Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տերը բոլորիս արժանացնի Իր Երկնային Արքայությանը

Տերը բոլորիս արժանացնի  Իր Երկնային Արքայությանը
23.05.2014 | 11:10

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ, ՔԱՆԶԻ ԴԵՌ ԱՆՄԵՂ ԵՆ
Գրված է Աստծո խոսքում, որ վերջին ժամանակների նշաններից մեկն էլ այն է լինելու, որ մարդիկ տարաժամ են հեռանալու կյանքից։ Եթե երբևէ գնալու լինես գերեզմանոց, ապա ուշադիր զննիր գերեզմանաքարերի տարեթվերը և կհամոզվես, որ ծերության հասած քիչ մարդու կգտնես, իսկ դեռ կյանքը չապրած բազումների կհանդիպես։ Հարցը` ինչո՞ւ են մարդիկ տարաժամ կյանքից հեռանում, հետաքրքրել է նաև սրբերին: Օրինակ Անտոն Անապատականը, որ իր սրբակյաց կյանքի համար նաև Անտոն Մեծ կոչվեց, աղոթքի ժամանակ հարցրել է Տիրոջը. «Տեր, ինչո՞ւ են մարդիկ տարաժամ մահանում»։ Աստված պատասխանել է նրան. «Անտոն, դու քեզ նայիր, իսկ մարդկանց կյանքի երկարության հարցերը մի՛ քննիր, քանզի դրանք անքննելի են»։
Այս մասին մեր եռամեծ հայրապետ Գրիգոր Տաթևացին նույնպես խորհել է ու մեզ այս հարց ու պատասխաններն է թողել, որպես մխիթարության գիտություն։
ՀԱՐՑ- ինչո՞ւ են երեխաները տարաժամ մահանում։
ՊԱՏԱՍԽԱՆ- Յոթ պատճառով է Աստված մահ տալիս երեխաներին: Նախ` քանի որ սիրում է նրանց Աստված բնական անմեղության համար և Իր մոտ է տանում, որպես ծառի վրայի վաղահաս պտուղը։
Երկրորդ` քանզի սիրում է ծնողներին. և տանում է նրանց զավակին, որպես բարի հիշատակ նրանց, ինչպես ողջակեզ գառան անուշահոտ պատարագ։ Արդ, եթե գառը, որ ծնունդ է ոչխարների՝ հիշատակ է մատուցողին, որքան առավել զավակը, որ ծնողների միջից ընծայվում է Աստծուն։
Երրորդ` խնայում է նրան Աստված նախահոգ կամքով և մահ տալիս, քանզի առաջիկա աշխարհի փորձություններից կընկնի կամ էլ սատանայի պատրանքներից կխաբվի։
Չորրորդ` չար ծնողների համար է, երբ վերցնում է նրանց զավակներին, որ նրանց հիշատակը կորչի։
Հինգերորդ` եթե ծնողները բարեգործ լինեն, և ծնված զավակները չարի պատճառ լինեն (իրենց արարքներով), կամ էլ չար հիշատակ թողնեն, դրա համար վերցնում է նրանց, որպեսզի ծնողները բարությամբ մնան։
Վեցերորդ` զավակներին մահ է տալիս ծնողների մեղքերի համար, որպեսզի մորմոքեն նրա վրա, որ իմանան, թե այդպես և Աստված է նրանց հոգիների վրա մորմոքում։
Յոթերորդ` քանզի շնության և պոռնկության որդիները լինում են վաղամահ, ինչպես ասում է առակը. «Ամբարիշտների զավակները թերակատար են։ Եվ թերակատար են լինում մահվամբ, ինչպես Դավթի առաջին որդին, որ Բերսաբեից էր, որ շնությունից ծնվեց՝ վաղամահ եղավ, թեպետ բազում անգամ աղաչեց Դավիթը, բայց չլսեց Աստված, ու մեռավ մանուկը»` ինչպես գրված է Թագավորության գրքում։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏԱՐԱԺԱՄ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ


ՊԱՏԱՍԽԱՆ- Ասում են վարդապետները, բնական մահ է, երբ ալևորում է մարդը ու ծերանում, և տարերքը թուլանում, ծերանում է ու տարանջատվում միմյանցից, հոգին բաժանվում է, և մահն է գործում մարմնում։
Իսկ երիտասարդների մահը լինում է չորս պատճառով։
Նախ՝ լինում է ծերություն մարմնի և ծերություն հոգու։ Մարմնի ծերությունը երկու նշանակություն ունի։
Նախ՝ նշանակում է իմաստություն, քանզի բազում են օրերը, բազում է և իմաստությունը։
Երկրորդ` նշանակում է մազերի սպիտակություն՝ անմեղություն։ Իսկ երիտասարդը, որ ծեր է հոգով, ունի իմաստություն և հավատ առ Աստված, ունի մաքուր ու անարատ վարք, ինչպես ասում է առակը, թե ծերությունը պատվական է, ոչ թե երկարամյա, այլ մարդու իմաստությամբ, իսկ ծեր հասակը` իր անարատ կյանքով։ Եվ այս ունի երիտասարդը, որ ծեր է հոգով, և այն պատվական է, քան ծերը մարմնով, որ լինում է անիմաստ և անզգաստ, քանզի այդպիսի ծերությունը պատիվ չէ նրան, այլ անարգություն, որ այդքան ժամանակ ապրեց ու տգետ և անհավատ մնաց։ Ապա, ուրեմն, իմաստուն երիտասարդը պատվական է Աստծո և մարդկանց առջև, դրա համար կարգավ է տարաժամ վախճանվում մարմնով։ (Գրիգոր Տաթևացի, Ամառան, Ձմեռան հատորներից)
Ահա նաև մի քանի հատված մեր արծարծելիք նյութի վերաբերյալ տարբեր վարդապետների կողմից վերծանված։
Երանելի տեր Աբրահամ Մամիկոնեից եպիսկոպոսի (VI դար) Աղվանի Վաչագան արքային ուղղված նամակը.
«Իմացիր, ո՜վ սիրելի, որ եթե հանգուցյալների հոգիների համար տգիտությամբ տեղեկացված լինես, քանզի ոչ թե հանգուցյալներն են, այլ Աստված է ընդունող պատարագների և ուխտերը կատարող: Լսում է ողջերի՝ մարմնով կենդանիների աղոթքները և թեթևացնում է մեռածների հոգիների բեռները, որ հույսով ննջեցին: Սա են մեզ ուսուցանում նաև Սուրբ գրքերը, ինչպես Եղիսեն, ոչ թե մեռած մանկանը լսելով, այլ մոր աղաչանքներին լսելով էր, որ կենդանացրեց մանկանը և հանձնեց մորը (Գ Թագ. 14.17-23): Եվ ասվում է՝ մեր Տեր Աստվածը գթաց այրի կնոջը և հարություն տվեց նրա միակ որդուն: Նաև առաքյալները այրիների արտասուքն ու ողբը տեսնելով, հարություն տվեցին Տաբիթային:
Եթե ողջերի աղոթքով մեռելությունից կենդանություն բերել գիտի Աստվածային զորությունը, որքան առավել նաև հույսով ննջեցյալների մեղքերին թողություն ստանալուն պիտի հավատանք, երբ ողջերս նրանց համար Աստծուն խնդրենք»:
Իսկ ինչո՞ւ ենք առհասարակ բարեխոսության կանչում սուրբ նահատակներին և նույն Աստծուն չենք թախանձում:
Քանի որ ամոթով ենք լցված մեր մեղքերի պատճառով և չենք կարող համարձակ մերձենալ Աստծուն, և միջնորդներ ենք ունենում սրբերի համարձակությունը, որոնք Սուրբ Հոգու տաճար ու բնակարան դարձան: Որպեսզի նրանցով Աստծո շնորհները մեր ամոթահար խեղճությունը պատմելով, մեզ արդարացնի և ամոթահարությունից զերծ, համաձայն Իր անբավ առատության՝ պարգևի խնդրողի պիտանին:

ՎԱՉԱԳԱՆ ԱՐՔԱՅԻ ՀԱՐՑՄՈՒՆՔԸ ԵՐԵՑ ՄԱՏԹԵԻՆ


Վաչագան արքան հարցնում է. «Մարմնին հրաժեշտ տված հոգիները զգայություն ունե՞ն, թե՞ անզգա են, կամ մարմնով ողջերս ննջեցյալներին ինչպե՞ս կարող ենք օգնել»։
Պատասխան լուսաբանման. «Կարող են օգնել աղաչելով Աստծուն պահքով, աղոթքներով ու պատարագներով, կամ այլ բարեհիշատակ գործերով, որ նրանց անունով է կատարվում։ Քանզի, ինչպես որ Դավիթը Սավուղի սպառազինությամբ զգեստավորվելով սկսեց կաղալ և սայթաքել, իսկ երբ մերկացավ դրանցից ու սպառազինության ծանրությունը դեն գցելով և թեթևանալով, դարձյալ իր բնությունը ստացավ, այդպես են նաև հոգիները. քանի դեռ մարմնի սպառազինությամբ են զգեստավորված կամ ծանրացած, իսկ երբ սա մի կողմ են դնում, սրատես ու քաջատեղյակ ու առավել զգայուն են լինում։ Եվ ովքեր ասացին, թե հոգին մարմնից ելնելով անզգա է լինում, նրանց հանդիմանում ենք Աստվածաշունչ գրերի վկայությամբ։ Ասված է. «Իմ ծառա Մովսեսը վախճանվեց» (Հեսու 1.2), բայց Աստծո առաջ, Թաբոր լեռան վրա Մովսեսի չքնաղազգեստ փառքով գալը, սակայն ոչ մարմնով զգեստավորված լինելը, որի բաղձանքով Պետրոսը Տիրոջից խնդրում էր անդենական բնակություն։ Իսկ եթե անզգայություն էր մարգարեի հոգին, ինչպես որ պնդում են, ինչպե՞ս եկավ այդպիսի վայելուչ կերպարանքով խոսելու Աստծո Որդու հետ։ Ասվեց. «Աստված ողջերի, և ոչ թե մեռելների Աստված է» (հմմտ. Մատթ. 22.22)։ Չէ՞ որ մեռած մարմինն անզգա է, իսկ անզգայացած հոգին է հայտնում մեռածի անզգայությունը իր զգայական կենդանությամբ։
Եվ դարձյալ ասվում է Սողոմոնին, թե՝ Վերակացու կլինեմ այդ քաղաքիդ (Երուսաղեմին) Իմ ծառա Դավթի համար (հմմտ. Եսայի 33.35)։ Ահա՛, ասա ուրեմն, անզգայացած հոգուն (Դավթի) ի՞նչ մեծարանք էր նրա զավակին վերակացու լինելը։ Մի այլ մարգարեի կենդանի հոգու համար շնորհ արեց քաղաքին փրկելու նրանց թշնամուց։
Եվ Պողոս առաքյալն ասում է. «Մարմնից ելնելն ու Քրիստոսի հետ լինելն եմ լավ համարում» (Փիլի. 1. 23)։
Որ նաև կենարար Բանն է ասում Հորը. «Որոնց Ինձ տվեցիր, կամենում եմ, որ Ինձ հետ լինեն և Իմ փառքը տեսնեն» (Հովհ. 17.24)։
Ահա ըստ քո խոսքի՝ անզգա հոգիներին ինչպես էր հնարավոր Տիրոջ հետ լինել կամ Իր անճառելի փառքը տեսնել։ Կամ մեծահարուստի հոգին ինչպես կարող էր տանջարանից սրատես աչքերով Աբրահամին ու Ղազարոսին տեսնել կամ ճանաչել։ ՈՒրեմն հայտնապես Փրկչի խոսքը ցույց է տալիս, թե հոգին առավել քաջատեղյակ և իմաստուն է լինում, երբ դուրս է գալիս մարմնից։
Այս ամենը գրեց ու մատուցվեց ընթերցողներին որպես տեղեկություն իրենց անցած-գնացած ննջեցյալների վերաբերյալ, որպեսզի անհավատությամբ ու անհուսությամբ չտկարանան ու իրենց հոգու կապը չկտրեն Երկնքից, ուր մի օր բոլորս ենք հավաքվելու, բայց և Արդար Դատաստանով զատվելու ըստ մեր բարի ու չար գործերի դատվելուց հետո։
Տերը բոլորիս արժանացնի Իր Երկնային Արքայությանը. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ