«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Տիրոջ խրատի ցավոտ գավազանին են հանդիպելու, եթե մինչ այդ խոհեմաբար չապաշխարեն ազգովին

Տիրոջ խրատի ցավոտ գավազանին են հանդիպելու, եթե մինչ այդ խոհեմաբար չապաշխարեն ազգովին
10.06.2014 | 01:59

Երուսաղեմը երեք կրոնների կիզակետն է, բնական է, որ նրանց գլխավոր սրբատեղերը գտնվում են հենց այստեղ: Քրիստոնյաներիս համար դրանք բազմաթիվ են, բայց ամենակարևորը, իհարկե, սուրբ Հարության տաճարն է, որտեղ մենք խնդիր չունենք հրեաների ու մուսուլմանների հետ, որովհետև մինչև այսօր նրանք մերժում են Քրիստոսին որպես Մեսիայի, իսկ ահա մուսուլմանների և հրեաների միջև յոթերորդ դարից ի վեր մի խճճված գորդյան հանգույց կա: Բանն այն է, որ հրեաների գաղթից հետո արաբները, որոնք իրենց նույնպես համարում են հայր Աբրահամի ժառանգորդները՝ որպես նրա որդի Իսմայելի սերունդ, մուսուլմանություն ընդունելուց հետո այնքան տարածվեցին, որ շուտով Երուսաղեմին տիրեցին և հարկ համարեցին իրենց գլխավոր սրբատեղին Մեքքայից ու Մեդինայից հետո (Իսլամի հիմնադիր Մուհամեդի գերեզմանն ու ծննդավայրն է) այստեղ` Երուսաղեմում, Օմարի ոսկեգմբեթ մզկիթը կառուցել, հրեաների ամենասուրբ վայր համարվող Սողոմոնի քանդված տաճարի տեղում, ուր գտնվում է այն մեծ վեմ-քարը, որի վրա հայր Աբրահամը պետք է, Աստծո հրամանի համաձայն, զոհաբերեր իր որդուն` Իսահակին: Դարեր անց Տերը, ըստ Իր խոսքի, պանդխտությունից վերադարձրեց հրեաներին, և այժմ նրանց սրտի ամենամեծ ցավը այդ տաճարի հարցն է: Նրանք ուզում են երրորդ անգամ վերականգնել Սողոմոնի տաճարը, որպեսզի իրենց սպասած «Մեսիան» գա ու նստի այնտեղ: Իսկ նախկին տաճարից մնացել է ընդամենը պարսպի մի հատված, որն այժմ կոչվում է Լացի պատ, որը նրանց ամենակարևոր ուխտատեղ-աղոթատեղին է, ինչին ինքս ականատես եղա, երբ մի օր զբոսանքի համար շրջում էի հին Երուսաղեմի հրեական թաղամասով, որտեղից Լացի պատը դիտելու հատուկ մի փոքրիկ հրապարակ կա: Երբ այդտեղ կանգնած նայում էի, հանկարծ հետևից հոծ բազմության աղմուկ լսելով՝ բնազդաբար շրջվեցի ու տեսա, թե ինչպես մոտ 25-30 հոգի, աշխարհի տարբեր ծայրերից այստեղ ժամանած հրեա պատանիներ և աղջիկներ, աչքերին մուգ երիզներ կապած, կույրերի նման ձեռքերը իրար ուսերի դրած, մի հրեա զինվորի առաջնորդությամբ գալիս էին դեպի այդ դիտահրապարակը: Երբ տեղ հասան, խմբին կանգնեցրին դեմքով դեպի Լացի պատը և ինչ-որ սաղմոսից հատված կարդացին: Ապա, «Մե՛կ-երկո՛ւ» բացականչությունից հետո, բոլորը միասին հանեցին աչքերի կապերը և, կյանքում առաջին անգամ իրենց աչքի առաջ տեսնելով բոլոր հրեաների երազանքը եղող Լացի պատը, ուրախության ճիչեր արձակեցին ու արցունքախառն աչքերով սկսեցին գրկախառնվել միմյանց հետ, ի նշան իրենց պապերի ու ծնողների երազանքի իրականացման, քանզի օտար երկրներում ապրող հրեաները իրար ցտեսություն չեն ասում, այլ` «Հաջորդ անգամ Երուսաղեմում կհանդիպենք»: Եվ իմ աչքի առջև, որպես մարգարեություն, այդ պահին կատարվում էր դարեր առաջ գրված Աստծո խոսքը. «Այն օրերին և այն ժամանակներում, ասում է Տերը, Իսրայելի որդիները, իրենք ու Հուդայի որդիները մեկտեղ պիտի գան, քայլելով ու լացով պիտի գան, և իրենց Տեր Աստվածը պիտի փնտրեն» (Երեմ. 50.4):
Դրանից հետո նրանք մոտիկ նստարանի վրա հաց ու գինի դրեցին, «կիդուշ» կատարեցին, այսինքն՝ համապատասխան աղոթք կարդացին ու ճաշակեցին, ձգտելով ամեն ինչում իրենց հայրերին նմանվել: Բայց երբ այդ արարողությունն ավարտվեց, աղջիկ, թե տղա, հանեցին ծխախոտները, սկսեցին ծխել ու միմյանց վզով ընկնել. տղաներից ոմանք էլ, արտասահմանում շատ տարածված մոդայի համաձայն, մի քանի ականջօղ էին կրում: Այսինքն, ինչքան ուզում ես արյունով հրեա եղիր, հրեական ծեսեր կատարիր ու պապենական ավանդույթներ պահիր, աշխարհի կնիքը, միևնույն է, վրադ կլինի, մինչև որ Հիսուսի հավատով ու Նրա անունով չմաքրվես մեղքերից և Սուրբ Հոգու դրոշմը չընդունես:
Առաջին անգամ ինձ հաջողվեց մտնել այդ խիստ վերահսկվող տարածքը, երբ դեռ երկրորդ շաբաթն էի գտնվում սուրբ երկրում: Դեռ չիմանալով, թե այս քաղաքն ինչով է շնչում, ես սաստիկ փափագով ուզում էի այցելել և սեփական աչքով տեսնել այն վայրերը, որոնց մասին երկար տարիներ կարդացել էի Սուրբ գրքում: Ծանոթ չլինելով այս յուրօրինակ քաղաքի ներքին «խոհանոցին», ես առանց որևէ մեկի ուղեկցության, հենց առաջին ազատ շաբաթ օրը դուրս եկա քաղաքում զբոսնելու: Եվ, շրջելով Հին Երուսաղեմի փողոցներով, շուտով հայտնվեցի Լացի պատի զինվորական հսկողության տակ գտնվող մուտքի մոտ: Ինձնից անձնագիր պահանջեցին, որը չէի վերցրել, իսկ երբ ձեռքիս պայուսակը ստուգեցին, միայն Կիպրիանոսի աղոթագիրքը տեսան և փոքրիկ Ավետարանը, երկուսի վրա էլ՝ խաչ: Հսկիչը մի պահ զննեց ինձ, համոզվելու համար, որ զենք չունեմ, և թույլ տվեց տարածքից ներս մտնել:
Ամբողջ Լացի պատի հիմնական մասը հատկացված է տղամարդկանց, իսկ մնացածը կանանց բաժինն է, որոնց մեծ մասը, ի տարբերություն տղամարդկանց, աղոթում է գլխաբաց: Ճիշտ հակառակ քրիստոնյաների: Տոն օրերին այստեղի ուրախությունը միայն տեսնել է պետք, որովհետև, բացի աղոթելուց, աշխարհի տարբեր կողմերից հավաքված հրեաները մեկ էլ շուրջանակի պար են սկսում: Հետաքրքիր է, որ բոլորն այդ ազգային պարերը գիտեն պարել, որտեղ էլ որ ապրած լինեն: Եվ սա ապացույցն է ազգային հզոր միասնության: ՈՒ բոլոր ազգերը, որովհետև ամենուրեք հրեաներ են ապրել, տեսել ու համոզվել են հրեաների համախմբվածությունը: «Բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի համար» ուտոպիական գաղափարը, ըստ իս, կարողանում է իրագործել միայն այս ազգը: Եվ ավա՜ղ, կարծես հենց սրա հակառակն է գործում հայոց ազգիս մեջ. «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի դեմ»:
Երբ մոտեցա աղոթքի հրապարակի ցանկապատին, այստեղ մեկ ուրիշ հսկիչ էր նստած և հետևում էր, որ բոլոր այցելուներն իրենց գլխներին անպայման կիպաներ ունենան դրած, այլապես արգելվում էր մուտքը: Իսկ եթե չունես, ապա այնտեղ կան ստվարաթղթից շինված, Դավթի աստղը վրան ժամանակավոր կիպաներ. բարի եղիր դնել գլխիդ ու նոր մտնել, որպեսզի, մինչ պատին մոտենալդ, հրեայի «տեսք» ստանաս: Այդ կիպաներ կոչվածները մի ափաչափ թասակներ են, որոնք միայն տղամարդիկ են դնում և այնպես են հարմարեցնում իրենց մազերին մետաղյա ամրակներով, որ թեկուզ վազեն էլ, չընկնի գլխից: Նշեմ, որ հրեաները իրենց երեխաներին արդեն 2-3 տարեկանից սկսած սովորեցնում են կիպա դնել ու նույնիսկ խաղալիս չհանել:
Հին կտակարանում կիպա դնելու ոչ մի օրենք չգտա, և, ըստ իս, դա հրեաներին պանդխտության երկրներում օտարազգիներից կամ այս խառնաշփոթ երկրում հրեային մյուսներից տարբերելու ամենահնարամիտ միջոցն է: Իսկ երբ ներս մտնելով մոտենում էի մեծ ու անտաշ քարերից կառուցված, հազարամյակների կնիքը կրող այդ պարսպին, միտքս ինձ տանում էր մինչև աստվածաշնչային Դավիթ թագավորի, Սողոմոն իմաստունի, մարգարեների և այլ արդարների ժամանակները, որոնք աղոթել են այստեղ և, ո՞վ գիտե, գուցե հենց այդ տեղում են Աստծո երկնային ձայնը լսել ու սաղմոսներ գրել կամ մարգարեացրել գալիք օրերը:
Իսկ պատի հսկայական, համարյա մեկ-երկու մետր բարձրություն ունեցող քարերի լայն ճեղքերի մեջ խցկած բազմաթիվ «նամակներ» ու «երկտողեր» կային Աստծուն հղված: Երուսաղեմի կենտրոնական փոստատանը նույնիսկ մի հատուկ ծառայող կա, որը հազարավոր նամակներից առանձնացնում է Լացի պատին ուղղված գրությունները ու բերում խցկում է պատի քարերի արանքները, որ Ադոնայ-Տերը «կարդա» ու պատասխանի նրանց խնդրանքներին: Այդ քարերի մոտ, մեծ մասամբ կանգնած, ավելի ճիշտ, տեղում հետ ու առաջ էին ճոճվում սևազգեստ (բարեպաշտ հրեաների սիրած գույնը) տղամարդիկ, որոնք գիրքը ձեռքին բարձրաձայն աղոթում էին և, շրջապատից վերացած, անտեսանելի Աստծուն իրենց խնդրանքները հղում:
Երբ Հռոմի նախավերջին պապը՝ Հովհաննես-Պողոս Երկրորդը, 2000 թ. Իսրայել եկավ, առաջինը Լացի պատ այցելեց, աղոթեց, ապա գրություն թողեց պատի քարերի արանքում, Աստծուց ներում խնդրելով քրիստոնյա աշխարհի անտեղի հալածանքների համար հրեաների հանդեպ:
Ես ձեռքս հպեցի այդ հնաշունչ ու բազմահազար ձեռքերի հպումից փայլող, ողորկ քարերից մեկին, որի հսկայական ճեղքերում բազմաթիվ նամակ-խնդրանքներ էին խցկված, աղոթեցի նույն Աստծուն, Որին հրեաներն էին աղոթում, բայց մեկ տարբերությամբ. նրանք՝ չճանաչելով անտեսանելի Աստծուն, իսկ ես՝ ճանաչելով, քանզի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, առ Հայր աղոթելիս, ասաց. «Ճանաչեցրի նրանց Քո անունը ու պիտի ճանաչեցնեմ» (Հովհ. 17.26): Իսկ մի անգամ, երբ Փիլիպոսը ասաց Նրան. «Տե՛ր, Հորը մեզ ցույց տուր, և այդ բավական է մեզ», Հիսուսը նրան պատասխանեց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպո՛ս, և Ինձ չճանաչեցի՞ր. ով Ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14.8-9):
Իսկ այս առիթով մի ռաբբի ասել է. «Երբ դուք՝ քրիստոնյաներդ, Նոր կտակարանը գտնեք Հին ուխտում, իսկ մենք՝ հրեաներս, գտնենք Հին ուխտը Նոր կտակարանում, այդ ժամանակ մենք կհասկանանք միմյանց»:
Լացի պատին կից մեծ հրապարակը հրեաների ամենակարևոր կրոնական արարողություններին է ծառայում. մանավանդ, եթե երկուշաբթի և հինգշաբթի առավոտյան այստեղ այցելեք, ապա ականատես կլինեք, թե ինչպես են անցկացնում «Բար միցվան», որն այս ազգին խիստ բնորոշ մի ծիսակատարություն է, երբ տասներեք տարեկանը լրացած տղային, այսպես ասած, «մկրտում» են որպես «այրերի» շարքն անցնող անձի: Այդ օրվանից նա արդեն պատասխանատու է դառնում իր արարքների համար և պարտավոր է ամեն ջանք գործադրել շաբաթի և մնացած օրենքները պահելու համար: Դրանից հետո արդեն երեխա չի համարվում, այլ դիտվում է իր ազգի և հավատի համար պատասխանատու մեկը, որովհետև «բար միցվայի» արարողության ժամանակ նա եբրայերենով Թովրայից (հրեական հին կտակարանային հնգամատյանը) անձամբ կարդացել է երդման հատվածը: Արարողությունից հետո բոլորի վրա կոնֆետներ են շաղ տալիս, որը երկնային մանանայի խորհուրդն է կրում: Եվ այդ օրը հավաքված ծնողներն ու հարազատները գիտակցում են, որ երեխան այլևս իրենցը չէ, այլ Աստծունը, իսկ իրենք միայն պատասխանատու են նրա ճիշտ դաստիարակման համար:
Մի անգամ, երբ սուրբ Հարության Տաճարի գիշերային պատարագից մեր հայ միաբանների հետ վերադառնում էինք սուրբ Հակոբյանց վանք, որպես կարճ ու հարմար ճանապարհ ընտրեցինք Լացի պատին մերձակա փողոցը։ Երբ արդեն հավասարվել էինք այդ տարածքին, առավոտյան ժամը հինգն էր, ու հանկարծ քաղաքի այդ մասում գտնվող մուսուլմանական Օմարի մզկիթից ճղավուն ձայնով բարձրաձայն նամազ հնչեց։ Լացի պատի մոտ այդ ժամին նույնպես հրեա աղոթողներ կային, և հանկարծ հրեաների համար սուրբ համարվող այդ տարածքում աղոթողներից մեկը թափով պոկվեց Լացի պատից ու, հրապարակի մեջտեղում կանգնելով, ձեռքերը երկինք կարկառելով ու բարձրագոչ աղաղակելով, աղոթեց Աստծուն։ Աղոթքի խոսքերը եբրայերեն էին, բայց այստեղ խոսքերի իմաստը չէր կարևոր, քանզի հասկանալի էր, որ դա համակ բողոք ու ցավ էր իրենց հայրերի Յահվե Աստծուն, թե մինչև երբ պետք է հանդուրժեն մուսուլմանների ներկայությունն իրենց սուրբ վայրում։ Դա այդ աղոթողի հոգու մեծագոչ աղաղակն էր, որ ավելի բարձր էր հնչում, քան մոլլայի նամազի ձայնը։ Այդ պահին ես շատ լավ էի հասկանում նրա հոգու ցավատանջ աղաղակը, քանզի մի պահ պատկերացրի (իհարկե, Աստված չանի), որ մեր սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տեղում մի մեծ մուսուլմանական մզկիթ լիներ, ու մենք էլ իրավունք չունենայինք Գրիգոր Լուսավորիչ մեր հայրապետի տեսիլքում տեսած Աստծո Միածնի իջման վայրը այցելելու։
Ի լրումն այս ամենի, կարդանք ամենավերջին մարգարեություններից մեկը՝ Տիրոջ պատգամը Երուսաղեմի վերաբերյալ, որը տվել է մեր ժամանակների Աստծո պատգամաբերը. «Իմ Օրը մոտենում է, և Ես պետք է գամ ձեզ մոտ գողի նման անսպասելի, առանց ձեզ զգուշացնելու: Երուսաղե՜մ: Դու դավաճանել ես Ինձ` քո Տիրոջը, և ճիշտ քո սրտի կենտրոնում չարն արմատավորել է իրեն: Այո՛, Երուսաղեմ, քո ներսում տեգի սայրն է գտնվում: Դավաճանություն և հերետիկոսություն է ներթափանցել քո մեջ: Ինչպե՞ս կարող էիր երբևէ հավատալ, որ Ես անտեսելու եմ քո չարությունը: Ես գալու եմ քեզ մոտ անսպասելի՝ քեզ տապալելու համար: Ես այժմ ճիշտ քո դռների մոտ եմ և կայծակի նման իջնելու եմ քեզ վրա և ոչնչացնելու եմ քեզ: Դու ընտրել ես Իմ թշնամու զորությունը և ոչ թե Իմ Շնորհը: Դու ընտրել ես չարությունը` հենվելով Սև գազանին, փոխանակ Ինձ` Լույսին ընտրելու: Իմ սեփական ձեռքերով Ես գալու եմ տապալելու ձեր աթոռները` ջախջախելով այն բոլոր չարագործներին, որոնք փակում են Ճշմարտության ճանապարհը: Երուսաղե՜մ, քո փորձությունները դեռ նոր են միայն սկսվելու: Ես մաքրելու և զտելու եմ քեզ Իմ կրակի մեջ: Ես արմատախիլ եմ անելու քո չար արմատները` այրելով դրանք և այն բոլոր ուսմունքները, որոնք Իմ Մարմնին հիվանդոտ տեսք տվեցին: Դու այլևս չես ուզում Քո Հովվին: Փառասիրությամբ հարբած, անհնազանդությամբ հարբած, տարաձայնությամբ հարբած` ինչպե՞ս կարող էիր հավատալ, որ ի վիճակի ես գոյատևելու: Անհնազանդության պատճառով դուք սովի եք մատնել Իմ գառներին` փնտրելով ձեր շահերը և ոչ թե Իմը: Երուսաղե՜մ: Դու Ինձ այնքա՜ն շատ ցավ ես պատճառում: Ինչպե՜ս եմ Ես ցանկացել միշտ միավորել ձեզ բոլորիդ և հավաքել քո զավակներին, ինչպես թուխսն է հավաքում իր ճտերին թևերի տակ` պատսպարելով նրանց... Բայց դու մերժեցիր: Իմ Աչքերը և ձեր Սուրբ Մոր Աչքերը երբեք չդադարեցին Արյան Արցունքներ հեղելուց` դիտելով այդքա՜ն շատ անարդարություններ Իմ սեփական Տան մեջ: Ես սիրել եմ քեզ հավիտենական սիրով, սակայն Ես միայն դավաճանվել ու վիրավորվել եմ Իմ բարեկամների կողմից… Իմ Ողորմությունը մեծ է, և Ես պատրաստ եմ ամբողջովին ներելու ձեզ: Ես չեմ նայի Իմ Վերքերին: Ես պատրաստ եմ չհիշելու ձեր մեղքերը» (հուլիսի 25, 1988 թ.)։
Ըստ այս մարգարեության, հրեաները ճիշտ են անում, որ Լացի պատի մոտ աղոթում ու լաց են լինում, քանզի, ըստ գալիք մարգարեական իրադարձությունների, Տիրոջ խրատի ցավոտ գավազանին են հանդիպելու, եթե մինչ այդ խոհեմաբար չապաշխարեն ազգովին։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ