ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հայերի և նրանց էության մասին

Հայերի և նրանց էության մասին
16.05.2014 | 11:29

Հայերեն «աստուած» բառի ծագումը

«Աստուած» բառն ունի հնդեվրոպական ծագում և պատկանում է հայերենի բառապաշարի բնիկ շերտին: Հայ մատենագրության մեջ «աստուած» բառը գործածվել է բավականին հաճախ, այն հայ քրիստոնեական եկեղեցու տերմինաբանության առանցքային, առավել կարևորություն ունեցող միավորներից է: Այդ բառով կազմվել են բազմաթիվ բարդ և ածանցավոր ձևեր, այն ունի ոչ թե պարզ, այլ բառակապակցորեն բարդ կազմություն: Հայերենի բնիկ բառապաշարի մեջ «աստուած» բառն ունի առաջնային նշանակություն՝ կապված հնդեվրոպական ընդհանրությունից եկող հասարակական կառուցվածքի և հոգևոր ըմբռնումների մեջ աշխարհի առասպելական և դիցական պատկերի ձևակերպման հետ:
Բառն ամենից առաջ ուշադրության առարկա է իր ծագմամբ: «Աստուած» բաղադրության մեջ բուն կամ գերակա բաղադրիչը տու ձևն է: Դրանից առաջացած (կամ նրա հիման վրա բաղադրված) տուած ձևը ամենայն հավանականությամբ պետք է եղած լինի հայոց բնիկ՝ «աստծու» անվանումը՝ «(արևային՝ ցերեկվա) լույս», «լույսի աղբյուր (օջախ)», «լույս տվող՝ լուսատու» նախագրաբարյան (հնագույն կամ վաղնջական) իմաստների նշանակումով:

Հայկական «շպիտալը»

Հայոց հնագույն գաղթօջախներից մեկը ուկրաինական Կամենեց-Պոդոլսկն է, որտեղ XI դարում հաստատվել են անեցիները: Քաղաքի իշխանները տրամադրեցին հարավային շուկան և տարածք հարավ-արևելյան մասում, որտեղ հայերը կառուցեցին առանձին թաղամաս՝ քարաշեն տներով ու երկու եկեղեցիներով:
Հայերի հիմնական զբաղմունքներն էին առևտուրը, արհեստագործությունը, երկրագործությունը և անասնապահությունը: Հայ վաճառականների ապրանքատեսակներն էին գորգերը, մետաքսը, գինիները, զենքը, և Կամենեց-Պոդոլսկը դարձավ կապող օղակ մի կողմից՝ Լիտվայի, Լեհաստանի, Վալաքիայի, մյուս կողմից՝ Արևելքի միջև:
XVII դ. քաղաքում ապրում էր 1200 հայ ընտանիք, և հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ մի հիշարժան իրադարձություն՝ 1614 թ. կառուցվեց Հայկական հոսպիտալը կամ, ինչպես նշված է տեղի աղբյուրներում, «շպիտալը»: Դա 27 մ երկարությամբ և 10 մ լայնությամբ երկհարկանի շինություն էր, որը կանգուն է առայսօր:
Ապաքինարանը նախատեսված էր չունևոր խավի համար: Այստեղ արդյունավետ բուժում և նույնիսկ վիրահատական միջամտություն էին իրականացնում հայուհիները, որոնք տիրապետում էին հին հայկական և արաբական բժշկության գաղտնիքներին:
Հոսպիտալի պահպանումը խիստ ծախսատար էր, և երբ հայերը լեհ Սիգիզմունդ III թագավորից ֆինանսավորում խնդրեցին, նա ժպտալով պատասխանեց. «Հայերին՝ հարուստ մարդկանց, սազական չէ օգնություն խնդրել թագավորից»: Եվ խնդիրը լուծելու համար հայերի վրա… նոր հարկ սահմանեց:
Հայկական «շպիտալը» իր գործառույթներն իրականացրել է շուրջ երկու հարյուր տարի:

Ղարաբաղյան հարսանիք

XIX դ. առաջին կեսին Ղարաբաղում պսակադրության արարողության դրվագներից մեկը հետևյալն էր:
Հարսն ու փեսան ձիեր նստած մոտենում էին փեսայի տանը: Վերջինիս մայրը մոտենում էր՝ ձեռքին պղնձե մատուցարան, որի վրա կային երկու տաք լավաշ (գուցեև ժենգյալով հաց), իսկ սրանց վրա՝ փայտածուխ ու ծխարձակող խունկ: Մատուցարանը ձեռքին՝ սկեսուրը երեք անգամ պտտվում էր նորապսակների շուրջը՝ ի հիշատակ հանգուցյալ ազգականների: Ապա լավաշը փշրում էր ու նետում ձիերի սմբակների տակ, որպեսզի երիտասարդ զույգի ոտքը բարիք բերեր:

Քիշնևի առաջին մասնավոր տպարանը

Երբ 1792 թ. հիմնվեց Գրիգորիոպոլիս հայաքաղաքը, ներկայիս Մոլդովայի «մայրաքաղաքը» ամենևին էլ խուլ գավառական քաղաք Քիշնևը չէր, այլ Յասին կամ, ինչպես հայկական աղբյուրներում է ընդունված, Յաշը՝ առևտրատնտեսական խոշոր կենտրոնը, ուր հայերը բուռն գործունեություն էին ծավալել: Իսկ երբ 1812 թ. Պրուտի ու Դնեստրի միջև ընկած տարածքն անցավ Ռուսաստանին, ստեղծվեց Բեսարաբիայի մարզը, որի կենտրոն դարձավ Քիշնևը:
Մեկ տարի անց Մոլդովայի միտրոպոլիտ Գ. Բանուլեսկու-Բոդոնին այստեղ հիմնեց մի թեմական տնայնագործական տպարան՝ եկեղեցու կարիքները հոգալու համար: Հինգ տարի անց՝ 1818-ին, տեղի վարչակազմը ստեղծեց մարզային տպարան՝ բացառապես պաշտոնական նյութեր տպագրելու նպատակով: Ասել կուզի, համաքաղաքային, գեղարվեստական գրականություն, դասագրքեր և այլ մշակութային-լուսավորչական հրատարակություններ տպագրող գոյություն չուներ:
Եվ ահա ի հայտ է գալիս Գրիգորիոպոլսի քաղաքացի Ակիմ Իվանովիչ Պոպովը, նույն ինքը՝ Հովակիմ Հովհաննեսի Տերտերյանը, ով տարիներ շարունակ Օդեսայում եղել էր վիմատպագրիչ Բրաունի աշակերտն ու մերձավոր օգնականը: Բնակություն հաստատելով Քիշնևում, 1839 թ. նա իր ծախքով վիմատպագրատուն հիմնելու խնդրագիր է ներկայացնում Բեսարաբիայի զինվորական նահանգապետին: Թույլտվությունն ստացվում է, և 1840 թ. հունիսի 19-ին Տերտերյանը պաշտոնապես կատարում է բացումը: Դա նշանակալի իրադարձություն էր ամբողջ մարզի համար: Վիմատպագրատան սեփականատերը սկսեց մեկը մյուսի հետևից ռուսերեն, մոլդովերեն ու հայերեն եկեղեցական, աշխարհիկ նյութեր ու զանազան ձեռնարկներ լույս ընծայել: Շուտով պատվերներն այնքան շատացան, որ 1842 թ. Ակիմ Իվանովիչը արդեն տպարան հիմնելու նոր խնդրագիր ներկայացրեց՝ ռուսերեն, ֆրանսերեն, հայերեն ու մոլդովերեն տպագիր արտադրանք թողարկելու համար: Խնդրագիրը երաշխավորել էին անվանի հայեր՝ պատվավոր քաղաքացի Արտեմ Բարխուդարովը, վաճառական Կոնստանտին Միրաբուտին, կալվածատերեր Ստեփան Զազուրովը և Հարություն Մուրատովը, քիշնևցի քաղքենիներ Մկրտում Յաղուբովը, Մարտիրոս Չերնիտովը և այլք: Համոզվելով Տերտերյանի բարեհուսության մեջ՝ բարձրագույն իշխանությունը թույլ տվեց, և սկսվեց առաջին մասնավոր տպարանի գործունեության նոր շրջանը:
Ամբողջ Բեսարաբիայում արդեն մեծ հեղինակություն վայելող, մոլդովական գրատպության ռահվիրան 1846 թ. տպագրեց «Նորմալ շփում» իրավական ակտը, որը կարգավորում էր գյուղացիների ու կալվածատերերի փոխհարաբերությունները, 1850-ին՝ «Արմենոպոլու-Դոնիչի» օրենսգիրքը, 1852-ին՝ մոլդովացի հայտնի գրող Իոն Սիրբուի «Երկերը», 1860-ական թթ.՝ անվանի մանկավարժ, մոլդովական ազգային դպրոցի ջատագով Ի. Դոնչևի «Մոլդովական այբուբեն», «Մոլդովերենի նախնական դասընթաց» և այլ աշխատություններ:
ՈՒշագրավ է, որ երկար տարիներ աշխատելով՝ Հովակիմ Տերտերյանը 1885 թ. տպագրության պատրաստեց իր սեփական ուսումնասիրությունը Բեսարաբիայի հայերի մասին, սակայն չհասցրեց…

Մկրտե՛ք երեխաներին

Հեթում պատմիչի անվան հետ կապված Ֆրանսիայում և Իտալիայում լայն տարածում էր գտել մի ավանդազրույց, որը հիշատակված է ֆլորենցացի պատմիչ Ջովաննի Վիլլանիի մոտ (1280-1348 թթ.): Վիլլանին հաղորդում է, որ Հեթումը վաճառականների և պալատականների մի մեծ շքախմբի հետ ուղեկցում է իր քրոջը՝ Հայաստանի արքայադստերը, Պարսկաստան, որտեղ իշխում էր մոնղոլ խան Հասանը:
«Երբ Հասանը կայսր դարձավ,- ավետում է ֆլորենցացի պատմիչը,- սկսեց որոնել ամենագեղեցիկ կնոջը: Նա սուրհանդակներ ուղարկեց ամբողջ Արևելքով մեկ: Հայ արքայադուստրը իր գեղեցկությամբ և ողջախոհությամբ գերազանցեց մյուսներին: Նա համաձայնեց դառնալ Հասանի կինը, բայց պայմանով, որ իրեն թույլատրվի այդուհետև ևս երկրպագել ամենազոր և ամենաբարի Հիսուս Քրիստոսին»:
Հասանի կինը դառնալով՝ հայ արքայադուստրը մի հրեշ է ծնում: Իմաստունները եզրակացնում են, որ թագուհին խախտել է ամուսնական հավատարմությունը, հետևաբար պետք է այրվի երեխայի հետ մեկտեղ: Թագուհին վերջին խնդրանքն է հայտնում, իր համար՝ հաղորդություն, իսկ երեխայի համար՝ մկրտություն: Մկրտության ժամանակ հրեշը դառնում է… մի գեղեցիկ մանուկ: Այսպիսով, ապացուցվում է մոր անմեղությունը. երկրում տոն է հռչակվում, իսկ Հասանը և ժողովուրդը քրիստոնյա են դառնում:
Գեղեցիկ պատմություն՝ ներքին իմաստով…

Ամերիկայի «նվաճումը»

ԱՄՆ-ում աստվածաբանություն ուսանած ոմն կյուրինցի Աբդալյան 1880 թ. երկրի ներքին գործերի նախարարության կողմից գործուղվում է Թուրքիա՝ շերամաբույծ հայեր Ամերիկա գաղթեցնելու և Կալիֆոռնիա նահանգում բնակեցնելու նպատակով: Կառավարությունը ներգաղթյալներին պիտի հատկացներ առանձին հողատարածք, ուր նրանք պիտի հիմնեին ավան և զբաղվեին շերամապահությամբ:
1880 թ. Աբդալյանը ժամանում է Թուրքիա, ապա մեկնում Նիկոմիդիա, ուր անվանի մետաքսամշակ հայ վարպետներ կային: Նա Օրթագյուղի և շրջակա հայաբնակ վայրերում կարողանում է հավաքագրել 7 բողոքական ընտանիք՝ բաղկացած 27 հոգուց, որոնք համաձայնում են արտագաղթել: Մինչ վաճառում են տուն-տեղ, ունեցվածք՝ բավական ժամանակ է անցնում: Ի վերջո, 1884 թ. խումբը Կ. Պոլսից նավով մեկնում է Ռոտերդամ, այնտեղից էլ՝ 50-օրյա նավարկությունից հետո հասնում Նյու Յորք:
Բայց Կալիֆոռնիայի փոխարեն, զանազան արկածների պատճառով, շերամաբույծները նոյեմբերին հայտնվում են… Թեքսասում: Նրանցից մեկը՝ Քրիստափոր Գևորգյանը, իր հուշերում պատմել է մի ուշագրավ դրվագ, որը ներկայացնում ենք ստորև:
«Այս եղանակին Թեքսասի օդը զով էր՝ հիանալի... Մայիս ամսուն էր որ զգացինք օդին ծանրությունը, իսկ ամառը անտանելի եղավ, ամբողջ խումբին անդամները հիվանդացան, այլևս իրարու խնամք չէինք կրնար տանել, ինչ որ ցանած էինք խոտը ծածկեց, կարող չէինք խոտերը մաքրել և հոգ տանել: Զորավոր կազմով և հեզ բնավորությամբ սևամորթներ, որոնք բամբակամշակներ էին, եկան և ձրիաբար մեզի օգնեցին: Այդ ամառ մեր խումբէն մեռան Մարիամ տուտու Տոնիկյան, օրիորդ Տոնիկյան և չորս փոքրիկներ: Առաջնորդնիս ալ ծանրապես հիվանդացավ, որուն հետևանքով շատ նեղվեցանք:
Մեր մոտ գտնվող լիճէն, որուն ջուրը կը խմեինք, կոկորդիլոսներ ցամաք կելլեին, բայց անվնաս էին, իսկ օձերը մեր տուներուն մեջ կը պտտեին, անոնք ալ անվնաս էին, հարձակում չէին ըներ, բայց շատ զգույշ պետք է ըլլայինք կերակուրները լավ մը ծածկելու, որպեսզի չուտեին, և հավերուն հավկիթները անմիջապես հավաքելու էինք որպեսզի չկլլեին: Ճանճերու և մժեղներու շատ խոշոր և մարդամոտ տեսակները բազում էին, մեր դեմքերը գերեզմանէ փախչողներու դեմքերու փոխվեցան, մինչև որ սիրելի նոյեմբեր ամիսը եկավ»:
Ահա այսպիսի դժվարություններ հաղթահարելով էին Ամերիկա գաղթածները «նվաճում» Նոր աշխարհը:

Մամոն

1930-ական թթ. Ադիս Աբեբայի Հայկական ակումբի առջև կոշիկ մաքրող, խոզանակով ներկը փայլեցնող մի հաբեշ էր նստում, անունը՝ Մամո: Ծնող չէր տեսել, երբ հարցնում էին՝ հայրդ ով է, ասում էր՝ մայրս քրիստոնյա է եղել ու երդվում. «Աստուածածին վկայ»: Խոսում էր մաքուր արևմտահայերենով, անգամ շեշտադրությունն էր ճշգրիտ: Որտե՞ղ էր սովորել:
Որբուկ Մամոյին պահել-մեծացրել ու հայերեն էին սովորեցրել Յազըճյան ամուսինները: Մի օր էլ Սբ. Զատկի կապակցությամբ տիկին Յազըճյանը Մամոյի համար մի զույգ կոշիկ գնեց: Բայց Մամոն հաբեշ էր և բոլորի նման՝ ոտաբոբիկ: Առաջին օրը հագավ, բայց երեկոյան արցունքն աչքերին աղաչեց-պաղատեց կոշիկները հետ վերցնել: Դրանք նման էին բանտարկյալի ոտնաշղթաների, իսկ քայլերի ձայնն անտանելի էր: Մամոն ազատ, ազատասեր երիտասարդ էր: Տիկին Յազըճյանը չհամաձայնեց, պատվիրեց կրկին հագնել:
Առավոտ կանուխ Մամոն հավաքեց ունեցած-չունեցածն ու ընդմիշտ հեռացավ: Չտարավ միայն կոշիկները:
Ոտաբոբիկ Մամոն հաց էր վաստակում Հայկական ակումբի առջև ուրիշների կոշիկները մաքրելով:

Սիմֆերոպոլ

«Էլեկտրիչեստվո» ընկերության ճարտարագետ-մեխանիկ Ն. Կ. Շահվերդյանի նախաձեռնությամբ ու նախագծով 1901 թ. աշնանը առաջին անգամ արտաքին էլեկտրական լուսավորում ստացավ Սիմֆերոպոլի կենտրոնական մասը:

Քայլողը

1912 թ. նորնախիջևանցի Ն. Խ. Ավանեսյանը, ոտքով հատելով 75000 վերստ տարածություն, նվաճում է համառուսական մրցանակ: 1914 թ. նա ժամանում է Թիֆլիս և ապրիլի 23-ին ոտքով ճանապարհվում Բաքու:
Հետաքրքիր է, որ ընդունում է անգլիացիների առաջարկը՝ 5 տարում անցնել 125000 վերստ, որի համար պիտի ստանար 50000 դոլար (100 000 ռ.): Բայց հայ մարզիկին խանգարեց Մեծ պատերազմը:

«Մինաս»

1910 թ. զմյուռնացի Մինաս Ծատուրյանը հնարեց նոր կարի մեքենա, անվանեց «Մինաս» և թուրքական կառավարությունից ստացավ արտադրության 15 տարվա մենաշնորհ: Ավա՜ղ, 1915 թ. ցեղասպանությունը չխնայեց նաև «Մինասին»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ