«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Մշեցի Շողոն

Մշեցի Շողոն
13.05.2014 | 12:13

Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Մշո դաշտում Վարդավառ էր։ Մեղրագետը, զմրուխտյա սարերում քարերին համբույր բաշխելով, մե՛կ թռչկոտելով, մե՛կ շորորալով, մտնում էր Վարդենիս գյուղը։ Արևի ոսկեշղարշ շողերը շաղվել էին Մեղրագետի զուլալ կոհակներին։ Սիրահար տղաները, մտքում հազար մուրազ, երգելով ջուր էին ցողում նազող աղջիկներին՝ սեր ու ժպիտն էլ հետը, իսկ մտքում՝ նաև տա՜ք համբույր։
Վարդն ի բացվե առավոտյան շաղերով,
Իմ յար բախչեն վարդ կքաղի մաղերով,
Վարդն ի բացվե Վարդևորան կիրակին,
Քո սերն ընկե մեջ իմ սրտի պուրակին։
Մեղրագետի ջրով ցողված՝ սիրահար աղջիկները պատասխանում են.
Այ տղա՜, սիրո՜ւն տղա,
Քեզ հազա՜ր բարով տեսա,
Շեն կենա էս Վարդևոր,
Սրտիս մուրազին հասա։
Մեղրագետը հիշողության կծիկն էր քանդել։ Նրա արևոտ կոհակներում Վիշապաքաղ Վահագնի ու սիրո դիցուհի Աստղիկի աչքերն էին ժպտում։ Հին աստվածներն էին իջել Մշո դաշտ՝ ինչպես հազար ու հազար տարի առաջ։
-Աղջիկնե՛ր, Մեղրագետի ջուրը կարմրավ,- ճչաց Շողերն, ու աչքերը քարացան. գետը դիակներ էր բերում։
Թուրքերից, քրդերից ու Դաղստանի չեչեններից կազմված հավաքական խուժանը լցվել էր Վարդենիս։ Գյուղը մեծ էր, այստեղ էին դպրոց գալիս նաև հարևան տասը բնակավայրերի երեխաները։
-Առողջ տղաներին տարեք ինիչերի, մնացածներին լցրեք գետը, ջուրը կմաքրի հետքերը, իսկ մեծերին քշեք հարևան Ավզուտ գյուղը՝ Մալխասի Մարդոյի մեծ գոմերում վառելու,- գոռում էր արնախում թուրք հրամանատարը։ Քրդերն արդեն սկսել էին երանելի թալանը։ Փողոցներում հազարավոր կով, գոմեշ, այծ ու ոչխար իրար խառնած, Ալլահին փառք տալով՝ խուժանը գյուղի ունեցվածքն էր բաժանում։
Մի քանի թուրք տաղասացներ Աբրահամի ձեռքերը ոլորեցին, իր տասնոց զենքով սպանեցին, վիզը յաթաղանով կտրեցին, հետո պարանը մեջքին գցելով՝ կապեցին ձիուց ու տարան դեպի վառվող մարագը։ Կնոջ՝ Ալթունի քնքուշ սիրտը նույն պահին պայթեց, բերանից հոսող արյան մի քանի կաթիլ ընկավ մարդասպանի պիղծ ձեռքին։ Շողերն ու երեքամյա Հովհաննես եղբայրը վազեցին աչքերը բաց մնացած մոր մոտ։ Բոլորին տարան Ավզուտ։
Մարդոյի գոմերի կողքերը տանիքից իջեցրած խոտի դեզերը փռեցին, նավթ լցրին ու կրակ տվին։ Կրակի լեզվակները և ծուխը լցվում էին ներս։ Լացուկոծ, անօգնական ճիչեր, գոռոց, անեծք ու հայհոյանք խառնվել էին իրար, ոտքերի տակ երեխաներ էին տրորվում, մարդիկ խուճապահար պատեպատ էին զարկվում, դուրս պրծնելու հնար փնտրում։ Կրակը մոտենում էր. շատերն արդեն ծխախեղդ էին։ Հարյուր տարեկան կինը, ում Փոլո Արշակի զոքանչ էին ասում, ծխի միջից գոռաց. «Ժողովո՜ւրդ, էրեխեքին զոռով գետնին պառկեցրեք քիթուբերանին, մերերով պառկեք երեխեքի վրեն, որ ծխից չխեղդվին, Աստված մեծ է...»։ Հետո մարեն երեքամյա Հովհաննեսին պառկեցրեց գետնին, իր գոգնոցով դեմքը փակեց ու, դողացող Շողերին հրելով, պառկեցրեց եղբոր վրա։
-Լաո՛, լալով բան դուրս չի գա, էնպես անենք, որ ամեն օջախից գոնե մի տղա էրեխա փրկվի, որ էդ տան ծուխ չմարի,- թանձր ծխի միջից գոռում էր մարեն։- Ժողովո՜ւրդ, ձեր հույս մի կտրեք, Աստված դռները որ փակում է, մեկը միշտ բաց է մնում։
Շողերը ողջ մարմնով ընկել էր եղբոր վրա։ Հովհաննեսը գոռում էր, աղաչում, որ քույրը թողնի, բայց մարեի խոսքը սթափեցնում էր նրան։ Օդի պակասությունից Հովհաննեսը ուշաթափվեց։ Գոմի գերաններն արդեն վառվել էին, տանիքը փլվեց, մեծ երդիկ բացվեց։ Բոցն ու ծուխը փլվածքից դուրս եկան, օդ ներս եկավ, շնչելու հնար եղավ։ Շողերն ու իր հորեղբոր աղջիկը՝ Արեգը, ուշաթափված Հովհաննեսին, ոտք ու ձեռքից բռնած, ծուխ ու կրակի միջից բացված անցքով նետեցին տանիք։ Վառված ու կիսաածխացած թեք ընկած այրող գերանների վրայով Շողերն ու Արեգը, սողալով ու ճանկռելով, փլվածքը բարձրացան։ Ներքևում թուրք զինվորները շուրջպար էին բռնել, թրերն իրար զարկելով, արյունով արբած, պարում էին ու երգում. «Յուրի յանդըմ, յուրի...»։ Արյան խրախճանքից պարող ու երգող մարդասպանների ուղեղներն արդեն մթագնել էին, էքստազի մեջ էին և չնկատեցին, թե ինչպես Շողերը, ուշագնաց եղբորը շալակն առած, փախավ մոտակա շամբուտը։ Թարմ օդից, հողի խոնավությունից և Շողերի համբույրներից Հովհաննեսը ուշքի եկավ։ Շողերն աղաչում էր եղբորը, որ լաց չլինի։ Մի քանի ժամ անց փրկարար մութը ծանրացավ շամբուտին։ Շողերը, եղբորը շալակն առած, սարսափահար փախչում էր։ Մութ էր, չգիտեր ուր է վազում. միայն թե էդ դժոխքից հեռու գնար։ Մթի մեջ ձայներ լսեց։ Մի՞թե նորից ասկյար պիտի տեսնի։ Սարսուռը պատեց իրեն, ափով պինդ փակեց եղբոր բերանը։ Ականջը դիմացից եկող ձայնին էր։ Շողերը հայերեն բառեր լսեց, քարացած արյունը սկսեց շարժվել երակներում, ճչաց ու, Հովհաննեսին գրկած, վազեց ձայնի ուղղությամբ։ Դիմացից եկողները Անդրանիկ Զորավարի զինվորներն էին, կենդանի մնացածներին էին որոնում։ Մի քանի ժամ Շողերը աչքերին չէր հավատում։
Օր չկար, որ թուրքի ու քրդի ջոկատ չկտրեր իրենց ճամփան։ Առջևից Զորավարն էր գնում։ Գաղթականների խմբի հետ Շողերն ու Հովհաննեսը հասան Պարսկաստան՝ Խոյ, հետո՝ Նախիջևան, Ղարաբաղ, Կապան, Գորիս, Սիսիան, Սևան։
Սովն ու համաճարակը կյանքեր էին հնձում։ Գորիսի Աղուդի և Վաղուդի գյուղերի մոտ գաղթականները լցվեցին օրեր առաջ հնձած արտը՝ գետնին մնացած հասկերն ու ցորենի հատիկները հավաքելու։ Ամեն մեկը մի քանի կիլոգրամ հավաքել էր։ Տասը երեխա, ոգևորված իրենց հավաքած բերքով, շտապեցին ձորի ջրաղաց` ցորենը աղալու։ Ժամեր անց դեռ չկային։ Ծնողներն անհանգստացան, մի քանիսը գնացին ջրաղացի ուղղությամբ։ Արյունը սառեց նրանց երակներում։ Տեղի թուրքերը երեխաներին լցրել էին ջրաղացի մեծ բուխարիկն ու վառել։ Ջրաղացի կանգնած քարին հասկերով ու հատիկներով լի նրանց տոպրակներն էին շարված։ Լուրն անմիջապես հասցրին Անդրանիկին։ Զորավարը մռայլվեց, գլխարկը հանեց, չոքեց գետնին ու երդվեց. «Էդ անմեղ էրեխեքի արյուն անվրեժ չեմ թողնի»։ Էդպես էլ արեց՝ մի քանի ժամում ողջ գյուղը...
-Ինձ մենա՛կ թողեք,- համհարզներին կարգադրեց Անդրանիկը։ Շողերը պատի անկյունից թաքուն նայում էր Զորավարին. «Մի՞թե էստեղի թուրքերը Էրգրի թուրքերից ավելի սարսափելի են...»։
-Ասլա՛ն, իմ հավատարիմ ընկեր, ես մեղք չգործեցի, ես էդ անմեղ էրեխեքի ծնողների աչքերին նայելու իրավունք ստացա։ Դեռ ինչքա՜ն ու ինչքա՜ն մարդկանց աչքերին չեմ կարող նայել։- Զորավարը իր ձիու հետ էր խոսում. չուզեց, որ մարդ տեսնի իր աչքերի տառապանքը։
Գաղթականների խումբը հասավ Կարս։ Շողերին առաջարկեցին եղբորը թողնել ամերիկյան որբանոցում, ուր և՛ ապահով է, և՛ կրթություն կստանա։
...1922 թվականին գաղթականների մի խումբ հասավ Արագածի ստորոտի Մեհրիբան գյուղը (այժմ՝ Կաթնաղբյուր)։ Գաղթի ճամփի փոշին դեռ թափ չէր տվել շորերից` Շողերենց տուն հարսնախոսության եկան։ Ամուսնացավ Սասունից գաղթած Արփի գյուղից Գրիգոր Տոնոյանի հետ։ Ինը երեխա ունեցավ Շողերը, բոլորին իր ու ամուսնու սպանված հարազատների անուններով կոչեց՝ Աղավնի, Վարդուշ, Գյուլնազ, Մկրտիչ, Սարգիս, Վաչագան, Հրեղեն, Անահիտ, Շուշիկ։
Մեհրիբանում Վարդավառ էր... Երեխաներն իրար մի լավ ջրել էին, հոգնած եկել ու պառկել։ Խաղաղ գիշեր էր։ Վարդևորի գիշեր էր, ու Շողերի քունը չէր տանում։ Բայց հանկարծ հոգնած կոպերը ծանրացան, երազում Շողերը ծխահոտ առավ, կրակի լեզվակները մոտենում էին եղբորը, ականջին հասավ հարյուրամյա մարեի ձայնը. «Էրեխեքին պառկեցրե՛ք քիթուբերանին, մերերով պառկեք իրենց վրեն, որ չխեղդվին...»։ Երազում Շողերը ճչաց, գրկի երեխային շպրտեց գետնին ու պառկեց վրան։ Ամուսինը սարսափահար վեր թռավ ու Շողերին շրջեց ճչացող երեխայի վրայից. «Այ կնի՛կ, ի՞նչ էղավ քզի...»։
-Ա՜խ, ա՜խ, Մշո Վարդևորի օր դարձե թուրք ու երազում ընկե իմ հետևեն... Գրիգո՛ր, Վարդևորի երազ իմ թշնամին է, թուրք է... Մինչև գերեզման չթողի, որ ես աչք կպցնիմ էդ օր։ Հեյվա՜խ, իմ էրազ իմ թշնամին է, իմ էրազ թուրք է, աշխարհ։
Շողերը գրկեց, հանգստացրեց ցավից դեռ մղկտացող երեխային, սեղմեց կրծքին ու նայեց երդիկից երևացող լիալուսնին. «Տե՛ր Աստված, իմ Վարդևորի էրազ թուրքին բաշխես, որ իմ ցավ հասկանա»։ Մինչև լույս արթուն մնաց, բայց էլի զգում էր վառված գերանների թանձր ծխահոտը։
Հովհաննեսը Կարսի որբանոցից եկավ Մեհրիբան` քրոջ մոտ, կարոտն առավ ու գնաց Ռուսաստան՝ Կրասնոդար։ Հետո եկավ Հայաստան, Մեղրու, Ապարանի, Թալինի ու Ազիզբեկովի շրջանների դպրոցներում դիրեկտոր աշխատեց։ Գրագետ էր, մատով էին ցույց տալիս Սարգսին։
1937 թվականն էր։ Հովհաննեսը Դարալագյազի (Վայոց ձոր) Գնդեվազ գյուղի դպրոցի դիրեկտորն էր։ Կեսօրին երեք զինված կաշվե բաճկոնավորներ դուռը շրխկացնելով մտան աշխատասենյակ։
-Հովհաննես Աբրահամի Աբրահամյան, դու թաքնված դաշնակցական ես, լրտես ու ժողովրդի թշնամի, գաղտնի կապերի մեջ ես բանաստեղծ Եղիշե Չարենցի ու կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի հետ։ Վկաներով հաստատվել է, որ մի քանի ամիս առաջ, երբ Դարալագյազ է եկել Աղասի Խանջյանը, դու նրա հետ գնացել ես որսի և ընկեր Բերիայի դեմ մահափորձի ծրագրեր կազմել։ Հետևիր մեզ,- կարգադրեցին ԷՆԿԱՎԵԴԵԻ ստահակները... Հովհաննեսը` ոտքով, իրենք ձիերին նստած՝ գնացին կենտրոն...
-Ես թուրքի սրից ու կրակից փախցրի ախպորս, բերի, ասի՝ իդա Հայաստան է, էլ թուրք չկա՛, տվեցի սովրի, գրագետ մարդ դառնա, որ աշխարհքին պատմի մեր գլխով էկածը... Գազանի բերնից փախցրի բերի, գցի անհավատ բորենու բերան,- ծնկներին զարկեց Շողերը։
Երևանի բանտում Հովհաննեսին պահում էին Չարենցի հետ նույն խցում։ Հրեղենը շալակին՝ Շողերը երկու-երեք օր ոտքով հասավ Երևան։ Օրեր շարունակ բանտի պատերի տակ էր... Այդ մասին պատմում են Չարենցին։ Իր բանտային առօրյան պատմող «Նա այրեց «Կապիտալը»» պոեմում բանաստեղծը քառատողեր է նվիրել Շողերին.
Իր թոռնիկի ձեռքից բռնած
ՈՒ մի կապոց շալակին,
Պառավ Շողոն վիզը ծռած
Աղաչում էր պահակին։
Գյուղից եկել, երեք օր է`
Մենք հերթի ենք սպասում,
Հանձնեք մի քիչ հաց ու շորեր,
Բայց նրան ո՞վ է լսում։
-Բանտապետը եկավ,- ասին,
Շողոն վազեց նրա մոտ։
Էլի՞ տեսակցության մասին.
Վա՜ղը...
Հերթական անգամ Շողերը հուսահատ վերադարձավ գյուղ։ Հետո նամակ ստացավ Տաշքենդից, իսկ ամենավերջինը՝ Կոմի մարզից` 1944 թվականի մայիսին։ Անպատասխան նամակի վերջում Շողոն գրել էր.
Աստված որ կսիրեք, խորոտ կռունկներ,
Դուք էրթաք հեռու ու ցուրտ սիբիրներ,
Իմ մինուճար ախպոր մեկ լուրըմ տարեք,
Մեղրագետուց մի պուտ անուշ ջուր տարեք։
-Գրիգոր, ես որ մեռնիմ ու մեռուկ ժամանակ հանկարծ Վարդևորի երազ տեսնիմ ու նորից ասկյար տեսնիմ, ես իմա՞լ էնիմ,- մի առավոտ ամուսնու աչքերին հարցական նայեց Շողոն։- Քզի խնդրանք ունիմ, իմ գերեզմանի քարին իմ ախպոր անուն լէ գրիս. համ պաշտպան կեղնի, համ էլ գերեզման կունենա։ Է՜, 37 թիվ ստեղծող, էս բարի լուսու Աստված կանչիմ՝ դու լէ գերեզման չունենաս, հողին արժան չեղնիս, որ հավերժ տանջվիս։ Գրիգոր, օսյաթ կենիմ, համա չմոռնա՛ս։
Շողոն ամեն օր ամուսնուն հիշեցնում էր, հետո աչքերը կկոցում, ուզում էր տեսնել իր ու եղբոր նկարներն ու անունները իրար կողքի գոնե գերեզմանաքարի վրա։
Ցավոտ թեման փոխելու նպատակով Գրիգորը նման պահերին կնոջ միտքը շեղում էր հազար անգամ պատմած փախեփախի համեմատաբար մեղմ դիպվածով։
-Ա՛յ Շողո, ես քզի պատմեր ի՞մ, թե փախեփախին Շեկոյի տան քրդեր, որ արմատներով հայ ին, մզի իմալ փրկեցին ու բերին հասցրին ռուսական զորքին։ Մեր Արփի գյուղի Մալոյի տղա Ճուռոն ընկավ մեր առջև, բերուց հասցուց ռուսաց զորքին, հերթով բոլորին գրկեց համբուրեց... Ես գրկեցի Ճուռոյին ու նրան տվեցի իմ մեջքի գոտին. «Ճուռո՛ ախպեր, էս գոտին ինձ տվել է քո լուսահոգի հեր, երբ փախավ սարեր ու ղաչաղ դարձավ։ Քու հոր ապրանք քզի հալալ էղնի»։ Հետո ոսկով լիքը գոտին կապեցի ուր մեջքին։ Ճուռոն շատ խնդրեց, որ մի քանի ոսկի վերցնեմ, գաղթի ճամփին պետք կգա, հրաժարվեցի։ Բա՜, Շողո, ամեն քուրդ մարդ նամարդ չի։ Աղուհացով քրդեր շատ կային։ Թուրքի մեջ լէ մեկ-մեկ աղուհաց չմոռցող կար։
1955-ին ամուսինը գնաց։
-Էս լեն ու բոլ աշխրհքի մեջ մնացի մենակ՝ իմ էրեխեքով,- ճակատագրի հետ վիճում էր Շողոն ու դարդերը թղթին հանձնում։ Իր տաղասաց հոր պես անուշ ձեն ուներ Շողոն ու դարդ էր երգում.
Անտեր թողինք Մշո անուշ դաշտ-դուրան,
Սուրբ օթևան, տուն ու տանիք ու վաթան,
Մատուռ ու վանք, գիրք ու կանոն,
Ավետրան,
Մնաց անտեր, մնաց՝ ընկավ շան բերան։
-Սարգի՛ս, լաո, էսօր Ապրիլի 24-ն է, արի ինձի տար Էրևան Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ... Լաո՛, ես զոհ չի՛մ, հըբը ի՞նչ իմ, զո՛հ իմ, հըմը մեռած չիմ։ Իմ նման չմեռած հայ հարկ է, որ հուշարձան ունենա, որ անամոթ աշխարհք նայի ամչնա։ Մեռածի հուշարձան շատ կա, համա կենդանի մեռածի հուշարձան մենակ հայն ունի։ Էդ ինչի՞ց է, կմտածի՜մ, կմտածի՜մ ու չըմ հասկնա։ Բայց կհասկնամ, որ մեր կոտորում մենակ թուրքի գործ չէր։ Քանի՜-քանի երկիր գաղտնի թուրքի թիկունքին էին, թուրքին կոգևորեին, մզի կցավակցեին... Լաո՛, Աստված մարդուն էդպես երկերեսանի չի ստեղծել, մարդ ագահությունից էդպես դարձավ։ ՈՒ եթե հանկարծ մի օր աշխարհք կործանվի, էդ ծակաչքությունից կեղնի։ Գազան որ կկշտանա, կհանգստանա, համա մարդ արարած չհանգստանա։
Շողերը դանդաղ մոտեցավ Եղեռնի հուշարձանին, ծաղիկներ դրեց ու ծունկի իջավ... Մի պահ թվաց, թե օդում ծխահոտ կար, բազալտե քարասյունը վառված գերանի նմանվեց, Շողերը քանդված երդիկն էր փնտրում։ Հետո վառված գերանով տանիք բարձրացավ։ ՈՒշագնաց եղբայրն այնտեղ էր։ Աչքերը շուրջպարով «Յուրի յանդմ, յուրի» երգող ասկյարներին փնտրեց։ «Կռո՜ւնկ, ուստի գուքաս» երգի մեղեդիները սթափեցրին Շողերին։ Աչքերի առջև հազար ու հազար հայեր էին, ջահելներ, գալիս էին ու անվե՜րջ գալիս։
-Սարգի՛ս, լաո՛, ընձի թող էս բանձր տեղ, որ Էրգրի կողմ երկար նայիմ, էս ջահելներին նայիմ ու կշտանամ։ Թող իմ ուխտ առ Աստված էլնի, մե օր Մուշն էլ, Էրգիրն էլ Էրևնու նման Հայաստան էղնին։ Ես որ չտեսնիմ, իմ թոռներ պիտի տեսնին, իմ գերեզմանին խաբար բերեք, իմ հոգնած ոսկորներ կհանգստանան։ Էս երկիր շատերի համար լավ երկիր է, հըմը անաստված է... Է՜, անաստվածից ի՞նչ կուզինք։ Աշխարհք պիտի քանդվի, նորից շինվի,- աղոթքի պես մրմնջաց Շողերն ու հայացքը ուղղեց Արարատ սարին. Մասի՛ս, մեռնիմ քզի, դու լէ դարդոտ իս իմ նման ու մենակ, հըմը ես երթացվոր իմ, դու՝ մնացող։ Բայց իմ դարդ լէ մնացող է, քանի էս վերք կա, քանի Էրգիր շուն ու շանգյալներինն է։
-Նանե՛, նանե՛, էդ ինչի՞ց է, որ կոտորում ու գաղթ տեսած մշեցիք ու սասունցիք էդքան երկար կապրին,- հարյուրմեկամյա տատին անսպասելի հարցրեց Սուսան թոռը։
-Էդ նրանից է, որ մեծ մուրազ ունինք՝ կուզինք նորից Էրգիր տեսնինք, արդարություն տեսնինք... Ով մուրազ ունի, երկար կապրի, աննպատակ մարդ շուտ կմեռնի,- թոռան գլուխը շոյեց տատն ու մեկ անգամ էլ հարցրեց. «Լա՛ո, հաստա՞տ արդեն անկախ պետություն ունինք... ՈՒրեմն՝ ուժեղ բանակ պիտի ունենանք, որ մզի լսին ու հարգին, թե չէ՝ դեսուդեն բարեկամ փնտրելը սուտ բան է, մենք մզի ընչի՞ կխաբինք։ Մեր միակ բարեկամ մենք ինք ու մենք։ Էս ո՞ր թիվն է, Սուսան, լաո»։
-1992-ը, նանե։
-Հա՜, չմոռնաս, էն օր որ Էրգիր կերթաք, իմ գերեզմանին ձեն կիդաք, ձեր հետ գիկամ,- ապսպրեց Շողոն, գլուխը թեքեց բարձին ու հանգիստ փակեց աչքերը՝ մի կերպ շշնջալով վերջին բառերը՝ Մեղրագետ ընձի կկանչե՜...

Դիտվել է՝ 154862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ