Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Յոզեֆ Հայդնի «Հրաժեշտի սիմֆոնիան» և մեկնաբանման շառավիղները

Յոզեֆ Հայդնի «Հրաժեշտի սիմֆոնիան»  և մեկնաբանման շառավիղները
03.06.2014 | 12:23

Յոզեֆ Հայդնի թիվ 45 սիմֆոնիան անվանում են «Հրաժեշտի սիմֆոնիա»։
«Խավարից դեպի լույս». ահա սա է դասական սիմֆոնիզմի նշանաբանը՝ այն ճանապարհը, որով մեզ առաջնորդում է Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի երաժշտությունը։
Անշուշտ, կան երկեր, որտեղ այս սկզբունքը գործում է ստվերակերպ, ոչ այնքան բացահայտ, զորեղ, ինչպես Բեթհովենի «Հերոսական սիմֆոնիան», հատկապես 5-րդ և 9-րդ սիմֆոնիաներում և այլ գործերում։ Դա պայմանավորված է հեղինակի մտահղացմամբ, ստեղծագործության բովանդակության յուրահատկությամբ և այլ նկատառումներով։ Այդպիսին է Հայդնի «Հրաժեշտի սիմֆոնիան»։ Այն անվանում են նաև «Մոմերով սիմֆոնիա»։
Ընդհանուր առմամբ, սիմֆոնիան խորհրդանշում է հրաժեշտ երկրային կյանքին։ Այսպես էր մեկնաբանում, օրինակ, Ռոբերտ Շումանը։ Յուլի Կրեմլյովի «Յոզեֆ Հայդն» մենագրությունից տեղեկանում ենք նաև հետևյալ կեսկատակ վարկածի մասին։ «Իշխան Նիկոլայ Էսթերհազին իր պալատական երաժիշտներին երկար ժամանակ արձակուրդ չէր տրամադրել, որպեսզի նրանք Էսթերհազ կալվածքից վերադառնան Այզենշտադ՝ իրենց ընտանիք, իրենց կանանց մոտ։ Եվ Հայդնը, որպես պալատական նվագախմբի ղեկավար, երաժիշտներին օգնելու նպատակով «Հրաժեշտի սիմֆոնիային» կցեց վերջաբան, մի նուրբ ակնարկում իշխանին։ Այստեղ՝ ֆինալում, երաժշտական կերպարների միջոցով արտահայտվում է վաղուց սպասված արձակուրդի խնդրանքը։ Ակնարկը տեղ հասավ, և իշխանը շուտափույթ կերպով կարգադրեց արձակուրդ տալ նրանց»։ Մի վարկած ևս, որը համահունչ էր խորհրդային գաղափարախոսությանը։ Իբր թե Հայդնը իշխանին հասկացնում էր. եթե նա չբարձրացնի երաժիշտների աշխատավարձը, նրանք կլքեն նվագախումբը։
Անկախ նշված բովանդակության լրջությունից, այս սիմֆոնիայում դրսևորվում է այն, ինչը Յ. Կրեմլյովը անվանում է «պաթետիկ ոճ», դրամատիզմ։
Առհասարակ, Հայդնն իր հոգեկերտվածքով, տեմպերամենտով, կարելի է ասել, «մաժորային», կենսուրախ, հումորով լի մարդ էր։ Բավական է նշել, որ առաջին կվարտետը, որ նա շարադրել է մինոր լադում, 22-րդն էր, իսկ սիմֆոնիան՝ 26-րդը, որը կոչվում է «Lamentatione» («Ողբ»)։
Յ. Կրեմլյովը մեջբերում է Հայդնի սրամիտ պատասխանը նրանց, ովքեր կշտամբում էին նրան՝ եկեղեցական երաժշտության մեջ կենցաղային պարի և քայլերգի տարրեր ներմուծելու համար։ Ահավասիկ պատասխանը. «Երբ ես մտածում եմ Աստծո մասին, սիրտս այնքան է լցվում ուրախությամբ, որ նոտաներն ասես իլիկի վրայից են պոկվում ու վազում։ Եվ, քանի որ Աստված ինձ ուրախ սիրտ է տվել, ապա նա ինձ կների, որ նրան ծառայում եմ այսպես ուրախ» (նշված գործ, էջ 43)։
Մինչդեռ «Հրաժեշտի սիմֆոնիայում» ալեկոծվող դրամատիզմը, ըստ Կրեմլյովի, ձևավորվել է նախքան Մոցարտից ազդեցություն կրելը։ Իսկ հիշյալ «Lamentatione» սիմֆոնիայում սկիզբ են առնում Բեթհովենի «Կորիոլանի» հովերը։ «Հրաժեշտի սիմֆոնիայի» 1-ին մասի գլխավոր թեմայի եռանդուն, տագնապալից, ելք փնտրող վայրիվերումները, այնուհետև սինկոպաները (շեշտափոխությունները), ռիթմիկ հևքը, հնչուժի ալիքաձև աճն ու անկումը, մինոր և մաժոր լադերի, էմոցիոնալ պայթյունի և քնքշանքի կոնտրաստը, սուր, լարված հարմոնիաները, թեմաների տրոհումը և մոտիվների շղթայակցումը մշակման դրվագներում, հեռավոր տոնայնությունների ոլորտ ներխուժումը՝ մոդուլյացիաները, որոնց դիմաց Ռոսսինին պատրաստ էր «թագավորության կեսը» տալու, այս ամենը մեծապես նախապատրաստել են բեթհովենյան տիեզերահունչ սիմֆոնիզմի վերխոյացումը։
Սիմֆոնիայի 2-րդ մասը՝ Ադաջոն, իր հերթին նախապատրաստում է Մոցարտի, Բեթհովենի սիմֆոնիաների երգային մասերը, որտեղ, ըստ դիրիժոր Բրունո Վալտերի, բացվում, փթթում է «երաժշտածաղիկը»։ Սա, հատկապես, վերաբերում է Մոցարտի 40-րդ սիմֆոնիայի հանճարեղ Անդանտեին։
Սիմֆոնիայի 3-րդ մասը նրբագեղ մենուետ է։ Հայտնի է, որ Հայդնի մենուետները տարբեր բնույթի են՝ մերթ որպես արքունիքի փքված պալատականների պար, մերթ հումորով լի գեղջկական պար, իսկ «Կվինտային կվարտետի» մենուետը բնորոշել են որպես «սատանայական մենուետ»։ Մինչդեռ «Հրաժեշտի սիմֆոնիայի» մենուետը կարծես այս աշխարհից չէ՝ տեսիլային է, նույնիսկ որսորդական կանչերին նմանակող երկու գալարափողի, այսպես կոչված, «ոսկե դարձվածը» (փոքր սեքստա-կվինտա-մեծ տերցիա), թվում է, թե հնչում է ոչ թե անտառից, այլ երկնքից, վերացարկված։
Սիմֆոնիայի ֆինալը բաղկացած է երկու մասից՝ սրընթաց Պրեստոն, որը սկսում են 1-ին ջութակները, և եզրափակիչ Ադաջոն։ Այստեղ մեկը մյուսին հաջորդում են տարբեր տրամադրություններ՝ թախիծ, տագնապ, կորով։ Մինոր Պրեստոն ընդհատվելուն պես սկսվում է մաժոր Ադաջոն։ Մեղմ, խաղաղ Ադաջոյում իշխում է հրաժեշտի տրամադրություն։
Ըստ սիմֆոնիայի պարտիտուրայի, վերջին մասում երաժիշտները հերթով հանգցնում են նոտակալների վրայի իրենց մոմերը և կամացուկ հեռանում բեմից։ Նախ գնում են 1-ին հոբոյը և 2-րդ գալարափողը, հետո ֆագոտը, 2-րդ հոբոյը, 1-ին գալարափողը, կոնտրաբասը, թավջութակը, չորս ջութակներից երկուսը, ալտերը և վերջում, մարմրող մոմի լույսի ներքո, երկու ջութակահարների զուգանվագն ամփոփում է սիմֆոնիան։
1-ին մասում բախվում են դեպի անդունդ գահավիժող, տագնապալից գլխավոր և, ոչ պակաս պաթետիկ, օժանդակ թեմաները։ Որպես կոնտրաստ՝ այս մինորային թեմաներին հակադրվում է մեղմ, գորովալից մաժորային մեղեդին (մշակման մասում)։ Ռեպրիզում ալեկոծումներն առավել սաստկանում են։ Ըստ Յուլի Կրեմլյովի, սիմֆոնիայի 1-ին մասում վառ կերպով զգացվում է Հայդնի սիմֆոնիկ մտածողության հասունացումը, որը նախապատրաստում է բեթհովենյան սիմֆոնիզմի տարրերը։
Ծրագրային այս սիմֆոնիայի հիմնական գաղափարն արտահայտող ֆինալի «գործողությունը» ծավալվում է երկու ուղղությամբ, ունի երկու վեկտոր։ Այստեղ հակադրվում են խավարը և լույսը, հնչյունազանգվածի կշիռը և լադային լուսավորվածությունը։ Գնալով հնչյունազանգվածը պակասում է, թեթևանում, մինորային «սև-մութ» ամպերը, լուսավորվելով մաժորի ճառագայթներով, հետզհետե ցրվում են։ Եվ սիմֆոնիայի «ընդերքից» վեր բարձրանալով, երաժշտությունը վերջում «կախվում» է երկու ջութակի «լյա-դիեզ» և «ֆա-դիեզ» երկնամերձ համահնչյունից, որն առանց տոնիկայի, այսինքն՝ «հողի» վրա հենված հիմնահնչյունի, մնում է «օդում» կախված, ինչպես մի լուսավոր ամպիկ։ Ի դեպ, Հայդնի ժամանակաշրջանում հազվագյուտ «ֆա-դիեզ» մաժորի հնչյունաբույլերից բխող մշուշոտ, վերերկրային լույսն ասես տիեզերքի խորքից է հասնում մեզ, ինչպես լույսի «արձագանք», եթե կարելի է այսպես ասել։ Կամ հենց այդ տոնայնության մեջ «հեռացող» երաժշտությունն է մեզ տանում դեպի տիեզերքի հեռաստանները։
Այս ընթացքն ընդգծվում է մոմերի իրական լույսի նվազումով։ Արտաքին (իրական) խավարի խտացմանը զուգընթաց, զորանում են ներքին հոգևոր լույսը, հույսը։
Ներքին և արտաքին լույսերի խաղը յուրովի է արտացոլված նաև Միսաք Մեծարենցի «Ցայգերգ» բանաստեղծության մեջ։ Ահավասիկ.
Դադրեցան ձայներն ամեն
Ցերեկվան ժըխորներուն,
Կը հնչեն բայց հոգվույս մեջ
Դեռ սիրուդ երգերն անհուն։

Կըհյուծին ցոլքերն հիվանդ,
Գիշերվան մեղկ լույսերուն.
Կը փայլի հոգվույս մեջ վառ
Տառփանքիդ բոցը սիրուն։

Կը նիրհեն քունի մեջ խոր
Թըմբիրով իրերն ամեն.
Կը հուզվի հոգին արթուն,
Քու սիրույդ թունդ պաշտումեն։

Թող մարին լույսերն ամեն,
ՈՒ մեռնին հույզ ու ժըխոր,
Կ’ուռճանա, կյանքոտ հավետ,
Սերդ անջինջ իմ հոգվույս խոր։

Ինչպես ավետարանական առակներն են կիրառելի բոլոր ժամանակների համար, այնպես էլ դասական, ժողովրդական երաժշտությունը, որը յուրաքանչյուր դարաշրջան յուրովի է ընկալում, մեկնաբանում։ Անցյալի կոթողների կայուն «գծանկարը» ապագա ընկալողը գունավորում է իր սրտի գույներով, նախկինին շաղախում իր ժամանակի հույզերով։
Իսկ անառակ որդու մասին առակը կարելի է վերաբերել հայրենիքը լքած քաղաքացիների վերադարձին։ Սրան հակառակ, «Հրաժեշտի սիմֆոնիայի» գաղափարը կարող է արտահայտել հայրենիքից հեռացող հայերի մերօրյա արտագաղթը։ Այդքան թանկ գնով, զոհերով ձեռք բերված ազատ, անկախ Հայաստանից հեռանում են ոչ միայն աշխատանքի, աշխատավարձի պակասի կամ ընտանիքի հետ միավորվելու պատճառով, այլև նսեմացուցիչ պայմանների պատճառով։ Մեկուկես միլիոն հայերի կոտորել են եղեռնագործ թուրքերը, մեկուկես միլիոն հայեր էլ Հայաստանից արտագաղթել են հայ իշխանավորների ապաշնորհ կառավարման հետևանքով։ Ժողովրդի մեջ նույնիսկ տարածվել է հետևյալ պատվիրանը Հայաստանը լքող վերջին հային. «Թռիչքից առաջ չմոռանաս հանգցնել «Զվարթնոց» օդանավակայանի լույսը»։ Ահա սա էլ հայերի «Հրաժեշտի սիմֆոնիան» է, որտեղ հեռացողներից յուրաքանչյուրը հանգցնում է իր «մոմը», իր լույսը, այսինքն՝ յուրաքանչյուր գնացող հայի հետ Հայաստանից ևս մի մոմ է պակասում։ Եվ գնում են, գնում մեր աչքերի առջև, իսկ ո՞ւր։ Ինչպես Շառլ Բոդլերը կասեր. «ՈՒր ուզում է լինի, միայն այս աշխարհից դուրս»։
Ինչպես նշվեց, «Հրաժեշտի սիմֆոնիայի» միջոցով Հայդնի ակնարկը, ուղերձը տեղ հասավ և տվեց իր արդյունքը՝ երաժիշտները, ի վերջո, ստացան արձակուրդ։ Սակայն սա սիմֆոնիայի գաղափարի նեղ իմաստն է, իսկ ընդհանրականը կենաց և մահու, մահվան և հավիտենական կյանքի համադրումն է։
Սիմֆոնիան, որպես մի մանրակերտ, համահունչ է նաև Արարչագործության ընթացքին, որի մասին Աստվածաշունչ մատյանում ասվում է. «Եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից»։
Հայդնի «Հրաժեշտի սիմֆոնիայի» հնչուժի (դինամիկա) հակապատկերն է Մորիս Ռավելի հայտնի «Բոլերոն», որտեղ, ինչպես վտակներ, գնալով ավելանում են նորանոր նվագարաններ, «լույսը» շատանում է, հորդանում, հասնում հնչյունային հրավառության, հաղթահանդեսի։ Ահա սա՛ է իսկական հայի երազանքը՝ աշխարհասփյուռ հայերի տունդարձը, Սիամանթոյի խոսքով ասած, Արարատյան արշալույսի հրավառությունը։
Հայության այս երազանքը վաղուց է փայփայել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն։ Բիբլիական Արարատի 40 լուսանկար պարունակող պատկերագիրքը բացվում է Վեհափառի հետևյալ բանաստեղծությամբ.
Սուրբ Էջմիածնի լոյս բարձունքներից
Հայորդիներին բերում եմ այսօր
Սուրբ լեռն Արարատ,
Մեր ազգի հոգու պատկեր,
Երազանք` քառասուն դէմքով,
Քառասուն գոյնով,
Քառասուն կանչով։
Եւ թող քառասուն Արարատներն այս
Խօսեն, բարբառեն քառասուն լեզուով
Հեռաւոր պանդուխտ մեր զաւակներին
ՈՒ դառնան ամենքի, ամենքի համար`
Հրաւէր հայրենեաց,
Կոչ արդարութեան եւ ըստուգութիւն
Գալիք յաղթութեանց։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 5257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ