Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ. Մահվան ճանապարհով

Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ. Մահվան ճանապարհով
06.06.2014 | 11:20

Կ. Պոլսից ևս, բացի 200 հայ ականավոր մտավորականներից, աքսորվեցին 22 հազար գավառացի հայ պանդուխտ տղամարդիկ (բոլոր տարիքի), որոնց թվում` նաև ես:
Անատոլիան Եվրոպային և Իրաքին կապող, այսինքն՝ Կ. Պոլսո ասիական մասից` Հայտար փաշայից մինչև Պարսից ծոց գերմանական ընկերությանը պատկանող երկաթգծի առանձին հատվածներն իրար միացնող աշխատանքները տարվում էին մեծ թափով` անգլո-ֆրանսիական հարավային ճակատ զինվորներ հասցնելու համար:
Գործող երկաթուղին բաժանվում էր երեք հատվածի: Առաջին հատվածը Կոստանդնուպոլսից մինչև Բոզանթիի, երկրորդը` Թարսուսից (Տարսոն) մինչև Օսմանիա, իսկ երրորդը` Իսլահիայից մինչև Սուրիա:
Երկաթուղու կառուցման համար պատրաստի, էժան աշխատուժ էր հայ աքսորյալ զանգվածը: Աշխատունակ տղամարդ ունեցող ընտանիքներին թողնում էին աշխատեցնելու համար, իսկ մնացածներին՝ քշում։ Սա ևս մշակված ծրագիր էր` երկաթուղին շուտափույթ կառուցելու համար: Իսկ աշխատանքներն ավարտելուց հետո այս տղամարդիկ իրենց ընտանիքներով ևս արժանանալու էին մյուսների բախտին, թերևս ավելի սոսկալի ձևերով:
1915 թ. ուշ աշնանը Ռագայից ¥փոքր քաղաք է Տեր էլ Զորի մոտ¤, մահվան ճիրաններից ճողոպրելով հետ էի փախել և 1916 թ. գարնանը խառնվել հայ աքսորական աշխատավորներին «Ինթիլլի» կոչված փոքր լեռնահովտում, ուր զօրուգիշեր անդուլ աշխատանք էր գնում չորս ստորերկրյա ուղիներում: Դրանցից մեկը Այրան թունելն էր` 2100 մ երկարությամբ, մյուսը՝ Քելլեր թունելը` 500 մ երկարությամբ: Այս գծամասում, բացի Այրան թունելի վրա աշխատող բանվորներից, կային ավելի քան 3000 հոգի (իմ համարը 2864-ն էր):
Մյուս երկու փոքր ստորերկրյա ուղիների շինարարական աշխատանքները վաղուց ավարտվել էին:
1916 թ. հունիսի կեսերին Քելլեր թունելի աշխատանքներն ավարտվեցին, իսկ Այրան թունելն ավարտվելու մոտ էր:
Հունիսի 23-ին` կիրակի օրը, մեզ արգելեցին կացարաններից հեռանալ: Տեղեկացանք, որ Թալեաթ ու Էնվեր փաշաները եկել են գծի աշխատանքների ընթացքին ծանոթանալու։ Լսեցինք նաև, որ Թալեաթը ստամոքսի սուր խիթեր է ունեցել, և դոկտ. Ֆիլիպը (հայ) իսկույն բուժել է:
Հունիսի 27-ին ամառվա ջեռուցիչ արևը նոր էր ճառագայթները սփռել Ինթիլլիի ձորալանջերի թփուտներին: Մենք սովորականի պես հագնվում էինք աշխատանքի գնալու, երբ հանկարծ ականջներիս հասան ոստիկան զինվորների ձայները. «Շուտ արեք, հագնվեք ու դուրս եկեք»: Նրանք դեռ գիշերվանից պաշարել էին բոլոր կացարանները, որ մարդ չփախչի: Ես ու Գեղամ Մելիքյանը (Սան Ստեֆանոյից աքսորված) որոշեցինք իսկույն նետվել ձորի թփուտների մեջ: Դուռը բացեցինք: Եվ ի՞նչ, դռան առաջ ցցված էր 3 ոստիկան զինվոր, զենքը ձեռքներին։
Ոչ ոք չէր իմանում, թե ինչ է կատարվելու, սակայն ներքուստ հասկանում էինք, որ մահվան ենք գնում: Մինչև բանվորներին կարգի կշարեին, ես ծլկեցի, մտա երկաթագործի մոտ, քիլիսցի Լյուդվիգի կրպակ-արհեստանոցը, և երկուսով դուռը ներսից պինդ փակեցինք: Լուռ ու մունջ, կծկված նստել էինք: Դրսում կանանց, երեխաների ճիչ ու վայնասուն, մարդոց աղաչանք, ժանդարմի հայհոյանք խառնվել էին իրար:
Անցավ մոտ երկու ժամ: «Մենք փրկվեցինք»,- մտածում էինք, երբ հանկարծ մի ուժեղ հարված կպավ կրպակի կիսախարխուլ դռանը, երկրորդը, դեռ երրորդը չհասած, մեր «հանցանքը» թեթևացնելու նպատակով դուռը բացելիս հրացանի փողի մի հարված կպավ գլխիս: Երկու ոստիկան հրացանակոթով վզակոթներիս տալով մեզ տարան հավաքատեղի, որն ընդհանուր գրասենյակի առջև էր: Այնտեղ հավաքել էին միայն տղամարդկանց` աշխատավարձ վճարելու: Մինչև երեկո կիզիչ արևի տակ, սոված-ծարավ, պահակ ոստիկանների շղթայով բոլորված` սպասեցինք: Ոչ մեկի անունը դեռ չէր կարդացվել փող վճարելու համար: Ոստիկաններն աստիճանաբար օղակը սեղմում էին, նույնիսկ իրար վրա նստեցնելով: Վերջապես սկսեցին մի քանի հոգու անուն կարդալ և հեռվից փող շպրտել նրանց: Հազիվ 10-15 անուն էին կարդացել, երբ ներկայացավ տեղի մշտական հսկիչ, հարյուրապետ Սապրի բեկը, որը, դեմքը խոժոռելով, արհամարհական մի լպիրշ հայացք գցելով մեզ վրա, մտավ գրասենյակ: Վճարումը դադարեց: Մի քանի րոպե հետո հայտարարվեց. «Դուք գնալու եք Խարա-Բաբա (հին Լամբրոն) և Կյուկլեկ-Բողազի աշխատելու, հետևաբար աշխատավարձը կստանաք այնտեղ: Տարբերություն չկա, մեկ ընկերություն է. հիմա արդեն ուշ է, և ցուցակները լրիվ չեն»:
Սառը քրտինքը պատեց բոլորիս: «Եթե իրոք ասված տեղը պիտի գնայինք աշխատելու, չէ՞ր կարելի ամսի վերջին ուղարկել, և ոչ ոստիկաններով պաշարված վիճակում»,- մտածում էի ես և թերևս ինձ նման շատերը: Նույնիսկ եղան մարդիկ, որ այդ միտքը բարձրաձայն արտահայտեցին: Լսող չեղավ: Աշխատավարձի և տնտեսական այլ գործերը ղեկավարում էր երկրորդ ճարտարագետը (այս անունով էինք ճանաչում նրան)՝ նիհար, երկայնահասակ, շագանակագույն մազերով մի գերմանացի: Նա լուսամուտից գլուխը դուրս հանեց՝ զննող հայացք ձգելով հավաքվածներիս վրա, ապա կարծես կարեկցական տեսք ընդունելով, գլուխը ներս քաշեց: Ներսից լսվում էին գերմաներեն ու թուրքերեն խոսակցություններ, որը դժվար էր հասկացվում: Սուր լսողությունս ավելի լարելով կարողացա որսալ հետևյալ թուրքերեն բառերը. «Սրանց փոխարինելու են 2000 անգլիական և ռուսական գերիներ... մեկն ու մեկը պետք է ողջ մնա…»:
Խոսակցությունը վերջացնելուց հետո գրասենյակի դռան շեմքին հայտնվեց Սապրի բեկը իր ոլորած ընչացքով, հպարտ կեցվածքով, խուզարկու նայվածքով: «Էֆրատ (զինվոր),- բարձր ձայնով խոսքն ուղղելով ոստիկաններին, որոնք ևս ձանձրացել էին սպասելուց, -պատրաստ եղեք ճանապարհվելու: Սրանց (ցույց տալով մեզ) երկուսի բաժանելով տանելու եք մինչև Բաղչա: Համրանքով ձեզ եմ հանձնելու. մեկը որ պակսի, ոտից գլուխ պատասխանատու եք... Ձեզ տեսնեմ»: Այնուհետև առանց հաշվելու, հավաքվածներիս երկու մասի բաժանեցին, շարք կանգնեցրին, ապա յուրաքանչյուր խմբի երկու կողմը հրացանը ձգանի վրա պատրաստ ոստիկան զինվորների շղթա կապած, քշեցին։
Ես ու Գեղամը ձեռք ձեռքի բռնած, դատարկ փորով գնում էինք:
Մեզ տարան ձորի կարճ ճանապարհով, միշտ սեղմած մեր շարքերը: Բաղչա հասանք գիշերը: Մեզ լցրին ցածր պարիսպով մի բակ, հետո տարան շենքից ներս: Դա հայոց եկեղեցի էր, առանց հայի: Պահակները հսկում էին ամենայն խստությամբ ու պարտաճանաչությամբ:
Լուսացավ: Բակից դուրս գալ չէր թույլատրվում:
-Մեզ Խարա-Բաբա էիք տանելու, ինչո՞ւ եք բանտարկել,- հարցնում ենք մենք: Պատասխան չկա:
Կեսօրին մոտ բերին երրորդ խումբը, այնուհետև կանանց ու երեխաներին (կրծքի երեխա գրեթե չկար): Նրանց թողին պարսպից դուրս, ծառերի տակ, գրեթե ազատ:
Երեկոյան դեմ եկեղեցու հետևի կողմը գնացի փախչելու նպատակով: Փորձեցի քանդված շենքի լուսամուտներից ցատկել: Հանկարծ բառաչի նման մի ձայն լսելով՝ նայեցի. քելլերցի Գրիգորն էր, թիկնեղ, հաղթանդամ, 50-ի մոտ մի տղամարդ, որին սվինահարեցին ոստիկան զինվորները: «ՈՒրեմն այստեղ էլ պահակ կա»,- ասացի ինքս ինձ և հետ վերադարձա:
Այդ վիճակում մնացինք երեք օր: Հակառակ խստության, կանայք փոքր երեխաների միջոցով որոշ ուտելիք հասցրին իրենց հարազատներին և մի քանի ուրիշների, բայց ջուր հնարավոր չեղավ: Մարդիկ ծարավից թուլացել էին:
Ադանայից եկան լրացուցիչ զինվոր ոստիկաններ, բոլորն էլ երիտասարդ, զինվորական դպրոցի սաներ: Հրամանատարն էր սև, դաժան դեմքով հարյուրապետ Աբգուլլահը, 40-ն անց մի վիժվածք, որին այսուհետև կոչելու եմ «Սև հարյուրապետ»: Եկել էին նաև մի հազարապետ և Ադանայի նահանգի ընդհանուր ոստիկանապետը՝ հայերի աքսորը կազմակերպող արյունկզակ Ավնի բեկը:
Հանկարծ թնդաց Սև հարյուրապետի հետևյալ հրամանը. «Ժանդարմներ, այս անգութների աստվածը, Քրիստոսը ես եմ, խփեք դրանց, մի թողեք, որ նույնիսկ մի կաթիլ ջուր խմեն»:
Հրամանը լսելով՝ կատաղի գազանների պես ոստիկանները վրա հասան ու հրացանակոթով, կոշիկի կրունկներով սկսեցին հարվածել մոտակա առվից ջուր խմող մարդկանց: Այդպես նրանք մեզ ոտքի հանեցին, հավաքեցին, չորսական կարգ շարեցին: Ես, ըստ իմ փորձառության, կանգնել էի չորս հոգու արանքում: Հրաման եղավ համրելու: Ձիու վրա, մտրակը ձեռքին Սև հարյուրապետին բարձրաձայն զեկուցեցին. «Հազար երկու հարյուր քսանհինգ հոգի»:
-Էհ, կենտ է, պետք է զույգ թողնել,- հրամայեց հարյուրապետը, աչքով նշան անելով զեկուցողին:
-Վա՛յ, մայրիկ,- թնդաց օդի մեջ ու խլացավ... «Կենտը» սվինահարվեց: Ոչ ոք չէր համարձակվում հետ նայել: Մենք հրաժեշտ տվինք Բաղչային, իսկ շատերը նաև իրենց կանանց ու զավակներին…
Մեր ճանապարհն անցնում էր այն ձորի միջով, որտեղից օձագալար հոսում էր Բաղչա-չայ վտակը` առատ, արծաթափայլ ջրով: Քայլում էինք առանց կարգն ավրելու. յուրաքանչյուր կողմը 34-ական ժանդարմ` հրացանները ձգանների վրա պատրաստ: Առջևից գնում էր կրտսեր հրամկազմը, իսկ հետևից, ձիու վրա, Սև հարյուրապետը: Մինչև իջևանելիք տեղը անցանք ոլորապտույտ հոսող վտակը 16-17 անգամ հատելով, բայց շատ քչերին հաջողվեց մի քանի ումպ ջուր խմել, որովհետև խմողին նշմարելու դեպքում տեղն ու տեղը ոչնչացնում էին:
Ազատ քայլելու համար ոտքիս քոշերը նետեցի: Աջ կողմս Գեղամն էր, ձախը՝ մեր կացարանից, դյորթ-յոլցի Մինասը: Մինչև երեկո տարբեր կողմերից հրացանների պայթյուններ էին լսվում: Ժանդարմները դատաստան էին տեսնում ցանկացածի հետ: Մեկ-երկու նահատակվածների վրայով անցանք, առանց իմանալու նրանց ով լինելը: Բաղչայից մի քանի կիլոմետր հազիվ էինք հեռացել, երբ չորս հոգի լավ հագնվածներ ջոկեցին, որպես «զենք ունեցողների», որոնք այլևս չվերադարձան: Նրանցից մեկը վառվռուն երիտասարդ էր, անունը` Խաչիկ:
Մութն ընկնում էր արդեն, երբ մեզ հանեցին ձորի անտառուտ լանջը և տանձենու տակ ալյուրի պարկերի նման դարսեցին իրար վրա, այնպես որ, ինչպես ընկար, նույն վիճակում պետք է մնայիր, շարժվողը գնդակ կընդուներ:
Ժանդարմները շրջապատեցին մարդկային կույտը, որ չփախչեն, բայց ո՞վ կարողություն ուներ փախչելու: Ես այդ երեկո հասկացա, թե ինչու մեզ Բաղչայում երեք օր սոված ու ծարավ պահեցին, որպեսզի ուժից ընկնեինք: Այդ գիշեր քանի հոգի որսվեցին, չիմացանք, բայց նրանց, որոնց ցերեկով որոշել էին, գտան ու տարան:
Առավոտյան դեռ արևը չծագած մեզ վեր կացրին: Ավելացել էր շարքային ոստիկանների կատաղությունն ու հայհոյանքը, որ մեր` անհավատ շներիս երեսից իրենք շոգին ճանապարհ քայլելով՝ չարչարվում են: Նրանք առանց քաշվելու ասում էին. «Քիչ մնաց, մի քանի ժամից կազատվենք ձեզնից»:
Արևը բավական բարձրացել էր, երբ մեզ նստեցրին գետի ափի լայնատարած մարգագետնի վրա` նախաճաշելու: Մոտակա գյուղի կանայք (հավանաբար քուրդ, որովհետև չադրայով չէին ծածկված) կաթ, մածուն էին բերել՝ անպայման մեզ ծախելու: Նրանք մեզանից 150 մետր հեռու նստել ու սպասում էին, ըստ երևույթին` հրամանի: Ժանդարմների մի մասը գնաց նրանց մոտ, քիչ հետո վերադարձավ` ասելով. «Էն կանայք խեղճ գյուղացիներ են, շորից բանից, ինչ որ ունեք, տվեք թող հագնեն»: Առանց սպասելու մեր պատասխանին՝ սկսեցին իրենց ձեռքով առնել որի վերարկուն, որի կոշիկը, որի բաճկոնը, այնթապցի Հովակիմի էլ վերմակն ու սպիտակեղենը, հավաքեցին, տարան տվեցին նրանց ու փոխարենը կաթ ու մածուն առնելով կերան: Ժանդարմները նույնիսկ բացորոշ կերպով հայտարարում էին, թե այդ շորերը Ինճիրլի-Փունար հասնելուց հետ մնալու են անտեր:
Այստեղ գնդակահարեցին իզմիտցիներ Համբարձում վարժապետին, տիրացու Հակոբին և կապտաչյա Արիստակեսին, որպես փախուստի պատրաստվողների:
1965 թ.
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ