Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայերի և նրանց էության մասին

Հայերի և նրանց էության մասին
13.06.2014 | 12:13

«ARMENIA»-ի խորտակումը

Բիրմայում հայերը հաստատվել են XVII դ. վերջին. դրա ապացույցն են 1725 թ. և 1737 թ. հայերեն, բիրմայերեն ու պորտուգալերեն արձանագրություններով տապանաքարերը:

XX դ. առաջին քառորդում ամբողջ Բիրմայում կար 60 տուն հայ (մոտ 350 հոգի), որոնցից 50-ը՝ մայրաքաղաք Ռանգունում, մնացածները՝ Մանդալայ ու Մեյմիո քաղաքներում: Համայնքն ուներ երկու եկեղեցի, Սբ. Հովհաննես-Մկրտիչը՝ Ռանգունում և Սբ. Գրիգոր Լուսավորիչը՝ Մանդալայում: Հայերը խիստ բարեկեցիկ վիճակում էին և հիմնականում զբաղվում էին բիզնեսով: Հիշարժան էին հատկապես Բաղդասարյանի, Գասպարյանի և Մարտիրոսյանի ֆիրմաները. առաջին երկուսի գործառույթը առևտուրն էր, իսկ վերջինինս՝ շինարարությունը: Մեր պատումը Առաքել Կարապետի Մարտիրոսյանի մասին է:
Նրա A. C. Martin and Co. ընկերությունը մեծ համբավ էր վայելում ամբողջ Բիրմայում, քանզի երկրով մեկ կառուցել էր բազմաթիվ հոյակապ շենքեր, կամարներ, ջրանցքներ ու ճանապարհներ: Բացի այդ, Ա. Մարտիրոսյանն զբաղվում էր նաև հանքարդյունաբերությամբ, հետախուզել ու հայտնաբերել էր մետաղների, մարմարի, նավթի, վոլֆրամի և այլ օգտակար հանածոների հանքավայրեր ու, հիմնելով Burma Mining Corporation ֆիրման, շահագործում էր դրանք:
1918-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը՝ տարածվելով աշխարհով մեկ, արձագանք գտավ նաև Բիրմայում: Հպարտությունից ու ոգևորությունից դրդված՝ Ա. Մարտիրոսյանը 1919 թ. կառուցել տվեց մի վիթխարի շոգենավ և անվանեց «Armenia», որպեսզի այն լողալով հասներ Մարմարա ծով, կանգներ Կ. Պոլսի նավահանգստում և թուրքերին ցույց տար, որ հայ ժողովուրդը ողջ է, չի անհետացել, քանզի ապրել ցանկացող ժողովրդին անհնար է ոչնչացնել:
Հենց այն ժամանակ, երբ Սևրում քննարկվում էին Հայոց հարցը և ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի ծրագիրը, «Armenia»-ն առաջին անգամ դուրս եկավ բաց ծով և… աննկարագրելի փոթորկի պատճառով Հնդկական օվկիանոսում խորտակվեց:
Դե եկ ու մի հավատա նախախնամությանը…

Մորեխներ ու սարյակներ

1846 թ. տեղի ունեցավ մի իսկական բնական աղետ՝ միլիոնավոր մորեխներ արշավեցին Շարուրի, Զանգիբասարի, Շուշվա նահանգների, ինչպես նաև Թիֆլիսի շրջակայքի վրա: Վերջինիս պարագայում ամենակուլ միջատների դեմ պայքարի ելան թիֆլիսցի համքարները: Մայիսի 15-24-ին նրանք կոտորեցին ու թաղեցին 6255 փութ (1 փութը=16 կգ) մորեխ: Քաղաքի միայն Կուկիա թաղամասում համքարները ոչնչացրին ու թաղեցին 3000 փութ, և ուշագրավ է, որ այդ ամենը նրանք անում էին ձրիաբար:
Սակայն հարցը դրանով չավարտվեց: Թիֆլիսի բնակչության խնդրանքով Ներսես Աշտարակեցին պատվավոր քաղաքացի, նշանավոր վաճառական Միհրան Միրիմանյանին հատուկ կոնդակով ուղարկեց Էջմիածին, որպեսզի նա Ակոռի գյուղի Սբ. Հակոբ Մծբնա հայրապետի վանքի մոտակա աղբյուրից սուրբ ջուր բերի Թիֆլիս: Ավանդության համաձայն, այդ ջրի հետքերով պետք է սարյակների հարյուրավոր երամներ թռչեին-գային ու ոչնչացնեին մորեխներին… Ասվում էր, թե նման հրաշք տեղի էր ունեցել 1825 թ. գեներալ Երմոլովի և նրա զորապետների աչքի առաջ:

Ծովանկարիչն ու սուլթանի շքանշանները

Երբ 1894-1896 թթ. Համիդը՝ արյունարբու «կարմիր սուլթանը» հայկական ջարդեր կազմակերպեց, ծերունի Հովհաննես Այվազովսկու սիրտը ալեկոծվեց: Ի նշան բողոքի, նա բոլոր շքանշանները նետում է ծովը, ապա գնում է թուրքական հյուպատոսի մոտ ու զայրացած ասում. «Արյունկզակ տիրոջդ ինծի տված պատվանշանները ծովը նետեցի, ահավասիկ անոնց ժապավենները, իրեն ղրկե: Եթե կուզե թող ինքն ալ իմ պատկերներս ծովը նետե»:

Ամերիկյան օգնությունը

ԱՄՆ-ի կառավարությունը և արևմտահայերի գործերով զբաղվող ամերիկյան կազմակերպություններն իրենց ներկայացուցչությունն ունեին նաև Թիֆլիսում, որը հայտնի էր «Ամերիկյան կոմիտե» անվամբ: Վերջինս գործում էր Թիֆլիսում ԱՄՆ-ի հյուպատոս ՈՒիլովեյ Սմիթի անմիջական ղեկավարությամբ: Նախագահն էր պաստոր Մաքքալմը, անդամներ՝ Գրեյսը, Հիլը, ՈՒիլսոնը, Յարոն, Մայնարդը, Ռեյնոլդսը և ուրիշներ, որոնք միսիոներական գործունեության երկարամյա փորձ ունեին:
Երևանում ամերիկացիներն ունեին մանածագործական, բամբակագործական, շալեր արտադրող ֆաբրիկաներ, ծածկոցների, հագուստեղենի, ատաղձագործական և կոշկեղենի արհեստանոցներ: Մանածագործական ֆաբրիկայի մասին, որը բացվել էր 1916 թ. աշնանը, Ռեյնոլդսը 1917 թ. փետրվարի 6-ին գրում էր. «Իրավ է, մենք ունենք փոքրիկ գործարան, ուր ավելի քան հազար կանանց բուրդ ենք տալիս մանելու և գուլպաներ հյուսելու, բայց դեռևս կան հազարավորներ, որոնք խնդրում են նույն աշխատանքը, բայց եղած դրամագլուխը առայժմ մեզ թույլ չի տալիս ավելի ընդարձակելու մեր գործը»: Ֆաբրիկայում, որ կառավարում էին Յարոն և Ռեյնոլդսը, աշխատում էին 300 կին և 50 տղամարդ-վերակացուներ:
1916 թ. Մայնարդը Ալեքսանդրապոլում մանածագործական ֆաբրիկա հիմնեց, որը 1917 թ. փետրվարին արդեն ուներ 700 բանվոր և բանվորուհի, իսկ մայիսին նրանց թիվը հասավ 1140-ի:
1917 թ. ամերիկացիները արհեստանոցներ հիմնեցին Օշականում, Էջմիածնում, Ղամարլուում, որտեղ աշխատում էին գաղթականները:
1917 թ. ամռանը Էրզրումում նախկին ամերիկյան հյուպատոս Ռոբերտ Ստեպլտոնը բացեց ֆաբրիկա, որտեղ աշխատում էր 100 մարդ: Ֆաբրիկան էժանագին գործվածքեղենից և կաշվից արտադրում էր հագուստեղեն ու կոշկեղեն:
Ամերիկացիները վարկավորում էին նաև արևմտահայ վաճառականներին ու արհեստավորներին: Միայն Գրեյսից վարկ ստացած արհեստավորների թիվը հասնում էր շուրջ 125 հոգու: Իսկ Հենրի Ռիգզը Խարբերդում հիմնեց բամբակագործական ֆաբրիկա, որտեղ աշխատում էր մոտ 200 կին:
Ամերիկացիների ուշադրության կենտրոնում էր նաև Պետրոգրադում հայ-ամերիկյան բանկի հիմնումը, որի կանոնադրությունը մշակվել էր 1917 թ. փետրվարին: Բանկի հիմնական կապիտալը պետք է կազմեր 150 մլն ռուբլի, որից 100 մլն կապիտալ ներդրումները պետք է անեին ամերիկյան, իսկ 50 միլիոնի՝ ռուսահայ բանկատերերը: Բանկը պետք է հող նախապատրաստեր Արևմտյան Հայաստանում ամերիկյան կապիտալի ֆինանսատնտեսական արմատավորման համար: Այն պետք է վերահսկեր հայապատկան տարաբնույթ ձեռնարկությունների գործունեությունը: Սակայն, դժբախտաբար, բանկի ստեղծման նախագիծը մնաց թղթի վրա. խանգարեց բոլշևիկյան հեղափոխությունը:

Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամների առաջին կազմը

1943 թ. նոյեմբերի 25-ին Հայկական ԽՍՀ ժողկոմխորհուրդը, քննարկելով առաջադրված 44 գիտաշխատողների ցանկը, գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ հաստատեց 23 հոգու: Ահա նրանք:
Հասարակական գիտությունների բնագավառում՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ավետիք Իսահակյան, Գրիգոր Ղափանցյան, Ստեփան Մալխասյանց, Հակոբ Մանանդյան, Արսեն Տերտերյան, Հովսեփ Օրբելի:
Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտությունների բնագավառում՝ Աբրահամ Ալիխանով, Արտեմ Ալիխանյան, Իվան Եղիազարով, Վաչե Իսագուլյան, Ալեքսանդր Հակոբյան, Վիկտոր Համբարձումյան, Կոնստանտին Պաֆֆենգոլց:
Կենսաբանության բնագավառում՝ Հրաչյա Բունիաթյան, Վարդան Գուլքանյան, Խաչատուր Կոշտոյանց, Լևոն Օգանեսով, Լևոն Օրբելի:
Գյուղատնտեսության բնագավառում՝ Ալեքսանդր Թամամշև, Միքայել Թումանյան, Սահակ Կարապետյան:
Ակադեմիայի առաջին նախագահը Հովսեփ Օրբելին էր:

Կայսերական պալատից շքեղ

Ալեքսանդր I կայսրը երեք անգամ այցելել է Նոր Նախիջևան և դրանցից մեկի ժամանակ ասել, թե հայ հարուստների տներն իրենց ոսկեզօծ պատերով և կահույքով ավելի շքեղ են, քան Տագանրոգի իր պալատը:

Բուլղարական խճանկար

Կանանց և տղամարդկանց բարձրորակ ձեռնոցների առաջին ֆաբրիկան Բուլղարիայում հիմնել է Գևորգ Մեքթուպճյանը: Սոֆիայում գտնվող նրա գործարանի արտադրանքը ներքին շուկայում նախապատվություն ուներ ներմուծվող ձեռնոցների նկատմամբ:
Բուլղարիայում նուրբ կաշիներ ու կտորեղեն ներկելու առաջին ֆաբրիկան հիմնել է Թագվոր Սեդրակյանը:
Տպագրական մետաղյա տառերը մինչև XX դ. սկիզբը Բուլղարիա էին ներկրվում արևմտաեվրոպական տարբեր երկրներից: Վառնայի Զենոբյան-Բըյըքյան ձուլարանը Բուլղարիայում առաջինն էր, որ սկսեց արտադրել բոլոր տեսակի տպագրական տառեր և երկրի պահանջները բավարարելուց զատ կատարում էր նաև արտասահմանյան պատվերներ: Հետագայում այդպիսի գործարան ստեղծվեց նաև Սոֆիայում՝ հայ և բուլղարացի արդյունաբերողների համագործակցությամբ:

Հատված Թիֆլիսի վաճառականների ավագ Արշակ Նազարի Միլյանցի նամակից
(19 նոյեմբերի 1913 թ.)

...Վերջին տարիներս ազգային գործիչների դիմակի տակ ասպարեզ եկան զանազան անձինք, որոնք իրենց ձեռքը գցեցին մեր ազգային հաստատությունների ու հիմնարկությունների ղեկը, միայն ու միայն իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար: Ահա այդ բանը նրանց չհաջողեցնելու համար, հայ բարձր մտավորականության հետ միասին, նորից հանդես եկավ հայ վաճառականությունը, որպես վնասակար գործիչներին հալածող մի մեծ ուժ:
Մենք` հայ վաճառականներս, հանդես ենք եկել և գալու ենք ոչ որպես մի առանձին դասակարգ, որն ունի իր ուրույն շահերը, ո՛չ, այլ որպես մի մասն այն զանգվածի, որ կոչվում է Հայ ժողովուրդ, այլ որպես իրենց քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների գիտակից քաղաքացիներ և հայոց եկեղեցու զավակներ: Եվ մենք համոզված ենք, որ այսուհետև ևս մեր բոլոր ազգային-եկեղեցական, մշակութային ու բարեգործական հաստատություններին վերաբերող խնդիրներում ու նրանց բարգավաճման համար մղվելիք կռիվներում մենք համերաշխ և աջակից կլինենք Հայ ժողովրդի լավագույն մասերին` մտավորական ուժերի հետ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ