ցույց չտալով: Իմ ամենաանշան անտրամադիր վիճակը նրանց մահացու տագնապների էր ենթարկել: Կատաղությու՞նն է սկսվում, - հառաչում էին: Եթե երբևէ առավոտյան ուշ էի արթնացել, ժամեր շարունակ մեռած-չթաղած վիճակում են եղել, սպասելով այլ ախտանշանների: Մատիս առաջացած զզվելի ինֆեկցիան, որ երեք օր ինձ ջերմության ու անհամբերության մեջ պահեց, նրանց համար կատաղության բացահայտ ապացույց էր եղել. այստեղից էլ ահա գալիս էր նրանց շփոթմունքը, որ քողարկված լինելուց է՛լ ավելի տառապալից էր:
Եվ այսպես, տրամադրությանս աննշան փոփոխությունը, թեթևակի ճնշվածությունս քառասուն օրվա ընթացքում բազում անհանգիստ ժամեր էր բաժին հանել նրանց:
Չնայած այս հետին թվով խոստովանություններին, որ միշտ էլ անախորժ են այն մարդու համար, ով խաբված է եղել, անգամ սրբագույն բարի կամքի դեպքում, ես բարեհոգաբար ծիծաղեցի: - Ա՜խ, որդիս: Չե՜ս պատկերացնի, թե մոր համար ինչ ահավոր է այն միտքը, որ իր որդին կարող է կատաղած լինել: Ցանկացած այլ բան… բայց կատաղա՜ծ, կատաղա՜ծ…
Թեև կինս ավելի ողջամիտ է, բայց նա էլ է իր խոստովանածից ավելի շատ շեղվել: Բայց, բարեբախտաբար, վե՛րջ: Զոհի, մահվան այդպիսի անհեթեթ սպառնալիքի տակ, վայրկյան առ վայրկյան հսկողության տակ գտնվող մանկան այդ վիճակն այնքան էլ գայթակղիչ չէ, համենայն դեպս: Վերջապե՜ս: Նորից հանգիստ կապրենք, և երանի թե վաղը, մյուս օրը գլխացավով չարթնանամ վերակենդանացած խելագարությունների համար:


*****

Մարտի 15

Կցանկանայի բացարձակ հանգիստ լինել, բայց անհնարին է: Կարծում եմ, որ այլևս ոչ մի հնար չկա, որ այս ամենը վերջ ունենա: Ամբողջ օրը խեթ հայացքներ, անվերջանալի փսփսոցներ, որ դադարում են հանկարծ, երբ իմ քայլերն են լսում, դեմքիս արտահայտության ջղաձիգ լրտեսում, երբ սեղանի շուրջ նստած ենք լինում, այս ամենը գնալով անտանելի է դառնում: - Բայց ի՜նչ կա, ասեք խնդրեմ, - նոր ասացի նրանց, - Որևէ աննորմալ բա՞ն եք գտնում իմ մեջ, ճիշտ ինձ նման չե՞մ, ինչպես միշտ եղել եմ: Արդեն սկսում է զզվեցնել այս կատաղած շան պատմությունը: - Բայց Ֆեդերի՜կո, - պատասխանեցին` զարմանքով դեմքիս նայելով: - Բայց քեզ բան չե՜նք ասել, չենք էլ հիշել դրա մասին:
Այլ բան չե՜ն անում, այնուամենայնիվ, ուրիշ ո՛չ մի բան, բացի գիշեր-ցերեկ, ցերեկ-գիշեր ինձ լրտեսելուց, որ տեսնեն, թե իրենց շան այդ տխմար կատաղությունն արդյոք թափանցե՞լ է իմ մեջ:

*****

Մարտի 18

Արդեն երեք օր է ապրում եմ այնպես, ինչպես հարկն է և ինչպես կուզենայի ապրել ողջ կյանքս:
Հանգիստ են թողել ինձ, վերջապե՜ս, վերջապե՜ս, վերջապե՜ս:


*****

Մարտի 19

Նորի՜ց: Նորի՜ց են սկսել: Արդեն աչքները չեն կտրում ինձնից, կարծես իրենց ուզածն է կատարվում. որ ես կատաղած լինեմ: Հնարավո՞ր բան է, որ երկու ողջամիտ մարդ այսքան բութ լինեն: Հիմա այլևս չեն թաքցնում և արագ-արագ, բարձրաձայն իմ մասին են խոսում. բայց, չգիտեմ ինչու, ոչ մի բառ չեմ կարողանում հասկանալ: Հենց մոտենում եմ, միանգամից լռում են, և հազիվ մի քայլ եմ անում, վերսկսվում է գլխապտույտ շաղակրատանքը: Չկարողացա ինձ զսպել և կատաղած ետ դարձա. - Դե խոսե՛ք, երեսի՛ս ասեք, դա ավելի համարձակ կլինի:
Չուզեցի լսել, թե ինչ ասացին, և հեռացա: Սա արդեն կյա՛նք չէ, որ ես եմ ապրում:


*****
Երեկոյան ժամը 8

Ուզում են գնա՜լ: Ուզում են գնա՜նք: Ա՜խ, ես գիտեմ, թե ինչու են ուզում լքել ինձ…


*****

Մարտի 20 (առավոտյան ծամը 6)

Ոռնոցնե՜ր, ոռնոցնե՜ր: Ամբողջ գիշեր միայն ոռնո՛ց եմ լսել: Ամբողջ գիշերն ամեն վայրկյան արթնանալո՛վ եմ անցկացրել: Շնե՛ր, գիշերը միայն շներ կային տան շուրջը: Իսկ կինս ու մայրս խորը քնա՜ծ էին ձևանում, որ ես աչքերով միայնա՛կ կլանեմ ինձ նայող բոլոր շների կաղկանձը…


*****

Առավոտյան ժամը 7

Օձե՛ր կան միայն: Տունս լի՛ է օձերով: Երբ լվացվում էի, լվացարանակոնքին երեք օ՛ձ կար փաթաթված: Բաճկոնիս աստառին շա՛տ կային: Ու էլի՛ կան: Ուրիշ բանե՛ր էլ կան: Կինս տունս իժերո՛վ է լցրել: Մազմզոտ հսկա սարդե՛ր է բերել, որոնք ետևիցս են ընկել: Հիմա՛ եմ հասկանում, թե ինչու է գիշեր-ցերեկ լրտեսում ինձ: Հիմա՛ եմ ամեն բան հասկանում: Դրա համա՛ր էր ուզում գնալ:


*****

Առավոտյան ժամը 7.15

Բակը լի՛ է իժերով: Մի քայլ չե՛մ կարող անել: Ո՛չ, ո՜չ…
Օգնությո՜ւն…

*****

Կինս վազելով գնո՛ւմ է: Մայրս գնո՛ւմ է: Ինձ սպանե՜լ են… Ա՜խ, հրացա՜նս… Անե՛ծք: Որսորդական կոտորակո՛վ է լիցքավորված: Բայց ոչի՜նչ…


*****

Ի՜նչ է գոռում, է՜: Վրիպեցի… Նորի՛ց օձերը: Այնտե՛ղ, այնտե՛ղ մի վիթխարի իժ կա… Ա՜խ: Օգնությո՜ւն: Օգնությո՜ւն


*****

Բոլորն ուզում են սպանե՛լ ինձ: Նրանց իմ դեմ են ուղարկել, բոլորի՛ն: Անտառը լի՛ է սարդերով: Տանից ետևիցս են ընկել…
Ահա մի ուրիշ մարդասպան է գալիս… Ձեռքի մեջ բռնած բերո՛ւմ է նրանց: Օձերին գետնին շպրտելո՛վ է գալիս: Բերանից իժերին հանելո՛վ է գալիս և դրանց գետնին է գցում իմ դիմաց: Ա՜խ, բայց նա երկար չի՛ ապրի… Խփեցի՛ նրան: Մեռա՛վ օձերի հետ միասին… Սարդեր՛ը: Վա՜յ: Օգնությու՜ն:

****

Ահա գալիս են, գալի՛ս են բոլորը… Ի՛նձ են փնտրում, ի՛նձ են փնտրում… Միլիոն օձե՛ր են բաց թողել վրաս: Բոլորը դրանց գետնին են դնում: Իսկ ես այլևս փամփուշտ չունե՛մ… Տեսան ինձ… Մեկը նշան է բռնում վրաս…

Իսպաներենից թարգմանեց Կարինե ՉՈԲԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 151853

Մեկնաբանություններ