Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Օրվա հոգսը բավ է օրվա համար»

«Օրվա հոգսը բավ է օրվա համար»
27.05.2014 | 00:41

ՈՒզում եմ ընթերցողներին տեղեկացնել մի անհայտ վիրուսի մասին, որն աննկատելիորեն մաշում է մեր առանց այդ էլ կարճ կյանքը, քանզի մեր հիվանդությունների մեծ մասն այս աշխարհին բնորոշ հոգսառատության ու բազմազբաղության հետևանք է նաև, որովհետև մարդն այնպես է ստեղծված, որ մեկ օրվա բեռից ավելի չի կարող տանել, իսկ ավելին արդեն չարից է ու վնասարար։ Այդ պատճառով Հիսուսն իրեն ունկնդրողներին ասաց. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք, թե ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն էլ են այդ բոլորը որոնում, քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ բոլորը ձեզ պետք են։ Դուք նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա։ Այսուհետև հոգս մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթեոս 6. 31)։
«Հոգս» բառի արմատը հոգին է, այսինքն, երբ մարդը չափից ավելի է անհանգստանում ժամանակավոր բաների համար, այդ ժամանակ մարդու հավիտենական հոգին սկսում է ավելորդ ու ծանր բեռ կրել, որը եթե անդադար շարունակվի, հոգեմաշ կլինի, ինչը կարող է հիվանդությունների ու նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Ժողովուրդն այս հոգեվիճակն անվանել է դարդ, իսկ նախնյաց բժիշկները նման մարդկանց այդ վտանգավոր վիճակից հանելու համար տարբեր միջոցներ են առաջարկել: Օրինակ, ես հին բժշկարաններում կարդացել եմ, որ հոգսերի բեռի տակ կքած, դարդոտված մարդկանց առաջարկում են տաք բաղնիք գնալ, վարդաջրով օշարակ խմել ու լավ գինի օգտագործել, անուշահոտ յուղերով օծվել և հմուտ գուսաններ կանչել, որ այդ ամենի միջոցով մարդու միտքը ցրվի դարդի առարկայից: Բայց դրանք ներքին ցավոտ վերք ունեցող մարդուն արտաքին սպեղանիով օգնելու զուր հնարքներ են, քանի որ դրանք ոչ քրիստոնեական միջոցներ են, քանզի նման դեպքերի համար մեր Տիրոջ սուրբ ծառան ասել է. «Ձեր բոլոր հոգսերը Նրա վրա գցեցեք, որովհետև Նա է, որ հոգում է ձեր մասին» (Ա Պետրոս 5.7): Քանի որ Տերն է ասել. «Եկե՛ք Ինձ, ով հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, և Ես հանգիստ պիտի տամ» (Մատթ. 11.28):
Ամենաշատ հոգսերը, իհարկե, ծնողներն են կրում, որոնց ուսերին են իրենց երեխաների ոչ միայն մարդավայել դաստիարակությունը, այլև նրանց կերակրելու և հագցնելու ամենօրյա հոգսը։ Բայց այս ամենը քիչ համարելով, շատ ծնողներ, դեռ երեխայի մանկապարտեզային տարիքից, արդեն մտահոգվում են, թե իրենց զավակը տասը տարի հետո ի՞նչ մասնագիտություն պետք է ստանա, հիմա էլ ավելի առաջ նայելով, արդեն որոշում են, թե որ երկրում պետք է ապրի։ Իսկ երբ գալիս, հասնում են այդ օրերը, կամ այդ հոգսերի տակ կքած ծնողներն են մահացած լինում, կամ էլ երեխան բոլորովին չի ուզում ծնողների նախընտրած մասնագիտությունը ձեռք բերել, ու սկսվում է ծնող-երեխա հարաբերությունների թնջուկը, մինչև իսկ խզումն իրարից։ Մինչդեռ պետք էր վստահել այդ երեխան քեզ պարգևող Աստծուն ու հասկանալ` ի՞նչ շնորհներ է տվել Տերը երեխայիդ, և ըստ այդմ էլ առաջնորդվել։
ՈՒրեմն հոգեմաշ հոգսառատությունը մեր երկնավոր Հոր սիրո և ողորմության հանդեպ անվստահության կամ թերահավատության պատճառով հեռու լինելու ուղիղ հետևանք է:
Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են երեխաներն իրենց բնական անհոգությամբ ավելի թեթև տանում զանազան դժվարություններն ու հիվանդությունները և շուտ էլ ապաքինվում են։ Դա նրանից է, որ նրանք իրենց հույսը դնում են ծնողների կամ մեծերի վրա, ու կարծես բանի տեղ չդնելով իրենց տկարությունները, իրենց կենարար մասը՝ հոգին մնում է անխոցելի։
Մի այսպիսի դեպք եմ հիշում. ավագ եղբորս ծնունդն էր, բոլոր հարազատներս իրենց երեխաների հետ էին եկել։ Երբ կերուխումի արարողությունն ավարտվեց, երաժշտություն միացրին, որ երեխաները պարեն և ուրախանան, իսկ մեծերն իրենց զրույցներին տրվեն։ Մինչ այդ տեղյակ էի, որ եղբորս թոռնիկը, որ մի տասը տարեկան աղջնակ էր, այդ օրը բարձր ջերմություն ունի, ինչը նույնիսկ նրա կարմրած աչքերից էր երևում։ Նա ախորժակ չուներ, որ սեղանի կերակուրներից օգտվեր, և դա բնական էր, բայց երբ ուրախ պարային երաժշտություն հնչեց, երեխաները սկսեցին պարել ու զվարճանալ, հանկարծ զարմացած տեսա, թե ինչպես նրանց խմբում հայտնվեց ջերմությունից կարմրատակած այդ աղջնակն ու սկսեց թռվռալ նրանց հետ։ Ես զարմացա, թե այդ երեխայի մեջ ինչպիսի մանկական անհոգություն կար իր հիվանդության հանդեպ, որ բանի տեղ չդնելով այն, իր պարն էր պարում։ Իսկ երբ ծննդյան երեկոն վերջացավ, տեսանք, որ երեխայի ջերմությունն էլ անցավ։
ՈՒ տարիների ընթացքում նկատել եմ, որ այն մարդիկ, ովքեր իրենց հիվանդությունները առաջնային տեղում չեն դասում, ու, ինչպես ասում են, «շան տեղ չեն դնում», այդպիսիներն ավելի շուտ են ապաքինվում։ Իսկ նրանք, ովքեր իրենց տկարություններն ու հիվանդությունները «գրկած» փայփայում են օր ու գիշեր, այդպիսիների հիվանդությունները սովորաբար երկարաձգվում են։ Իհարկե, ասածս չի նշանակում, որ արդեն ծանր վիճակ ու չարորակ ուռուցքներ ունեցողներն էլ պիտի ուշադրություն չդարձնեն իրենց հիվանդության վրա, այլ, նախ հույսը ողորմած Աստծո վրա դնելով, պետք է շարունակեն ապաքինումը։ Այդ պատճառով Սողոմոն իմաստունը հորդորում է. «Ամբողջ սրտով հույսդ Աստծո վրա դիր և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ։ Դու քո աչքին իմաստուն մի՛ թվա, այլ վախեցիր Տիրոջից և խուսափիր ամեն չարից, և դա քո մարմնին բուժում և քո ոսկորներին դարման կլինի» (Առակներ 3. 8)։
Ինչպես հիշում են ընթերցողները, մեր թերթում անցյալ տարի պարբերաբար տպագրել ենք «Աստծո կանչ» գիրքը, որտեղ Տեր Հիսուսը հաճախ էր խոսում հոգսառատ կյանքի վտանգների մասին։ Հիմա էլ կարդանք Տիրոջ հորդորներից մի քանիսը ու դադարենք մաշեցնող հոգս անել և սովորենք երկնավոր մեր Հորը վստահելով ապրել. «Ձեր հոգին մի՛ ծանրաբեռնեք աշխարհի մեղքերով ու տրտմություններով, այլ մանուկների նման ուրախությամբ ու վստահությամբ երկնավոր Հոր հետ խոսեք»:
«Եթե մտահոգիչ որևէ խորհուրդ կամ անհամբեր մտածում է սողոսկում ձեր մտքից ներս, անմիջապես դուրս մղեք այն։ Սերն ու վստահությունը Աստծո հանդեպ դեղ ու դարման են կյանքի նեղությունների, մտահոգությունների ու սրտմաշուքների դեմ։ Մի՛ վհատվեք՝ ամեն ինչ լավ է»։
Եվ, ի վերջո, եթե մեր ամենօրյա աղոթքի մեջ ասում ենք` «Հայր մեր, որ երկնքում ես...», ապա իսկապես հավատանք, որ երկնային Հայր ու Տեր Աստված ունենք, Ով ամենակարող է ու գթառատ և պատրաստ է մեզ օգնելու մեր այս երկրային կարճատև ընթացքն այնպես ապրելու, որ վերջում Իր խոստացած Երկնային Արքայությունը ժառանգենք։ Եվ այսպես, հոգս մի արեք, որպես թե դուք անտեր ու անօգնական եք, այլ հավատով ու հույսով ապավինեք, և ձեր բոլոր հոգսերը աղոթքով ու խնդրանքով լուծեք Տեր Աստծո հետ, Ով եթե Իր Որդուն տվեց մեր փրկության համար, մի՞թե ավելին պիտի չտա, եթե որդիաբար վստահենք Իր ողորմությանը։
ՈՒրեմն, հոգս մի՛ արեք և առո՛ղջ եղեք։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ