Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հոգեգալուստ

Հոգեգալուստ
06.06.2014 | 10:42

Զորեղ մահվան վարագույրը արդեն պատռվել է Կյանքի զորությամբ, խաչյալ և հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, Ով Իր մահով հաղթեց մահին: Եվ նույն Պողոս առաքյալը հաղթանակած աղաղակել է. «Ո՞Ւր է, ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը» (Ա. Կորնթ. 15. 55):

Իսկ եթե ուզում ես այցելել Քրիստոսի գերեզմանին և երկրպագել Նրան, ապա անիմաստ է ցանկությունդ: Այն դատա՜րկ է, դեռ այն ժամանակվանից, երբ քեզ նման մի քանի հոգի նույնպես ուզեց մահվան երրորդ օրը գնալ գերեզման և տեսավ. «Քարը գերեզմանից մի կողմ է գլորված: Ներս մտնելով Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ նրանք այդ բանի համար տարակուսանքի մեջ էին, ահա երկու մարդ լուսափայլ հանդերձներով երևացին նրանց: Եվ երբ կանայք զարհուրեցին և իրենց երեսները գետին խոնարհեցին, այն մարդիկ ասացին նրանց. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարյավ» (Ղուկաս 24. 2-5):
Եվ Հիսուսը քառասուն օր բազում ապացույցներով երևաց յուրայիններին, վկայեց Աստծո արքայության մասին և Իր վերջին հորդորները տվեց՝ ասելով. «Ինձ համար վկաներ լինեք Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում մինչև երկրի ծայրերը»: Երբ այս բաներն ասաց, մինչ նրանք նայում էին, համբարձվեց: Մի ամպ նրանց աչքերից ծածկեց: Երբ աչքերը երկինք հառած նայում էին նրա հետևից, ահա երկու մարդ ճերմակ հանդերձներով նրանց մոտ կանգնեցին և ասացին. «Ով գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնել և երկինք նայում, այս Հիսուսը որ ձեր միջից երկինք համբարձվեց, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս» (Գործք առաքելոց 1. 8-11):
Այո՛, հիմա մեր Տերը մեզ հետ չէ, Նա փառքով համբարձվեց այս մեղավոր աշխարհից, բայց մեզ որբ չի թողել, ինչպես ոմանք են կարծում, այլ Հոր աջ կողմում նստած բարեխոսում է Իրեն հավատացողների համար, մինչև այն օրը, երբ երկնքում կհնչի ազդարարության փողի ձայնը, քանզի Նա նորից է գալու երկիր, բայց այս անգամ որպես ահեղ ու անաչառ դատավոր, որպես մաշող կրակ, ինչպես և գրված է. «Բայց այդ օրերին արեգակը պիտի խավարի ու լուսինը իր լույսը պիտի չտա: Եվ աստղերը երկնքից պիտի թափվեն ու երկնքի մեջ զորությունները պիտի շարժվեն: Այն ժամանակ Մարդու Որդուն պիտի տեսնեն ամպերով եկած, մեծ զորությունով ու փառքով: Այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծայրերից մինչև երկնքի ծայրերը» (Մարկոս 13. 24-27):
Հիսուս Քրիստոսի հարությունից հիսուն օր անց կատարվեց այն, ինչ Տերն էր խոստացել Իր գնալուց առաջ. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ., ԺԴ, 15-17):
Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսն Իր հրաշափառ հարությունից քառասուն օր անց համբարձվեց և ինն օր հրեշտակների ինը դասերում փառաբանվելուց հետո տասներորդ օրը նստեց Հոր աջ կողմում։ Այսինքն՝ հարությունից ուղիղ հիսուն օր անց, և այդ պատճառով Հոգեգալստյան այս տոնը նաև կոչվում է Պենտեկոստե, որ հունարեն պենտա՝ հինգ թվի նշանակությունից է սերվել, երբ հիսուներորդ օրը խոստացված Սուրբ Հոգին հրե լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, որպեսզի նրանք, Սուրբ Հոգու իմաստությունը կարոտով ու զգուշությամբ ընդունելով, Նրանով առաջնորդվեն դեպի Ավետյաց երկիր, ինչպես ասում է Դավիթ արքան. «Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր» (Սաղմ. 142, 10):
Ինչպես Աստված փակեց դրախտը բոցեղեն սրով և պահեց կենաց ծառի ճանապարհը, այնպես էլ այս օրը կրակի նմանությամբ Սուրբ Հոգին առաքվեց՝ պահելու և պարսպապատելու համար սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, քանզի սատանան Սուրբ Հոգու կրակից հույժ սարսափում է:
Այս օրվա համար գրված է. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին»: Առաքյալները, պահելով Տիրոջ հրամանը, այդ օրերին Երուսաղեմում էին գտնվում՝ ըստ այս խոսքի. «Նստեցե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» (Ղուկ., 24, 49): Ըստ հրեական օրենքի՝ այդ օրը մեծ տոն էր, որի համար պետք է Երուսաղեմում ժողովվեին բոլոր հրեաները, այդ թվում՝ նրանք, ովքեր այնտեղ էին եղել Քրիստոսի խաչելության օրը, որպեսզի Նրա անարգանքը տեսնողները տեսնեին նաև Նրա փառքը: Առաքյալներն ու մնացյալ աշակերտները Վերնատանն էին հավաքվել, երբ Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ նրանց վրա, և սկսեցին տարբեր լեզուներով խոսել:
«Առաքյալները խոսում էին մի լեզվով, սակայն լսողներից յուրաքանչյուրը լսում էր իր լեզվով: Եվ այդ հրաշքներն անհավատների համար էր լինում, և ոչ թե՝ առաքյալների» (Սբ. Գրիգոր Նյուսացի):
Իսկ Գրիգոր Աստվածաբանն ասում է, որ երբ հարկ էր լինում որևէ լեզվով խոսելու, խոսում էին և ամեն մի ազգի քարոզում էին իրենց իսկ լեզվով, որպեսզի շնորհը լինի խոսողինը և ոչ թե լսողինը: Իսկ երբ Պետրոսը Երուսաղեմում Սուրբ Հոգու իջման օրը հրեաներին քարոզեց, ուր բոլոր ազգերից էլ հավաքվել էին, եբրայերեն քարոզեց, որովհետև բոլորն էլ հրեաներ էին, ինչպես «Գործք առաքելոցում» է գրված. «Եվ կային Երուսաղեմում բնակվող հրեաներ, երկյուղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից» (Գործք, Բ, 5): Եվ բոլոր ժողովուրդները լսեցին օրհնություն ու փառաբանություն նրանցից, ովքեր Վերնատանն էին հավաքվել, ու բոլոր լեզուներով Աստված էր օրհնվում:
Իսկ ըստ Տերտուղիանոս աստվածաբանի, այդ օրը Երուսաղեմում նաև հայորդիներ են եղել, քանզի Տիրոջ խոսքն ասում է, որ երկնքի տակ եղող բոլոր ազգերից էին ներկա։ Եվ «Գործք առաքելոց»-ի 2-րդ գլխի 9-րդ համարի այս հատվածում. «Պարթևներ, մարեր և իլամացիներ, և նրանք, որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում, Պոնտոսում և Ասիայում…», Հրեաստանում բառի փոխարեն պետք է կարդալ Հայաստանում, քանզի Հոգեգալուստի գործողությունը կատարվում էր հենց Հրեաստանում, ու բացի այդ մեր մերձակա բոլոր այգերի անունները կան, բայց, չգիտես ինչու, Հայաստան անունն է բացակայում, ինչը անտրամաբանական է։
Ասենք նաև, որ Սուրբ Հոգու Աստվածային խորհուրդը, որպես Սուրբ Երրորդության երրորդ անձ, մերժվում է Եհովայի վկաների կողմից, որոնք համարում են Նրան որպես Աստծո զորություն ընդամենը։ Այժմյան եհովականները նախկինում արիոսական կոչվող հոգեմարտներին են հարում, իսկ Հոգեգալստական քրիստոնեական խմբավորումները միայն կենտրոնանում են զուտ այդ խորհրդի վրա և զանազան, մեր չիմացած լեզուներով խոսելը համարում են Սուրբ Հոգով լցված լինելու միակ չափանիշ, ինչը թյուր կարծիք է։
Իսկ մենք ավարտենք ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Հոգեգալստի մասին խոսքը Ներսես Շնորհալի հայրապետի աղոթքով.
Հոգի՜ Աստծո, Աստված ճշմարիտ,
որ իջար Հորդանան և Վերնատուն
և լուսավորեցիր ինձ
սուրբ ավազանի մկրտությամբ,
մեղա՜ երկնքի և Քո առաջ,
մաքրիր ինձ վերստին
Քո աստվածային հրով,
ինչպես հրեղէն լեզուներով՝
սուրբ առաքեալներին.
և ողորմի՜ր Քո արարածներին
և ինձ՝ բազմամեղիս:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ