Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատվերով համերգ Միացյալ ազգերի կազմակերպությունից

Պատվերով համերգ Միացյալ ազգերի  կազմակերպությունից
20.05.2014 | 10:52

Մայր Աթոռի մատենադարանի «Կլոր սեղան» կոչվող ժողովի մասնակիցներն այս անգամ ոչ միայն հոգևորականներն էին, այլև մանկավարժներ, որոնց անհանգստացրել էր ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության կոմիտեի հանձնարարականը, ըստ որի` առաջարկվում է հանել մեր դպրոցներից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, որը մի քանի տարի առաջ էր ընդունվել կառավարության որոշումով: Հիմա, ըստ ՄԱԿ-ի ազատության կոնվենցիայի դրույթների, այն խախտում է մարդու խղճի ազատության սկզբունքները և հակասում է սահմանադրությանը: Այդ պատճառով Մայր Աթոռի մատենադարանի «Կլոր սեղանի» շուրջը հավաքված մանկավարժներին ու հոգևորականներին քննարկման այս կարևոր թեման է միավորել` եկեղեցու դերը կրթական համակարգում, քանզի մեր ազգը նախկինում կրթվել ու հարատևել է հենց եկեղեցու հովանու ներքո, առաջին ուսուցումը ստանալով ծխական դպրոցներում, հետագայում զարգացնելով վանական համալիրներում ստեղծված համալսարաններում (հիշենք թեկուզ Գլաձորի համալսարանն ու Տաթևը):
Եվ ահա դարեր անց, չգիտես ինչ հիմունքներով, ավելի շուտ արդեն կռահում ենք, որ մեկ սանրի տակ բերելու համաշխարհային գլոբալացման Նեռի ծրագրի համաձայն, այս հանձնարարականն ուզում են հիմա պարտադրել մեր ազգին: Այս տարօրինակ ու մեր ազգային դարավոր սկզբունքներին դեմ եղող ոտնձգության դեմ խոսեցին հավաքված հոգևորականները, հանձին ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏՅԱՆԻ, ով ևս մեկ անգամ շեշտեց Հայ եկեղեցու պատմության դասավանդման կարևորությունը և ավելացրեց, որ տվյալ խնդրի լուծման համար Մայր Աթոռի կրթության և դաստիարակության կենտրոնը մշակում է հայեցակարգ, որը հնարավորություն կտա «Եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու դպրոցական ծրագրում: Իսկ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը համոզված է, որ քրիստոնեական դաստիարակությունը դպրոցներում պարզապես անհրաժեշտություն է: Երկրի մայր օրենքով Հայ առաքելական եկեղեցին առանձնաշնորհյալ կարգավիճակ ունի, սակայն ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության կոմիտեն պնդում է, որ խախտվում են խղճի ազատության կոնվենցիայի դրույթները: Անահիտ Բախշյանը զարմանում է, որ Եվրամիության շատ երկրներ իրենց եկեղեցուն տալիս են կարևոր դիրք, ավելին, կրոն սկսում են դասավանդել առաջին դասարանից: Ֆինլանդիայում այդ առարկան դասավանդվում է որպես բարոյական արժեքների աղբյուր:
Այս ամենն ըստ «պրոտոկոլի», իսկ ըստ իրական խղճի, այդ ՄԱԿ կոչվող սատանայի կամակատար խամաճիկ կազմակերպությունը, որ ազգերը մի արշինի տակ է բերում, ուզում է առաջին քրիստոնեական պետության գենոֆոնդը զրկել իր բազմադարյա պահպանիչ զորությունից, որով հեթանոսների, բարբարոսների, թուրքերի ու կոմունիստների իշխանության լծի տակ պահպանել է իր կենսունակությունը: Զարմանալի է, որ նրանք, այսպես ասած, համարձակություն են ունեցել այս հարցով դիմելու մեզ, բայց և այնքան էլ զարմանալի չէ, քանի որ մինչ այդ շատ հարցերում նրանք իրենց վարձու կամակատար իշխանավորների միջոցով շատ բաների են հասել, և այս անգամ ուզում են մեր ազգի արմատներից բռնել: Հիշում եմ` հանգուցյալ հայրս մեր տնամերձ հողը մշակելիս ամենաշատը վախենում էր «բոյ-բոյ» կոչվող զազրելի տեսքով մի կենդանուց, որը բույսերի արմատներով էր սնվում ու միշտ հողի մեջ էր բնակվում և անտեսանելիորեն բույսերի արմատներն էր վնասում ու չորացնում: Եվ երբ կարդացի այս մասին, որ ինչ-որ կազմակերպություն ուզում է արգելել մեր դպրոցներում եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը, իսկույն հիշեցի այդ «բոյ-բոյ» կենդանուն: Նաև հիշեցի, երբ 20 տարի առաջ ազատության առաջին հովերն էին փչում Հայաստանում, ինձ հրավիրեցին Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդելու «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Մշակույթի և երաժշտության մեր ապագա ներկայացուցիչները ուրախությամբ էին գալիս այդ դասերին, նույնիսկ մյուս առարկաներից մեկի ուսուցիչը մի օր զարմացած հարցրեց, թե այդ ի՞նչ եմ դասավանդում, որ իր աշակերտները խնդրում էին, որ իրենց շուտ բաց թողնեմ, որ գան այդ առարկան լսեն: Ես պատասխանեցի, որ նրանք գալիս են լսելու այն, ինչ արգելվել էր այդքան տարիներ, որի ծարավը նրանց հոգիներում դեռ մնացել է: Հիմա այդ ուսանողներից շատերը դարձել են հայտնի երաժիշտներ, որոնք աշխարհին են ներկայացնում մեր ազգը, ոմանք էլ եկեղեցիներում են ծառայում որպես երգչուհիներ կամ դիրիժորներ, պտղաբերելով այն սերմերը, որոնք ցանվել են 20 տարի առաջ: Այնպես որ, ինչ հիմա մենք ցանում ենք մեր մանուկների սրտերում, այն էլ հնձելու ենք տարիներ հետո: Եվրոպան ցանեց իր հնարած տոլերանտ ազատության սերմերը, հիմա էլ հնձում է դրա արդյունքները, հանձինս կոնչիտաների և ահագնացող չափով շատացող միասեռական ընտանիքների:
Ինչպես ասում են` յուրաքանչյուրին ըստ իրենց նախընտրության, բայց մեր ազգին լուրջ մարտահրավեր է նետված այսօր, ու դարեր անց մեզ սուրբ Վարդանի ու Ղևոնդ Երեցի հավատն ու քաջությունն են պետք այս հերթական Ավարայրում հաղթանակի հասնելու համար: ՈՒրեմն, ի զե՜ն:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ