Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ցեղասպանները

Ցեղասպանները
23.05.2014 | 11:48

1918 թ. Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, նոյեմբերի 4-ին, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կաբինետը միջազգային հասարակական կարծիքի ճնշման տակ որոշում կայացրեց Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանության ու կոտորածի համար դատական պատասխանատվության ենթարկելու երիտթուրքերի կառավարության ղեկավարներին, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին: Այնուհետև, Ստամբուլի սուլթանական կառավարության որոշումով (8 հունվարի 1919 թ.), հայերի տեղահանության և կոտորածների մեղսակիցներին պատժի ենթարկելու համար սկսեցին կազմվել դատական հարցաքննիչ հանձնախմբեր, որոնք հավաքում էին արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ, այդ թվում` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ինչպես նաև ականատեսների վկայություններ: Միևնույն ժամանակ մամուլը լայն աշխատանք ծավալեց հանցագործներին բացահայտելու և դատաքննության հանձնելու համար:
Այս միջոցառումների ընթացքում ձերբակալվեցին երիտթուրքական կառավարության մի շարք նախարարներ ու կուսակցական ղեկավարներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, որոշ կուսակալներ, զինվորականներ և այլ պաշտոնատար անձինք, որոնց ընդհանուր թիվը հասավ 150-ի: Հարկ է նշել, որ հայկական կոտորածների անմիջական մտահղացողներն ու կազմակերպիչները հասցրել էին արդեն փախուստի դիմել` ապաստան գտնելով իրենց դաշնակից Գերմանիայում:
1919 թ. մարտի 8-ին, երբ ընդհանուր տեսքի էին բերված մեղադրական փաստաթղթերը, սուլթան Մեհմեդ VI Վահիդեդդինի հրամանագրով երիտթուրքական գործիչները հանձնվեցին Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանի քննության: Այդ դատավարությունների արձանագրություններն ու որոշումները շատ քիչ տպաքանակով հրատարակվեցին թուրքական պաշտոնական «Թաքվիմ-ի վաքայի» թերթի հավելվածներում:
Դատաքննության նիստերի բոլոր հրատարակությունները կրում էին հետևյալ խորագիրը. «Նորին մեծություն Փադիշահի 1335 (1919) թ. մարտի 8-ի կայսերական հրամանով կազմված ռազմական արտակարգ ատյանի դատավարության արձանագրությունը»: 1919 թ. դատաքննություններն անցկացնող հանձնաժողովի անդամներն էին գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Նազմի փաշան (նախագահ), գեներալ-մայոր Զեքի փաշան, գեներալ-մայոր Մուստաֆա փաշան, գեներալ-մայոր Ալի Նազըմ փաշան, գնդապետ Ռեջեբ Ֆերդի բեյը: 1920 թ. սկզբին կազմված ռազմական Առաջին արտակարգ ատյանի հանձնաժողովի անդամներն էին գեներալ-մայոր Էսադ փաշան (նախագահ), գեներալ-մայոր Իհսան փաշան, գեներալ-մայոր Մուստաֆա Քերիմի փաշան, գեներալ-մայոր Իսմայիլ Հակկը փաշան, գնդապետ Սուլեյման Շաքիր բեյը:
Դատաքննությունն սկսվեց 1919 թ. ապրիլի 27-ին Ստամբուլում և ընդհատումներով տևեց մինչև հունիսի 26-ը: Մայիս ամսին տեղի ունեցած 6 նիստերի ընթացքում հիմնականում հարցաքննության ենթարկվեցին «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները, մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան և մի քանի նախարարներ: Իսկ հունիս ամսին մեղադրական նոր ապացույցների հիման վրա դատաքննության էին ենթարկվելու պետական բարձր պաշտոնատար անձինք, այդ թվում նաև` երկրի հոգևոր առաջնորդները` շեյխ ուլ-իսլամներ Հայրին, Մուսա Քյազիմ և Էսադ էֆենդիները: Սակայն մայիսի 28-ին անգլիական հրամանատարության կողմից 77 հոգի բանտից աքսորվեց Մալթա կղզի: Այսպիսով, հունիս ամսվա դատական 7 նիստերի ընթացքում լսվեց շեյխ ուլ-իսլամ Մուսա Քյազիմ էֆենդու, փոստի և հեռագրական նախարար Հյուսեյն Հաշիմ բեյի, ծերակուտական ժողովի նախագահ Ռիֆաաթ բեյի դատաքննությունը: Իսկ շեյխ ուլ-իսլամ Էսադ էֆենդին հիվանդության պատճառով ուղարկվեց բուժզննման: Այս բոլորի դատավճիռը կայացավ 1919 թ. հուլիսի 5-ին:
Դատաքննությունների ընթացքում հեռակա կարգով մեղադրվում էին 11, իսկ դատավարությանը ներկա եղողներից` 21 կուսակցական և պետական բարձրաստիճան գործիչներ:
Ըստ դատաքննության կարգի, հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Նազմի փաշան առաջին հերթին հաստատում է մեղադրյալների ինքնությունը, ինչպես նաև նրանց դատապաշտպանների առկայության հարցը: Այնուհետև դատական քարտուղար Շեֆիկ բեյը ընթերցում է մեղադրական ակտը: Միևնույն ժամանակ քրեական օրենսգրքի 372-րդ հոդվածի հիման վրա տրվում է գլխավոր դատախազ Մուստաֆա Նազմի փաշայի հավանությունը բացականերին հեռակա կարգով դատելու մասին: Մուստաֆա Նազմի փաշան, նկատի ունենալով նաև թե՛ դատասկզբում և թե՛ ընթացքում դատապաշտպանների առարկություններն այն մասին, որ «նախարարների և այլ պետական բարձր պաշտոնյաների հետ առնչվող դատական հայցերը քննարկման են ենթակա ոչ թե ռազմական արտակարգ ատյանում, այլ Գերագույն դատարանում», իր ելույթում նշում է, որ մեղադրական ակտում ցույց տրված հանցագործությունները տեղի են ունեցել ոչ թե նախարարների պաշտոնավարության բերումով, այլ կուսակցության կենտրոնական կոմիտեի, ինչպես նաև նրա պլենումների գործադրած հանցագործությունների մասնակիցը դառնալու հանգամանքով: Հերքելով հանցանքը պաշտոնավարության հիման վրա մեկնաբանելու փաստաբանների առարկությունները` Մուստաֆա Նազմի փաշան նշում է. «Բարբարոսային կոտորածները, անարգ չարաշահումները դժբախտաբար նույնպես վերագրվում են «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեին, նրա պլենումներին և «Հատուկ կազմակերպության» ¥Թեշքիլաթ-ը մահսուսե) գործունեությանը: Եվ այս անձնավորությունները դատի են տրված ոչ թե նախարարի պաշտոնում գտնվելու համար, այլ «Միություն և առաջադիմություն» կուսակցության մեջ ղեկավար դիրք ունենալու և կենտրոնական կոմիտեի անդամ լինելու հանգամանքով: Կոտորածների և չարաշահումների հետևանքով օսմանցիների արժանապատվության վրա ընկած արյունոտ հետքերը, օսմանցիների ճակատը մրոտած սև բծերը կարելի է ջնջել միայն արդարության գրչով: Եվ այս ձևով ջնջելու համար նրանց դեմ հայտարարվում է ջիհադ (սրբազան պատերազմ):
Մեղադրական ակտում ցույց տրված և իրենց անմիջական հեղինակությամբ կատարված հանցագործությունների համար մեղադրվում են դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Նազըմը, Աթիֆը, Ռիզան, Ջևադը, Ազիզը, էնվերը, Ջեմալը և Թալեաթը: Այդ հանցագործություններին անուղղակի մասնակցություն ունենալու համար մեղադրվում են Միդհատ Շյուքրին, դոկտ. Ռուզուհին, Քյուչուկ Թալեաթը, Զիա Գյոք Ալփը, Քեմալ բեյը, Սայիդ Հալիմ փաշան, Ահմեդ Նեսիմին, Շյուքրին, Իբրահիմը և Խալիլը: Օսմանյան արդարադատության հիման վրա պահանջում եմ սրանց ենթարկել դռնբաց դատաքննութան»:
Երրորդ նիստի սկզբում (պաշտոնավարության հարցի վերաբերյալ) դատարանը հավաստի փաստարկներով որոշում է վերոհիշյալների դատաքննությունը լսել ռազմական արտակարգ ատյանում:
Հարկ է նշել, որ առաջին և հաջորդ մեղադրական ակտերում բերված փաստաթղթերը` ծածկագիր հեռագրերը, նամակները վկայում են, որ արևմտահայության տեղահանությունը ռազմական կամ կարգապահական միջոցառում չի եղել, այլ այն տեղի է ունեցել բացարձակապես կուսակցության կենտրոնական կոմիտեի ցանկությամբ և նախաձեռնությամբ, որ հայերի տեղահանությունն ու կոտորածները ոչ թե սահմանափակ կամ տեղական բնույթ են կրել, այլ կանխամտածված, և իրականացվել են հատուկ կենտրոնի հրահանգներով ու գաղտնի հրամաններով: Մեղադրական ակտերում և հարցաքննության նիստերի ընթացքում հիմնական շեշտը դրվում է արևմտահայության կոտորածի վրա: Ահա մի հատված առաջին դատավարության մեղադրական ակտից. «Գոյություն ունեցող փաստերը վկայում են, որ իրավասու կոմիտեն մեղադրվում է օրինազանցության, չարաշահումների և մի շարք կոտորածներ կատարելու մեջ, որոնք հաստատում են այդ կոմիտեի վերոհիշյալ ազդեցիկ ղեկավարների պատասխանատվությունը: Իրենց նենգ դիտավորություններն իրականացնելու համար նրանք ի վերջո կարողացան երկիրը ներքաշել Համաշխարհային պատերազմի մեջ, ռազմական գործողությունների ընթացքում իրենց գաղտնի ծրագրերը իրականացնելու համար իրենց կողմից ստեղծված «Հատուկ կազմակերպության» միջոցով սկսեցին գաղտնապես իրագործել «Միություն և առաջադիմություն» կուսակցության ծրագրերը: Բանտերից դուրս բերված հանցագործներն ու ավազակները ընդգրկվեցին «Հատուկ կազմակերպության» մեջ: Եվ այս կապակցությամբ սկզբնական շրջանում ջանք գործադրվեց միամիտ մարդկանց համոզելու, որ այդ ավազակախմբերն իբրև թե մասնակցելու են պատերազմական գործողություններին: Մինչդեռ վերոհիշյալ ապացույցներն ու բոլոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ հրոսակախմբերը ստեղծված էին տեղահանված հայերի քարավանները կոտորելու և ոչնչացնելու նպատակով»:
Դատավարության 5-րդ և 6-րդ նիստերում մանրակրկիտ հետաքննության ենթարկվեց արևմտահայության կոտորածն իրականացնող «Հատուկ կազմակերպությունը», որը, ինչպես նշվեց, կյանքի էր կոչվել «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների կողմից` հատուկ որոշմամբ:
Հարցաքննության ընթացքում, նկատի ունենալով իրենց կատարած հանցագործությունների ծանրությունը, մեղադրյալներն անընդհատ փորձում էին խուսանավել և շեղվել ստույգ պատասխաններից: Այնուհանդերձ խաչաձև հարցաքննության ընթացքում և որպես մեղադրական ապացույց բերված հեռագրերի, նամակների և վկայությունների հիման վրա լիովին բացահայտվում է իրականությունը: Այն է, որ տեղահանությունն ու կոտորածը ոչ միայն հավանության են արժանացել կենտրոնական կոմիտեի անդամների կողմից, այլև վճռվել են ձայների մեծամասնությամբ, գաղտնի նիստերից մեկում:
Պաշտոնատար անձինք մեղավոր էին ճանաչվում նրա համար, որ իրազեկ լինելով կոտորածների և այլ բռնությունների մասին, ոչ մի գործնական միջոց չեն ձեռնարկել դրանք կանխելու հարցում: Ընդհակառակը, իրենց ձեռնպահությամբ նպաստել են, որպեսզի շարունակվի տեղի ունեցող այդ ողբերգությունը: Օրինակ` շեյխ ուլ-իսլամ Մուսա Քյազիմ էֆենդին, որը որպես կրոնական առաջնորդ կարող էր մեծ ազդեցություն ունենալ այդ վայրագությունները խափանելու խնդրում, ոչ մի էական քայլի չի դիմել: Հարցաքննության ընթացքում նա փորձում է արդարանալ, որ ինքը պատասխանատու չէ կառավարության անդամների գործադրած հանցագործ արարքների համար, որ այդ հարցում մեղավոր է ներքին գործերի նախարարությունը: Նույնիսկ մի շարք այլ կարևոր հարցերի քննարկման ժամանակ, երբ իր կարծիքն են հարցրել, նա պատասխանել է. «Կուսակցությունն այդպես է ուզել, ուրեմն այդպես էլ պիտի լինի»: Իսկ մի այլ տեղ արտահայտել է հետևյալ միտքը. «Կուսակցությունից դուրս գալը նշանակում է իսլամի կրոնից հրաժարվել»:
1919 թ. հուլիսի 5-ին արձակված դատավճռում, կրկին հիմնական շեշտը դնելով արևմտահայության տեղահանության, կոտորածների և ունեցվածքի կողոպտման հարցի վրա, նշվում էր կուսակցության կենտրոնական կոմիտեի և կառավարության ղեկավարների կողմից Սահմանադրության ոտնահարման փաստերի մասին: Կարևոր հանցանշաններից մեկն էր համարվում նաև առանց Մեջլիսի որոշման Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու հարցը, ինչպես նաև առևտրի և հատկապես պարենային խնդրում տեղ գտած չարաշահումներն ու սպեկուլյացիան:
«Հետաքննությունը ցույց տվեց,- նշվում է դատավճռում,- որ օսմանյան պետության օրենքներն ստեղծվել են «երեքի զորությամբ», և այդ օրինազանցությունը կատարվել է ահաբեկչական ուժ գործադրելու միջոցով: Այսպիսով, վերոհիշյալ հանցագործ արարքների անմիջական հեղինակներն են «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներն ու ընդհանուր Մեջլիսի անդամները: Այդ թվում` փախուստի մեջ գտնվող նախկին մեծ վեզիր Թալեաթ փաշան, նախկին ռազմական նախարար, այժմ զինվորական շարքերից վտարված Էնվեր էֆենդին, նախկին ծովային նախարար, նույնպես զինվորական շարքերից վտարված Ջեմալ էֆենդին և նախկին հանրակրթական մինիստր, դոկտ. Նազըմ էֆենդին, որոնց անմիջական հեղինակությամբ կատարվել են այդ հանցագործությունները: Տվյալ հանցագործություններին անուղղակի մասնակցություն են ունեցել նաև հիշյալ Մեջլիսի անդամներից, նույնպես փախուստի մեջ գտնվող ֆինանսների նախկին նախարար Ջավիդ բեյը, ինչպես նաև առևտրի և հողագործության նախարար Մուստաֆա Շերեֆ բեյը: Բացահայտված է նաև, որ կատարված հանցագործություններում իր մասնակցությունն է ունեցել նաև նույն ընդհանուր ժողովի անդամներից` դատարանում ներկա գտնվող նախկին շեյխ ուլ-իսլամ Մուսա Քյազիմ էֆենդին»:
Այսպիսով, քաղաքացիական քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի առաջին կետով դատարանը մահվան վճիռ կայացրեց Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և Նազըմի նկատմամբ, իսկ 45-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, 55-րդ հոդվածի վերջին կետով Ջավիդը, Մուստաֆա Շերեֆը և Մուսա Քյազիմը դատապարտվեցին 15-ական տարի ժամկետով աքսորի:
Դատաքննության ենթարկված մեղադրյալներից մի քանիսը, իբրև թե բավարար հանցանշան չունենալով, ազատ արձակվեցին, այդ թվում` սենատի նախկին նախագահ Ռիֆաթ բեյը, փոստի և հեռագրատան նախարար Հաշիմ բեյը: Այս վերջին երկուսի նկատմամբ կայացված վճռին հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն էին համաձայն: Դատավճռի վերջում ռազմական արտակարգ ատյանի անդամ, սպայակույտի գեներալ-մայոր Մեհմեդ Զեքի փաշան, ստորագրելով հանդերձ, կատարել է հետևյալ նշումը. «Այս դատավճռին մասնակից լինելով հանդերձ` ես այն համոզմունքին եմ, որ մեղադրյալ Հաշիմ բեյը անուղղակի կերպով մասնակցություն է ունեցել նշված հանցագործություններին, քանի որ իր ցուցմունքներն ու առկա ապացույցներն այդ են վկայում»:
Նկատենք, որ դատավճռում ոչ բոլոր մեղադրյալների անուններն են հիշատակված, քանի որ նրանց մեծ մասը դաշնակիցների հովանավորությամբ կալանատնից վերցվելով աքսորվեց Մալթա կղզի: Այս հարցին մենք կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ