Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու»

«Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու»
13.05.2014 | 11:11

Որպես մարդ արարած տեսակ (homo sapiens), մենք համատիեզերական արարչագործության մեջ անկրկնելի ենք ու միակը։ Մի՛ լսեք զանազան վարկածներով կերակրող գիտունիկներին, թե իբր այլմոլորակային էակներ կան. դրանք չարի հնարքներ են, որ դուք կորցնեք մարդ էակի ձեր զգոնությունը ու բաց թողնեք միակ փրկության առիթը, որ ընձեռվում է այս կյանքում։ ՈՒ որպես այդպիսին, նաև մեր դերն ու առաքելությունն ունենք արարչագործության մեջ, բայց որի մասին, ավա՜ղ, շատերը չգիտեն ու ապրում են որպես կենդանական տարատեսակ։ Ասված խոսքերը եթե խիստ են թվում, ապա բացե՛ք մարդաստեղծ Աստծո Սուրբ գիրքը՝ Աստվածաշունչը, ու կարող եք կարդալ այս խոսքերի հավաստումը. «Տերն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի»: «Մարդը պատիվ ուներ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց» (Սաղմոսներ 13.2 և 48.13): Այսինքն, երբ մարդն իր մարդ լինելու պատիվը չի հասկանում, ինքն իրեն իջեցնում է անբան անասունների մակարդակի, որոնք միայն ուտում են, խմում, զվարճանում ու բազմանում։ Բայց իրեն Ստեղծող Աստծուն փնտրող ու իր հոգու համար մտահոգ մարդիկ ամեն ինչ անում են Տիրոջ խոստացած Երկնային Արքայությունը ժառանգելու համար։ Իսկ Պողոս առաքյալն ավելացնում է. «Առանց հավատի անհնար է Աստծուն մոտենալ»։
Սա որպես նախաբան կարդալուց հետո շարունակենք Աստծուն երկրպագելու մեր թեման։ «Երկրպագել» բառը երկու արմատից է բաղկացած. երկիր և պագանել՝ համբուրել բառերից: Այսինքն, Աստծո առջև ծնկելու ու մինչև երկիրը համբուրելու աստիճանի խոնարհվել: Եթե մեկն իրեն քրիստոնյա է համարում, ապա թող սա էլ իմանա, որ առանց Աստծուն երկրպագելու՝ իր աստվածպաշտությունը թերի է։ Այս խոսքերը իմը չեն, այլ անձամբ Աստծո անսուտն բերանից ելած խոսքեր։ Նախ կարդանք դրանցից մի քանիսը. «Հիսուսն ասաց նրան. «Հետիս գնա, սատանա՛, որովհետև գրված է՝ պիտի երկրպագես քո Տեր Աստծուն և միայն Նրան պաշտես» (Մատթ. 4.8)։
«Երբ քամին հանդարտվեց, նրանք, որ նավակի մեջ էին, մոտեցան, երկրպագեցին ու ասացին. «Արդարև Աստծո Որդին ես Դու» (Մատթ. 14.32)։
Երբ ի ծնե կույրը բժշկվեց, փարիսեցիները երկար հարցուփորձ արեցին, որ իմանան այդ հրաշքի բուն պատճառը, քանի որ չէին ուզում հավատալ և ընդունել, որ Հիսուսն է բժշկել նրան: Եվ այդ կույր ու անուս մարդն ուղղակի քարուքանդ արեց մտքով կարծրացած փարիսեցիների փաստարկները, ասելով. «Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թե մեկը ի ծնե կույր ծնվածի աչքերը բացած լինի: Եթե այդ մարդը Աստծուց չլիներ, որևէ բան չէր կարող անել»: Պատասխանեցին փարիսեցիները. «Ամբողջովին մեղքի մեջ ես ծնված և դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»: Եվ նրան դուրս հանեցին: Հիսուսը լսեց, թե նրան դուրս են հանել և երբ գտավ նրան, ասաց. «Դու Աստծո Որդուն հավատո՞ւմ ես»: Նա պատասխանեց. «Տե՛ր, ո՞վ է, որ Նրան հավատամ»: Հիսուս նրան ասաց. «Եվ տեսար Նրան, և Նա է, Ով խոսում է քեզ հետ»: ՈՒ նա ասաց. «Հավատում եմ, Տե՛ր», և երկրպագեց Նրան (Հովհ. 9)։
Համոզվեցի՞ք, որ ճշմարիտ հավատը երկրպագությամբ է ուղեկցվում, որպես առաջին ապացույց այդ կենդանի և իրական հավատի:
Բազմաթիվ այլ դեպքեր ու օրինակներ էլ կան Ավետարանում, երբ Հիսուսին ճանաչելով, թե ով է Նա, մոտենալիս երկրպագում էին Նրան ու նոր իրենց խնդրանքը ներկայացնում։ Իսկ հրեա մարդու համար երկրպագելը մի մարդու այդ ժամանակներում կհամարվեր սրբապղծություն, եթե նրանք համոզված չլինեին, որ իրենց առջև Ինքը՝ Աստված է, ինչպես Պողոս առաքյալը վկայեց Հիսուսի մասին, ասելով. «Հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը, որ (Աստված) մարմնով հայտնվեց...» (Ա Տիմոթեոս 3.16):
Երբ Արևելքի իմաստուն մոգերը եկան ու նորածին Հիսուսին գտան, հասկանալով, թե ՈՒմ առջև են կանգնած, ծնկի գալով երկրպագեցին Հրաշամանուկի առջև, Նրա մեջ տեսնելով երկինքն ու երկիրը ստեղծող Արարչի Որդուն։
Բայց մինչ այդ, հովիվները հրեշտակի ավետիսից հետո, իսկույն գնացին գտան Մանուկ Հիսուսին ու մեծ երկյուղով ու հավատով երկրպագեցին երկնային Հովվապետին: Այս մասին կա նաև տեսիլային նկարագրություն, երանելի Մարիա Վալտորտայի կողմից ստացված, ինչի մասին գրվել է մեղավորիս գրած «Սուրբ ընտանիք» գրքում:
Ինչքան էլ զարմանալի թվա ընթերցողներից շատերին, աստվածպաշտության կարևոր տարրերից մեկն էլ ոչ միայն լոկ հավատալն է, այլև երկրպագությունն է Աստծո առջև: Այդ պատճառով, եթե մասնակցում եք սուրբ պատարագներին, ապա տեսած կլինեք, թե ինչպես է պատարագիչ քահանան սուրբ Սեղանից հետ շրջվում ու խաչաձև կնքելով ժողովրդին, ասում. «Խաղաղություն ամենեցուն», որից հետո սարկավագաց դասը ավելացնում է. «Աստուծո՜յն երկրպագեսցո՛ւք»: ՈՒ ժողովուրդը, խոնարհվելով մինչև գետին, երկրպագություն է անում Աստծուն:
Նաև այս իմանաք, որ մեր երկրպագությունից է կախված մեր առողջությունը։
Հիմա կասեք, թե ի՞նչ կապ ունի երկրպագությունը առողջության հետ: Ասեմ, որ շատ մեծ, այն էլ ամենաուղիղ։ Բայց մինչ այս հարցին պատասխանելը, ավետարանական այս դրվագն էլ հիշենք. «Այդ օրերին Մարիամը վեր կացավ և շտապով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, մտավ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջույն տվեց: Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով» (Ղուկաս 1.39-41): Եկեղեցու սուրբ հայրերը այս դրվագը մեկնաբանում են, որ Մարիամի ողջույնից հետո Եղիսաբեթի որովայնում Հովհաննեսը՝ Հիսուսի ապագա Մկրտիչը, երկրպագեց Մարիամի որովայնում գտնվող Տեր Հիսուսին:
ՈՒ հղի շատ կանայք իրենք էլ են վկայել, որ պատարագի ժամանակ իրենց հետ էլ է նույն բանը եղել, երբ քահանան ասել է. «Աստծուն երկրպագե՛ք», այդ ժամանակ նրանց որովայնում երեխաները շարժվել, խաղացել են:
Հիմա դառնանք մարդու բջիջներին, որոնք անհատական ինքնությամբ են օժտված Արարչից և ապահովում են մարմնի կենդանության առողջ ֆունկցիան թե՛ ներսից, թե՛ դրսից, զինվորների նման պաշտպանելով մեզ մահաբեր բակտերիաներից, ուրեմն անհրաժեշտ է, նախ իրենք առողջ լինեն, այլապես հիվանդը հիվանդին ինչպես կարող է օգնել։ Տերն ասել է. «Բժի՛շկ, նախ քեզ բժշկիր»։
Բացի այն, որ Աստվածաշնչում Տերը հորդորում է մեզ աղոթք անել, որպեսզի զանազան փորձությունների մեջ չմտնենք, այլև բազմիցս ասում է, որ պետք է Իրեն երկրպագենք և օրհնենք։ Օրինակ 103-րդ սաղմոսում գրված է.
«Ով իմ անձ, օրհնիր Տիրոջը, ու այն ամենը ինչ իմ ներսում է՝ Նրա սուրբ Անունը։
Ով իմ անձ, օրհնիր Տիրոջը և Նրա բոլոր բարերարությունները մի մոռանա,
որ քավում է բոլոր անօրենություններդ
ու բժշկում է քո բոլոր հիվանդությունները,
որ փրկում է կյանքդ ապականությունից
և պսակում է քեզ ողորմությամբ,
որ լցնում է ծերությունդ բարությունով
ու քո մանկությունը նորոգում է արծվի պես»։
Եթե ուշադիր կարդացիք, ապա տեսաք, Աստծուն օրհնելով, սաղմոսերգուն իր ներսում գտնվող բոլոր բջիջներին նույնպես կոչ է անում օրհնելու Տիրոջ սուրբ Անունը, որ, բացի մեր մեղքերին քավություն շնորհելուց, նաև մանկությունից մինչև ծերություն ամեն տեսակի բարություններով է ապահովում, մարմնի բժշկության հետ մեկտեղ։ Եթե մասնակցել եք մեր եկեղեցու առավոտյան կամ երեկոյան ժամերգություններին, ապա լսել եք, թե ինչպիսի առատությամբ են օրհնում ու փառաբանում Աստծուն, երբեմն էլ երկրպագությամբ ընդմիջելով սաղմոսերգությունները։ Այսինքն, պետք է եզրակացնել, որ երկրպագությունը անում ենք մարմնով, իսկ հոգով խոնարհվում ու օրհնում ենք մեր Արարչին։
Բայց արի ու տես, այս կարևոր հանգամանքին շատ սակավ թվով քրիստոնյաներ են հետևում։ Ինքս շատ եմ այս թեմայի շուրջ խոսել և՛ առաքելական եկեղեցու, և՛ աղանդավորական խմբերի հավատացյալների հետ ու եկել այն համոզման, որ քչերը գիտեն Աստծուն երկրպագելու և օրհնելու կարևորությունը։ Ճիշտ է, Հիսուսն ասաց սամարացի կնոջը, որ Հայրն ուզում է, որ Իրեն հոգով և ճշմարտությամբ երկրպագեն, բայց, ինչպես համոզվեցինք, նաև բազմաթիվ տեղեր կան, որ դա պետք է նաև մարմնավոր կերպով կատարել, որովհետև մենք միայն մարմին չենք, այլև հոգի, որ մարմնում է բնակվում, և նա Իր Արարչին պաշտելու, երկրպագելու անհրաժեշտություն և պահանջ ունի։ ՈՒ եթե հիմա կամավոր չերկրպագենք, ապա երկնքում ստիպված կերկրպագենք, որովհետև գրված է, որ ամեն ծունկ պետք է ծռվի Տիրոջ առջև, բայց այդ երկրպագությունը կլինի առաջինն ու վերջինը, որովհետև այդպիսիները պիտի դատապարտվեն հավետ: Ինչո՞ւ եմ այս մասին գրում։ Հիշո՞ւմ եք, դեռ անցյալ տարի մենք գրեցինք սուրբ Շարբելի միջոցով բժշկությունների մասին։ Այդ սրբակենցաղ վանականը միայնության մեջ իր խցում աղոթել ու երկրպագել է Աստծուն և այնքան զորավոր է դարձել, որ իր մարմնից հոսող անուշաբույր յուղի հրաշագործություններով մահից հետո էլ է կարողանում օգնել մարդկանց:
Եվ այսպես, երբ մեր հոգուն զրկում ենք Իր Ստեղծողին օրհնելուց ու երկրպագելուց, նա տկարանում է, ինչպես բույսն առանց արևի: Այս էլ ասենք, որ քրիստոնյաները Աստծուն երկրպագություն են անում դեմքով դեպի արևելք ուղղված, ճիշտ արևածաղիկ կոչվող բույսի նման, որն իր գլխիկը միշտ դեպի արևն է թեքում, որի պատճառով էլ տռուզ ու համեղ սերմեր է ունենում, իսկ ստվերում աճող ու արևին չուղղված սերմերը լինում են փուչ ու նվազ։
ՈՒրեմն իմացանք, որ Աստծուն երկրպագելը մեր հոգևոր ու մարմնավոր առողջության անհրաժեշտ տարրերից է, քանզի մարդն ուղղահայաց է ստեղծվել՝ գլուխը վեր, իսկ մնացած կենդանիները գլուխները խոնարհած, քանի որ նրանք մարդուն ծառայելու համար են ստեղծված: Եվ մարդուն, որ իշխանական հոգով է ստեղծված, ոչ մեկի առջև երկրպագելու և նրան պաշտելու հրաման չի տրված, այլ միայն իր Ստեղծող Աստծու:
Մի անգամ ինչ-որ առիթով Վազգեն Ա Հայոց կաթողիկոսն ասել է. «Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու»։ Նմանապես և մենք կարող ենք ասել, եթե Աստծուն չերկրպագենք, ապա ստիպված պիտի լինենք մարդկանց երկրպագել կամ նրանց ստեղծած կուռքերին։ Այդպես էին նաև Իսրայելացի Միսաքը, Սադրակն ու Հաբեթնագովը, որոնք մերժեցին Նաբուգոդոնոսոր արքայի կուռքին պաշտել, ասելով, որ իրենք միայն երկինքն ու երկիրը ստեղծող Աստծուն են երկրպագում, ու այդ պատճառով կրակի հնոցը նետվեցին, բայց Աստված հրաշքով նրանց ազատեց այդ կրակից ու դրանով իսկ հասկացրեց, որ նրանց, ովքեր միայն Աստծուն են երկրպագում, Տերը կարող է զանազան փորձանքներից ազատել Իրեն ապավինողին ու երկրպագողին։
Բայց մարդն ինքն է որոշում` իր ազատ կամքով՝ երկրպագի՞ Աստծուն, թե՞ դրա փոխարեն ուրիշ չաստվածների ու կուռքերի պաշտի ու երկրպագի՝ սկսած պաշտոնից ու հարստությունից, վերջացրած սեփական երեխայով ու կնոջով:
Իսկ ժամանակակից լեզվագարները խառնում են հույժ կարևոր այս երկրպագություն բառը, որ միայն Աստծուն է արժանի, պիղծ կինոաստղերին ու սպորտային չեմպիոններին մեծարողների հետ՝ նրանց երկրպագուներ անվանելով:

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Իսկ հիմա արդեն գրեմ ինձ բացված գաղտնիքի մասին, և թե որն է այն նպատակը, որ մարմնավոր բժշկության մասին գրվում է նաև Աստծուն երկրպագելու անհրաժեշտության մասին:
Ինչպես բժշկական հանրամատչելի աղբյուրներից գիտենք, քաղցկեղը բջիջների քաոսային ու անկառավարելի մասնատումն է, որոնք տարածվում են ավշագեղձերի ու արյան հոսքի միջոցով և, ի վերջո, մարմնի որևէ օրգանում վերածվում են ուռուցքի: ՈՒրեմն իմացանք, որ քաղցկեղը բջջային համակարգի սխալ գործունեության հետևանք է, ասել կուզի, բջիջներն ապստամբել են իրենց տիրոջ դեմ, ում պետք է ծառայեին խոնարհաբար, բայց հիմա ըմբոստացած, իրենց պահում են ինչպես ուզում են. նրանք, այս ժամանակակից սերնդի նման, «մեղքի ազատություն են ձեռք բերել»՝ ապստամբելով իրենց տիրոջ դեմ: Իսկ եթե ամեն մի բջջի փոխարեն պատկերացնենք մի-մի մարդ, որոնցից շատերը Աստծուն մերժելով ու ապստամբելով Արարչի դեմ, ըմբոստ ու մեղսալից կյանքով են ապրում, Աստծո պատվիրանները զանց առած, իրենց ուզածն անելով, արդյունքում լինում են անբուժելի հիվանդություններ, մահտարաժամեր, քստմնելի դաժանություններ միմյանց հանդեպ, բաժանումներ ընտանիքներում, որբացած ու դժբախտ, անդամալույծ ու տառապող երեխաների մի հոծ բազմություն: Հիմա ողջ մարդկությունը հոգու քաղցկեղով է հիվանդ, ինչպես գրված է. «Չկամեցան ճանաչել Աստծուն, Աստված էլ նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն, լցված լինելով ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ...: Նրանք գիտեին Աստծո արդար դատաստանը, թե այդպիսի բաներ գործողները մահվան են արժանի, և ոչ միայն նրանք, այլև նրանք, ովքեր գործողներին հավանություն են տալիս» (Հռոմ. 1.26-32):
Հիշեցի՞ք, թե ինչից է սկսվում քաղցկեղը. բջիջների քաոսային ու անկառավարելի մասնատումից, ասել կուզի, անհնազանդությունից՝ տվյալ մարմնի տիրոջ հանդեպ, ում պետք է ծառայեին: Նույն բանն է կատարվում, երբ մարդիկ մերժելով Տիրոջ պատվիրանները, Աստծո հանդեպ ապստամբ ու անհնազանդ կյանքով են ապրում:
Իսկ գիտե՞ք, ինչից է սկսվել սպիդ հիվանդությունը, ոչ մի գիտնական չգիտի, եթե իմանային, միգուցե բուժումն էլ գտնեին: Աստվածաշնչում կա այդ պղծախտի բուն պատճառը: Կարդանք Պողոս առաքյալի թղթից. «Արդարև Աստծո բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ անհավատության և անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունն անիրավությամբ են բռնած պահում...: Որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին Նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին: Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում և հիմարացան...: Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկության, Աստված նրանց մատնեց պղծության, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մեջ, նրանք փոխանակեցին Աստծո ճշմարտությունը ստով...»: Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենն իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը» (Հռոմեացիներին 1. 18-27):
Երբ նոր սկսվեց ՍՊԻԴ-ի համաճարակը, հիշում եմ, գիտնականներն ասացին, որ այն առաջին անգամ հայտնաբերել են Նյու Յորքի արվամոլների թաղամասում: Բայց հետո «լեզուները կծեցին» (կամ «կծեցրին», չգիտեմ), մեկ ուրիշ վարկած հնարեցին, թե իբր այն աֆրիկյան մակակ ցեղի կապկից է առաջացել: Տեսա՞ք, թե ինչպես են ճշմարտությունը ստով փոխարինում. սա մեղավոր աշխարհի ձեռագիրն է, որի հատուցումը երկնային արդարությամբ է լինելու:
Կարևոր հիշեցում. եթե որևէ մարդ կամավոր չի պաշտում ու երկրպագում Արարիչ Աստծուն, ապա նա ակամա երկրպագում ու պաշտում է սատանային ու կրելու է դրա հետևանքը՝ թե՛ հոգեպես, թե՛ մարմնավոր հիվանդություններով:
Չնայած այժմյան բժշկագիտությունը սկսել է ուշադրություն դարձնել նանոտեխնոլոգիական մեթոդներին ու հասել մեծ հաջողությունների, բայց և այնպես դեռ չի կարողանում հաղթահարել վերջին դարերի ժանտախտը՝ քաղցկեղը, սպիդը կամ շաքարախտն ու մնացած ախտերը, որոնք բուն արյան հետ են կապված։ Բայց մենք թե՛ այս գրքում, և թե՛ այլ աղբյուրներից բազմաթիվ վկայություններ ունենք, որ այդ անբուժելի համարվող հիվանդությունները բժշկվել են, երբ դրանք հավատի թևերի տակ են բերվել, ու աղոթքներով արարչական Ձեռքերին հանձնվել։ Այսինքն, Սուրբ Հոգով ու հավատով եղած աղոթքով տվյալ հիվանդը դարձի գալով, Աստծուն հավատալով ու երկրպագելով ու օրհնելով Նրան, միաժամանակ իր ամբողջ բջջային համակարգն է հնազանդության բերել իր մարմնավոր տիրոջը:
Երբ եղբայրներից մեկն ինձ ասում է, որ մեջքը «բռնվել է», այսինքն՝ գոտկատեղի հոդային կամ նյարդային բորբոքում է, և չի կարողանում կռանալ կամ քայլել, ես նրան խորհուրդ եմ տալիս իր տարիքի չափ Աստծուն երկրպագել հնարավոր չափով, և ամեն երկրպագության ժամանակ ասել. «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմի՜ր Քո արարածներին, և ինձ՝ բազմամեղիս»: Ասեմ, որ սովորաբար օգնում է այս խորհուրդը, քանի որ մարդը մարմնի առողջության հետ մեկտեղ հոգևոր օգնություն է ստանում:
Դեռ իր ժամանակին Պողոս առաքյալն այս զարմանալի ու խորհրդաշատ խոսքերն է գրել. «Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» (Եբր 4.12)։
Եթե այս գրվածքը ժամանակակից գիտական լեզվով թարգմանենք, ապա կհասկանանք, որ Ամենատես Աստծո բժշկարար խոսքը աղոթքի միջոցով ներթափանցում է մարդու ուղեղի, հոգու և մարմնի բջիջների մեջ, որովհետև երկու դար առաջ ոսկրածուծի բաղադրությունից առավել փոքր մասնիկների մասին մարդիկ գաղափար չունեին: Իսկ մեկ այլ տեղում գրված է. «Եվ Նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է Նրա աչքերի առաջ» (Եբր. 4.13):
Եվ զուր չէ, որ Նարեկացու աղոթքները հենց այդպես են գործում, քանզի այդ աղոթքների մեջ ամենաշատն են մեջբերվել ամենաթափանց խոսքեր Աստվածաշնչից, մանավանդ սաղմոսներից։
Այս լրացումն էլ անենք. մեր բջիջների առողջությունն անհրաժեշտ է ապահովել, սնելով նրանց աղոթքով օրհնված սննդային վիտամիններով, այսինքն՝ հարկավոր է կերակուր ուտելուց առաջ աղոթք անել, որպեսզի Աստված օրհնի խաղաղությամբ ճաշակելու կերակուրը: Սա նաև անհրաժեշտ է, որովհետև ադամական մեղքի պատճառով երկիրն անիծվեց, ու նրանից աճող ամեն բան անեծքի տակ է, մինչև որ աղոթքով չմաքրվի: Այդ պատճառով, երբ եկեղեցու քահանային հրավիրում են տնօրհնեքի, համապատասխան աղոթքներով օրհնվում են նախ տան անդամները, ապա հացը, ջուրը և աղը՝ անհրաժեշտ սննդային նյութերը:
Մի կարևոր լրացում, Աստծուն երկրպագել ցանկացողներին, առանց որի այն կմնա թերի և անօգուտ. ձեր երկրպագություններն արեք գոհանալով Աստծուց, օրհնելով և փառաբանելով Նրան, դրանով իսկ ձեր երկրպագություններին թևեր կտաք, որ մինչև երկինք հասնեն, քանզի միայն Եռասուրբ Երրորդությունն է արժանի օրհնության, փառաբանության ու երկրպագության իր բոլոր արարածների կողմից:
Փորձառությամբ համոզվել եմ, որ առավոտյան աղոթքները լավ է սկսել նախ գոհություն տալով այդ տված օրվա համար, հետո երկրպագել Հայր Աստծուն, օրհնելով ու փառաբանելով Նրան, նույն ձևով նաև Որդի Աստծուն և վերջում՝ Սուրբ Հոգի Աստծուն, ապա ասել.
Իմ հույսը Հայրն է, ապաստանս Որդին,
պահպանությունս Սուրբ Հոգին.
Եռասուրբ Երրորդություն՝ Քեզ փա՜ռք, հավիտյանս, հավիտենից. ամեն:
Իսկ աղոթքն ամփոփեք այս խոսքերով.
Փա՜ռք Բարձրյալին,
Փա՜ռք սրբերի Սրբին,
Օրհնյա՜լ լինի Տերը,
Գովյա՜լ լինի Տերը,
Զի դարեդար են ողորմությունն ու Սերը Նրա,
ՈՒ հավիտյան պիտի մնա. ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ