Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որպեսզի կարողանանք տարբերել փայլփլուն քարերը իսկական ադամանդից

Որպեսզի կարողանանք տարբերել  փայլփլուն քարերը իսկական ադամանդից
03.06.2014 | 10:18

Ոչ շատ վաղուց է կատարվել այս դեպքը: Գնացել էի Սուրբ Երրորդության եկեղեցի, աղոթքից հետո տուն վերադառնալիս, մայթի եզրին նստած աղքատների տեսա: Մոտեցա։ Իմ հնարավորության սահմաններում մանրադրամ մեկնեցի: Նկատեցի, որ նրանցից մեկի (ծերունի էր) մոտ թափանցիկ պոլիէթիլենե մի մեծ տոպրակ էր դրված, որի միջից պարզ երևում էր գլխիվայր շրջած, կարմիր կազմով Նոր կտակարանը, որը մի քանի հագուստների հետ խցկված էր այդ նույն տոպրակի մեջ: Կռահեցի` տոպրակն ինչ-որ մեկն է բերել, տվել այս աղքատին, ձեռքի հետ էլ այդ Ավետարանն է որպես մի անպետք բան խցկել շորերի հետ: Հարցրի` այս ի՞նչ է մոտդ դրված, ո՞վ է տվել: Աղքատը պատասխանեց, թե մի մարդ է բերել իր մեռած հարազատի հագուստները ու տվել իրեն: Շարունակեցի` իսկ այդ կտակարանն ո՞ւմն է, նա թե` շորերի հետ է բերել, ու ավելացրեց. «Պե՞տք է քեզ, վերցրու, ես չեմ կարող կարդալ»: Իսկույն համաձայնեցի ու գանձի նման գրկած տուն տարա Տիրոջ Ավետարանը: Ոչ թե նրա համար, որ Ավետարան չունեի, նույնիսկ մի քանիսն ունեմ, այլ, կարծես աղբանոց նետած իմ հարազատ մարդու պատկերը գտած լինեի: Երբ տուն հասա, ավելի մոտիկից ուզեցի ծանոթանալ գանձիս հետ։ Գիրքը թերթելիս նախ հասկացա` այն լրջախոհ մարդու է պատկանել։ Մաշված էջերը վկայում էին` նախկին տերը սիրել է Ավետարանն ու միշտ կարդացել է, իսկ ներսում Տիրամոր մի գեղեցիկ սրբապատկեր գտա, հետևում Գրիգոր Նարեկացու աղոթքով: Իհարկե, շատ ուրախացա այդ անսպասելի նվերի համար, բայց նաև տխրեցի այն մարդու համար, ում հարազատն այս գանձն է թողել որպես հիշատակ իրենից հետո, բայց նա փալաս-փուլուսի հետ խցկելով, այն որպես անպետք մի բան տարել, տվել է աղքատին: ՈՒ հասկացա, որ այս մարդը ըստ Դավիթ թագավորի սաղմոսի, իր մարդ լինելու հարգը չհասկանալով, անբան անասունի է նմանվել ու Ավետարանի այս գանձի հետ մեկտեղ իր տան օրհնանքն է դուրս հանել: Այդպես էլ բոլոր նրանք, որ աղանդավորների ցանցն են ընկնում, իրենց տներից հանում են խաչերն ու սրբապատկերները և աղբանոց են նետում որպես մի անպետքություն, չհասկանալով, որ իրենց տան օրհնանքից ու Աստծո պահպանությունից են զրկում հենց իրենք իրենց: Աստված բոլորիս շնորհ պարգևի այս և մնացած հարցերում, որպեսզի կարողանանք տարբերել փայլփլուն քարերը իսկական ադամանդից:
Այս իրողությունը նմանակ ու հոգևոր այլ շարունակություն ունի: Ինձ ծանոթ մարդ ունեմ, որի փեսան աղբահավաք մեքենայի վրա է աշխատում: Նրանք երեք ընկերներով են ու որոշել են` եթե աղբի մեջ գտնեն քիչ թե շատ արժեքավոր մի բան, ամեն օր մեկին պատկանի. իմաստուն որոշում են ընդունել, որպեսզի միմյանց միջև բաժանելիս վիճաբանություններ չլինեն: Ահա այդ իմ ծանոթը պատմեց, թե ինչպես մի օր աղբանոցում հին մաշված սրբապատկերներով լի տոպրակ են գտել, ու քանի որ այդ օրը ծանոթիս փեսայի «աղբաավարի» օրն է լինում, ուրախությամբ տուն է բերում դրանք, իսկ երբ մեկիկ-մեկիկ հանում են պատկերները, հանկարծ դրանց արանքում գտնում են ոսկյա մի քանի իրեր, որոնց մեջ նաև Տիրամոր մեդալիոնը կար: Կարծում եմ, բացատրության կարիք չկա. այդ սրբապատկերներն աղբանոց նետողը նույնպես անհավատությամբ վարակված, անբան անասունի նման իր տան քրիստոնյա հարազատի հավատը անարգելով, օրհնանքն էլ է դուրս նետել, այն արժեքավորի` ոսկեղենի հետ, որոնց ինքը անարժան էր գտնվել: Ժողովուրդը նման դեպքում կասեր` նրան չէր հասնում, քանի որ «էշն ինչ գիտի` նուշն ինչ է»:
Վերջում կարդանք այս երրորդ հոգեշահ պատմությունը ևս: Մի հարուստ և բարեպաշտ քրիստոնյա մահից առաջ կանչում է երկու զավակներին և ասում. «Այս աշխարհից իմ գնալու ժամանակը եկել է։ ՈՒզում եմ ունեցվածքս կտակել ձեզ: Այն երկու մասից է բաղկացած. ամբողջ տունն ու միջի կահ-կարասին կմնա մեկին, իսկ այգին ու միջի փոքրիկ տնակը կհասնի նրան, ով կուզենա իմ Աստվածաշունչն ունենալ իր տանը որպես հիշատակ ինձնից»: Մեծ տղան, ում առաջինն էր խոսք հասնում, իսկույն ուզեց հայրական շքեղ տունն ու միջի գեղեցիկ կահ-կարասին ժառանգություն ունենալ: Իսկ փոքր տղան ուրախությամբ համաձայնեց հայրական այգին ժառանգել, չնայած այնտեղի հյուղակը անշուք էր ու անհարմար, բայց նրա գլխավոր ուրախությունը հայրական Աստվածաշնչի ժառանգությունն էր, քանի որ ինքը սիրում էր Աստծուն, իր ծնող հորը, ու նրա հիշատակը ամենաթանկն էր իր համար: Այդպես էլ գրվում է հայրական կտակը: Երբ որոշ ժամանակ անց հայրը ննջում է խաղաղությամբ, զավակներից յուրաքանչյուրը ստանում է իր հասանելիքը: Մեծ եղբայրն իսկույն հաստատվում է հայրական տանն ու եղբորը հաջորդ օրն իսկ դուրս հրավիրում: Նա էլ վերցնելով հայրական Աստվածաշունչն ու իր անձնական մի քանի իրերը, գնում է բնակվելու այգու փոքրիկ հյուղակում:
Անցնում են ամիսներ: Փոքր տղան համբերությամբ տանում էր աղքատությունն ու աշխատում էր այգում, մինչև այն բերք կտար: Ամեն օր նա հայրական Աստվածաշունչն էր կարդում ու Աստծուն փառք տալիս ամեն ինչի համար, քանի որ Տերն է ասել. «Ամեն բանի համար փառք տվեք Աստծուն, Հիսուս Քրիստոսի անունով»: Բայց եղավ այնպես, որ այդ տարի անձրևներ քիչ եղան ու այգին սակավ բերք տվեց։ Կրտսեր տղան մեծ նեղություն ունեցավ: Նա չէր դիմում ավագ եղբոր օգնությանը, քանի որ իրեն տնից դուրս հանելով, արդեն մոռացել էր իր գոյության մասին ու ինքնամոռաց մսխում էր հայրական հարստությունը: Եկավ աշունը, առջևում ձմեռն էր, ու կրտսեր որդին չգիտեր, թե ինչպես պետք է այն անցկացներ, քանի որ ամբողջովին աղքատության մեջ էր բերքի սակավության պատճառով: Բայց նա շարունակում էր աղոթել, կարդալ, Աստծուն փառաբանել, հավատալով, որ Տերը իրեն չի թողնի: Եկավ ձմեռը, և մի օր էլ, նա ցրտից դողալով, փաթաթված վերմակի մեջ, կարդում էր Աստվածաշնչի սաղմոսներից հերթական գլուխը, որտեղ Դավիթն ասում էր. «Տղա էի, մեծացա, բայց երբեք չտեսա, որ արդարի որդին սոված մնա»: Կրտսեր տղան, որ արդեն հուսալքվում էր իր աղքատությունից, գոտեպնդվեց այդ խոսքերից ու նորից իր սովորության համաձայն փառք տվեց Աստծուն ամեն բանի համար: Իսկ երբ ուզեց շարունակել սաղմոսն ընթերցել, թերթեց հերթական էջը, ու հանկարծ հայրական ծանոթ ձեռագրով մի կարճ նամակ գտավ, որտեղ գրված էր. «Սիրելի զավակս, ես սպասում էի այս օրվան, որ դու կարդաս այս սաղմոսը ու համոզվես, որ Աստված ճշմարիտ է Իր խոսքի մեջ: ՈՒ գիտեմ, որ նեղության մեջ ես, քանի որ եղբորդ ագահությունն իմանալով, համոզված եմ, որ քեզ չի օգնելու: Այժմ վեր կաց ու գնա այս ապրածդ հյուղակի փայտյա աստիճաններից առաջինը քանդիր ու տակը փոքրիկ կճուճ կգտնես, որի պարունակությունը քեզ կբավականացնի մինչև կյանքիդ ավարտը: Վայելիր իմաստնաբար ու կատարիր վերջին խնդրանքս նույնպես: Գիտեմ, որ ավագ եղբայրդ իր գոռոզ ու ագահ բնավորության պատճառով մի օր սնանկանալու է, բայց դու օգնիր նրան քրիստոնեավայել ձևով, որպեսզի բարի գործերդ տեսնելով ինքն էլ դարձի գա դեպի բարի Աստված, ու հոգին փրկվի»:
Կրտսեր զավակն իսկույն չգնաց հոր ասած գանձը գտնելու, այլ ծնկի եկավ ու արցունքն աչքերին առավել ջերմեռանդությամբ փառավորեց Աստծուն, հետո ելավ, գնաց իր ծնողասիրության ու աստվածպաշտության հավատարմության պտուղները քաղելու, քանզի գրված է Աստծո տասը պատվիրաններից մեկում. «Հարգիր և պատվիր ծնողներիդ, որպեսզի երկար ու բարի օրեր տեսնես»:
Կարծում եմ, ընթերցողներից շատերն այս երեք վկայություններից իրենց համար անհրաժեշտ խորհուրդը քաղեցին որպես հոգու գանձ, այսուհետ իմաստնաբար ապրելու և գալիք փորձությունները Աստծո զորությամբ հաղթահարելու համար:
Տերը օգնական բոլորիս:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ