Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կեցցե՜ գեյի ամուսնությանը նման մեր անպտուղ դեմոկրատիան

Կեցցե՜ գեյի ամուսնությանը նման  մեր անպտուղ դեմոկրատիան
13.06.2014 | 00:09

Դիմում եմ քեզ, հայ մտավորական (եթե այս բառի բուն իմաստով գոնե մի որոշակի քանակ կա Հայաստանում): Խորհրդային Հայաստանում, օրինակ, այդպիսի հմայիչ՝ և՛ արտաքինով, և՛ խոսելաոճով, և՛ էությամբ, կար մեկը (իրականում շատ կային, այն էլ՝ պետական համալսարանում), որն ընդգծված տարբերվում էր. դա Բաբկեն Ներսիսյանն էր: Նա համակ պետականամետ մարդ էր: Այսօր ցույց տվեք մեկին, որ գոնե մի փոքր մոտ լինի Ներսիսյան հայի կերպարին:

Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում, մինիստրների խորհրդի կաբինետներում կային բռիներ, որոնց թվաքանակը հաշվելու դեպքում չէր կարող անցնել մեկ ձեռքի մատների թվից: Թե ինչ զանգված է այսօր հավաքված Ազգային ժողովում, մեկնաբանության կարիք չկա: Այդ ո՞ր հայ մինիստրը կարող էր աշխատասենյակ մտնել թիկնապահներով, այդ ո՞ր հայ պաշտոնյան կարող էր իր ենթակայի հետ խոսել հայհոյանքով: Իսկ այսօ՞ր… Բայց ասելիքս դա չէ:
25 տարի է, ինչ հայ մամուլը քացու տակ է գցել Լենինին, Ստալինին և բոլշևիկյան մեծ կամ փոքր տրամաչափի պետական գործիչներին: Ես ատում եմ բոլոր նրանց, ովքեր վախից, կատաղությունից, ստամոքսի բավարար պահանջները բավարարելու ընչաքաղցությունից ելնելով, աշխարհի, դրսի, թե ներսի, հզորներին ծառայելով, ճիպոտն առած գետնի տակ մեռելներ են ծեծում:
Լենինը վաղուց մումիա է, Ստալինի թաղումից անցել է ավելի քան կես դար: Ասեք և ես էլ ձեզ չհակադրվելու համար ընդունեմ նրանց մարդակերությունը, բայց թույլ տվեք միաժամանակ որպես մտավորական մարդ չկեղծելով, չդավաճանելով վերուստ ստացած այդ կոչմանը, հարցնել՝ մեր այդ մի թիզ հողի վրա որբերով և գաղթականներով լցված քարքարոտ երկրում այդ «ճիվաղների» գաղափարախոսության շնորհի՞վ չստեղծվեցին հզոր արդյունաբերություն, գյուղատնտեսություն, կրթվեց տեխնիկական մտավորականության մի հոյակապ բանակ, ծաղկեցին արվեստն ու գրականությունը, հյուղակներից վեր հառնեցին մեր այսօրվա գյուղերը, մշակվեցին հազարավոր հեկտար անջրդի հողեր (այսօր միայն Արարատյան դաշտում չի մշակվում 7000 հեկտար հող, այստեղ կասեին՝ մեկնաբանությունն ավելորդ է): Ընդամենը յոթ հարյուր հազար բնակչությամբ երկիրը դարձավ մոտ չորս միլիոն (նկատի ունենանք, որ հայրենական պատերազմում զոհվել է մոտ 300 հազար հայ, և ասում են՝ 25 հազարն էլ Ստալինն է կերել), և այդ, այսինքն՝ մեր, ստրկացված երկրում արտադրվում էր Խորհրդային Միության ռազմաարդյունաբերական կոմպլեքսի 12 %-ը: Միայն պատկերացնել կարելի է, թե դա ինչ թիվ է: Իսկ այսօր… Բոլոր խոշոր գործարանները ոչնչացվել են, տեխնիկական մտավորականությունը որպես այդպիսին գոյություն չունի, չունենք համաշխարհային համբավի գեթ մեկ անվանի մարդ: Անկախության տարիներին չի ստեղծվել գոնե արվեստի մեկ արժանի գործ, մեկ օպերա, կինո, թատրոն, ներկայացում, չկան ժողովրդական պաշտամունքի մարդիկ: Հիշում եմ, ինչպիսի սիրով էր ժողովուրդը գնում Շիրազի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի հետ հանդիպումներին: Նրանց յուրաքանչյուր նոր բանաստեղծությունների ժողովածուն առանց հրապարակային քննարկման չէր մնում, 50 հազար օրինակով հրատարակվող բանաստեղծությունների ժողովածուն մի քանի օր հետո գրախանութներում, այսպես ասած, դախլի տակից էին ծախում, որովհետև արագ էր սպառվում:
Հիշում եմ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի թաղումները, որոնց դիակները երիտասարդությունը Սունդուկյանի թատրոնից մինչև Կոմիտասի պանթեոն ձեռքերի վրա էր տանում: Ինչպե՞ս կարելի է չհիշել «անհավատ» երկրում ժողովրդի մեջ այնքան հավատ ներշնչող վեհաշուք փիլիսոփա, իմաստուն Վազգեն կաթողիկոսին: Ինչպե՞ս կարելի է մոռանալ օդանավակայանում օրեր շարունակ սպասող մարդկանց, որոնք սպասում էին Մոսկվայից Արամ Խաչատրյանի դիակը բերելուն: Ո՞նց չհիշեմ 1963-ի մեր ազգային զարթոնքի այն օրերը, երբ ժողովուրդը մինչև ուշ գիշեր «բռնապետական» Երևանի հրապարակներում հետևում էր շախմատային տախտակների վրա Բոտվիննիկ-Պետրոսյան շախմատային մենամարտին: 1965 թիվը, հայ երիտասարդության միասնականությունը, նորակառույց «Հրազդան» ստադիոնը, որտեղ իր առաջին գոլը լեփ-լեցուն ստադիոնում Լուգանսկի դարպասը խփեց ժողովրդի սիրելի Կովալենկոն: Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսը, խեղդվող մարդկանց և հոյակապ սպորտսմեն, խորհրդային դաստիարակություն ստացած Շավարշ Կարապետյանի անձնուրացությունը: Դեռևս նոր կառուցված գեղեցիկ համալիրի հրդեհը և ողջ ժողովրդի պատրաստակամությունը իր հաշվին այն վերանորոգելու: Ղարաբաղյան շարժումը, ժողովրդական պաթոսը, Երասխավանի առաջին մարտը, Ազատության հրապարակում վեր բարձրացող հարյուր հազարավոր ձեռքերը, հետագա պայքարը հանուն Ղարաբաղի շարունակելու ոգին, ժողովրդական զսպված պատրաստակամությունը Երևանում մտցված արտակարգ դրության կապակցությամբ: Սպիտակի երկրաշարժը և ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների օգնության մեկնած ձեռքը: Եվ այդ բոլորը, ով ինչ կուզե թող ասի, տոտալիտար երկրում հայ գենի խորհրդային ոգու դաստիարակության արդյունք էր:
Այսօր անկախ ենք, ղեկավարները մարդ չեն ուտում, չհաշված 1990 թվականի մայիսի 20-ին կայարանամերձ հրապարակում ՀՀՇ-ի պրովոկացիայի արդյունքում թափված 31 մարդու արյունը, Մասիս կայարանի թունավորումները, հաշմված մարդկանց, 1999-ի հոկտեմբերի 27-ը, 2008-ի մարտի 1-ը, օր օրի աղքատացող ժողովրդական լայն զանգվածներ, մյուս կողմում՝ փարթամորեն ծաղկող օլիգարխիա և բնակչության թվի դեմոգրաֆիկ անկում: Բանաստեղծի ընդամենը 500 օրինակով տպվող, բայց այն էլ չվաճառվող գրքեր:
Երկիրն ազատ է, մամուլը կարող է ազատ գրել ինչ ցանկանա, քննադատել ում ցանկանա, ինչ տեսակ մականունով ում ասես ձաղկի: Բայց դրա արդյունքում, միևնույն է, չի ծնվի որևէ պտուղ, որովհետև նույնն է, թե գեյերի ամուսնությունից ծնունդ ակնկալել:
Կեցցե՜ գեյի ամուսնությանը նման մեր անպտուղ դեմոկրատիան: Խորհրդային անցյալն այսօր կարմիր շոր է մեզ պարտադրված այս աշխարհում, որը ճարպկորեն խաղացնում է ցլամարտիկը ցլիկ դեմոկրատների վերածված հետխորհրդային որոշ մտավորականների: Եվ որպեսզի այդ դեմոկրատիան չմեռնի, թերթերի էջերն էլ լցվեն, հարգելի լրագրողներ, ճիպոտահարեք մեռելներին որքան կարող եք, բայց ասեմ, որ դրանից ձեր այսօրվա դեմոկրատիան չի ծաղկի:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ