USD478.20
EUR559.83
RUB8.05
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Fresco
«Իրատեսը» մեկնում է արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 5-ին: Կայքը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Բանաստեղծական ներկայություն

Բանաստեղծական ներկայություն
09.05.2014 | 14:59

«Ելք երկրից» ժողովածուն ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ շուրջ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում է բանաստեղծական ներկայության: Ընդ որում` անհրաժեշտ ներկայության: Նրա զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային-ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Խմբագիր` Հակոբ Մովսես: Ձևավորումը` Սամվել Փարթամյանի: Գրքում օգտագործված են դրվագներ Էդուարդ Խարազյանի «Ձորաղբյուր» կտավից:
Ընթերցողին ենք երկայացնում մի հատված նրա «Գիշերաքայլ» պոեմից:

Եվ պատկերը փակվեց: Փռվեց ուրիշ պատկեր,
Ես ինձ գտա դարձի ճանապարհին,
Բլուրները ուրցի բուրմունքի մեջ պառկել,
Նայում էին Հայոց լեռնապարին:

Նրանց երակներում պահված աղի ցոլքից
Սարսռացին ձյուներն Արարատի,
Ես քայլեցի երկար և այս կախարդանքից
Միայն հետո ելա կաթիլ-կաթիլ:

Միայն ժամեր հետո կարողացա դարձյալ
Ձուլվել ճանապարհին, շնչին օրվա,
Գնամ, վերադառնամ, էլի մի օր անցավ,
Անշարժացավ` ինչպես քար գլորված:

Ի՞նչ է մնում անել, ես ի՞նչ անեմ հիմա,
Որ պատկերը նախկին ցոլա իմ մեջ,
Մի՞թե շարունակվող ճամփորդության դիմաց
Ես ոչ մի բան չունեմ, որ վճարեմ:

Ինձ տվեցին ձեռքեր, ինձ տվեցին աչքեր,
ՈՒրախ եղիր, ապրիր` ասացին ինձ,
Եվ ես ահա խաղաղ երկնքի տակ պառկել
ՈՒ նայում եմ, բայց չեմ տեսնում ոչինչ:

Ես խոսում եմ երկար, բայց չեմ ասում մի բան,
Որ եղբորըս դառնա սպեղանի,
Պահանջում եմ մինչդեռ, ձգտում անվերապահ
Հրավիրյալ լինել ճոխ սեղանին:

Քո անունը դարձյալ եթե ցնցի մեկեն,
Ես ո՞ւմ և ի՞նչ պիտի պատասխանեմ,
Երբ ձեռքերս ծալել ու գլուխս եմ թեքել`
Կխնայե՞ն, տեսնես, թե՞ կսպանեն...

Քո անունը դարձյալ եթե ցնցի մեկեն,
Ես ո՞ւմ և ի՞նչ պիտի պատասխանեմ,
Երբ ձեռքերս ծալել ու գլուխս եմ թեքել`
Կխնայե՞ն, տեսնես, թե՞ կսպանեն:

...Բայց բխում է լույսը կեսգիշերի կրծքից,
Եվ շողում է աղը բլուրների,
Ես շարժում եմ ձեռքս` որոնելու կրկին
Շնչառությունը քո անհատնելի:
Ես շարժում եմ ձեռքս ու բռնում եմ դարձյալ,
Շոշափում եմ սիրտը իմ բաբախող,
Կանաչ-կարմիր ելնում ճառագայթը անձայն
Եվ կիսում է միջից գիշերը խոր:

Ո՞վ է նստած կողքիս: Նա շուրթերը շարժել,
Բարբառում է բույրով մեղր ու կաթի,
Եվ մնում է միայն շարժըվելով շարժվել,
Շրթունքներով հպվել ճառագայթին:

Եվ մնում է միայն... Բայց չի տրվում երբեք
Շնչառությունը քո անանձնական,
Քո քարերի վրա և ջրերի բեկ-բեկ
Ես կախված եմ իբրև մեծ հարցական:

Չեմ գոհանում ջրով, չեմ շենանում քարով,
Թափառում է աչքս` ուր պատահի,
Եվ դառնում եմ դարձյալ դժգույն ու անկարող`
Կորցընելով անվերջ ճանապարհին:

Չգտնելով բնավ` կորցընում եմ անվերջ
Քո անունը, բույրը, պատկերը ձույլ,
Եվ անցյալից հանված սափորի պես կավե
Թախանձում եմ, տենչում մի կաթիլ ջուր:

Որ չմնամ ցամաք և որ չփշրվեմ
Սալքարերին կյանքի անդարձորեն,
Ես ուզում եմ` հիմա հաջորդ տողին գրվեն
Նռան երեք հատիկ, մի բուռ ցորեն:

Մնացյալը կանչն է` սափորի մեջ ննջող,
Մնացյալը մութ է անհուսորեն,
Եվ թող նորից անցնեն հաջորդ տողի միջով
Նռան երեք հատիկ, մի բուռ ցորեն:

Մինչև նռան խորքից քո պատկերը ցոլա,
Եվ ցորենը դառնա քանց մի մասուր,
Մինչև իջնեն իբրև զուլալ արտացոլանք
Քո անունը, կամքը, ուժը հասուն:
...Պատսպարված ծխով ու մտքերով խառնակ,
Չզորելով գոնե ձեռքս շարժել`
Ետ ճանապարհ ընկա: Նորից պիտի դառնա՞մ:
Եվ գնացքը ցնցվեց: Ձգվեց: Շարժվեց:


ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
«Գիշերաքայլ» - 1984-ի նոյեմբերին, երեկոյան աշխատանքից տուն եկա, ասացի` գնում եմ գյուղ` Նախիջևան: Չսպասեցի, որ հաջորդ օրը ոստիկանությունից անցաթուղթ առնեի (սահմանային գոտի էր): Գնացք նստեցի, Նախիջևանը ծայրեծայր անցա, իջա Կապան: Ավագ-Վաչիկ Եփրեմյանների տանը մի օր մնացի, անցա Սիսիան ու ոտքով մոտ 30 կմ իջա դեպի Նախիջևան, մայրուղուց թեքվեցի 7 կմ` մեր գյուղ: Գիշերեցի (դեռ երեք հայ ընտանիք կար), շրջեցի` մեր տուն, խաղավայր, դպրոց, եկեղեցի, գերեզմանոց: Նույն ճամփով վերադարձա Սիսիան ու Երևան: Այս ճամփորդությունն է: Պոեմի ամեն գլխում ճանապարհի մի հատվածն է ու գյուղը ու հետդարձը:

Դիտվել է՝ 48092

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ