Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սիամանթոյի բառերով գրված երգերի համաշխարհային պրեմիերան

Սիամանթոյի բառերով գրված երգերի  համաշխարհային պրեմիերան
30.05.2014 | 12:03

Մեներգիչ ԳԷՈՐԳ ՀԱՃԵԱՆԸ վերջերս է վերադարձել Արևելյան Ամերիկայից, ուր մեկնել էր համերգային շրջագայության` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանի մեծ հովանավորությամբ ու հրավերով:
«Իրատես de facto»-ին նա տեղեկացրեց, որ շրջագայությունների հիմնական նպատակը, նախ և առաջ, մասնակցությունն էր Սուրբ շաբաթվա արարողություններին, որն սկսվում է Ծաղկազարդից` ավագ երկուշաբթիից և շարունակվում մինչև Հարության տոնը. «Ամենահիշարժանը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մենահամերգս էր, որը նաև հիշատակի վերջին մենահամերգ էր: Հույս ունենք, որ 2015-ին Հայ առաքելական եկեղեցին սրբերի շարքը կդասի մեկուկես միլիոն նահատակներին, և արդեն կունենանք մեկուկես միլիոն սրբեր, իսկ սրբերին փառավորելու համերգներն այլ բնույթ ունեն»:
Համերգի առաջին հատվածում հնչել են հոգևոր երգեր: Զրուցակցիս խոսքով` «Հարության մեղեդին» կատարելիս նաև եղեռնի զոհերի հարության մտապատկերն էր աչքերի առաջ և հայ ժողովրդի այսօրվա հարատևումը: Ներկայացրել է նաև Կոմիտաս վարդապետի խոսքերով և երաժշտությամբ գրված «Հայր մերը», որը համարվում է Կոմիտասի վերջին ստեղծագործությունը: Վարդապետը չի հասցրել այն բազմաձայնել: «Հայր մերը» հնչել է Դանիել Երաժշտի մշակմամբ: Հնչել են նաև կոմիտասյան այլ երգեր` «Անտունի», «Կանչե, կռունկ», «Ծիրանի ծառ», «Լելե յաման»: Խոսքն այնքան հայտնի «Դլե յամանի» մասին է: Երգիչն ասաց, որ մեր բարբառային հարստությունն է հավանաբար պատճառ դարձել երգի լեզվական մի քանի տեսակների: Կոմիտասն իր առաջին հատորի մեջ երգը «Լե-լե յաման» է վերնագրել:
«Հատվածներ հնչեցին նաև «Դավիթ Բեկ», «Արշակ Երկրորդ» օպերաներից, Լեբլեբիջիների օպերետից: Համերգի երրորդ մասում հնչեցին առավելապես հայրենասիրական-հեղափոխաշունչ երգեր, որոնցում կային պոռթկում, արժանապատվություն, բողոք, զայրույթ, պահանջատիրություն»,- ասաց Գէորգ Հաճեանը, նշելով, որ համերգի ամենամեծ նորությունը Դանիել Երաժշտի երկու երգերի համաշխարհային պրեմիերան էր: «Թախծոտ սրինգը և հաղթական շեփորը» երգը՝ գրված Սիամանթոյի «Արցունքներս» և «Յոյսին Համար» բանաստեղծությունների վերջին քառյակներով: Երգիչը նկատեց, որ Սիամանթոյի տողերը երգի վերածելը դյուրին բան չէ, որովհետև շատ ցասումով, հեղեղի նման են նրա տողերը. «Մոտ է արձակ բանաստեղծության, իսկ դա չափագրելը, երաժշտության վերածելը շատ դժվար է: Այդ քայլն անելիս երաժիշտը պետք է հասկանա, որ դա մարտահրավեր է, փորձություն, որտեղից պետք է պարտված դուրս գա կամ հաղթանակած: Ես, որպես առաջին կատարողն այդ երգի, կարող եմ վկայել, թե ինչպիսի ծափահարություններով ընդունվեց այն»։
«Թախծոտ սրինգը և հաղթական շեփորը» նվիրվում է Եղեռնի 100-ամյա տարելիցին: Երգի հայաստանյան պրեմիերան կայացել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, հնչել է ձայնագրությամբ և կենդանի կատարմամբ:
Դանիել Երաժշտի երկրորդ երգի` «Գիւտին փառքի» խոսքերի հեղինակը դարձյալ Սիամանթոն է, նվիրված է Մեսրոպ Մաշտոցին: Զրուցակիցս նշեց, որ Հայաստանում երգը կատարվել է Սիամանթոյի անվան դպրոցի մանկական երգչախմբի կատարմամբ, ճիշտ այն օրերին, երբ ինքը ներկայացնում էր այն Նյու Յորքում:
«Առաջնորդարանի «Սուրբ Լուսավորիչ» մայր եկեղեցու արժանապատիվ տեր Մեսրոպ քահանայի և հոգաբարձության հրավերով արդեն 3-րդ տարին համերգային շրջագայություն եմ ունենում նույն նպատակով: Նույնպիսի բովանդակությամբ համերգ եմ ունեցել նաև Վաշինգտոնում, և նույնպես հնչել են երկու երգերը»,- ասաց Գէորգ Հաճեանը, հավելելով նաև, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը հանձն է առել վերոնշյալ երկու երգերի արժանի սփռողը դառնալ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. -Գէորգ Հաճեանի հետ զրույցի մանրամասները՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ