«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ

Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ
07.06.2014 | 14:46

ՀՀ ժող. արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը կատարողական արվեստի ռահվիրաներից է: Թավջութակի հայկական դպրոցի լեգենդը իր արվեստը ներկայացրել է աշխարհի բազում երկրներում եւ հուզել մարդկանց: Աշխարհի մի շարք պարբերականներ նրան անվանում էին «թավջութակի թագուհի»: Ֆանտաստիկ երաժշտի անունը կատարողական արվեստի պատմության մեջ հավերժ կմնա որպես բոլոր ժամանակների մեծանուն դասական:

ԿՅԱՆՔՈՎ ԼԵՑՈՒՆ ԵՐԱԺԻՇՏԸ


-Ուզում եմ Ձեր ունկնդրի եւ գործընկերների առջեւ ներկայացնել մեկ այլ Մեդեա Աբրահամյանի, այն, որ իրական կյանքում է՝ բեմից դուրս: Տպավորություն է, թե բոլոր թավջութակահարները ինքնամփոփ եւ զուսպ մարդիկ են, բայց արի ու տես, որ թավջութակի թագուհու կրծքի տակ թախծի հետ զուգահեռ կենսախինդ, ընկերասեր եւ աննման հումորով, աշխարհի չափ մեծ ու բարի սիրտ է բաբախում: Հայ երաժշտական միջավայրում ոչ ոք չգիտի, որ Դուք եղել եք նաեւ լեռնագնաց: Սկսենք բացել բոլոր խաղաքարտերը:
- Այո՛, երիտասարդ տարիներին զբաղվել եմ լեռնագնացությամբ: Բացի Արարատից՝ Երևանից Սոչի ընկած բոլոր սարերը բարձրացել եմ՝ Ալագյազ, Կազբեկ, Էլբրուս... Հյուսիսային Կովկասում շատ հայտնի մի տուրբազա կար, որտեղ անցկացնում էին մարզական մրցույթներ: Մեր խումբը բաղկացած էր 15 հոգուց, որից չորսը աղջիկներ էինք: Մրցույթներն անցկացվում էին Դոմբայ եւ Տեբերդա քաղաքներում: Զբաղվել եմ նաեւ սպրինտ մարզաձեւով (100մ արագ վազք) եւ զբաղեցրել 3-րդ տեղը: Մեծ հաճույք էի ստանում լեռ բարձրանալուց: Գնում էինք օրերով, գնում խուլ անտառներով, քնում վրանների մեջ: 19 տարեկան էի, երբ գնացել էի Սոչի եւ առաջին անգամ էի տեսնում ծով: Ափ չկար, ծառ չկար, վերջը չէր երեւում: Միայն երբ արեւը մայր էր մտնում, այդժամ նշմարվում էր հորիզոնը: Միայն Սևանն էի տեսել, որ երեւում էր ծայրից ծայր: Ես ինչ գիտեի, որ ծովը խորություն ունի: Համարձակ մտա ծովը: Մեկ էլ որ չգնացի ցած... Արդեն սուզվում էի, միայն մատս էր ջրի երեսին մնացել, երբ այդ պահին մի ռուս լողորդ մատիցս ինձ քաշեց եւ բերեց ափ: Պատկերացնում եք՝ առաջին անգամ գնաս ծով ու խեղդվես: Մի խոսքով՝ փրկվեցի: Դրանից հետո այլեւս ծովի հանդեպ վախ ունեմ:
-Ձեր սիրելի գրքերը եւ հեղինակները:
-Սիրած գրքերը բավականին շատ են, բայց ես տարվեցի 20-րդ դարի առաջին կեսի գերմանացի հայտնի եւ մեծ գրող Գերման Գեսով, ով իմ սիրելի գրողն է: Իսկ պոեզիայի ժանրից ժամանակին կարդում էի Շեքսպիրի սոնետները, հետագայում՝ Պուշկին՝ պոետների մեջ իմաստունների իմաստունը: Այդքան էլ շատ չեմ սիրում պոեզիա, ինձ առավել շատ հետաքրքրում է արձակը: Հայ գրականության մեջ գնահատում եմ Սարոյանին:
-Ի՞նչ եք սիրում ուտել եւ պատրաստել:
-Հիշում եմ այն ժամանակները, երբ փոքր ժամանակ հարեւանների երեխաների հետ «տուն-տուն» էինք խաղում, ծառ բարձրանում, պահմտոցի խաղում: Ես խոտերից իբր թե ճաշ էի պատրաստում եւ ընկերուհիներիս ասում էի՝ եկեք ուտենք, հետո կխաղանք: Ուրեմն՝ առաջնահերթ կարեւոր էի համարում ուտելը: Մի քանի օր առաջ մի թերթ էի կարդում, որտեղ գրված էր, թե ուտելը մտնում է այն հաճույքների մեջ, որի մեջ մտնում են նաեւ երաժշտություն լսելը, բնություն սիրելը եւ այլն: Ուտելն էլ, իր հերթին, մարդու բնական ցանկություններից մեկն է, որից ստանում ես բավականություն: Ես շատ եմ սիրում պատրաստել: Դա տատիկիցս եմ սովորել: Այս հասակիս ինձ մոտ պահպանվել է այդ զգացողությունը: Ամուսինս ինձ միշտ ասում էր. «Քո պատրաստածը ես հավանում եմ»: Կարեւոր է նաեւ մատուցման ձեւը՝ մի փոքր մաղադանոս կամ ասենք գազար, եւ կերակուրն ունենում է հիանալի տեսք: Բալզակն էլ էր սիրում ուտել, Ռոսսինին համեղ կերակուրներ էր պատրաստում եւ շատ հայտնի կոմպոզիտորներ: Օր.՝ Ռոստրոպովիչը սիրում էր համեղ սնվել: Երբ մենք ապրում էինք Կոմիտաս փողոցի վրա, մի օր աշխարհահռչակ թավջութակահար Ռոստրոպովիչը նշանավոր օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի հետ եկել էր մեր տուն: Ամուսնուս հետ մտածեցի՝ սկզբում աղցան կուտենք, իսկ հետո ջեռոցում եփած հնդկահավ: Զրուցում էինք, կատակում եւ մեկ էլ հոտ ենք առնում: Հոտն ընկնում է Ռոստրոպովիչի քիթը. «Այս ի՜նչ անուշ հոտ է»: Ռոստրոպովիչը չհամբերեց, վեր կացավ, գնաց խոհանոց եւ ջեռոցից հանեց հնդկահավն ու ասաց. «Սրանից էլ կսկսենք»: Իսկ Վիշնեւսկայան ամուսնուցս սուրճ եփել էր սովորում: Հետո ամուսնուս հարցրի. «Այդ ի՞նչ էիք այդքան երկար խոսում»: Հիմա չեմ ուզում ոչինչ պատրաստել, որովհետեւ պատրաստելուց էլ պիտի գիտենաս, թե ում համար ես պատրաստում: Մարդ, ով կուտի եւ կգնահատի քեզ: Իսկ ընդհանրապես՝ առավել շատ աղցաններ եմ պատրաստում, որովհետեւ դա ավելի ստեղծագործական մոտեցում է պահանջում:
-Իսկ ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
-1967թ-ից ես տարվեցի հոկեյով: Հետո անցա ֆուտբոլին: Առ այսօր ես ֆուտբոլի թունդ երկրպագու եմ: Իմ նախընտրելի թիմերն էին Մյունխեն Բավարիան, Ռեալ Մադրիդը, Մանչեսթեր Յունայթեդը եւ իտալական Յուվենտուսը, իսկ ամենասիրելի ֆուտբոլիստը՝ բրազիլացի Ռոնալդոն էր: Կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը ինձ գիշերվա կեսին միշտ զանգում էր, հարցնում. «Մեդեա՛, էսօր ինչ խաղ կա, ով ում հետ է խաղալու, հաշիվն ինչքան է»: Ասում էր. «Միայն քեզանից կարող եմ իմանալ»:
-Ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:
-Իհարկե, ջազ: Ես նվագում եմ դասական երաժշտություն, բայց հաճույք ստանալու համար լսում եմ ջազ: Ինձ դուր էին գալիս Էլլա Ֆիդջերալդի, Պոլ Ռոբսոնի, Լուի Արմսթրոնգի, Ժակ Լուսյեի, դաշնակահար Օսկար Պետերսոնի կատարումները: Ջազը ինձ ոգեւորել է, զարգացրել իմ մեջ ռիթմի զգացողությունը:
-Սիրված արտահայտություններ, որ հաճախ եք կրկնում:
-Не может быть, ужас, кашмар...
-Ինչի՞ն կամ ու՞մ եք հավատում:
-Հավատում եմ ճակատագրին. մարդու ճակատին ինչ գրված է, այն էլ կլինի: Բայց մի բան էլ կա: Ես զգում եմ, որ ինչ-որ մեկը ինձ տիեզերքից ղեկավարում է, դիրիժորություն է անում: Ուրեմն դուրս է գալիս, որ մի բանի հավատում եմ: Հասակով մեծացել եմ, բայց ներսիցս երիտասարդ եմ մնացել: Նույնիսկ մի քանի տարի առաջ ցանկություն կար ծառ բարձրանալու: Երեխաների շրջապատում ես ինձ շատ լավ եմ զգում, ինձ գրավում են նրանց մաքրությունն ու բնականությունը, լիցքավորվում եմ նրանցով: Ես զարմանում եմ՝ ինչու է այդ բնավորությունը մնացել ինձ մոտ: Ես անտարբեր չեմ նաեւ շների եւ կատուների հանդեպ:
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր ամուսնուց:
-Մենք մի ձեւի էինք մտածում, թեպետ տարբեր բնավորություններ ունեինք: Ես երջանիկ եմ, որ ամուսնացա այնպիսի մարդու հետ, ով կարող էր ինձ լսել եւ հասկանալ: Երբեք չէր ասում՝ մի գնա հյուրախաղերի: Ինձ հունվար ամսին ուղարկում էին Սիբիր, որտեղ 55-60 աստիճան ցուրտ էր: Նա ինձ կարող էր ասել՝ հրաժարվիր ու մի գնա: Բայց ոչ, նույնիսկ ինձ ստիպում էր՝ ասելով. «Դա քո գործն է, եւ դու պարտավոր ես գնալ»:
-Իսկ ինչպե՞ս եք ծանոթացել իրար հետ:
-Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի վրա շենք կա, որ նախկինում կոչվում էր «Արվեստի գործիչների հայկական տուն» (АДРИ), որտեղ ապրում էին մեր մեծերը՝ Փափազյանը, Վաղարշյանը, Սազանդարյանը: 1958 թվականն էր: Այդ շենքի ներքեւի հարկում կար մի հիանալի դահլիճ, որտեղ ես հաճախ նվագում էի: Մի անգամ դաշնակահարուհի Ռոզա Թանդիլյանը ինձ ծանոթացրեց մի գեղեցկատես երիտասարդի հետ: Նա մոտեցավ ինձ ու ասաց. «Ես երբ Ձեզ տեսա մեծ դահլիճում, շատ բարձրահասակ էիք, փաստորեն այդքան էլ չէ»: Այդպես ես ծանոթացա ապագա ամուսնուս՝ էներգետիկ Էդվին Ղալումյանի հետ: Ամուսնուս մահվանից հետո ես հասկացա, որ շատ մեծ ընկեր եմ կորցրել:
-Թավջութակի հետ կապված ի՞նչ զավեշտալի մի դեպք կհիշեք:
- 80-ական թվականներն էին, երբ Ղրիմից հյուրախաղերով պիտի գնայինք քաղաք Վիննիցա (Ուկրաինա): Դաշնակահարուհի Էդիտա Թադեւոսյանի հետ էի: Մեզ ասացին, որ գնացքը պիտի իր տեղը փոխի, եւ դա կտեւի մոտ 2 ժամ: Գնացինք կայարանի շրջակայքով մի փոքր զբոսնելու: 25 րոպե հետո մենք վերադառնում ենք եւ տեսնում, որ կայարանում ոչ մի գնացք չկա: Ուշաթափ էի եղել: Կայարանի ղեկավարը զանգահարեց բոլոր կայաններին՝ զգուշացնելու, որ գնացքով մի առանց տիրոջ թավջութակ է գնում, ուշադիր լինեն: Առավոտյան նստում ենք աշխատանքային գնացք եւ հասնում Վիննիցա՝ համերգների: Մեր վագոնի մեջ կային 2 տղամարդ, որ նոր էին ազատվել բանտից եւ մի կին: «Դուռակ» էին խաղում: Եթե այդ գողերը իմանային, որ դա թավջութակ է, հաստատ կգողանային: Բացի թավջութակից՝ վագոնում էին նաեւ Էդիտայի նոր գնած հախճապակյա բաժակները: Հասանք կայարան, եւ այդ կինը, մոտենալով մեզ, ասաց. «Մենք այնքան հուզված էինք, որ այդ հախճապակյա բաժակները կջարդվեին»: Փաստորեն, թավջութակը` ոչինչ, կարեւորը հախճապակյա բաժակներն էին (Ծիծաղում է): Մեզ դիմավորեց համերգի կազմակերպիչը. «Երբեմն արտիստը գալիս է առանց ճամպրուկների, բայց ես առաջին անգամ եմ տեսնում, որ արտիստը գալիս է առանց գործիքի»: Հետո գնում եմ համերգասրահ եւ տեսնում գործիքս՝ դրված դաշնամուրի կողքին:
- Ո՞րն է երաժշտի Ձեր բանաձեւը:
-Նվագելու մեջ կա մաթեմատիկական մտածողություն եւ ճշգրտություն: Դա մեզ համար «սպորտ» է: Դու պիտի անընդհատ աշխատես եւ լինես մարզական վիճակի մեջ: Եթե տեխնիկա չունես, մատներդ չեն շարժվի: Բացի լսողությունից, ռիթմից եւ ձայնի որակից՝ ուրիշ շատ կարեւոր էլեմենտներից է նաեւ բաղկացած երաժշտի վարպետությունը՝ ճաշակ, մասշտաբային զգացողություն, նվիրում եւ աշխատասիրություն:
-Երբ հետադարձ հայացք եք գցում Ձեր անցած ուղու վրա, ինչպե՞ս կգնահատեք այն:
-Միշտ չէ, որ ամեն ինչ լավ է եղել: Ունեցել եմ հիվանդություններ, ավտովթարներ, անընդհատ կյանքին սպառնացող վտանգներ: Ինձ թվում էր, որ ինձ հետ միշտ մի վատ բան պիտի լիներ: Մշտապես եղել եմ այդ անհանգիստ շրջադարձի մեջ: Բայց երեւում է, որ դա ինձ կոփել է եւ տվել երկաթյա նյարդեր: Հիասթափվել եմ, շատ բաներից եմ զրկված եղել թե՛ մանկության եւ թե՛ երիտասարդության տարիներին: Ապրում էինք նյութապես նեղ վիճակում: Բայց երբեք չեմ նահանջել, եղել եմ նպատակասլաց: Ես երջանիկ եմ, որ զբաղվեցի երաժշտությամբ, որովհետեւ դա միակ միջոցն էր, որով կարողացա ինքնարտահայտվել:
-Ուրեմն կամքի մեծ ուժ եք ունեցել, որ հասել եք նման բարձունքների:
-Գուցե եւ այո:
-Գիտեմ, որ շատ նեղված եք Հայաստանի այսօրվա վիճակով:
-Ես շատ կցանկանայի, որ հայ ժողովուրդը հասներ բարձունքների, ոչ թե խեղճանար: Ես մի քիչ հավատ չունեմ՝ տեսնելով, թե մեր երիտասարդությունը եւ ժողովուրդը ինչ հետընթաց է ապրում, բայց այդ վիճակում բոլոր ազգերն են: Ես հայ եմ եւ հպարտ եմ, որ մնացել եմ Հայաստանում: Բոլորովին չեմ ափսոսում դրա համար: Կարող էի գնալ ցանկացած երկիր եւ ունենալ ավելի մեծ հաջողություններ ու ճանաչում, բարեկեցիկ պայմաններ, բայց ես ամուր մնացի իմ հողի վրա, իմ ժողովրդի սիրո մեջ:


Զրուցեց Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ