Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մենք ուզում ենք ազատություն

Մենք ուզում ենք  ազատություն
29.04.2014 | 00:32

Ապրիլի 25-ին Անվտանգության խորհրդում ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մամլո ասուլիս էր հրավիրել իր կյանքի երկրորդ հրաժարականը ներկայացնելու համար` այս անգամ ԱԽ քարտուղարի պաշտոնից: Թեպետ անսպասելի ոչինչ նրա քայլում այլևս չկար. ՕԵԿ-ի քաղխորհրդի որոշման հրապարակումից հետո ասուլիսը հավաքել էր Հայաստանում գործող համարյա բոլոր լրատվամիջոցները և տևեց երեք ժամից ավելի: ՈՒ որքան կրկնվում էին հարցերը, նույնքան ինքն իրեն կրկնում էր Արթուր Բաղդասարյանը` ամեն անգամ հավելելով ևս մի նրբագիծ: Վեց տարվա լռությունից հետո նա ասելիք ուներ, բայց այդ ասելիքը ավելի շատ հարցեր է հարուցում, քան պատասխաններն էին պարունակում:

ԵՍ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԱՍՈՒՄ, ՈՐ ԱՅՍ ԿԱՌՈՒՅՑՆ ԱՅՍՕՐ ԿԱՅԱՑԱԾ Է
Վերջին քաղաքական զարգացումների համապատկերում ՕԵԿ-ը որոշել է քաղաքական կոալիցիայի մաս չկազմել: Որպես պետական, քաղաքական գործիչ` ուզում եմ նշել, որ վերջին 6 տարիներին մեր աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց Հայաստանում Ազգային անվտանգության խորհուրդը իսկապես կայացնել որպես Հայաստանում ու մեր սահմաններից դուրս ճանաչելի մի կառույց, որն ունի կարևոր դերակատարություն մեր երկրի ներքին ու արտաքին հիմնահարցերին ու մարտահրավերներին արձագանքելու գործում: 6 տարիները եղել են համատեղ աշխատանքի տարիներ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԽ նախագահին, ԱԽ բոլոր անդամներին և, իհարկե, ողջ աշխատակազմին: ԱԽ նիստերում ընդունվել են 55 կարևորագույն փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայաստանի ռազմավարական զարգացմանը: Այս 6 տարիներին ԱԽ-ում մենք մեր երկրում իրավիճակային լուծումներից, կարճաժամկետ տեսլականից անցանք երկարաժամկետ լուծումների, երկարաժամկետ ռազմավարական պլանավորման տարաբնույթ ոլորտներում: Միայն մեկ օրինակ բերեմ. առաջին անգամ Հայաստանում հաստատվեց սպառազինության ու ռազմական տեխնիկայի 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը, համաձայն որի` մեր երկիր են ներկրվում նորագույն սպառազինություններ ու ռազմական տեխնիկա: ԱԽ-ն ինստիտուցիոնալ իմաստով իսկապես կարողացավ կարևորագույն դեր ունենալ մեր երկրի զարգացման մեջ: Ես հպարտությամբ եմ ասում, որ այս կառույցն այսօր կայացած է:

ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԻՆԳ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Մեր քաղխորհրդի որոշման մեջ սպառիչ շարադրված են դրդապատճառները, որոնցից ելնելով ՕԵԿ-ը նպատակահարմար չգտավ քաղաքական կոալիցիայի մաս կազմել: Ես կառանձնացնեի հինգ դրդապատճառ. 1-ին` ՀՀ նախագահի հայտարարությունը ՍԴ բարեփոխումների հանձնաժողովի նիստում, որ ինքն այլևս չի հավակնում ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն և քաղաքական գերակայություն է համարում ՀՀԿ-ի հետագա իշխանական դերակատարման ապահովումն ընտրություններում: Եթե հարցնեք` Դուք նախընտրում էիք, որ նախագահը երրորդ անգա՞մ ընտրվեր, կպատասխանեմ` Բելառուսի և Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ սահմանադրություններ փոխելով` նախագահները երկարացրել են իրենց գործունեության ժամկետները: Լավագույն ավանդույթի հիմքը դրվեց Լեռնային Ղարաբաղում, երբ Արկադի Ղուկասյանը, ի տարբերություն Իլհամ Ալիևի, Սահմանադրության ընդունումից հետո ոչ միայն չերկարաձգեց իր իշխանավարման ժամկետը, այլև հայտարարեց, որ երկու անգամից ավելի նախագահ չի լինի: Դրան հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի օրինակը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից շատ կարևոր է և ենթադրում է որոշակի փոփոխություններ ներքաղաքական կյանքում: 2-րդ` սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստը։ 3-րդ` ՍԴ որոշումը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու մասին: 4-րդ` կառավարության հրաժարականը: 5-րդ` նոր վարչապետի նշանակումը և նոր կառավարության ձևավորումը: Որպես 17 տարի կուսակցության ղեկավար, որ քաջածանոթ է ՀՀ քաղաքական դաշտի բոլոր վայրիվերումներին, ինձ իրավունք վերապահում եմ ասելու, որ այս հինգ գործոնները նոր իրավիճակ բերեցին ՀՀ քաղաքական դաշտ: Նոր իրավիճակով պայմանավորված` ՕԵԿ-ը ընդունեց քաղաքական որոշում` կոալիցիային այլևս մաս չկազմել:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՄԵՆՔ ՈՉ ՄԵԿԻ ՏԵՂԸ ՉԵՆՔ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ
ՕԵԿ-ը ԱԺ ամենաակտիվ ու մրցունակ խմբակցություններից է եղել: ՕԵԿ-ը 2013-ին ճանաչվեց լավագույն խմբակցություն ԱԺ-ում: ՕԵԿ-ն այսօր 200 մայր օրենքների ու բազմաթիվ լուսավոր նախաձեռնությունների, հրապարակումների հեղինակ է` մեր ժողովրդին հուզող հիմնահարցերի տեսանկյունից: Անկախ տարաբնույթ չարախոսություններից` ՕԵԿ-ն ապացուցել է իր մրցունակությունը վերջին 17 տարիներին և մշտապես ունեցել է կայուն քաղաքական դերակատարում: Գնահատելով վերջին վեցամյակում կուսակցության քաղաքական գործունեությունը կոալիցիայի կազմում, մենք արձանագրում ենք, որ մեզ չհաջողվեց ունենալ վճռորոշ դերակատարություն: Որոշումների կայացման գործընթացում քաղաքական կոալիցիաները պետք է ունենան եթե ոչ համաչափ, գոնե որոշիչ դերակատարում: Երկրի զարգացման ռազմավարական տարաբնույթ հարցերում մեզ չի հաջողվել մեր տեսակետները դարձնել իրականություն: Երկրի ռազմավարական ազդեցիկ պետական պաշտոնների փոփոխություններում մեզ հնարավորություն չի տրվել ազդեցություն ունենալ, և մենք որոշել ենք ընտրել ապագայի մեր ճանապարհը: Քաղաքական դաշտում մենք ոչ մեկի տեղը չենք զբաղեցնում, մենք առաջարկում ենք ապագայի մեր օրակարգը, որը պայմանավորված է մեր ծրագրային հիմնադրույթներով: ՕԵԿ-ը, ինչպես նախկինում, այսուհետ էլ վճռական է իր ծրագրերը կյանքի կոչել: ՕԵԿ-ը 6 տարի ԱԺ-ում շրջանառության մեջ 36 օրինագիծ ունի, որոնք հնարավորություն չենք ունեցել օրենք դարձնել: Հասկանալով մեր իրական ազդեցության չափը իշխանության մեջ, հասկանալով մեր պատասխանատվության չափը իշխանության մեջ, մենք ընդունել ենք այդ որոշումը: Ինչ կարողացել ենք անել, շնորհակալ ենք մեր գործընկերներին, ինչ ծրագրել ենք անել, պատրաստ ենք համագործակցել այդ գաղափարներով մտահոգ, շահագրգիռ բոլոր ուժերի հետ:

ԵՍ` ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՍ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ
Դուք երբևիցե չեք կարող գտնել մեկ հրապարակում, որտեղ ես ասել եմ, որ Հայաստանը պետք է լինի ՆԱՏՕ-ի կազմում: Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ` Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն` ելնելով մեր երկրի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ռազմավարական շահերից: Մենք այսօր ՌԴ-ի հետ ունենք ռազմավարական գործընկերություն, որը բխում է մեր երկրի երկարաժամկետ անվտանգության ապահովման գերակայությունից, մեր երկրի տնտեսական զարգացման անհրաժեշտությունից, մեր ժողովուրդների ավանդական կապերից և ավելի քան 2,5 միլիոն հայերի առկայությունց ՌԴ-ում: Միևնույն ժամանակ ես` Արթուր Բաղդասարյանս, հայտարարում եմ, որ սա ամենևին չի նշանակում, որ մենք հարաբերություններ չպետք է ունենանք ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ, այլ ռազմավարական գործընկեր ունենալով` պետք է կարողանանք ուժային մյուս կենտրոնների հետ կառուցել մեր հարաբերությունները:

ՆԱ ԿԿԱՌՈՒՑԻ ՀԱՊԿ ԱԿԱԴԵՄԻԱ
Ես կգլխավորեմ ՀԱՊԿ ակադեմիան իբրև խորհրդի նախագահ: Կարծում եմ` ակադեմիան կարևոր դերակատարում կունենա ոչ միայն մեր երկրում, այլև ՀԱՊԿ-ի տիրույթում, հաշվի առնելով առաջիկայում Եվրասիական միության ստեղծումը: Ակադեմիան ԱԳՆ-ում գրանցվելու է իբրև միջազգային կազմակերպություն և կկարողանա իր կարևորագույն առաքելությունն իրականացնել:

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՒԼՆ ԱՆՑՆՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՌԴ միգրացիոն օրենքի ընդունումից հետո ստեղծված իրավիճակում ես նամակ գրեցի իմ գործընկերոջը` Պատրուշևին, շնորհակալություն եմ հայտնում օպերատիվ արձագանքի համար: Աշխատանքային խմբերն աշխատեցին, կազմեցինք փաստաթուղթ, ստորագրեցինք Մոսկվայում: ՀՀ քաղաքացիների համար այլևս չեն հարուցվելու արհեստական դժվարություններ: ՌԴ-ում միգրացիոն օրենք է ընդունվել, այո, բայց կա միջպետական պայմանագիր, որն ունի ավելի բարձր իրավական ուժ օրենքներից: Մենք պայմանավորվել ենք, որ ռիսկային գոտում գտնվող քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվի մինչև Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը: ՄՄ-ին անդամակցումը ենթադրում է ՄՄ-ի անդամ երկրների համար բոլորովին այլ միգրացիոն ռեժիմ: Անցումային փուլն անցնցում անցնելու համար մենք չորս կետից բաղկացած գործողություններ ենք կատարելու: Սև ցուցակում հայտնված մարդկանց մենք կշարունակենք օգնել` չնայած իմ հրաժարականին: Մոտ 60000 մարդու արգելված էր ՌԴ մուտքը, 210000 մարդ ռիսկային գոտում էր, 500000 մարդ արդեն մեկ-երկու խախտում ունի և երրորդի դեպքում վտարվելու է: Խոսքը վերաբերում է այնտեղ գտնվող մարդկանց: Դժվարագույն բանակցություններից հետո մենք այս հարցերը կարգավորեցինք, կա ճանապարհային քարտեզ, որը կիրականացվի ժամանակացույցով: Մենք ունենք 2,5-միլիոնանոց սփյուռք ԱՄՆ-ում, որը ռեալ դերակատարում ունի ԱՄՆ-ում որոշումների կայացման գործընթացում բազմաթիվ հարցերում: Մենք պետք է հաշվի առնենք ԵՄ-ում հայկական համայնքի ազդեցիկ դերը: Նույնը պետք է լինի ՌԴ-ում բնակվող 2,5 միլիոն հայերի հետ, որ կարողանում են պահել Հայաստանում բնակվող իրենց հարազատներին:

ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾ ԱՆԵԼ, ԻՍԿ ՄԵԶ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ
Ինչո՞ւ ենք կոալիցիայից դուրս գալիս: Որովհետև ուզում ենք գործ անել, իսկ մեզ չի հաջողվում: Որոշ գործեր հաջողվել են, որոշ գործեր չեն ստացվում: Մեր ազդեցությունը որոշումների կայացման վրա սահմանափակ է: 6 տարում փոխվել է ԱԺ 4 նախագահ, 3 վարչապետ, 36 օրենքի նախագիծ ենք շրջանառության մեջ դրել: Սուպերմարկետների մասին օրինագիծը 6 տարի չենք կարողանում անցկացնել, այս տարվա հունվար-փետրվարին հազարից ավելի փոքր խանութներ են փակվել Երևանում` ըստ պաշտոնական վիճակագրության: Չե՞ն քննարկել օրինագիծը, իհարկե, քննարկել են, տասնյակ հայտարարություններ են եղել, առաջարկներ, ու վերջ: Այդ 36 օրինագծերը կյանքի կոչելու համար մենք համագործակցելու ենք և քառյակի հետ, և ՀՀԿ-ի հետ: Այսօր Երևանով քայլում ես, ամեն քայլափոխին գրված է` «Վաճառվում է»: Դա ամեն մի հայրենասեր մարդու ցավ է պատճառում: Ինչո՞ւ չընդունենք սուպերմարկետների մասին օրինագիծը: Երեք անգամ Տիգրան Սարգսյանի հետ քննարկել ենք, երեք անգամ ասել է` այո, բայց ոչ մի անգամ կառավարությունից դրական եզրակացություն չի ստացվել: Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում ամուսնացող զույգին հնարավոր է միանվագ ֆինանսական աջակցություն ցույց տալ, Հայաստանում` ոչ: Մարդիկ ընտանիք չեն կազմում, որովհետև տուն պահելու փող չունեն: Նման օրինակները շատ են:

ՎԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՎ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԷԻՔ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ՞Ն
Ինչո՞ւ ես անցած տարի աջակցեցի Սերժ Սարգսյանին: Ես տասնյակ հանդիպումներ եմ ունեցել և մարդկանց հորդորել եմ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Որովհետև մարդու հետ անցել ենք ճանապարհ և մտածել ենք` այս 5 տարին անցավ, պաշտոնավարման երկրորդ ժամկետում կարող ենք մեր տեսակետներն ավելի վճռական կյանքի կոչել: Բայց հիմա տեսնում ենք, որ որոշումների վրա չունենք այն ազդեցությունը, որի համար կոալիցիա ենք մտել: Մենք կոալիցիայի մեջ էինք մեր ծրագրերը կյանքի կոչելու համար: Մենք մեր որոշումները կայացրել ենք ստեղծված իրավիճակից ելնելով` կա ՀՀԿ, որ ունի բացարձակ մեծամասնություն, մենք հաջողություն ենք մաղթում նրանց, թող կարողանան իրենց ծրագրերն իականացնել: Ինձ հարցրել են` 6 պատգամավորով հավակնում էիք վարչապետի պաշտոնի՞ն: Բայց ինչո՞ւ 6, մենք եղել ենք 76, մենք եղել ենք քաղաքական կոալիցիա: Թե՞ մտածում են, որ կարելի է հաշվել 6, երբ իրենց է պետք, իսկ երբ բյուջեն է ընդունվում 70 ձայնով, երբ բազմաթիվ վիճահարույց քվեարկություններ են ՕԵԿ-ի քվեներով կյանքի կոչվում, պիտի մոռանա՞ն:

ԵՍ ՈՒՆԵՄ ԱՊԱԳԱՅԻ ԻՄ ՕՐԱԿԱՐԳԸ, ՈՐ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԻ ՀԵՏ
Ես չեմ կարծում, որ այսօր սահմանադրական բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են: Մենք ունենք լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Որպես քաղաքական ուժ` պատրաստ ենք քննարկումներին մասնակցել և մեր տեսակետները հայտնել: Ինձ ծանոթ է բարեփոխումների մեկ օրինակ, որը կարդալով` չեմ կարծում, որ բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են: Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել է իր համար, նա հստակ հայտարարեց, որ ինքը նպատակ չունի առաջադրվել ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոններում, ավելին` ասաց, որ իր համար քաղաքական գերակայություն է ՀՀԿ-ի որոշիչ դերակատարության ապահովումն ապագա խորհրդարանում: Հենց դա է մեր տարաձայնության պատճառներից մեկը: Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, բայց կյանքում լինում է, որ ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Մենք հիմա գնում ենք մեր ճանապարհով, ես ունեմ ապագայի իմ օրակարգը, որ չի համապատասխանում Սերժ Սարգսյանի տեսալականի հետ:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ՈՒՇԱՑԱԾ ԷՐ
Մենք եղել ենք կառավարության կազմում, ունենք պատասխանատվության մեր նվազ չափը, բայց ես կարծում եմ, որ կառավարության հրաժարականը հիմնավորված էր, ավելին` նույնիսկ ուշացած: Ես իմ ելույթներում ու հարցազրույցներում միշտ ասել եմ, որ կառավարությունը պետք է գործի առավել ագրեսիվ, նպատակաուղղված, իմ դիրքորոշումը հայտնել եմ և ՀՀ նախագահին: Այնուամենայնիվ, չնայած բոլոր խնդիրներին, կառավարությունը գործել է, լուծե՞լ է իր առաջ դրված խնդիրները, միանշանակ ոչ: Դուք հիշում եք Սերժ Սարգսյանի հայտարարությունը 7 տոկոս տնտեսական աճի մասին, կառավարությունը 3,5 տոկոս աճ ապահովեց: Ես ավելի նախաձեռնողական կառավարության կողմնակից եմ և կարծում եմ, որ փոփոխությունն իսկապես անհրաժեշտ էր:

ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ՏԱՐՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵՐ ԵՐԿՐՈՒՄ

Կոալիցիա վերադառնալու հավանականությունը բացառում եմ: Մենք քաղաքականության մեջ չենք հավակնում որևէ մեկի տեղը զբաղեցնելուն, մենք կաշկանդված չենք որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությամբ, ՕԵԿ-ը պատրաստակամ է համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ, այդ թվում` քառյակի: Բազմաթիվ հարցերում ՕԵԿ-ը այդ կուսակցությունների հետ խորհրդարանում համագործակցել է. ամեն ինչ կախված է կոնկրետ խնդիրներից, օրակարգից, այն գործողություններից ու խնդիրներից, որոնք կդրվեն հրապարակային քննարկման: ՕԵԿ-ը լինելու է քաղաքական դաշտի ամենաակտիվ դերակատարներից մեկը, ինչպես եղել է, ով էլ չարախնդա: Քաղաքականության մեջ հավերժական թշնամիներ չկան ու չեն լինում: Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա. ամեն երկրում կան մի քանի հիմնական ուժեր, այսօր Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը գտնվում են խորհրդարանում և, ինչպես իմ թվարկած երկրներում, նրանք մեկ իշխանություն են, մեկ` ընդդիմություն, դա գործընթաց է: Լավ կլիներ, որ տարրական քաղաքագիտական գրագիտություն լիներ երկրում: Քաղաքագիտության մեջ կա երկու թև` իշխանություն կամ ընդդիմություն, վերջ: Այլընտրա՞նքը: ԲՀԿ-ն իր տեսակետն է հռչակել, և իմ գործը չէ նրանց քննադատելը, ես խոսում եմ քաղաքագիտությունից ու միջազգային փորձից: ՕԵԿ-ը լինելու է ընդդիմություն: Մենք հանուն մեր ծրագրերի ու նպատակների հրաժարվում ենք մեր պաշտոններից: Մենք կոալիցիա ենք մտել ժողովրդի համար և այսօր էլ դուրս ենք գալիս ժողովրդի համար` ինչքան էլ ամպագոռգոռ հնչի, մենք չենք ուզում, որ տեսական դասախոսություններով իմիտացիոն լուծումներ տրվեն կենսական հարցերին: Մենք ուզում ենք ռեալ արդյունքներ: Մենք ուզում ենք ազատություն:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին ես տեղեկացել եմ որոշման նախորդ օրը, ՀՀ նախագահից: Պատճառների հետ ես առնչություն չունեմ: Սա նաև մեր կոալիցիայից դուրս գալու պատճառներից է. չի քննարկվել` ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը հանվեց, չի քննարկվել` ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց: Մենք հաջողություն ենք մաղթում իշխող քաղաքական ուժին. ում ուզում են` հանեն, ում ուզում են` նշանակեն, չորս անգամ խորհրդարանի նախագահ են նշանակել, մեկ անգամ կոալիցիայի նիստ չի եղել: Դա ընկերության հետ կապ չունի: Քաղաքականությունն ու ընկերությունը տարբեր հասկացություններ են:

Ի՞ՆՉ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ
Իմ և Սերժ Սարգսյանի հարաբերությունները նորմալ են` մարդկային և աշխատանքային: Ես, իհարկե, քննադատելու եմ այն քայլերը, որոնք կհամարեմ սխալ ու անարդյունավետ, միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք աջակցել բոլոր ճիշտ քայլերին: Եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա կլինի ոչ բարոյական քայլ, որովհետև Սերժ Սարգսյանի հետ մենք 6 տարի աշխատել ենք, ավելին` նա ինքն է հայտարարել ակտիվ քաղաքականությունից իր հեռանալու ու երկրում վճռորոշ պետական պաշտոններից հրաժարվելու մասին: Նույնիսկ` ի զարմանս ինձ: Ի՞նչ իմաստ ունի հրաժարական պահանջել: Դուք ասում եք` ԱԺ նախագա՞հ դառնա: Հավատացեք ինձ, որ չորս տարի աշխատել եմ, ԱԺ նախագահի պաշտոնն ավելի շուտ սիմվոլիկ է, քան ազդեցություն ունի որոշումների կայացման վրա: Խորհրդարանական կառավարման դեպքում խորհրդարանի ղեկավարը խորհրդանշական դեր ունի, գլխավոր դերակատարը վարչապետն է:

ՄԵՆՔ ԿՍՊԱՍԵՆՔ 100 ՕՐ
Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նույնպես ունենք համատեղ աշխատանքի անցած ճանապարհ: Մեր քաղաքական խորհրդի որոշման մեջ գրված է` մենք հաջողություն ենք մաղթում Հովիկ Աբրահամյանին իր գործունեության մեջ: Երկիրը լրջագույն խնդիրներ ունի, ներքին ու արտաքին մարտահրավերները չափազանց շատ են, իսկապես անհրաժեշտ են հավակնոտ, նորարարական, արդյունքին միտված լուծումներ: Ինչպիսին կլինի նոր կառավարությունը, ցույց կտա ժամանակը: Մենք նոր կառավարությանը չենք խանգարելու, մենք կսպասենք 100 օրն անցնի, հետո քաղաքական գնահատական կտանք կառավարության գործունեությանը:

ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հնարավո՞ր են արտահերթ ընտրություններ: Երբ Ռոբերտ Քոչարյանն անցած տարի մի հարցազրույց տվեց, լրագրողները ինձ հարցրին` հնարավոր համարո՞ւմ եք երկրորդ նախագահի վերադարձը: Ես նման հավանականությունը չբացառեցի: Ամենատարբեր զարգացումներ կարող են լինել Հայաստանում, իհարկե, լավ կլինի, որ բոլոր գործընթացները ընթանան հավուր պատշաճի: Իսկ դատողություններ պետք է անել կայացած փաստերի շուրջ:

ԴԵՌ ՇԱՏ ՋՐԵՐ ԿՀՈՍԵՆ
Ես չեմ բացառում, որ 2018 թ. կառաջադրեմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում, բայց այսօր խիստ վաղաժամ է այդ մասին խոսել, դեռ շատ ջրեր կհոսեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Այսպես: Իհարկե, ասուլիսում եղավ առաջիկայում ևս լրագրողների հետ հանդիպելու և բացարձակ հրապարակային գործունեության խոստում: Արթուր Բաղդասարյանն այդպես էլ չասաց` եթե իշխանության մեջ ՕԵԿ-ը չի կարողացել իր ծրագրերը կյանքի կոչել, ի՞նչ երաշխիք, որ ընդդիմություն լինելով կարողանալու է: Որովհետև ոչ մի երաշխի՞ք: Նաև: Բայց ակնհայտ է, որ պատճառը միայն օրենսդրական անտեսվածությունը չէ, ոչ էլ պաշտոններից հեռու պահվելը: Ապագայի իր օրակարգում ՕԵԿ-ը տեսնում է իշխանություն վերադառնալը, ինչպես որևէ նորմալ քաղաքական ուժ, հարց է` ինչպե՞ս: Ամբողջ ասուլիսային խոսակցությունը պտտվում էր քաղաքական դաշտում, ինտրիգների ու չինտրիգավորվելու, ասեմ-ասեսի, անեմ-չանեմի, բայց երկրում դեռ կա ժողովուրդ, որ ունի ոչ միայն հիշողություն, այլև փորձառություն: Ճիշտ է` քաղաքական դաշտում «ժողովուրդ» հասկացությունը գործառնում է իբրև «ընտրող», իսկ ընտրությունները Հայաստանում բոլորովին այլ կիրառական նշանակություն ունեն, բայց երկիրը` երկիր ու պետությունը` պետություն է իր քաղաքացու և քաղաքացիների ընդհանրությամբ: Գուցե այդ պատճառով էլ այսօր այս իրավիճակն է:

Դիտվել է՝ 1331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ