Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայերի և նրանց էության մասին

Հայերի և նրանց էության մասին
30.05.2014 | 11:35

Սբ. Գրիգոր Լուսավորչի պատկերները ռուսական սրբավայրերում

Ռուսաստանում Գրիգոր Լուսավորչի նկատմամբ հետաքրքրությունը երևան է եկել այդ երկրում քրիստոնեությունն ընդունելու հետ մեկտեղ: Նրա կերպարն իր արտահայտությունն է գտել հին ռուսական գրականության մեջ և ռուսական վարպետների մի շարք գեղարվեստական ստեղծագործություններում: Ի հիշատակ նրա` Ռուսաստանում կառուցվել են եկեղեցիներ (Խուտինի վանքի տաճարը Նովգորոդի մոտ` 1445 թ., Պոկրովյան մայր եկեղեցու բեմերից մեկը` 1556-1560 թթ.), սրբի պատկերները զարդարել են եկեղեցիների պատերը (Ներեդիցա` 1199 թ., Ֆյոդոր Ստրատիլատի եկեղեցին Նովգորոդում (1370-1380 թթ., Խուտինի վանքի եկեղեցին) և ձեռագրերի էջերը (Ստրոգանովյան պատկերագրային նախատիպը` XVI դ. վերջ-XVII դ. սկիզբ, տոնացույցներ), հանդիպում են կիրառական արվեստի այլևայլ ստեղծագործություններում (փորագիր տոնացույցներ):

Գրիգոր Լուսավորչի վերաբերյալ գրական և պատկերագրական տեղեկությունները ռուսները քաղում էին գլխավորապես հունական աղբյուրներից, ուստի և XII-XVII դդ. ռուսական հուշարձանների վրա եղած նրա պատկերները սրբանկարչական ոճով մոտ են բյուզանդականներին: ՈՒշագրավ է նաև, որ ռուսական հուշարձանները` հունականների, վրացականների, բուլղարականների, ռումինականների և մյուսների հետ, մեզ են հասցրել Լուսավորչի` դեռևս, այսպես կոչված, «տիեզերական միաբանության» ժամանակներում ձևավորված կայուն սրբանկարային գծերը` արևելյան եկեղեցու քահանայապետի տեսքով:

Համեստության խորհրդանիշ տապանաքարը

Բազմաթիվ գրքերում կարելի է հանդիպել հարյուրավոր տապանաքարերի արձանագրությունների, որոնք ամենատարբեր բնույթ ունեն. մի մասն ակնհայտորեն ի ցույց է դնում հանգուցյալների հարազատների փառասիրությունը, մի մասն անկեղծ ողբ ու վիշտ է պարունակում, երբեմն էլ անհնար է առանց ժպիտի կարդալ դրանք:

Այդ ամբողջության մեջ կա մեկը, որն աչքի է ընկնում իր համեստությամբ: XVIII դ. նախ արևելյան ապրանքների վաճառական, ապա հին Վարշավայի Սբ. Ղազարի հիվանդանոցի կառավարիչ-տնօրենն ու քաղաքային խորհրդականն էր հայ Ստանիսլավ Ռաֆալովիչը: Նա համարվում էր բարձրաստիճան պաշտոնյա և քաղաքի ազդեցիկ մարդկանցից մեկը: Երբ վախճանվեց, աճյունը հողին հանձնեցին Պովոնզկի գերեզմանատան դամբանում, իսկ տապանաքարի վրա փորագրվեց. «Ստանիսլավ Ռաֆալովիչ: Նրա ցանկությունը մարդասիրությունն էր, նպատակը` ազնիվ մարդու համբավը պահպանելը: Նա այդ ստացավ, և դա նրան դարձավ պարգև: Ապրեց 55 տարի, մահացավ 1798 թ. մարտի 2-ին»:

Բաստուրմա

Գուցե տարօրինակ թվա, բայց փաստ է. մինչև 1950-ական թթ. Երևանում գաղափար իսկ չունեին, թե ինչ բան է բաստուրման, քանզի Արևելյան Հայաստանում այդ «հաճույքը» պարզապես չէին պատրաստում, դա ներկայիս կերակրացանկ մտցրին Երկրորդ աշխարհամարտից հետո Արևմտյան Հայաստանից սերող ներգաղթյալները:
Բաստուրման` ապուխտը, ծագում է պահլավերեն apuxt բառից, որ նշանակում է չեփած, անեփ, իսկ բաստուրման` թուրքերեն bastrmak բառից, որ նշանակում է ճզմել, մամլել:
Դժվար է ասել, թե ապուխտը երբ է մուտք գործել հայերի կենցաղ: XIX դ. սկզբին Օսմանյան կայսրության դրամահատարանի տնօրեն Հարություն Պեզճյանը նախկին տեսուչ Տյուզյաններից մի քանիսին կարողացավ աքսորից վերադարձնել` սուլթանին «կաշառելով» Կեսարիայում պատրաստված աննման բաստուրմայով:
1870-ական թթ. Յ. Մալաման գրում էր. «Էրզրում քաղաքում կա 4 մասնավոր սպանդանոց, որտեղ ամեն տարի մորթվում է մինչև 5000 գլուխ եղջերավոր անասուն` ապուխտ պատրաստելու համար... Սպանդանոց գոյություն ունի նաև Կարսում, ուր նույն նպատակով ամեն տարի մորթվում է միջին հաշվով 1000 եղջերավոր անասուն»:
1887 թ. Վրթ. Փափազյանը վկայում էր, որ Էրզրումում կան ապուխտի ու սուճուխի «մեծամեծ գործարաններ, որոնց սխտորը մատակարարում է... Վանը»:
1890-ական թվականների սկզբին Գր. Արծրունին հիշատակում էր. «Հայերի ձեռքից է դուրս գալիս Դիարբեքիրի սուճուխը (չուրչխելա), հայերն են պատրաստում մսի ապուխտ և նույնպես երևելի բաստուրման` այդ ասիական մսեղեն չորացած կոնսերվը, որը պահվում է առանց փչանալու մի ամբողջ տարի»:
Արևմտյան Հայաստանում հայերն ապուխտի արտադրությամբ շարունակում էին զբաղվել նաև 1890-ական թվականների ջարդերից հետո: Ղ. Չագըրը իր հուշերում գրում էր, որ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Էրզրումում կար «4 հատ ապուխտի գործարան, որոնցից հատկապես նշանավոր էին Խաչատուր Շահինյանի և Մարտիրոս Գաֆաֆյանի ու նրանց որդիների ձեռնարկությունները»:
XIX դ. վերջին և XX դ. սկզբին ապուխտի արտադրությունը Արևմտյան Հայաստանում արդեն ընդունել էր ապրանքային բնույթ: Կառուցելով հատուկ ձեռնարկություններ, դրամատերերն իրենց գործակալների միջոցով Հայկական բարձրավանդակի լեռնային ու նախալեռնային շրջաններից հարյուրավոր ու հազարավոր գլուխ անասուններ էին գնում և դրանց մսից պատրաստած ապուխտը վաճառքի ուղարկում Թուրքիայի զանազան գավառներ, Կոստանդնուպոլիս ու Եվրոպա: Վրթ. Փափազյանը նշում էր, որ Էրզրումը Վան է ուղարկում «նաև «բաստուրման» (ապուխտ) և «սուճուխը» (աղիքների մեջ լցրած ծեծած միս, կալբաս): Վիտալ Քինեն հիշատակում էր, որ 1890 թ. Էրզրումն արտահանել էր 900000 ղուրուշ կամ 200000 ֆրանկ արժողությամբ բաստուրմա: Եվրոպացիներն ապուխտին ծանոթացել են հայ վաճառականների միջոցով:
Ինչպե՞ս էր արտադրվում ապուխտը: Դիցուք, Կեսարիայում ձեռնարկատերն ուներ մի շարք գործակալներ, որոնք ամեն տարի ամառվա վերջին և աշնանը Անատոլիայի ու Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում գնում էին խոշոր եղջերավոր անասուններ, հատկապես ստերջ կովեր: Նրա ձեռնարկությունում բանվորներից ոմանք մորթում էին այդ անասունները, մյուսները ոսկորը զատում էին մսից, ապխտացու միսը առանձնացնում էին մյուս կտորներից, աղում էին և պահում 4-5 օր, այնուհետև լվանում և կախում էին, որ չորանա ու մեկ օր հետո ներս բերում: Չորացած միսը դնում էին սնդուկաձև ամանների մեջ ու ճզմում կամ մամլում, մյուսները նորից էին չորացնում մամլածը, այն զանազան համեմունքներով համեմում ու կախում էին դրսում, ապա 2-3 օր հետո հավաքում արդեն պատրաստի ապուխտը: Այնուհետև ապուխտը վաճառքի էր ուղարկվում Թուրքիայի զանազան քաղաքներ, Եվրոպա և անգամ Ամերիկա: Ապուխտի պատրաստման թվարկած բոլոր գործողությունները կատարվում էին ձեռնարկության առանձին սենյակներում և մարդկանց առանձին խմբերի կողմից:
Խոշոր ձեռնարկություններում աշխատողների թիվն անցնում էր 100-ից: Նրանց մեջ կային թե տղամարդիկ և թե կանայք ու անչափահասներ, որոնք պարտավոր էին աշխատել այնքան, ինչքան պահանջվում էր արդեն մորթված անասունների մսի մշակման համար: Նրանք փողից բացի վարձատրվում էին նաև մսով ու ոսկորներով: Կային այնպիսի ձեռնարկություններ, որտեղ մորթվում էին հազարավոր կովեր: Բոլոր ձեռնարկությունները տարվա մեջ աշխատում էին երեք-չորս ամիս` սովորաբար սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Կեսարիայում, հետևաբար նաև Արևմտյան Հայաստանի քաղաքներում, բաստուրմայի արտադրությունն արդեն ոտք էր դրել կապիտալիզմի փուլ և գտնվում էր զարգացման մանուֆակտուրային աստիճանի վրա:

Բաքվի հայ պատգամավորները

1912-1915 թթ. Բաքվի քաղաքային դուման ուներ 81 պատգամավոր, որոնցից հայ էին 20-ը, ռուս` 20-ը, թաթար` 40-ը, վրացի` 1-ը: Հայերն էին` Ալեքսանդր Այվազյանը, Նիկողայոս Այվազյանը, Միքայել Ալիբեկյանը, Հովհաննես Բաբայանցը, Տիգրան Բուդաղյանը, Աստվածատուր Վաչյանցը, Քրիստափոր Վերմիշյանը, Արշակ Ղուկասյանը, Վահան Երիցյանը, Տիգրան Զաքարյանը, Անուշավան Քալանթարը, Եղիա Մայիլյանը, Թովմաս Մելիքյանը, Ստեփան Թաղիանոսյանը, Սարգիս Տեր-Զաքարյանցը, Հայկ Տեր-Միքայելյանը, Միքայել Հունանյանը, Կոնստանտին Խատիսյանը, Բագրատ Շխյանցը:

Հայաստանի հինդի գաղութը

Հայ-հնդկական առնչությունները, հիրավի, բազմադարյա պատմություն ունեն: Ստույգ փաստ է, որ Հնդկաստանի ոտք դրած առաջին հայը եղել է Թովմաս Քանան (VIII դ.), սակայն շատ ավելի վաղնջական է հինդիների ներկայությունը Հայաստանում:
Դեռևս Ք.ծ.ա. II դարում Հայաստանի Տարոն գավառում եկվոր հնդիկների կողմից հաստատվել էր բարգավաճ ու հարուստ մի գաղթավայր: Հայաստանի Իննակնյան վանքի ասորի եպիսկոպոս Զենոբ Գլակն արդեն մ.թ. III դ. սկզբում մանրամասն նկարագրում է գաղթաբնակների արտաքինը, կենցաղն ու կրոնական հավատալիքներր: Նա ասում է. «Այլ և յոյժ զարմանալի էր տեսիլ նոցա, քանզի սևք էին և գիսաւորք և զազրատեսակք, զի ցեղով ի հնդկաց էին: Քանզի և կռոցն, որ յայս տեղոք էին, պատճառն այս է: Դեմետր և Գիսանէ... և կանգնեցին զկուռսն զայնոսիկ յանուն կռոցն զոր ի հնդիկսն պաշտէին» (Պատմութիւն Տարոնոյ զոր թարգմանեաց Զենոբ Ասորի, ի Վենետիկ, յամի 1832): Զենոբը նշում է, որ հեռավոր անցյալում մի քանի հինդիներ թողել էին իրենց երկիրը և հաստատվել Հայաստանում, որտեղ Վաղարշակ թագավորը նրանց ապաստան էր տվել Տարոն գավառում: Գաղթաբնակները հաստատվել էին Կուառք, Մեղտի և Հոռեան վայրերում, որոնք էլ դարձել էին հինդի կրոնի և մշակույթի կենտրոններ:
Գաղթողների արտաքինի, գույնի, նիստուկացի ու կրոնի մասին Զենոբի նկարագրությունը համապատասխանում է այժմյան հինդիների արտաքինին ու կենցաղին:
Ակնհայտ է, որ նրանք նախաքրիստոնեական դարաշրջանում արդեն մշտական բնակություն էին հաստատել Հայաստանում: Ամենայն հավանականությամբ հինդիները գաղթել էին Մորյասների անկումից հետո, Հնդկաստանի հյուսիս-արևմուտքից:
Զենոբ Գլակը գրում է, որ սուրբ Գրիգորը մի քանի իշխաններից տեղեկացել էր, որ Տարոնի գավառում գոյություն ունեն երկու կռապաշտական մեհյաններ. «Եթէ ի գաւառն Տարօնոյ երկուս բագինս մնացեալ են` որ դեռ ձօնեն դիվաց»: Հետևապես, Հայաստանի քրիստոնյաները նպատակ են դնում կործանելու մեհյաններըը: Նրանք հասնում են Կուառք քաղաքը: Հինդի քրմերը Հաշտենքի իշխանից տեղեկանալով, որ իրենց կուռքեր Գիսանեի ու Դեմետրի արձանները պետք է գետին տապալվեն, մեհյանները նախապատրաստում են պաշտպանության, իսկ ամբողջ գանձը տեղափոխում թաքստոց: Քրմապետը, որի անունը Արձան էր, և նրա Դեմետր որդին մեհյանները քրիստոնյաներից պաշտպանելու գործը վերցնում են իրեն ձեռքը: Եռօրյա պաշարումից հետո քրիստոնյաները տիրանում են Կուառք քաղաքին: Պարիսպները հիմնահատակ կործանվում են ու քաղաքն ավերվում, իսկ քաղաքի բնակչությանը տանում են Մեղտի: Հինդիների խիզախ առաջնորդ Դեմետրը դիմում է քրիստոնյաներին. «Թէպէտ մեք ձեզ յաղթել ոչ կարեմք, սակայն լաւ է այսօր մեռանել ի վերայ աստուածոցն մերոց, քան թէ զտաճար նոցա ի ձէնջ ապականեալ տեսանեմք, որով և զկեանս ատեցաք և զմահ սիրեցաք»:
Ըստ Զենոբի պատմության` պաշտպանվող հինդիները սկզբում 5450 հոգի էին: Այս թիվը սակայն ավելացել էր` հասնելով մոտ 7000-ի. «Եւ էին վեց հազար ինն հարեր քառասուն և վեց արք քրմացն, իսկ հինգ հազար և ութսուն զօրք իշխանացն հայոց»:
Արձանը և Դեմետրը նահատակվում են: Մնալով առանց ղեկավարի` հինդիները դիմում են հաշտության, և երկու բանակներն էլ անմիջապես կասեցնում են փոխսպանդը:
Հայերը տոնում են իրենց հաղթանակը` մեհյանները գետնին հավասարեցնելով: Գիսանեի և Դեմետրի արձանները, որոնք պատրաստված էին արույրից, ջարդուփշուր են անում: Գիսանեի արձանն ուներ 15 ոտնաչափ բարձրություն, իսկ Դեմետրինը` 12:
Խաղաղության վերականգնումից հետո Սյունյաց իշխանը գնում է Կուառք գյուղը: Այստեղ նրան հաջողվում է համոզել տեղի բնակիչներին հրաժարվել կռապաշտությունից և ընդունել քրիստոնեական կրոնը: Ըստ ավանդության, նրանց բոլորին մկրտել է սուրբ Գրիգորը:
Տարոն գավառում իրենց հաստատվելուց մինչ այս կռիվը տևել է մոտավորապես 450 տարվա մի ժամանակաշրջան: Այդքան է տևել հինդիների ներկայությունը Հայաստանում:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ