USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Չարագործությունը և հանճարեղությունը

Չարագործությունը և հանճարեղությունը
30.05.2014 | 11:05

Ջոն Մանուկյանի «Անդրադարձը» («Իրատես de facto», թիվ 34) բազում հեռախոսազանգերի առիթ դարձավ: Հիացմունքի խոսքերին զուգահեռ հնչեցին և հայհոյախառն քննադատություններ: Որպես պատասխան հայհոյախոս Լենինի հայհոյախոս հոգեզավակներին, տպագրում ենք Վիկտոր Ակսյուչիցի «Չարագործությունը և հանճարեղությունը», որը խմբագրությանն էր տրամադրել Ջոն Մանուկյանը և, որը պետք է նախորդեր նրա «Անդրադարձին»: Սակայն, հանգամանքների բերումով, այն ոչ թե նախորդել է, այլ հաջորդում է պարոն Մանուկյանի հրապարակմանը:

Վիկտոր
ԱԿՍՅՈՒՉԻՑ

Անվիճելի է, որ Լենինը եզակի դեր է խաղացել 1917 թվականին Ռուսաստանը պատուհասած աղետի և դրա պատճառով 20-րդ դարում տեղի ունեցած համակործան իրադարձությունների հարցում։ Արարմունքի հսկայածավալությունը պատճառ է դառնում մի փառապանծ առասպելաբանության ստեղծման, ուստի պատմության մեջ ամենաարյունալի բռնապետության հեղինակին հաճախ մեծարում են իբրև «մեծ հումանիստի», «հանճարեղ քաղաքագետի», «բարձրակիրթ մարդու»։ Լենինի ֆենոմենը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է, առանց «մարդասիրական» նրբերանգներին տուրք տալու, պարզել այն, ինչ ոչ ոք, նրանից բացի, չի ունեցել։ Լենինի մեջ գլխավորը գաղափարախոսական մոլագարությունն էր, ավերի մոլուցքը, բացարձակ ցինիզմն ու անսկզբունքայնությունը, որոնց շնորհիվ նա եղավ առաջինը 20-րդ դարի արյունռուշտ բռնապետերի շարքում. Ստալին, Հիտլեր, Մաո Ցզեդուն, Պոլ Պոտ, Կիմ Իր Սեն և մի շարք այլ «մանրապճեղներ»։ Ընդ որում, նրանք բոլորը, այսպես թե այնպես, Լենինի «աշկերտներն» էին, այսինքն, յուրացրել և շարունակում էին այն, ինչ Լենինը պատմության մեջ առաջինն էր փորձել։ Բայց ոչ ոք չկարողացավ գերազանցել ուսուցչին, քանի որ հետագայում ոչ ոք չկարողացավ կրկնել Լենինի որոշ արարքներ։
Նախ, Լենինը կատարելության էր հասցրել իշխանության հեղափոխական նվաճման հայեցակարգը, որի համար սոցիալիզմի ու մարքսիզմի դասականներից արդյունավետորեն օգտագործում էր անհրաժեշտ ամեն ինչ և անխնա դեն էր նետում հնացած կամ չափազանց մարդասիրական ամեն բան։ Այդ ուղեցույցի հիման վրա Լենինը պատմության մեջ առաջին անգամ ստեղծեց խիստ կարգապահությամբ և արյամբ զոդված զանգվածային հեղափոխական կուսակցություն։ Նա մշակեց նախընթաց բոլոր հեղափոխությունների փորձը հաշվի առնող հեղաշրջման տակտիկա. նրա ցինիկ ալգորիթմը թույլ է տալիս պարզել տապալվելիք պետականության թույլ տեղերը, հնարավոր բոլոր հասարակական հենակետերը, ինչպես նաև բոլոր իրական հակառակորդներին, որոնք ճնշվում կամ ոչնչացվում են նախապես։ Լենինից առաջ ոչ ոք այսպես ցինիկ ու դաժանորեն իշխանություն չէր նվաճել` ճանապարհին սրբելով բոլոր սկզբունքներն ու սրբությունները։ Այնուհետև Լենինին հաջողվեց երկիրը ներքաշել աննախադեպ դաժան ու արյունահեղ քաղաքացիական պատերազմի մեջ, որի զոհերի թիվը հասնում է 15 միլիոնի։ Հեղափոխության լիակատար հաղթանակի համար Լենինն առաջինը ¥նախընթաց ամբողջ փորձի արդյունավետ ընդհանրացմամբ¤ մշակեց պետական համատարած ահաբեկության համակարգի տեսությունը և կենսագործեց այն։ Թեև բոլշևիկյան ահաբեկության համեմատ նախորդ և հետագա բոլոր տիպի ահաբեկությունները սահմանափակ էին տարածության ու ժամանակի, դաժանության ու զանգվածայնության առումով։ Լենինը հիմնում է համակենտրոնացման ճամբարներ (1920 թ. դրանց թիվը մոտենում էր 90-ի) և արմատավորում է պատանդների կանոնավոր զանգվածային գնդակահարություններ` անգամ «հեղափոխական օրինականության» տեսակետից ոչ մի մեղք չգործած մեծ քանակությամբ մարդկանց սպանդ։ Լենինը պատմության մեջ առաջին անգամ զանգվածային սով սարքեց` իր երկրի անհնազանդ բնակչությանը կոտրելու համար. 1921-22 թթ. ահավոր սովը մոտ հինգ միլիոն մարդու կյանք խլեց։ Բացի Լենինից, այլևս ոչ ոք ներքին ահաբեկության համար այդ քանակությամբ ինտերնացիոնալ «լյումպեն» չի օգտագործել. ավստրա-հունգարական, գերմանական, չեխական, թուրքական բանակների ռազմագերիներից, լատիշ հրաձիգներից, չին կամավորներից, ինտերնացիոնալ հեղափոխականներից կազմավորվում էին հարվածային, արգելափակիչ, պատժիչ և պահակային ջոկատներ. «Տոկուն և կարգապահ տարրերից գերմանա-հունգարական դիվիզիայի կազմավորումը խիստ նպատակահարմար է» (Սիբհեղկոմի նախագահին հասցեագրված հեռագիրը)։ Լենինյան ռեժիմը պատմության մեջ առաջին անգամ քիմիական զենք գործադրեց իր երկրի քաղաքացիների ոչնչացման համար, հետագայում նման բան արել է միայն Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնը։ Լենինի ցուցումով, առանց դատ ու դատաստանի, սպանվեցին կայսրական ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ երեխաները, ինչպես նաև շատ ազգականներ ու սպասավորներ (ավելի քան քառասուն մարդ)։ Պետության գահընկեց ղեկավարի ու նրա ընտանիքի նկատմամբ արյունալի հաշվեհարդարը աննախադեպ է նոր և նորագույն պատմության մեջ. դրան նախորդած ավելի քան հարյուր տարում, Ֆրանսիական հեղափոխության տարիներին, մահապատժի էր ենթարկվել Ֆրանսիայի թագավորը, բայց Լենինից հետո ոչ մի ուզուրպատոր ու դիկտատոր նման քայլի չի դիմել։
Պետք է ասել, որ բոլոր բռնապետերը չարագործություններն արել են մի ինչ-որ վսեմ ու դրական առասպելաբանությամբ` արտահայտված իր ազգային մշակույթի լեզվով։ Հիտլերի համար նվիրական երազանքը «Մեծ Գերմանիան» էր` իբրև «հազարամյա ռայխ», նա պաշտում էր նիբելունգների մասին գերմանական էպոսը և Վագների երաժշտությունը։ Մաո Ցզեդունի համար Մեծ Չինաստանն էր` որպես Երկնակայսրություն, կոնֆուցիականության որոշ հակումներով։ Բոլոր բռնապետերը կամ սենտիմենտալ կերպով որևէ բանի կամ որևէ մեկի հետ կապված էին, կամ էլ արհեստականորեն իրենց մարդկային հատկանիշների դրսևորման կերպար էին ստեղծում։ Բայց Լենինն այստեղ էլ էր աննախադեպ. նա Ռուսաստանում ատում էր ամեն ինչ և ոչ մի արժեքավոր բան չէր տեսնում մարդկության մեջ։ Անգամ արնախում Ստալինը երեխաներ ուներ ու երբեմն գուրգուրալից էր նրանց նկատմամբ։
Բոլոր արժեքներն ու սրբությունները, աշխարհակարգի բոլոր տեսակներն ու ձևերը, բոլոր մարդկանց Լենինը ցինիկաբար ծաղրում էր ու կեղտոտ հայհոյում։ Բերդյաևը Լենինին անվանում էր «հայհոյախոսության հանճար», որին ենթարկվում էին ոչ միայն թշնամիները, այլև մերձավոր զինակիցները։ «Միշտ էլ կհասցնենք մի զիբիլի փորձագետ դարձնել... Տականք ու սրիկա է, որ չի ուզում հաշվետվություն ներկայացնել... Էդ մունդռիկներին սովորեցրեք լուրջ պատասխանել... Ապուշի մեկը... հիմար» (այս ամենը պաշտոնական փաստաթղթերի վրա, վերջինը` Ռոզա Լյուքսեմբուրգի մասին)։ Նա մի գլուխ հայհոյում էր «ամենակրթված» կառավարության նիստերում։ Այսպիսով, ամեն հարցում Լենինն իրեն դրսևորում էր որպես մի մարդ, ում համար միակ արժեքը համատարած ավերմունքն էր։ Լենինը պատմության մեջ գաղափարախոսական մի մոլագար էր, որը լիովին իրացնում էր իր հիվանդագին ցնդաբանությունները։ Դիվային մոլագարությունը իրացնելու համար անհրաժեշտ է պետական իշխանության ուժ` մի բռունցքում կուտակված և տենչալի արնախմության միտված, այսինքն, անհրաժեշտ է անսահմանափակ դիկտատուրա. «Դիկտատուրայի գիտական հասկացությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ անսահմանափակ, ոչ մի օրենքով, բացարձակապես ոչ մի կանոնով չկաշկանդված, անմիջականորեն բռնության վրա հենվող իշխանություն»։ Հասկանալի է, որ այդ բնորոշումը ոչ մի գիտության հետ առնչություն չունի, բացի դահճությունից, որի անգերազանցելի վարպետ էր հենց Իլյիչը։ Բայց «հասկացության գիտականության» հաստատումը պետք է, որպեսզի հիմնավորվածության գոնե որևէ երևութականություն ստեղծվի ինքնախաբեության ծարավի մտավորականների համար։
Տխրահռչակ «պրոլետարիատի դիկտատուրա» բանաձևը նշանակում էր առաջնորդի անձնական դիկտատուրան կուսակցության ներսում ու երկրում, ինչը Լենինը չէր էլ թաքցնում. «Հավասարության, ազատության և դեմոկրատիայի մասին խոսակցությունները ներկա պարագայում դատարկ բաներ են... Ես դեռ 1918 թվին էի մատնանշել միանձնյա կառավարման անհրաժեշտությունը, սովետական գաղափարների անցկացման տեսակետից մեկ անձի դիկտատորական լիազորությունների ճանաչման անհրաժեշտությունը... Հաստատապես, ոչ մի հակասություն սովետական (այսինքն` սոցիալիստական) դեմոկրատիզմի ու առանձին անձանց դիկտատորական իշխանության գործադրման միջև չկա... Ինչպե՞ս կարող է ապահովվել կամքի խստագույն միասնությունը։ Հազարավորների կամքը մեկ կամքի ենթարկելով... Դասակարգի կամքը երբեմն իրականացնում է դիկտատորը, որը միայնակ երբեմն ավելի շատ է անում և հաճախ ավելի է պետքական»։ Դրանով Լենինը հետևում էր ոչ թե ռուսական ավանդույթներին, այլ Մարքսի ուսմունքին, որը պրոլետարիատի համար կանխագուշակում էր քսան, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հիսուն տարի դասակարգային մարտեր ու քաղաքացիական պատերազմ «ոչ միայն գոյություն ունեցող պայմանները փոխելու, այլև անձամբ փոխվելու համար»։ «Ռազմական կոմունիզմը» Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «Կոմունիստական մանիֆեստն» է գործողության մեջ։ Բայց եթե Լենինի հետևորդները սոսկ կույր հետևորդներ էին, ապա նախակարապետները ասես մամռակալած տեսաբաններ լինեն լենինյան գործող դիվային տիտանիզմի համեմատ։
Անօրինակ ցինիկ լենինյան խաբեության մասին է գրել պրոֆեսոր Ս. Գ. Պուշկարյովը. «Իհարկե, քաղաքականությունը մասնագիտություն է, որտեղ դժվար է բարոյական մաքրություն պահպանել։ Քաղաքական շատ գործիչներ են խոստումներ տվել ու հետո չեն կատարել կամ էլ ուղղակի խաբել են ժողովրդին, բայց չի եղել քաղաքական խաբեության այնպիսի բազմակողմանի ու հմուտ վարպետ, ինչպիսին Լենինն էր։ 1914 թ. նրա հռչակած բոլոր կարգախոսները, ներքին և արտաքին քաղաքականության հիմնական հարցերի վերաբերյալ նրա բոլոր խոստումները կանխամտածված խաբեություն են եղել` նրա բարոյական նկարագրին լիովին համահունչ։ Ահա այդ ստահոդ կարգախոսների ու խոստումների մի քանի օրինակ։
Հիմնական կարգախոսը (և հիմնական նպատակը). «Ամբողջ իշխանությունը աշխատավոր բնակչության կողմից ընտրված բանվորագյուղացիական դեպուտատների սովետներին»։ Մտադրությունները. կոմունիստական կուսակցության անսահմանափակ իշխանություն («դիկտատուրա»)։ Կարգախոսը. «Ամբողջ հողը գյուղացիներին». ծրագիրը` հողի ազգայնացում, այսինքն` նրա անցում պետական սեփականության։ Կարգախոսը (1917 թ.). ընտրովի հրամանատարությամբ բանակ, ուր զինվորներն իրավունք ունեն «ստուգելու սպայի և գեներալի ամեն քայլը»։ Իրացումը. խստագույն կարգապահություն Կարմիր բանակում, ուր նշանակովի հրամանատարներն իրավունք ունեն զենք գործադրելու անհնազանդ զինվորների նկատմամբ։ Կարգախոսը. «Համընդհանուր դեմոկրատական աշխարհ»։ Մտադրությունը. Եվրոպայի նվաճման համար կազմակերպել «հեղափոխական պատերազմ»։ Երբ իրենց դերը կատարեցին հին վարչակարգի կործանմանը միտված մինչհոկտեմբերյան անարխակոմունիստական կարգախոսները (իշխանությունը` սովետներին, հողը` գյուղացիներին, գործարանները` բանվորներին), Լենինը կուսակցությունից պահանջեց հաղթահարել հեղափոխական անկարգության շրջանը և համախմբվել նոր հեղափոխական կարգուկանոն ստեղծելու համար։ Պետք է ասել, որ Լենինը երբեք չէր փոխում իր ռազմավարական նպատակները, բայց նա քաղաքական կոնյունկտուրայի գնահատման բացառիկ վարպետ էր, հանուն իշխանության նվաճման և պահման նա միշտ պատրաստ էր փոխելու տակտիկան` ընդհուպ մինչև հակադիրը։ ՈՒստի և հոկտեմբերյան հեղաշրջումից հետո կարգախոսները փոխվեցին արմատապես։ Իհարկե, նոր կարգուկանոնի արմատավորումը չէր կարող դիմադրության չհանդիպել հասարակության մեջ, թեև այն սկզբում թույլ էր և անկազմակերպ։ Բայց գլխավոր գաղափարաբանը վաղուց էր կանխատեսել, որ նոր կարգերը անհնար է պարտադրել առանց զանգվածային բռնությունների. դեռ 1914 թ. նա պահանջում էր «իմպերիալիստական պատերազմը վերածել անխնա քաղաքացիական պատերազմի»։ Եվ բոլշևիկները այն սանձազերծում են երկրում` հնարավոր ամբողջ դաժանությամբ։ Արդյունքում Լենինը ամբողջ թափով գործի դրեց «մեծ տեռորի» պատժիչ թափանիվը. խաբեությունն ու բռնությունը, բռնությունն ու խաբեությունը հերթով ու միաժամանակ կռում էին նոր մարդուն և ոչնչացնում անհնազանդներին։
Հայտնի է, թե Լենինն ինչ անմարդկային դաժանությամբ էր արմատավորում «կարմիր տեռորը»` դիրեկտիվներ հասցեագրելով բոլշևիկյան առաջնորդներին. «Անհրաժեշտ է անխնա զանգվածային տեռոր կազմակերպել ընդդեմ կուլակների, տերտերների, սպիտակգվարդիականների։ Կասկածյալներին փակել քաղաքից դուրս գտնվող համակենտրոնացման ճամբարում... Դատարանը պետք է ոչ թե վերացնի տեռորը... այլ սկզբունքորեն հիմնավորի ու օրինականացնի այն, հասկանալի է, առանց կեղծման ու չափազանցման»։
Որպես կառավարության ղեկավար, Լենինը մշտապես պահանջում էր խստացնել բռնությունները. «Զանգվածային տեռոր տարածել, զինվորներին, նախկին սպաներին և այլոց հագուրդ տվող հարյուրավոր պոռնիկների գնդակահարել ու արտաքսել։ Ոչ մի րոպե չհապաղել» (Նիժնի Նովգորոդ), «Գնդակահարել դավադիրներին ու տատանվողներին` ոչ ոքի չհարցնելով ու թույլ չտալով անմիտ քաշքշուկ» (Սարատով), «կանաչների» անվան տակ (մենք հետո հենց նրանց վրա էլ կբարդենք) կախել չինովնիկներին, հարուստներին, տերտերներին, կուլակներին, կալվածատերերին»։ «Սպանողներին վճարել 100-հազարական ռուբլի», «Ես առաջարկում եմ հետաքննություն նշանակել և գնդակահարել բերանբացներին», «Ամոթ էր տատանվելն ու բացակայության համար չգնդակահարելը», «Նշանակել սեփական ղեկավարներին և գնդակահարել դավադիրներին ու տատանվողներին` ոչ ոքի չհարցնելով, տխմար ձգձգում թույլ չտալով» (պարենժողկոմի լիազորին), «Կախել (անպայման կախել, որ ժողովուրդը տեսնի) առնվազն հարյուր հայտնի կուլակների, հարուստների, արնախումների։ Հրապարակել նրանց անունները։ Խլել նրանց հացը։ Պատանդներ նշանակել... Այնպես անել, որ հարյուր վերստ շառավղով շրջակա ժողովուրդը տեսնի, սարսռա, իմանա, ճչա. խեղդամահ են անում և կանեն արնախում կուլակներին» (ցուցում Պենզա)։ Մեկ միլիոն գերի կազակների մասին Ձերժինսկուն ուղղված նամակի մակագրությունը. «Գնդակահարել մինչև վերջին մարդը»։ Սվերդլովի ստորագրած մի փաստաթղթում, որի հիմնական դրույթները բացահայտորեն գալիս էին Լենինից, «կազակական շրջաններում աշխատող բոլոր պատասխանատու ընկերներին» պատվիրվում էր. «Անհրաժեշտ է միակ ճիշտը համարել ամենաանխնա պայքարն ընդդեմ կազակության ամբողջ վերնախավի` նրանց գլխովին ոչնչացնելու միջոցով... Զանգվածային տեռոր իրականացնել ընդդեմ հարուստ կազակների, նրանց ոչնչացնելով գլխովին, անխնա զանգվածային տեռոր իրականացնել առհասարակ այն բոլոր կազակների նկատմամբ, ովքեր որևէ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն են ունեցել սովետական իշխանության դեմ պայքարին»։ Լենինի մարդակեր վարչակարգի օրոք սովորական բան էր Տուխաչևսկու հրամանը տամբովյան գյուղացիական ապստամբությունը ճնշելու վերաբերյալ. «Անտառները, ուր թաքնվում են ավազակները, մաքրել թունավոր գազերով, ճիշտ հաշվարկել, որպեսզի հեղձուցիչ գազի ամպը տարածվի ամբողջ անտառում, ոչնչացնելով այն ամենը, ինչ այնտեղ թաքնված է»։ Լենինն անգերազանցելի էր որպես աստվածուրացության տեսաբան և պրակտիկ։ Կրոնական ոլորտը գտնվում էր նրա խիստ ուշադրության կենտրոնում. «Քահանաներին պետք է ձերբակալել որպես հակահեղափոխականների և սաբոտաժ կատարողների, գնդակահարել անխնա և ամենուր։ Եվ որքան հնարավոր է շատ» (1 մայիսի, 1919 թ.` Ձերժինսկուն)։ Նիկոլայ Հրաշագործի օրվա տոնակատարության առթիվ 1919 թ. դեկտեմբերի 25-ին Լենինը մատնանշում է. «Նիկոլի հետ հաշտվելը հիմարություն է, հարկավոր է ոտքի հանել ամբողջ չեկան` գնդակահարելու համար «Նիկոլի» պատճառով աշխատանքի չեկածներին»։ Քաղբյուրոյի անդամների համար 1922 թ. մարտի 19-ին Մոլոտովին հասցեագրված նամակում Լենինը կտրականապես պահանջում է. «Ամենավճռական ու անխնա ճակատամարտը տալ սևհարյուրյակային հոգևորականությանը և նրա դիմադրությունը կոտրել այնպիսի դաժանությամբ, որ տասնամյակներով չմոռանան... Որքան մեծ թվով հետադիմական բուրժուազիայի ու հետադիմական հոգևորականության ներկայացուցիչների մեզ հաջողվի այդ առթիվ գնդակահարել, այնքան լավ։ Հիմա պետք է այդ մարդկանց այնպիսի դաս տալ, որ նրանք մի քանի տասնյակ տարի չհամարձակվեն անգամ մտածել որևէ դիմադրության մասին»։ Արդյունքում Լենինը Ռուսաստանում նախաձեռնեց պատմության մեջ ամենազանգվածային և արյունոտ կրոնական հալածանքը և հավատացյալների ոչնչացումը, արմատավորեց պետական աթեիզմի ռեժիմ։ Ամեն հնարավորության դեպքում կրոնի ու եկեղեցու առթիվ արվող նողկալի հիշոցները, ինչպես նաև հոգևորականության ու հավատացյալների դեմ մղվող պայքարում մարդակերի պաթոսը վկայում են, որ Լենինը աստվածուրացական տիտանիզմի մոլուցք ուներ։ Այսպիսով, Լենինի գործունեության մասշտաբներն ու հետևանքները անվիճելիորեն հսկայական են։ Բայց այդ հիմունքով նրան «մեծ քաղաքագետ» և «հանճարեղ մարդ» անվանել նշանակում է նրա էությունը չհասկանալ։ Լենինի հիմնական առանձնահատկությունը արարքների աննախադեպ արյունալիությունն է. չարագործությունների մեծությամբ, ծանրությամբ ու նենգադավությամբ նա եզակի է։ ՈՒստի Լենինը, նախ և առաջ, պատմության ամենամեծ չարագործն է։ Իսկ այն դատողությունները, թե նման մեկը կարող է «մարդասեր», «բարեկիրթ», «բյուրեղյա մաքրության» և այլ առաքինությունների տեր մարդ լինել, կարող են համոզիչ թվալ միայն խեղված բարոյականությամբ մարդկանց համար։ Լենինի արարքների հրեշավորությունն ընդունողներից շատերին բնորոշ է չարագործի կերպարի ռոմանտիկացումը. եթե մարդը համարձակվել է բացասել մարդկայնության բոլոր հնարավոր հայտանիշները, ոտնահարել բոլոր ավանդույթները, օրենքները, բարոյականության սկզբունքները, սրբությունները, կարողացել է ծով արյուն հեղել, իսկ նրա արարքները գլոբալ բնույթ ու հետևանքներ են ունենում, ապա նա թեև չարագործ է, սակայն հանճարեղ չարագործ, ուրեմն և «իրավունք ունի», և շատ բաներ արդարացված են։ Նապոլեոնի պաշտամունքը մերկացրել են Լև Տոլստոյն ու Ֆյոդոր Դոստոևսկին, սակայն «փոքր մարդու» հոգու խորքերում թաղված նապոլեոնիզմի համախտանիշը ստիպում է արդարացնել չարագործությունը. որքան մեծ է այն, այնքան հեշտ է հանվում հանցագործության կարգից և օրինականացվում է իբրև հանճարեղ։
Այնինչ, եթե անկանխակալ նայելու լինենք Լենինի նկարագրին, ապա կարելի է տեսնել, որ նա հանճարեղության ոչ մի չափանիշ չի ունեցել։ Նրա արարքները կատարել թույլ են տվել նրա գազանաբարո դաժանությունն ու չարասրտությունը, բացարձակ ցինիզմը, ավերումներ գործելու նրա կատաղի մոլուցքը։ Լենինի միջակ խելքն ու ոչ ակնառու ընդունակությունները դրան չէին խանգարում։ Ընդհակառակը, լայն ու բազմակողմանի դատելու անկարողությունը, մարդկային շատ հատկանիշների բացակայությունը դյուրացնում էին հնարավորությունը` լիովին կենտրոնանալու իր կյանքի գլխավոր գործի` խարդախությունների, հեղաշրջումների, սպանությունների վրա։ Այսպիսով, մեծ Պուշկինն այստեղ էլ է իրավացի. հանճարն ու չարագործությունը իրոք անհամատեղելի են։


Թարգմանությունը`
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao