Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Դուք նրան այստեղ այլևս չեք պահի»

«Դուք նրան այստեղ այլևս չեք պահի»
06.06.2014 | 11:45

Հակոբ Մովսեսի բանաստեղծությունների յոթերորդ ժողովածուն է «Յոթներորդ որսորդությունը», որում հեղինակը ելել է «որսի»` իբրև հանդիսատես կամ, գուցե, մասնակից ունենալով իր ընթերցողին:
«Որսորդություն» հասկացությունն այս գրքում բարձրաշխարհիկ տիրույթներում չնյութականացող երևույթ է: Ոչ մի առնչություն այդ բառի առարկայական, բառարանային բովանդակության հետ: Բանաստեղծ-որսորդի թիրախը որսամիսը չէ: Նրա ճիգը այլ նշանառության է միտված: Նրա որսը ժամանակն է, տարածությունը, հայելին, բառը, լեզուն, լույսը, աղը, ավելի ստույգ` անորսալին, ունայնությունը, ոչինչը: Ողջ գրքում, հատկապես «Յոթներորդ որսորդություն», «Վրանի դեմ գիշերով», «Մրցում են մտել», «Որսորդի երգը» բանաստեղծություններում գտնում ենք ասվածի վկայությունները: Ահա մեկը դրանցից.
Բառե՜ր, իզուր եք կրծքիս արտասվում:-
Որքան էլ խոսքը ելնելով հորդի`
Այն, ինչը թռավ, ինչը չի ասվում,
Դա է բաժինը հմուտ որսորդի:
Հակոբ Մովսեսի բանաստեղծությունը, եթե անգամ հանգավորված չափածո է, արձակ պատումի տպավորություն է թողնում: Թվում է, թե սպիտակ, անհանգ տողերով պատմություն ես կարդում: Երբեմն կամ շատ հաճախ ընդհանուր շարադրանքի մեջ դժվար է տարորոշվում, առանձնանում բառը. տրվում ես ընթերցումի ընթացքին և չես որոշակիացնում այս կամ այն բառը, այս կամ այն արտահայտությունը, ինչպես լինում է երաժշտություն լսելիս, երբ ունկնդիրն ես դառնում ոչ թե առանձին նոտաների, այլ մեղեդու: Բայց մեկ էլ ինչ-որ շեշտակի ազդակ քեզ դուրս է բերում խաղաղ, մեղեդային նիրվանայից: Կտրուկ կանգ ես առնում, սթափվում, որովհետև հանդիպել ես ինչ-որ տողի, բառի, որը ներդաշնակ լինելով քեզ իր մեջ առած համանվագին, առանձին ուժգնությամբ է բախվել զգայարաններիդ, ապրումի ու խոհի նոր մակարդակ է բացել քեզ համար:
Տեղ-տեղ պարզապես բանաստեղծական պատկերն է գծագրվում` իրեն ստորադասելով դրա տակ քողարկված ասելիքը: Զորօրինակ, «Գյուղ Թավշուտ» բանաստեղծության մեջ գրողի անդրադարձը աշխարհարարումի, աշխարհավերման, մահվան խորհրդին որքան էլ հնչեղանում, միևնույն է, չի ստվերում բանաստեղծական պատկերի հմայքը, չի խանգարում խոհի հոսքում զատորոշելու արշալույսի բնապատկերը.
Արշալույսի գրկում
Լույսի կաթնատամը արդեն
Լինդն էր ճեղքել:
Կամ` մեր բազմախորհուրդ սրբավայրերից մեկին` Սբ. Հռիփսիմե տաճարին ձոնված բանաստեղծության մեջ գծագրվող հետևյալ պատկերը, որ ավելին է, քան սոսկ պատկեր, բառերից հյուսված նրբագեղ շղթա.
Հայացքն օդերում հազիվ է գտնում
Պատուհանների բովանցքերը խոր,
Որտեղից անգամ լույսն է ներս մտնում
Ոտքերը հանած` իբրև ուխտավոր:
Հակոբ Մովսեսը մտորում է բանաստեղծի առաքելության, նրան վիճակված գոյաձևի շուրջ: Փորձում է բանաձևել բանաստեղծ-երևույթը` նրան դիտարկելով իբրև աշխարհի և Աստծո միջև ձգվող կամուրջ, իբրև ոսկեխույզ, որ ուզում է «բառերի ոսկին կորզել»: Այս մտածումներից են մարմին առել «Դանիել Վարուժան», «Վահան Տերյան» և անգամ «Տաթևի վանք» բանաստեղծությունները:
Բանաստեղծը կանգնած է աշխարհարարման և աշխարհավերման հատման կետում: Նա է, որ պիտի վկայի արարումը, նաև` վավերագրի անհնարինը, անշրջելին.
Երկու հոգի գնում էին
Եվ իրար հետ խոսում եղածների մասին
Եվ տրտմած էին,
Այդ ո՞ւր, ո՞ւր այսպես վաղ,
Դեմները կտրեցի ես,
Մենք գնում ենք առաջն առնենք, ինձ ասացին,
Քանզի աշխարհը, մենք այդպես ենք լսել,-
Զղջացել է իր արարման համար
Եվ ուզում է անցնել:
Եվ քանի որ բանաստեղծն ամենադրամատիկ պահերի, ամենաճակատագրական դիպվածների տարեգիրն է, ուստի, մեծ հաշվով, անհաղորդ է մարդկային պարզ ուրախություններին: Նրան խորթ է խրախճանքի վայելքը: Բանաստեղծը թախծում է այն պահերին, երբ ենթադրվում է համընդհանուր ուրախություն: ՈՒ նրա երկխոսությունն այս դեպքում իր արցունքի հետ է.
Այնուհետև նախատեսված էր ծափ ու ծիծաղ,
Բայց դու, արցունքի՛ կաթիլ,
Այդ ինչո՞ւ դու
Եկար:
Արևմտյան Հայաստանի պատկերները, որքան էլ քողարկված են խոհի ու քնարականության շղարշով, տագնապի, ցավի, կորստի զգացողության շեշտադրումներից զերծ չեն մնում:
«Կոստանդնուպոլիս: Սուրբ Սոֆիա 1993» բանաստեղծության մեջ կարդում ենք.
Ես մի պահ մոլորվեցի
Եվ, շրջվելով, հանկարծ տեսա ժամանակը
Սուրբ տաճարի պատի տակ`
Թուրը ձեռքին և կատաղի,
Մոր գրկից մանուկ հասակում
Դարեր առաջ խլված
Ենիչերին:
ՈՒ Աստծուն հղված ոչ հանդուգն դատապարտում կա այս բանաստեղծություններում, բայց և, զուսպ դատապարտումին զուգահեռ, Աստծուն ճշմարտությանը հասու դարձնելու, իր բացթողումին իրազեկելու նպատակ, այդ բացթողումը շտկելու աղերս-պահանջ, որ այսպես է ձևակերպվում «Աղթամար: Սուրբ Խաչ 1993» բանաստեղծական պատումում.
Տե՜ր, եթե դու մոտը լինեիր, մեռած չէր լինի նա:
Այնուամենայնիվ, բանաստեղծն ունի ազգություն: Նրա համատիեզերական ներշնչանքը, դեպի երկինք ձգտող էությունը նյութականանում է, անգամ դառնում կենցաղային, եթե իր ազգային կոդը ինչ-ինչ պատճառներով դեմ է առել խութերի և շեղվել իր համար նախասահմանված ընթացքից: Հակոբ Մովսեսն իր ազգը, իր գենոտիպը տեսնում և տեսցնում է երկնային հոլովույթում. հայերը երկնքի պատվիրակներն են այս հողագնդի վրա, որ անկախ ժամանակի ու պարագաների կենցաղային պարտադրանքից, համառորեն չեն լքում ի սկզբանե իրենց վերապահված տիեզերական տարածությունը և չեն տրվում վաղանցիկ հողմերին.
Իմ երկրում հիմա նեղություն է, ալյուրը` քիչ,
Բայց իմ բեռները միշտ երկնքից են եկել:
Այսպիսին էր հայի կենցաղապատումը 1993-ին, և ալյուրի սակավության թեման չէր կարող շրջանցել հայ բանաստեղծը: Բայց դրան հետևում են այլ ժամանակներ, որոնք բերում են այլ խոհեր և զգացումներ: Բանաստեղծը, հերթական նավաբեկությունից վերապրածի բախտավորությամբ, հանապազօրյա հացն ունեցողի ապահով զգացումով տրվում է փիլիսոփայելու վայելքին: Այս դեպքում նա ինքն իր համար գաղափարներ է արտածում, որոնց հետ ընթերցողը, երբեմն նաև հենց ինքը կարող են համաձայն չլինել.
Ո՜վ դուք անկումներ և կործանումներ,
փլուզումներ և կորուստներ անհուն:-
Գուցե ձեզնո՞վ է հավերժությունն իր երկնային
որջում ձագերին սնում:
Որոշ դեպքերում բանաստեղծ Հակոբ Մովսեսը պարզապես վերածվում է հեքիաթասացի և հրամցնում հետաքրքրաշարժ պատմություններ, որոնք ընթերցելիս չես զգում ո՛չ գաղափարի, ո՛չ պատկերի, ո՛չ էլ բառի ներկայությունը: Ընդամենը ցանկանում ես իմանալ, թե ինչ կլինի հեքիաթի վերջում: Այսպես է «Բարեխոսություն», «Վկայություններ» գրվածքներում:
Ահա մի քաղվածք «Վկայություններից».
Եթե անցորդը, կանգնած ջրերի դեմ,
ՈՒնկը պարզել է նվագներին մահի
Եվ հագել է իր սանդալները արդեն,-
Դուք նրան այստեղ այլևս չեք պահի:
Երբ կարդում ես այսպիսի տողեր, հետաքրքրությունդ հաղթում է դատողության ուժին. արդեն հեքիաթասացի որսացանցում ես, հասկանում ես, որ ինչ-որ նորօրյա առասպելաբանություն է հյուսվում, և դու այլևս ընդամենը բանաստեղծություն չէ, որ կարդում ես:
Բանաստեղծության պտղաբերումի սերմը չի փոխվում հավերժության մեջ: Սերն այս հարցում չունի մրցակից: Դժվար է բանաստեղծի համար խույս տալ այս սերմը, այս հումքը գործածելու գայթակղությունից, բայց անխուսափելի չխուսափումի հեռանկարը միշտ չէ, որ ցանկալի պտղաբերությունն է լինում: Ի՞նչ երաշխիք, որ չես կրկնի քեզնից առաջ եղած հազարավորներին, ասենք, Պաուլ Ցելանին` տեղապտույտ տալով նրա` բնաբան դարձած «Նա սիրում է ջնջել իր անունը» տողի բովանդակային ուղեծրում: Ավելին, այս մուսային ապավինելիս չունես անգամ ինքդ քեզ չկրկնելու երաշխիք: ՈՒրեմն ո՞րն է ելքը: Հակոբ Մովսեսը երևան է հանում, սիրո անունը չտալով, սիրո մասին խոսելու բանալին.
Սերն անուն չունի: Կամաց մոտենում
Եվ իր անունը նա մեզ է դնում:
Հույսը իր վերջին շապիկն է հանում
Եվ արտասվելով մեզ է հագցնում:
-Օրապահիկն է քարերին բացում,
Բայց չի ուտում, այլ - մեզ է մատուցում:
Սերն անուն չունի,- մերկ և անանուն,-
Բայց նա բոլորիս անուն է դնում:
Ըստ Հակոբ Մովսեսի` բանաստեղծը ոչ թե արարող է, այլ հպատակ: Նա հպատակի իր վախերն ունի, չբավարարելու, չզորելու տագնապը: Տիրակալը ներշնչանքն է, երգը, որին գոհացնել է հարկավոր, եթե անգամ պատրաստ չես դրան, եթե անգամ նա իր հրամանն արձակել է քեզ համար ոչ բարեպատեհ ժամի.
Գիշերը դարձյալ մատներն է դնում
Իր եբենոսյա նվագարանին:-
Մթության խորքում երգն է բարձրանում:
Այդ նրա թելն է հյուսվում մտերիմ:
Բայց ես ի՞նչ անեմ, եթե շարանին
Պետք չգա բերած մարգարիտը իմ:
Բանաստեղծումին հաջորդած վիճակն էլ նոր բանաստեղծության, նոր հրամանի սպասումն է համատարած, ինչպես վկայում է գիրքը եզրափակող բանաստեղծությունը, որ ուղղակի վերնագրված է՝ «Բանաստեղծությանը»:
ՈՒ անվերջանալի այս պտույտի մեջ` բառախաղերի, բառատարափի, բառաշինության խառնարանում, ուր չգիտես` «վա՞յր է…, թե՞ կատարյալ անվայրություն տարածությունը», որսին դարանակալած, սպասում է բանաստեղծը, մինչև որ բառախեցու մեջ կհասունանա հերթական մարգարիտը.
Պահակության է կանգնած աշխարհում ջրերի վրա
բառն` իրի հոգին,
Իրը իր անվան մարգարիտըն է իր մեջ խեցու պես
հասունացնում փեղկերում իր զույգ:
Եվ հիմա, երբ ինձ թվում է, թե ես ասել-սպառել եմ իմ մեջ «Յոթներորդ որսորդություն» գրքի փեղկերում հասունացրած բոլոր բառերը, կարծում եմ` պիտի կանգ առնեմ: Մանավանդ, որ չեմ հավակնում պոետի կոչմանը և սովոր չեմ չասելիքից ասելիք հորինել: Նաև ավելորդ է ասել, որ Հակոբ Մովսեսից ոչ պակաս կտագնապեմ, «եթե շարանին / Պետք չգա բերած մարգարիտը իմ»:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ