Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ծանուցումն առ…»

«Ծանուցումն առ…»
30.05.2014 | 10:57

Այն, որ ամստերդամաբնակ Խաչիկ Պալըքճեանի անցյալ ամռանը լույս տեսած «Ծանուցումն առ համամիտ եւ բանասէր սրբազանից հարցդ եւ եղբարցդ համայնից: Առաքէլ տէր Առաքելէնցն ու Ամսթէրտամի իր տպարանը» գրքին հիմա ենք անդրադառնում, ունի իր պատճառները: Նախ, գրքի տպաքանակը խիստ սուղ է՝ ընդամենը 100 օրինակ, երկրորդ, անսալով մեր խնդրանքին, ի վերջո, հեղինակը պատեհ առիթ ընձեռեց և ձեռամբ ուղարկեց հրատարակությունը:

Ո՞վ է Խ. Պալըքճեանը: Ծնվել է 1955-ին Կ. Պոլսում, հաճախել հայկական նախակրթարան, Տ. Կարագյոզյանի հիմնած որբանոց, Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց վանքի Ժառանգավորաց ճեմարան: Որոշ ժամանակ ապրել է Ամստերդամում ու Փարիզում, 1984-ին կարգաբերել է Ժառանգավորացի նորահաստատ տպարանը, իսկ 1989-ից վերջնականապես հաստատվել Ամստերդամում: Այստեղ 2006-2008 թթ. եղել է Սբ Հոգի հայոց եկեղեցու քարտուղար և այդ ժամանակից զբաղվել է հոլանդահայ հռչակավոր գաղութի վերաբերյալ արխիվային հարուստ նյութերի ուսումնասիրմամբ:
Գրքի նախաբանը նա սկսել է հետևյալ պարբերությամբ. «Նախքան սխալ եզրակացութիւններու առիթ ստեղծելու, անհրաժեշտ է բացայայտել, թէ սոյն ուսումնասիրութեան հեղինակը ոչ պատմաբան եւ ոչ ալ բացառիկ արեւմտահայերէնի տիրապետող անձ մըն է: Հայերէն լեզուն գործածուած է իբր միջոց, փորձելով լաւագոյն քերականական կանոններով արտայայտուելու ու ներկայացնելու Ամսթէրտամի հայոց գաղութի պատմութեան բարեպաշտ անձնաւորութեան մը 1756 թուին ստեղծած անյաջող տպարանը, տարերու ճակատագիրն ու կենսագրութիւնը»: Մեջբերումը զուր չէ, որ կատարեցինք. ընթերցողը դյուրությամբ կհամոզվի, որ պահպանված չեն արևմտահայերենի, դասական ուղղագրության և անգամ հրատարակչական կանոնները, ինչն անասելի դժվարացնում է նյութի ըմբռնումը: Բայց այս թերությունները լիուլի փոխհատուցվում են հետազոտողի բծախնդիր հետևողականությամբ, արխիվային նյութերի հայտնաբերմամբ ու դրանք ֆլամանդերենից թարգմանելով, ի վերջո՝ այն մեծ սիրով ու նվիրվածությամբ, որ հեղինակը նախաձեռնել և ավարտին է հասցրել իր ուսումնասիրությունը: Անշուշտ, մենք գործ ունենք արժեքավոր աղբյուրագիտական հետազոտության հետ:
Նորջուղայեցի վաճառական Պողոսի որդի Առաքելը կամ Առաքել տեր Առաքելենցը հայ մատենագիտությանը հայտնի է Առաքել Ջուղայեցի անվամբ (հոլանդական աղբյուրներում՝ Առաքել դի Պաուլո): Ծննդյան տարեթիվը հայտնի չէ, սակայն 1749 թ. նրան տեսնում ենք որպես Ամստերդամի Սբ Հոգի եկեղեցու առաջին հարկի նորոգող, երեցփոխ և էական աջակից: Հոլանդացի փորագրիչներին պատվիրելով հայերեն տառեր՝ 1756-ին հիմնել է տպարան և նույն թվականին տպագրել «Ծանուցումն առ…» գիրքը:
Ամստերդամ տեղափոխվելու Առաքելի որոշումը Խ. Պալըքճեանը պատճառաբանում է հենց տպարան հիմնելու մտադրությամբ, ինչի հետ ոչ մի կերպ համաձայնել չի կարելի: Բանն այն է, որ Շահ Աբասին հաջորդող պարսից գահակալները (ի մասնավորի՝ Նադիր շահը) փոխեցին վերաբերմունքը նորջուղայեցի հայ վաճառականների նկատմամբ, ավելացրին հարկերը, մաքսատուրքերը, ձեռնարկեցին կրոնական բռնաճնշումներ, ինչը հանգեցրեց խոշոր վաճառականների զանգվածային ստիպողական արտագաղթի (նրանցից էր, օրինակ, Լազարյանների հայր Եղիազարը): Պողոսի որդի Առաքելը վաճառական էր, որն ավանդական ճանապարհով հաստատվեց Ամստերդամում և առևտուր անելով արևելյան ապրանքներով` հաջողեց ու մեծ հարստություն ձեռք բերեց: Դրա ապացույցներն են հենց գրքում զետեղված ցանկը նրա ունեցվածքի, որ նոտարական ակտով 1773 թ. հանձնեց իր որդի Բարեղամին, ինչպես նաև այժմ Սբ. Ղազարի միաբանության թանգարանում պահվող նրա դիմանկարը՝ մի թանկարժեք «հաճույք», որն ամեն ոք չէր կարող իրեն թույլ տալ: Այլ հարց է, որ լինելով մեծահարուստ մարդ՝ նա նվիրաբերվեց ազգասիրական ձեռնարկների՝ ինչպես եկեղեցուն հովանավորելու, այնպես էլ հայկական տպարան ստեղծելու խիստ ծախսատար նպատակի իրականացմանը, և այստեղ մենք առնչվում են մերօրյա «հավերժական» աղերսի՝ ազգի, ազգապահպանման հանդեպ բիզնեսմենի խղճի ու պատասխանատվության հետ։
Առաքել տեր Առաքելենցը վախճանվեց 1788-ին, և նույն թվականին նրա որդի Բարեղամը՝ ևս մի ազգասեր անձնավորություն, իր ամբողջ ունեցվածքը՝ թե հորից ժառանգածը և թե իր վաստակը, կտակեց եկեղեցուն:
Առաքելի տպարանն էլ ունեցավ իր կենսագրությունը: Այն գնեց և 1829 թ. Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանին նվիրեց Գևորգ Երեմիայի Արծրունին՝ նշանավոր Գրիգոր Արծրունու պապը: Թիֆլիսում տպագրվեցին մի շարք գրքեր, այդ թվում՝ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին»:
Խ. Պալըքճեանի գիրքը համեմված է բազմաթիվ բացառիկ լուսանկարներով, հնամենի պատկերազարդումներով, որոնցից ամեն մեկն ինքնին արժեքավոր փաստաթուղթ է: Եթե նկատի ունենանք, որ հեղինակը հայերեն վկայությունները թարգմանել է հոլանդերեն՝ ի սպաս օտար ընթերցողի, ապա կարող ենք փաստել, որ Խ. Պալըքճեանի գիրքը նորօրյա ուրույն և գնահատելի ներդրում է Ամստերդամի հայ գաղթօջախի պատմության ուսումնասիրման ու հայագիտության մեջ առհասարակ:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ