Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Էլեկտրաէներգիայի թանկացման առնչությամբ կառավարության միջամտությունն օրենքից դուրս կլինի»

«Էլեկտրաէներգիայի թանկացման առնչությամբ կառավարության  միջամտությունն օրենքից դուրս կլինի»
06.06.2014 | 00:01

Քաղաքական ակտիվ ամառ չի լինելու. այս համոզմանն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ, ով երեկ «Իրատես de facto» ակումբում ներկայացրեց իր դիրքորոշումն «արձակուրդային» քաղաքականության առնչությամբ: Ըստ բանախոսի, ամռանն ամենասպասված իրադարձությունը լինելու է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումը, իսկ ներքաղաքական զարգացումներում անդորր կտիրի, ոչիշխանական «քառյակը» կակտիվանա աշնանը: «Ազգային ժողովի հանգիստ ժամանակահատվածն է, և կառավարության համար պատեհ առիթ է, որպեսզի օրենսդրական նախագծեր պատրաստի, որոնք աշնանը կքննարկվեն խորհրդարանում»,- նշեց պատգամավորը, նկատելով, որ մինչև աշուն խորհրդարանին կներկայացվեն մի քանի տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք փոքր և միջին ձեռնարկություններին կօգնեն հնարավորինս ազատվելու հարկային բեռից: Դրա փոխարեն, բանախոսի պնդմամբ, այդ բեռը կավելացվի այնտեղ, որտեղ «ի վիճակի են վճարելու»: «Կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ցուցանիշները՝ աղքատությունը 5-10 տոկոսով նվազեցնելու մասին, բավականին լուրջ ցուցանիշ են, որոնց կյանքի կոչման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Դրա համար աշխարհում ընդունված ունիվերսալ լուծում կա՝ վերցնել խոշոր հարկատուներից և բաժանել նրանց, ովքեր դրա կարիքն ավելի շատ ունեն: Սա տարբեր ձևերով է լինում, որոնցից մեկն էլ փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի թեթևացումն է»:
Էլեկտրաէներգիայի թանկացման առնչությամբ Արտակ Դավթյանը նախ փաստեց, որ ժամանակին, երբ էներգետիկայի փոխնախարար էր, այդ համակարգի ընկերությունները մշտապես բողոքում էին միջոցների սակավությունից: «Եթե օբյեկտիվ դիտարկեինք նրանց բողոքները, ակնհայտ էր, որ նրանց միջոցները բավարար չէին: Բայց այս հարցն ամբողջովին հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի և տնտեսավարողի դաշտում է: Այս հարցում կառավարության միջամտությունն օրենքից դուրս կլինի»,- ասաց ակումբի հյուրը, ընդգծելով, որ այս հարցում առայժմ տեղեկացվածության պակաս կա:
Լրագրողի դիտարկմանը, թե կա՞ դեպք, երբ հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովը մերժել է թանկացման որևէ առաջարկ, ՀՀԿ խմբակցության անդամը պատասխանեց, թե եղել են դեպքեր, երբ հանձնաժողովը հակառակ որոշում է կայացրել: «Այն, ինչ իրենք ներկայացնում են, դժվար է դրանում չհիմնավորված որևէ տող տեսնել: Այստեղ խնդիրն այլ է. Սահմանադրությամբ մենք սոցիալական պետություն ենք, և այս դեպքում հարց է առաջանում` հասարակությունը, վճարելով ավելի բարձր գին, նպաստո՞ւմ է սոցիալական երկիր լինելուն, թե՞ ոչ: Մի կողմից էլ պատկերացրեք, որ դուք եք այդ ընկերության ներկայացուցիչը, որն ունի ծախսեր: Այստեղ տեղի է ունենում շահերի բախում. մի կողմից՝ կազմակերպության շահը, մյուս կողմից` քաղաքացու վճարունակությունը: Պետք է այնպիսի լուծումներ գտնել, որ բնակչությունը ևս չտուժի»,- ասաց պատգամավորը:
Արտակ Դավթյանն անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, որ գործատուները «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչից հրաժարվելու մասին հայտարարագրերը չեն ընդունում: Ըստ բանախոսի, եթե կան կոնկրետ դեպքեր, պետք է արագ արձագանքել, իսկ ընդհանուր առմամբ մասսայական բնույթ չի կրում այդ երևույթը: Իշխանության ներկայացուցիչը նաև չհամաձայնեց, որ վախի մթնոլորտում շատերը չեն գրում «պարտադիրից» հրաժարվելու դիմումներ, և արձանագրեց, որ մենք շատ վաղուց հաղթահարել ենք վախի մթնոլորտը:
Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների առնչությամբ էլ Արտակ Դավթյանն ասաց. «Երկբևեռ քաղաքական դաշտ պետք է ձևավորվի: Հիմա մի կողմն աշխատում է, իսկ մյուսը` մշտապես քննադատում: Ասում են` համապատասխան լիազորություններով օժտիր, որ կարողանանք գործել: Ընդդիմությունն այսօր էլ բավականաչափ լիազորություններ ունի և լավ օգտվում է դրանցից: ՈՒնենք հանձնաժողովներ, որտեղ ընդդիմությունն «այլընտրանքի» հետ ավելի շատ է ներկայացված, քան իշխանությունը: Երկուստեք պետք է մի կողմ թողնենք հավակնությունները և շարժվենք մեր պետության շահերով»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ